ArmComedy. Ընդդիմությո՞ւն, թե՞ այլընտրանք
Սերգեյ - Ընդդիմությունը շատ ավելի լավ դեր է: Այո´, նման քաղաքական տերմին գոնե գոյություն ունի` ի տարբերություն «այլընտրանքի»:
Նարեկ - Ո՞ւմ է պետք գոյություն ունեցող տերմինը, եթե դրանով չես կարողանում «հարց լուծել» ու վեցից ավելի պատգամավոր ունենալ: Այլընտրանքը կարողանում է կարգին տեղեր զբաղեցնել ԱԺ-ում: «Այլընտրանքը» վեր է դարերով մեր ուղեղները մտցված կաղապարներից:
Ս. - Ընդդիմությունը կարող է հավեսով քլնգել իշխանությանը:
Ն. - «Այլընտրանքն» էլ կարող է հավեսով քլնգել և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը: Ավելին, կարող է անգամ չքլնգել: Որովհետև «այլընտրանքը» բոլորովին նոր բառ է քաղաքականության մեջ, ու ոչ ոք ոչ մի ակնկալիք չի կարող ունենալ:
Ս. - Ընդդիմությունը հասկանալի է ժողովրդի համար: Մարդիկ հասկանում են, որ դա այն խումբն է, որը հաստատ ուզում է` հեռացնի իշխանությանը:
Ն. - Իսկ «այլընտրանքը» կարող է իշխանության դեմ պայքարը հաջողությամբ համատեղել բիզնես վարելու հետ: Իշխանության դեմ ցույցերը կարող է համատեղել միասին քեֆ-ուրախություններով:
Ս. - «Այլընտրանքը» չի կարողանում լիաթոք հեղափոխության կոչ անել: