Բացառիկ գիտնականի կյանքն ինչպես հոլիվուդյան ֆիլմի սցենար. այսօր լրանում է Մորուս Հասրաթյանի 120-ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)
Սեպտեմբերի 9-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց պատմաբան, բանասեր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մորուս Հասրաթյանի 120-ամյակին նվիրված ցուցադրությունը, որին հաջորդեց Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. Ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի շնորհան
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում է ներկայացվում հռչակավոր պատմաբան-հնագետի մասին գիրքը՝ «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը»: Ոչ մի պատահականություն չկա. հենց այստեղ էր պատմաբանը ստիպված տեղավորվել աշխատանքի՝ գրականության ինտստիտուտում, ստալինյան ռեպրեսիաների տարիներին: Բռնադատվելուց հետո պատմաբանին հնարավորություն չէին տվել զբաղվել պատմությամբ: Ու հենց դա էլ առիթ դարձավ, որ ադրբեջաներենին ու վրացերենին հրաշալի տիրապետող պատմաբանը սկսի Սայաթ-Նովա թարգմանել՝ իր ընկերների՝ Հովսեփ Օրբելու, Եղիշե Չարենցի հորդորով՝ ընդգծում է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը. «Մարդկային սխրանք էր՝ թարգմանել այնպես, որ հնչի ոչ միայն հայերենով, այլ թիֆլիսյան բարբառով, դրան էլ գումարած պահպանել տաղաչափական բոլոր կանոնները: Դա շատ բարդ գործ է ու եզակի օժտված է պետք լինել դա անելու համար: Իսկ հրատարակչական տեսանկյունից կարող եմ ասել մի բան՝ գիրքը կատարյալ է»:
Թանգարանի մյուս սրահում բացառիկ արխիվային փաստաթղթեր են ներկայացված: Սայաթ-Նովային վերաբերող ուսումնասիրություններից բացի, Հասրաթյանի հուշերն են ընկերների՝ Չարենցի, Բակունցի, Շիրազի մասին: Միայն այստեղ է հնարավոր տեսնել Համո Սահյանի անտիպ բանաստեղծություները, որոնք պահպանվել էին Հասրաթյանի տանը, թանգարանին դրանք հանձնել է Մորուս Հասրաթյանի որդին՝ ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը. «Հայրս դաստիարակեց մեզ այնպես, որ նվիրվենք հայ ժողովրդի խնդիրներին»:
Մորուս Հասրաթյանն այնքան բարդ ու հարուստ կենսագրություն է ունեցել, որ նույնիսկ անհավանական է թվում: Newmag-ի հրատարակած գիրքը լույս է տեսնում «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ: Գրքի հեղինակը հենց Մորուս Հասրաթյանի ուսանողն է՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը: Պնդում է, որ իր պաշտելի դասախոսի մասին գրքում ոչ մի չափազանցություն չկա: Ամբողջը իրականություն է: Հիմա հեղինակը մի զգացում ունի. ափսոսանք, որ ավարտեց գիրքը մի գործչի մասին, որին անվանում են քայլող հանրագիտարան, ազգային արժեք. «Մի ամբողջ էպոխա տեսա իրական՝ մի մարդու միջոցով: Ինչքան է մտածել ժողովրդի, Արցախի մասին, որ ապշում ես: Հիմա մտածում եմ, որ նա երջանիկ է, որ չի տեսնում այս օրերը, նա միշտ ասում էր՝ թուրքերը 15 թվով չեն բավարարվելու»:
Քչերը գիտեն, որ Էրեբունի-Երևանը տոն դարձավ հենց Մորուս Հասրաթյանի գաղափարով ու նախաձեռնությամբ: 1968-ին նրա քորջ որդին՝ Գրիգոր Հասրաթյանն էր Երևանի քաղաքապետ, այդ ժամանակ առաջին անգամ նշվեց Էրեբունի-Երևան 2750-ը: Մորուս Հասրաթյանի նպատակը զուտ տոնը չէր, այլ ապացուցելը, որ Երևանն է հնագույն մայրաքաղաքը ԽՍՀՄ-ում:
Մորուս Հասրաթյանը Հայ ժողովրդի պատմության առաջին՝ 1951-ի դասագրքի հեղինակներից է։ Պեղումներ է արել իր ծննդավայր Սյունիքում, Արարատյան դաշտում։ Նա առաջին գիտնականն է, որին 60-ականներին թույլ տրվեց մտնել Արցախի Քաշաթաղ և ուսումնաիրություններ անել այնտեղ գտնվող Ծիծեռնավանքում ու բացահայտել դրա կարևոր դերը հայ ճարտարապետության մեջ։ Հիմա՝ 2020-ին, Ծիծեռնավանքը նորից անցավ ադրբեջանցիներին: Պատմաբանը լուրջ ուսումնասիորւթուններ է արել Սիսիանի Անգեղակոթում։ Հնագետը վստահ էր, որ հենց այդտեղ է Վարդան Մամիկոնյանի գերեզմանը։ Նա տասնամյակներ առաջ նույնիսկ հստակ տեղն է ցույց տվել ու պնդել, որ իր սկսած պեղումներն անպայման շարունակել է պետք։ Շարունակել են։ Հասրաթյանի պնդումից կես դար անց գիտնականի նշած վայրում պեղեցին ու հայտնաբերեցին 9 գերեզման:
Փորձաքննության արդյունքում Մորուս Հասրաթյանի տեսակետի կարևոր շերտեր չհերքվեցին՝ հաստատվել է դարաշրջանը՝ 5-րդ դար, Վարդադնանց ճամբարին պատկանելությունը. «Ուղարկել էինք Ավստրիա, որ հետազոտեն ու պատասխանը չուշացավ: Ոսկորներն իսկապես 5-րդ դարի էին ու պատկանում են Վարդանանց տոհմին»:
Մորուս Հասրաթյանն իր ուսանողներին միշտ ասում էր, որ պատմական փոքրիկ հնությունն անգամ պետք է պահել աչքի լույսի պես, կոկորդից բռնել ու պահանջել պապերի պատմությունը։ Անվանի պատմաբանի կոչ-հորդորը ակտուալ է նաև տասնամյակներ անց:
Հեղինակավոր պատմաբան-հնագետ-սայաթնովագետ Մորուս Հասրաթյանի մասին այս գիրքը առաջինն է։ Այն նաև կարևոր պատմագիտական նշանակություն ունի:
Կարդացեք նաև