Ճարտարապետական 5 կոթող, որոնք Ֆենիքս Դարբինյանի մտքի թռիչքի արդյունքն են (լուսանկարներ)

November 11, 2022

«Ֆենիքս Դարբինյան» գրքում ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանն անդրադարձել է նրա բացառիկ գործերին ու յուրահատուկ ձեռագրին, որը 1960-ականներին նոր շունչ հաղորդեց Երևանին: Նա հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից է: Այս գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Առանձնացրել ենք Ֆենիքս Դարբինյանի մտքի 5 թռիչք, որոնց յուրօրինակ ձեռագրի շնորհիվ նաև ծնվեց հայկական ճարտարապետության ավանգարդը:

ՀՀ վաստակավոր ճարտարապետի նախագծերով և քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացվել է Երևանի կենտրոնը, կառուցվել՝ «Անի» հյուրանոցը, վերակառուցվել՝ Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան  փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգին՝ Մեծ շատրվանով։ Նա նախագծել  և կառուցել է Երևանի տարբեր հատվածներում, բարդ տեղանքի տարբեր տեղամասերում՝ Արարատյան դաշտի հարթության, կենտրոնական պողոտայի վրա, Հրազդանի  կիրճում: «Ֆենիքս Դարբինյան»  գրքում մանրամասն ներկայացված են վաստակաշատ ճարտարապետի բազմաթիվ այլ կառույցներ ու նախագծեր՝ ժամանակաշրջանի համատեքստում։

Անի հյուրանոցի ճարտարապետը Ֆենիքս Դարբինյանն է: Անվանումը խորհրդանշում է Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին, որի զինանշանը զետեղված է հյուրանոցի պատկերանշանի վրա: 1960-ականներին շինություններից շատերը կոչվում էին Արևմտյան Հայաստանի անուններով:

Երբ Խրուշչովը 1961 թվականի մայիսի սկզբին եկավ Հայաստան, Գագարինի թռիչքից ընդամենը երեք շաբաթ անց, նրա այցին ընդառաջ կառուցվել էր բետոնե հորինվածքով «Որորը»(«Չայկա»)՝ թռչելու պատրաստ թևերը պարզած: Այն ազատ թռիչքի, ստալինիզմի խավարից ազատագրվելու խորհրդանիշն էր։

                                                                                                            

Ֆենիքս Դարբինյանի նախագծով կառուցվում է մանկական առաջին սրճարանը: Այն գտնվում էր Երկաթուղու հարևանությամբ: Վեր է խոյանում բարձունքի վրա ՝ պատուհանները նայում են դեպի գետը: Սրճարանի ապակյա պատերը զարդարված են մետաղական վիտրաժներով, որոնք ունեն կենդանիների պատկերներով քառակուսի ներդիրների տեսք։ Հետագայում մետաղն ավելի հաճախ ենք հանդիպում  Ֆենիքս Դարբինյանի ստեղծագործություններում:

Ֆենիքս  Դարբինյանի նշանավոր, բայց ոչ ամբողջապես ավարտած նախագծերից  է Պատանի մարմնամարզիկների դպրոցը։ 1950-ականների վերջին  Հրանտ  Շահինյանը Երևանում հիմնեց  Պատանի մարմնամարզիկների դպրոցը։ 1963  թվականին Ֆենիքս  Դարբինյանի արվեստանոցում նախագծվեց «Շահինյան դպրոցի» համալիրը։ Հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող կառույցը բաղկացած էր երեք շենքից ՝ մարզական սենյակներով, երկու զուգահեռանիստից և մարզական մեծ դահլիճից։

Այսօր Ֆենիքս Դարբինյանի կառույցների մեծ մասն ավերված կամ խաթարված է: Ամբողջովին քանդված է «Փարվանա» սրճարանը, որի ճարտարապետությունը հայկական մոդեռնիզմի առաջին հռչակումներից մեկն էր:

Համեմատաբար քիչ են տուժել Կիևյան փողոցի բնակելի շենքերի ճակատները։ Բարեբախտաբար, հաջողվել է պահպանել կենտրոնական շուկայի շքամուտքի ձուլածո զարդաճաղերը։ 

Կարդացեք նաև