Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
03/19/2026
Newmag հրատարակչությունը ներկայացնում է ժամանակակից եվրոպացի հեղինակ Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» վեպը։ «Բարի լույսի» տաղավարում նոր գիրքը ներկայացրել են Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը և «Սատանայի արհեստանոցը» վեպի թարգմանիչ Մարիամ Մանսուրյանը։
Չեխ գրող, պոետ Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գրոտեսակային հակաուտոպիա վեպը չեխական Տերեզին քաղաքի մասին է, որը նախկինում եղել է համակենտրոնացման ճամբար։ Քաղաքի տարածքում տասնյակ հազարավոր մարդկանց են տանջամահ արել։ Սև հումորով ֆանտասմագորիայի հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։
Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ այս գրքի ամենաբնութագրականը սև հումորն է. «Գիրքը գրոտեսկի հասնող ֆանտասմագորիա է։ Այն հատկապես դուր կգա դեպրեսիայի սիրահարներին։ Հեղինակի փիլիսոփայությունը նախնիների ողբերգությունն ու դրա հետևանքներն ուսումնասիրելն է։
Պատերազմական ողբերգությունները, դիակները ոմանց համար գաղափարական ռևանշի հնարավորություն են, ոմանց համար՝ հուշերում մխրճվելը, մյուսների համար գիտական հետազոտոթյուն անելու միջոց, իսկ մյուսների համար՝ բզինես, որի շնորհիվ կարելի է ահագին փող աշխատել։
Տոպոլը դա ցույց է տալիս հասարակության տարբեր շերտերի միջոցով։ Պատերազմող երկրներում հաճախ մնում են արտեֆակտներ, որոնք դառնում են շահարկման թեմա։ Գրոտեսկը սկսվում է, երբ մարդկային ողբերգությունը դառնում է կուսակցան պատկերացումները թելադրելու կամ բիզնես անելու միջոց»։
Գնել Նալբանդյանը նաև մեկնաբանեց գրքի վերնագիրը՝ «Սատանայի արհեստանոցը». «Սատանան լավ արհեստավոր է, նա լավ հղկում է մարդկային հոգիները, ու մենք երբեմն հայտնվում ենք այդ արհեստանոցում, դառնում հումք սատանայի համար։ Մարդն է ընտրում, թե որտեղ հայտնվի՝ բարի, թե չար ուժերի արհեստանոցում»։
Գիրքը պատմական է, քանի որ Տերեզին քաղաքում, իրոք, եղել է համակենտրոնացման ճամբար, բայց Յախիմ Տոպոլը խաղում է պատմական իրադարձությունների ու ֆանտազիայի հետ. «Ընթերցողը երբեմն չի հասկանում, թե որտեղ են իրականությունն ու անիրականը։ Գրքում աշխարհի տարբեր երկրներից գալիս են մարդիկ, նրանց բոլորին Տերեզինը կարծես ձգում է։ Այդ բոլոր մարդիկ ունեն տրավմաներ, նրանք գալիս են իրենց ներսի հրեշներին հանդիպելու։
Տոպոլը գրել է այս գիրքը, քանի որ իրեն հետաքրքում են տրավմաները։ Ես հանդիպել եմ Տոպոլի հետ, երկու գիրք առաջարկեց, դրանցից մեկը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքն է։ Հեղինակին շատ են հետաքրքրում տարբեր ազգերի տրավմաներն ու ապրումները»։
Գրքի թարգմանիչը պատմեց նաև, որ գրքի չեխերեն վերնագիրը «Սառը հողին» է, բայց տարբեր թարգմանություններում ու նաև հայերենում «Սատանայի արհեստանոց» տարբերակն է թարգմանվել։ Ի սկզբանե՝ Յախիմ Տոպոլը գիրքը վերնագրել է «Սատանայի արհեստանոցը», բայց համակենտրոնացման ճամբարից փրկված մի մարդ նույնպես գրել է այդ խորագրով գիրք ու Տոպոլին խնդրել է փոխել վերնագիրը։
Կարդացեք նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Յախիմ Տոպոլ
5800 ֏
Նկարագրություն
Չեխական Տերեզին քաղաքը նախկինում եղել է համակենտրոնացման ճամբար, որտեղ տասնյակ հազարավոր մարդկանց են տանջամահ արել, կտտանքների ենթարկել։ Հիմա քաղաք-ուրվական է․այն լքում են բոլորը։ Բայց Տերեզինի նվիրված քաղաքացին՝ Լեբոն, մտադիր է քաղաքը պահպանել՝ ինչպիսին եղել է, այն վերածել Հոլոքոստի թանգարանի, փրկել ամեն պատ, ամեն քնատախտ, նկուղ, պատերի ամեն մի գրություն։ Բայց անցյալը պահելու ազնիվ ցանկությունը շուտով դառնում է շահավետ բիզնես, սարսափը վաճառվում է որպես տեսարան, հիշողությունը՝ որպես ապրանք։ Երբ վեպի գլխավոր հերոսին պարտադրվում է նման թանգարան ստեղծել նաև Բելոռուսում՝ մոռացված ցեղասպանությունների վայրերում, պատմությունը ստանում է սատիրիկ, մութ ու ֆանտասմագորիկ լարում, մարդկության ցավը հեշտությամբ փոխակերպվում է առևտրային բրենդի։ Գրոտեսկային, սև հումորով լի հակաուտոպիա է, համամարդկային ողբերգության ու մարդասիրության ազդեցիկ հակադրություն։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)