BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վարդան Պետրոսյան. Մենք ահավոր ատում ենք իրար, սուտ

Վարդան Պետրոսյան. Մենք ահավոր ատում ենք իրար, սուտ ենք ասում, թե իրար սիրում ենք

չվիրավորել
Իմ ներկայացումներով երբեք անձնական վիրավորանք չեմ հասցնում մարդուն, չունեմ այդպիսի խնդիր: Արվեստի խնդիրն ուրիշ է. կարող ես քննադատել երևույթը, կառուցվածքը, մարդուն` երևույթի մեջ և ոչ թե մարդու անձնական ինչ-ինչ բաները: Պետք չէ այնպես նմանակել, պետք չէ ծաղրել այնպես, որ նրա բարեկամը կամ երեխան դրանից վիրավորվի:
ատում ենք իրար
Մենք պետք է մեր ներսը նայենք և փորձենք ազնվանալ: Մենք չար ենք: Բոլորս: Մենք ահավոր ատում ենք իրար: Սուտ ենք ասում, թե իրար սիրում ենք: Մեր դարդերում, մեր պրոբլեմներում ուզբեկները մեղք չունեն, ոչ էլ ղազախները, մեր պրոբլեմները մենք ենք ստեղծել մեր ձեռքով: Ինչպես ուզում եք, նայեք, ուզում եք փիլիսոփայաբար, պատմականորեն, հոգեբանորեն. մարդու պրոբլեմն իր մեջ է:
չեմ սիրում
Չեմ սիրում բոլշևիկներին` այդ հրեշներին, չեմ սիրում ֆաշիստներին, չեմ սիրում երիտթուրքերին: Չեմ սիրում մարդկանց, որոնք կոտորել են, մորթել են, փրթել են, բռնացել են, ի՞նչ սիրելու բան կա այդտեղ: Այդ շարքից, եթե խոսում ենք կոմունիստների մասին, շատ համակրում եմ, օրինակ, Բրեժնևին: Շատ եմ սիրում այդ մարդուն, խեղճն արդեն ծերուկ էր, ուզում էր գնալ թոշակի, չէին թողնում: Վերջին շքերթին խեղճ մարդն արդեն կիսամեռ կանգնած էր, ձեռքը, երևի, դոմկրատով էին բարձրացնում, հետևից էլ թաքուն սրսկում:
սխալները
88 թվականին Լենինականում երկրաշարժ եղավ, և փլվեց ամբողջ քաղաքը, փլվեցին սոցիալիստական ռեալիզմի ժամանակահատվածի մեր շենքերը, մեր հերոսական այդ ժամանակահատվածի, որ մինչև այսօր գովերգում ենք: Փլվեցին, որովհետև հիմքերը խորը փորած չէին, որովհետև արմատուրաները «պրովուլկեքից» էին, բետոնն էլ ավազ էր: Փլվեցին, որովհետև գողանում էինք, ծախում էինք բենզինը, ամեն ինչը, ալան-թալանի երկիր էր: 50 հազար մարդ կորցրինք: Խելք հավաքեցի՞նք դրանից: Ո՛չ: Այսօր սարքել ենք մեծ շենքեր: Աստված չանի` վաղը մի երկրաշարժ այստեղ լինի, հիմա կես միլիոն կկորցնենք` 500 հազար: Ի՞նչ ենք ասելու: «Ուր էիր, Աստվա՞ծ»: Աստված կասի. «Թանկագի'նս, 10-20 տարի առաջ եղավ այդ բանը, դու խելք չհավաքեցիր, ես ի՞նչ կարող եմ անել»: Խելոք ժողովուրդ ենք, ով ասես ունենք` Փարաջանով, Վիկտոր Համբարձումյան, դարի 5-6 դարակազմիկ, հզոր անձինք հայ են, մարդիկ, որոնք կարողացել են դարի մտածողության մեջ փոփոխություններ մտցնել: Կատակ ազգ չենք մենք` Խաչատրյան, Կոմիտաս, Սարյան, Փելեշյան: Բա այդքան խելք ունենալով` մենք չե՞նք մտածում, որ այդպիսի շենք պետք չէ սարքել:
սերը
Ես հավատում եմ մայրական սիրուն, ես հավատում եմ եղբայրական սիրուն, երբ եղբայրը մարդ է սպանում, գնում, նստում է բանտ, մյուս եղբայրը, իմանալով, որ լավ բան չի արել իր հարազատը, կյանքը դնում է, որ եղբորը բանտից ազատի, տունն է ծախում, այս անում, այն անում, բանտարկման ժամկետն է պակասեցնում: Դա է սերը: Ես այդ սերն եմ փորձում քարոզել:
դժոխք/դրախտ
