Առաջին գիտնականը, ով ոտք դրեց Քաշաթաղ և ուսումնասիրեց Ծիծեռնավանքը (տեսանյութ)

October 26, 2022

Արցախի Քաշաթաղում է կառուցված Ծիծեռնավանքը՝ Աղավնո գետի ափին։ Մորուս Հասրաթյանն առաջին գիտնականն էր, ում 60-ականներին թույլ տրվեց մտնել Արցախի Քաշաթաղ և ուսումնաիրություններ անել այնտեղ գտնվող Ծիծեռնավանքում։ Նրա եզակի ուսումնասիրությունից 62 տարի անց կրկին արգելված է հայի մուտքն այս տարածք. ադրբեջանցիները կրկին յուրացրել են Ծիծեռնավանքը։ Այս տեսանյութն էլ նկարահանվել է 44-օրյա պատերազմից առաջ, երբ Քաշաթաղը չէր անցել Ադրբեջանին։

60-ականներին հայ գիտնականի մուտքն այդ տարածք ռիսկային էր: Ծիծեռնավանքը ուսումնասիրված չէր, և Մորուս Հասրաթյանն առաջինն արեց դա՝ բացահայտելով  դրա կարևոր դերը հայ ճարտարապետության մեջ։ Արցախյան ազատամարտիկ, «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի խոսքով, հայերի հայտնվելուն պես տարածքում սկսվում էր իրարանցում. «Էդտեղ էդ ժամանակ ապրում էին քրդացած թուրքերը, աշխատում էին թաքցնել հայկականի մասին ամեն ինչը, թույլ չէին տալիս ուսումնասիրություն արվեր»:

Բայց Մորուս Հասրաթյանը հասավ Ծիծեռնավանք, ու դա եղավ առաջին լուրջ ուսումնասիրությունը եռանավ բազիլիկ տաճարի մասին: Այդ տարիներին վանքը կիսաավեր էր, ներսը`քարակույտ ու աղբակույտ: Հիմա Ծիծեռնավանքի պատերին բազմաթիվ նորոգումների հետքեր են. «Տեսնում եք` քարի գույնը ներքևում մուգ է: Ծածկված է եղել փայտով»:

Մորուս Հասրաթյանը ճարտարապետական կարևոր առանձնահատկություններ է նկատում.  դրանցից մեկը արևմտյան ճակատում մուտքի բացակայությունն է: Դա եզակի երևույթ է, որովհետև հայկական հնագույն բոլոր բազիլիկաները, որպես կանոն, ունենո’ւմ են դուռ արևմտյան կողմում, ինչը շատ կարևոր է տաճարի հիմնադրման ժամանակաշրջանը որոշելու համար՝ ընդգծում է Ըռքոյանը. «Այստեղ կարելի է տեսնել հեթանոսական տաճարի հետքեր: Պատերին զարդաքանդակները հնարավոր է կարդալ»:

Զարդաքանդակներն ու նշանները, Հասրաթյանի պնդամբ, կիրառվել են 4-7-րդ դարերում: Մյուս առանձնահատկությունը, որը հնագետն անվանում է բացառիկ, խորանի վրա գտնվող վերնահարկն է: Զոհրաբ Ըռքոյանն այդտեղ բարձրացել էր 30 տարի առաջ: Նորոգումից հետո աստիճանները վերացվել են:

Տաճարը մեծ ուխտատեղի էր` սեղանատնով, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Թեև տաճարն անվանում են Ծիծեռնավանք` դա կապելով Պետրոս Առաքյալի ճկույթի` ծիծեռնի լեգենդի հետ, բայց Մորուս Հասրաթյանը հակված էր այլ տարբերակի: Նա պնդում էր, որ ճիշտ է ասել Ծիծեռնակավանք:

Կարդացեք նաև