Մորուս Հասրաթյանի շնորհիվ սայաթնովագիտությունը նոր վերելք ապրեց (տեսանյութ)

October 4, 2022

Ռեպրեսիաների տարիներին բռնադատվելուց հետո Մորուս Հասրաթյանին չեն թույլ տալիս աշխատանքը շարունակել որպես պատմաբան։ Հովսեփ Օրբելին առաջարկում է գործի անցնել գրականության ինստիտուտում ու թարգմանել աշուղի խաղերը՝ հատկապես որ Հասրաթյանը մայրենիի պես տիրապետում էր ադրբեջաներեն ու վրացերեն: Newmag-ի հրատարակած «Մորուս Հասրաթյան. Ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքում Աելիտա Դոլուխանյանն անդրադարձել է Հասրաթյանին նաև որպես սայաթնովագետ:

Նույնիսկ առանց երաժշտության, հասրաթյանական փոխադրումներից հետո Սայաթ-Նովայի խաղերը հնչում են մեղեդային ու լիրիկ։ Սայաթ-Նովա միության նախագահը խնդրում է՝ ուշադրություն դարձնել ամեն բառին, ամեն մի խաղի կառուցվածքին՝ հատիկ-հատիկ. ամեն մեկն ունի իր անթերի լեզուն. «Կասկած երբևէ չեն հարուցում, որ դա Սայաթ-Նովան չի գրել։ Այդքան հարազատ, այդքան ճշմարտացի Սայաթ-Նովային տիրապետող մեկը ես չեմ կարող գտնել ու համեմատել Հասրաթյանի հետ: Շատ լավ է  թարգմանել, աննման, ես շատ բարձր եմ գնահատում Մորուսի թարգմանությունները»։

Ու մի անգամ խաղերից մեկը կարդացել էր ընկերոջ՝ Չարենցի համար։ Բանաստեղծը լսել էր ու գրեթե հրամայել․ամեն ինչ թողնել ու վերծանել 100-ից ավելի բանաստեղծությունները։ Գրականագետ Հենրիկ Բախչինյանի խոսքով, սայաթ-նովայագիտության պատմության մեջ առաջինը Մորուս Հասրաթյանն էր, որ աշուղ-բանաստեղծի խաղերը վրացերենից ու թուրքերենից փոխադրեց հայերեն՝ թիֆլիսահայ բարբառով ու ամենակարևորը՝ անթերի.  «Մորուս Հասրաթյանն այնպիսի շքեղ թարգմանություններ կատարեց, որոնք հավասարազոր են բնագրերին, նույնիսկ ինչ-որ տեղ բնագրերից ավելի լավ»:

Հենրիկ Բախչինյանի ձեռքին Մորուս Հասրաթյանի հեղինակած վերջին ու ամենաամբողջական ժողովածուն է, որը դարձել է իսկական սեղանի գիրք. «Ես այնքան շատ եմ այս գիրքը օգտագործել, որ հասցրել եմ այսպիսի կարկատված վիճակի, և սա դարձել է թանգարանային նմուշ»:

                                                     

Մորուս Հասրաթյանը ծանոթ էր Սայաթ-Նովայի սերունդների ներկայացուցիչների հետ: Այս լուսանկարը տարածվեց տարբեր միջազգային հրատարակություններում․ Մորուս Հասրաթյանը Սայաթ-Նովայի շառավիղների հետ՝ բանաստեղծի գերեզմանի մոտ։

Սայաթնովագիտության նոր ժամանակահատված նշանավորած Հասրաթյանի ձևակերպմամբ՝ Սայաթ-Նովան, որպես պոետ, նմանվում է  հանապազօրյա հացի, որը մշտապես տեսնում ենք սեղանի վրա, ճաշակում ու չենք կշտանում՝ ընդգծում է Սյունյաց երկիր ամսագրի հիմնադիր Սամվել Ալեքսանյանը. «Անգամ Ադրբեջանում, երբ 40-ականներին մի գիտաժողովի հրավիրել էին Մորուս Հասրաթյանին, ՀՀ-ից նրան էին հրավիրել զեկուցելու Սայաթ-Նովային նվիրված գիտաժողովում։ Դահլիճը ապշել էր․ նա գործերը ներկայացրեց և՛ ադրբեջաներեն, և՛ վրացերեն, և՛ հայերեն»։

Սայաթնովագետ Մորուս Հասրաթյանով հիացած էր Պարույր Սևակը․ նրա դիսերտացիան հենց այդ թեմայով էր։ Սևակն ընդգծում էր, որ Սայաթ-Նովան Հասրաթյանի շնորհիվ լիովին նորացել է։ Նորացել է, բայց չի դարձել անճանաչելի։ Եվ հենց այստեղ է Հասրաթյանի մեծ վաստակն ու պատմական հաջողությունը»:

1945-ին՝ Սայաթ-Նովայի մահվան 150-ամյակին, լույս էր տեսել աշուղի խաղերի ժողովածուն՝ Հասրաթյանի թարգմանությամբ։ Դա Սայաթ-Նովայի եռալեզու ստեղծագործության առաջին ժողովածուն էր։ Հետո հրատարակվեցին երկրորդ, երրորդ ժողովածուները։

Հենց այդ տարիներին Մորուս Հասրաթյանի քրոջ որդին՝ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը, Երևանի կետրոնական պողոտան կոչեց Սայաթ-Նովայի անունով։ 

Կարդացեք նաև