Մորուս Հասրաթյան. ամենամեծ հանցանքը, աններելի ոճիրը հայրենիքին և ժողովրդին դավաճանելն է (տեսանյութ)

September 26, 2022

Մորուս Հասրաթյանն ամենաբարձր նշաձողն է սահմանել Սյունիքի համար․ այստեղից էր աշխարհահռչակ պատմաբան-հնագետը, հայագետ-գրականագետ-արևելագետը, քայլող հանրագիտարան-բանավոր գիտնականը, Մատենադարանի ու պատմության թանգարանի տնօրենը, նա, ում ուսանողները պարզապես ասում էին՝ Մորուս։ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնությամբ Newmag-ը հրատարակել է Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» աշխատությունը: Ներկայացնում ենք Հասրաթյանի ծննդավայրի մասին մեր տեսանյութը:

Մորուս Հասրաթյանի տոհմածառի արմատները Սյունիքում են՝ 16-րդ դարից։  Մոտ երեք դար Հասրաթյանները Մելիքներ էին՝ իշխանական ծագում ունեցող կառավարիչներ։ Նշանավոր սյունեցին այստեղ էր գալիս ուսանողների հետ, առավոտից երեկո պեղումներ անում, քթի տակ Սայաթ-Նովա երգում: Հասրաթյանի ծննդավայրի պատմության ուսուցիչը սերունդներին գրեթե հրամայում է՝ հիշել ու կատարել հայտնի պատմաբանի հորդորը․ պատմական փոքրիկ հնությունն անգամ պահել աչքի լույսի պես, կոկորդից բռնել ու պահանջել պապերի պատմությունը:

Մորուս Հասրաթյանի կենսագրության ուշագրավ դրվագները նրա որդին է փոխանցում՝ ճարտարապետության տեսաբան, պատմաբան Մուրադ Հասրաթյանը։ Պատմում է, որ ստալինյան ռեպրեսիաների տարիներին հայրը երեք տարի անազատաության մեջ է եղել, ենթարկվել է կտտանքների։ Պատմաբանի վիճակը բանտում ծայրահեղ ծանր էր, նույնիսկ լուր էր տարածվել, թե մահացել է։ Այդ պահերին ընտանիքի կողքին է եղել հռչակավոր հնագետ, արևելագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկին՝ Մորուս Հասրաթյանի ընկերը։ Նա է Հասրաթյանի կնոջը օգնել խմբագրել Դատախազին հղած նամակը: Մորուս Հասրաթյանը նրան համարում է միակ բարեկամը, ով իր բանտարկումից հետո չկտրեց ընտանքիի հետ կապը։

Երբ Մորուս Հասրաթյանին բանտարկում են,  նրա ընտանիքը վտարում են բնակարանից․ այդ շենքում նրանց հարևանը Դերենիկ Դեմիրճյանն էր՝ Հասրաթյանի մտերիմը։ Դրանից հետո 20 տարի ընտանիքն ապրել է մեկ սենյականոցում։ Նույնիսկ այն տարներին, երբ քրոջ որդին՝ Գրիգոր Հասրաթյանը Երևանի քաղաքապետ էր։ 13 տարվա քաղաքապետն այդպես էլ քեռուն՝ Մորուս Հասրաթյանին, բնակարան չտվեց, որպեսզի օրենք չխախտի՝ պատմում է Մուրադ Հասրաթյանը. «Հայրս գնում է Քոչինյանի մոտ, ասում. «Ե՞րբ եք Գրիգոր Հասրաթյանին հանելու աշխատանքից: Քանի նա քաղխորհրդի նախագահ է, մենք բնակարան չենք ունենա»: Քոչինյանն ասաց. «Ես կտամ»»:

Դերենիկ Դեմիրճյանից բացի, Մորուս Հասրաթյանի ընկերներն էին Ավետիք Իսահակյանը, Շիրազը, Չարենցն ու Բակունցը, նշանավոր պատմաբաններ ու ակադեմիկոսներ։ Նրանց մասին Մորուս Հասրաթյանը գրել է հուշերում՝ նկարագրելով իրենց զրույցները, տագնապներն ու մտորումները։ Պատմում է, որ բանտում ծայրահեղ ծանր վիաճակում պառկած էր նույն մահճակալին, որի վրա իր ընկերն է մահացել՝ Չարենցը, ու հենց դա ապրելու ու դիմադրելու ուժ տվեց Հասրաթյանին, երբ պատկերացնում էր հանճարի վերջին վայրկայնները։ 

Հասրաթյանը մտերիմ էր նաև Մարտիրոս Սարյանի հետ: Գեղանկարիչը սկսել է Մորուս Հասրաթյանի դիմանկարը, բայց անավարտ է թողել։ Շիրազն իր նոր լույս տեսած ժողովածուները նվիրում էր հենց ՄՀ-ին, հետևում նրա խորհուրդներին ու ստեղծագործությունները գրում ավելի կարճ, որպեսզի ավելի ազդեցիկ լինեն։ 

Հասրաթյանների տանը հաճախ էր մնում Համո Սահյանը։ Նա էլ էր իր ստեղծագործություններն ուղարկում Մորուս Հասրաթյանին՝ նրա կարծիքն իմանալու։ Որդու՝ Մուրադ Հասրաթյանի մոտ Սահյանի անտիպ բանաստեղծություններ էին հավաքվել, որոնք նա հանձնել է գրականության և արվեստի թանգարան:

1968-ին, քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի օրոք, առաջին անգամ նշվեց Էրեբունի Երևան տոնակատարությունը՝ 2750-ամյակը։ Քչերը գիտեն, որ գաղափարը Մորուս Հասրաթյանինն էր։ Նա էր օգնել անցնել բարդ փուլերով ու ապացուցել, որ Երևանը հնագույնն է Խորհրդային միությունում: Նշանավոր սյունեցին ու հեղինակավոր պատմաբանը զգուշացնում էր. ամենամեծ հանցանքը, աններելի ոճիրը  հայրենիքին և ժողովրդին դավաճանելն է:

Պատմագիտության, հնագիտության բնագավառներում Մորուս Հասրաթյանի թողած հսկայական ժառանգության, նրա բացառիկ կենսարգությանն է նվիրված «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» գիրքը, որը Newmag-ը ներկայացրեց նրա 120-ամյակի կապակցությամբ:

Կարդացեք նաև