Տեղի ունեցավ «Մորուս Հասրաթյան. Ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Ճշումներ, դատվածություն, հին աշխատանքին վերադառնալու արգելք՝ կյանք, որը հիշեցնում է հոլիվուդյան ֆիլմի սցենար: Նա չվախեցավ մասնակցել Կոմիտասի թաղմանը, հիացական խոսքեր ասեց Փարաջանովի ֆիլմի մասին, բրիտանական թանգարանին ստիպեց փոխել Անահիտ աստվածաուհու կիսան
Բարի լույս հաղորդման ընթացքում Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն իր խոսքում անդրադարձավ Մորուս Հասրաթյանի բացառիկ գործունեությանը. այն, ինչ անում էր նա, մեկ բառով կարելի է կոչել խիզախություն. «Մորուս Հասրաթյանը քաղաքական գործիչ չէր, բայց աշխատանքը քաղաքական է։ Գիտության մարդ է, թեև նրա աշխատություններն ունեն նաև քաղաքական արժեք։ Սյունիքի պատմական հուշարձաններն է ուսումնասիրել, իսկ հիմա սուր է այդ հարցը։ Հետագայում հնարավոր է կարիք լինի պաշտպանել Սյունիքի հայկականությունը, ինչպես հիմա Արցախինն ենք պաշտպանում։ Մորուսն ու մյուսները կյանքի գնով են արել դա։ Սովետական շրջանում արգելված էր։ Ադրբեջանը խոչնդոտում էր դրան։ Դա գիտական խիզախություն էր»:
Պատմագիտության, հնագիտության բնագավառներում Մորուս Հասրաթյանը թողել է հսկայական ժառանգություն։ Մեծ հայագետի 120-ամյակին Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի ու Newmag-ի առաջարկով նրա ուսանողուհին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, կազմեց քայլող հանրագիտարանին նվիրված աշխատությունը. «Արխիվային նյութերը ապահովել են աշխատանքի ամբողջականությունը։ Նա ավելին էր, քան գրքում ներկայացված է։ Մի ամբողջ էպոխա իմ աչքի առաջ էր գիրքը գրելիս։ Նա հեռու էր ազգային սնապարծությունից, բայց կարողանում էր և հասնում էր նրան, որ մենք ազգային արժանապատվություն ունենանք»:
Մեծ հնագետ, գրականագետ, պատմաբան լինելուց բացի, մեծ ուսուցիչ էր ու արվեստի կազմակերպիչ: Նշանավոր սյունեցին Մատենադարանի տնօրեն էր ստալինյան ռեպրեսիաների տարիներին, 10 տարուց ավելի ղեկավարել է Պատմության թանգարանը, դասավանդել բուհերում. «Նա նաև շատ ազնիվ էր: Արխիվային նյութերում տեսա, որ հարցրել են՝ ովքեր են եղել ազգայնական, տրոցկիստական, որ իր հետ են եղել: Նա ասել է, որ ինքը մենակ է եղել, որ մեկի անունը չի տվել: Ուրիշներն իր անունը տվել են, բայց ինքը՝ ոչ»։
Երբ արգելեցին զբաղվել պատմությամբ, սկսեց թարգմանել Սայաթ-Նովայի խաղերը: Մորուս Հասրաթյանն առաջինն էր, որ Սայաթ-Նովայի խաղերը թուրքերենից ու վրացերենից փոխադրեց աշուղի մայր լեզվին: Թովմաս Պողոսյանն առանձնակի հիացմունքով է խոսում Մորուս Հասրաթյանի կատարած աշխատանքի վերաբերյալ. «Անասելի մեծություն է Մորուս Հասրաթյանը: Նա թուրքերեն ու վրացերեն խաղերը թարգմանել է թիֆլիսահայ բարբառով։ Փոխադրել է այնպես, որ ինձ համար բնագրային արժեք ունեն այդ փոխադրությունները»։
Մորուս Հասրաթյանը Հայ ժողովրդի պատմության առաջին՝ 1951 թվականի դասագրքի հեղինակներից էր։ Պեղումներ է արել իր ծննդավայր Սյունիքում, Արարատյան դաշտում։ Առաջին գիտնականն էր, որին 60-ականներին թույլ տրվեց մտնել Արցախի Քաշաթաղ շրջան, որը Բաքվի տիրապետության տակ էր և ուսումնաիրություններ անել Ծիծեռնավանքում, որն այժմ կրկին թնամու ձեռքին է: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը հետաքրքիր դեպք է պատմում այդ տարիների աշխատանքից. «Նրան դիմում են, թե 46-ից հետո պեղումների ժամանակ կարո՞ղ ենք ոսկի գտնել: Ասում էր՝ ոսկի գտնելու նպատակ չունեն, հայկական արժեքները հայ ժողովրդին վերադարձնելու խնդիր ունենք»։
Մորուս Հասրաթյանը հիմնավորում է, որ Մովսես Խորենացին Սյունիքից է, ոչ թե Տարոնից: Պատմաբանը լուրջ ուսումնասիրություններ է արել Սիսիանի Անգեղակոթում։ Հնագետը վստահ էր, որ հենց այդտեղ է Վարդան Մամիկոնյանի գերեզմանը։ Կես դար անց պեղումները շարունակվել են, հնագետի պնդումները չեն հերքվել: ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Աստրյանը Մորուս Հասրաթյանին անվանում է իր ժամանակի հերոսը. «Ո՞րն է մեր ժամանակի հերոսի կերպարը։ Մորուս Հասրաթյանն իր ապրած կյանքով կարող է հավակնել մեր ժամանակների հերոսի կոչմանը: Իր գործունեության բոլոր ասպարազներում մեծ հետք է թողել։ Ինչո՞վ է առանձնանում, իր հայրենասիրությամբ»։
«Մորուս Հասրաթյան. Ինքնության և ժառանգության վավերագիրը» գիրքը գիտական աշխատություն է՝ արխիվային փաստաղթերով, հուշագրություններով։ Այն նաև գեղարվետսական ու պատմական նշանակություն ունի, քանի որ մի ամբողջ դարաշրջանի մասին է:
Կարդացեք նաև
- Newmag-ի այս աշնան առաջին գիրքը՝ հրատարակվել է պատմաբան, բանասեր Մորուս Հասրաթյանի կենսագրականը (թրեյլեր)
- [Ֆոտոռեպորտաժ]. Տեղի ունեցավ «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի շնորհանդեսը
- Բացառիկ գիտնականի կյանքն ինչպես հոլիվուդյան ֆիլմի սցենար. այսօր լրանում է Մորուս Հասրաթյանի 120-ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)