Մարդ իր ներսում ապրում է և դժոխքը, և դրախտը: Յուրաքանչյուր մեծահարուստ մարդու ներսը դժոխք է: Դա ապացուցելու կարիք էլ չկա: Ինչքան փողը շատ է, այնքան դժոխքն` ուժեղ: Յուրաքանչյուր սիրահարված մարդու ներսում դրախտային վիճակ է: Երբ մարդ սիրահարված է, նրա համար ամենամութ զնդանը լուսավոր տիեզերք է: Սիրահարի կողքին լինելն արդեն ամեն ինչ է, ամեն մի զրկանք դառնում է ամենաքաղցր պարգևը, միայն թե նա կողքիդ լինի: Դե տեսեք` ոնց է լինում, որ այդ մութը, աղբը, ցուրտը սիրած էակի կողքին դառնում է դրախտ, իսկ այդ լիությունը, եթե սրտումդ սեր չկա, դառնում է դժոխք:
ընտանիքը
Ես տանը միշտ խենթություններ եմ անում, որ երեխաներս տեսնեն, որ իրենց պապան մի քիչ գիժ է, խենթ մարդ է: Օրինակ` եթե խոհանոցից հյուրասենյակ գնալիս տեսնեմ, որ երեխաները նվագում են, անպայման պարելով կանցնեմ: Եվ դրանից իրենք էլ են սկսում գժվել, զարգացնել իրենց միջի գժուկներին, և տանը ստեղծվում է խենթուկ մթնոլորտ, որը ես միշտ սիրել եմ: Չեմ սիրում լուրջ մթնոլորտ: Մեր տանն էլ է այդպես եղել` երգող, պարող, ուրախ: Ես միշտ աշխատում եմ երեխաների հետ ինչ-որ բան անել, երաժշտական խմբի պես մի գործ անել, որովհետև դա շատ կապում է: Ծնողը և երեխան պետք է ընկերներ լինեն:
իմ զրկանքներն ու ծնողները
Ես շատ զրկանքներ եմ ունեցել, փոքր հասակում էլ, մեծ հասակում էլ, ուսանողական տարիներին էլ: Եվ ես ուրախ եմ, որ այդ զրկանքների մեջ եմ մեծացել: Որովհետև դրանք են ինձ մարդ սարքել, դրանք են ինձ ստիպել երազել: Զրկանքները մարդուն պետք են: Եվ, ի վերջո, այդ զրկանքները ես ունեցել եմ իմ ծնողների ազնվության շնորհիվ: Նրանք ապրել են շատ դժվար ժամանակներում և ապացուցել են, որ կարելի է լինել ազատ և մաքուր: Ամեն ամսվա վերջին հարևանից մի ռուբլի պարտք էինք վերցնում` հաց առնելու համար: Երեք հացը 90 կոպեկ էր: Կամ մածունի շշերն էինք հանձնում, որ հաց առնեինք: Ալան-թալան էր, բայց իմ ծնողներն այդպիսին չէին, ապրում էին աշխատավարձով: Այդպիսի մարդկանց մասին ասում էին «հիմար», բայց ես գոհ եմ, որ նրանք էին իմ ծնողները:
ամենամեծ ցնցումները
7 տարեկանում ինձ համար մեծ ցնցում էր կույր աղիքի վիրահատությունը: Սարսափելի ցավերով էին ինձ բերել հիվանդանոց, ու չէի հասկանում, թե ոնց կարողացան այնպես վիրահատել, որ միանգամից այդ ցավերն անցան: Ես հիշում եմ ինձ վիրահատող բժշկի աչքերը. կապույտ էին, երեսը փակած էր, գլխին էլ գլխարկ կար: Բժիշկը վիրահատեց, հետո տարան պալատ, որտեղ ուրիշն ինձ հսկեց, և ես այդ վիրաբույժին այլևս չտեսա:
Ցնցում էր 10 տարեկանում Մինասի ցուցահանդեսը տեսնելը: Ես շատ էի նկարում: Բոլորն ասում էին` «Այս տղան նկարիչ պետք է դառնա»: Եվ հանկարծ ցուցահանդեսը տեսա ու մեծ ցնցում ապրեցի:
Հիվանդանոցում սիրահարված էի մի աղջկա: Ժաննա էր անունը, պեպենոտ, սիրունիկ աղջիկ էր: Ես ինը տարեկան էի, նա` ութ: Թվում է` փոքր երեխա է, այդքան սիրելու «ռեզերվ» որտեղի՞ց ունի, բայց պարզվում է, որ կա: Ես հոգեկան հիվանդության աստիճան սիրահարված էի: Տևեց 14 օր (այդքան մնացի հիվանդանոցում): Երբ նրան տեսնում էի, փախչում էի, չէի կարող դիմանալ: Մի անգամ նույնիսկ հաց չկարողացա ուտել, որովհետև նրա դիմաց էին նստեցրել ինձ: Երբ դուրս էի գրվում, մտածում էի` կմահանամ... Բայց սկսվեց դպրոցը, և մեր դասարանի Արմինեն, որը նույնպես պեպենոտ էր, մազերը շատ կարճ էր կտրել և այնպես էր նմանվել Ժաննային, որ ասացի` վա~յ, էս ինչ լավ էր... Եվ այսպես փրկվեցի:
newmag #12

Տարածել