Եսենինը խմում էր, Բուլգակովը` ներարկվում , իսկ Մայակովսկին սիրում էր. հանճարներն ու նրանց արատները
Իրենց տաղանդի համար նրանք ստիպված են վճարել շատ թանկ: Հաճախ՝ առողջությամբ, առանձին դեպքերում՝ կյանքով: Երգիչ Վլադիմիր Վիսոցկին խիստ տարվել էր թմրանյութերով, պարող Ռուդոլֆ Նուրիևը ուներ ոչ ավանդական սեռական կողմնորոշում և, մի վարկածի համաձայն՝ այդ ձևով նա վարակվել է ՁԻԱՀ-ով, բանաստեղծ Վյաչեսլավ Իվանովը կնոջ հետ Պետերբուրգում իր հայտնի Աշտարակում 1910-ական թվականներին կազմակերպում էին իսկական խրախճանքներ, Ալեքսանդր Բլոկը, ինչպես ասում են, քրոնիկ հարբեցող էր:
Ժամանակակիցների հիշողություններով, Վլադիմիր Մայակովսկին ալկոհոլային կախվածություն չուներ, բայց օգտագործում էր կոկաին և տառապում էր բոլոր հնարավոր մոլուցքներով, որոնք հասնում էին խելագարության: Նա հիվանդագին աստիճան բծախնդիր էր և դրա հետ մեկտեղ շատ էր սիրում կենդանիներին.մշտապես տուն էր բերում անտուն կատուների և շների: Վերջիվերջո բնակարանի, որտեղ ապրում էր բանաստեղծը, տանտիրուհին խնդրեց նրան ազատել տարածքը կենդանիներից: Նրա մոտ ծայրահեղության էր հասնում նաև սերը: Բավական է միայն հիշել Մայակովսկու, նրա ամենամեծ սեր Լիլիա Բրիկի և նրա ամուսին Օսիպ Բրիկի «եռյակ միությունը»: Մայակովսկին ամուսնական զույգի հետ ապրում էր նույն բնակարանում և վճարում նրանց բոլոր վարձերը: Հենց ինքը Լիլիան ասում էր, որ ամուսնու հետ ինտիմ հարաբերություններին վերջ է դրել դեռ այն ժամանակ, երբ հայտնվել է բանաստեղծի անկողնում, և որ Օսյան միայն ընկերական լուսավորում է իր կյանքը: «Ես սիրել եմ, սիրում եմ և պիտի սիրեմ Օսյային ավելին, քան որպես եղբայր, ավելին, քան ամուսին, ավելին, քան որդի: Այսպիսի սիրո մասին ես չեմ կարդացել և ոչ մի բանաստեղծության մեջ…»,-վստահեցնում էր Լիլիան: Եվ միևնույն ժամանակ հրահրում էր բանաստեղծին, որ պահի նրան «բանաստեղծական կատաղության» մեջ: «Վոլոդիան այնքան ձանձրալի է, նա նույնիսկ խանդի տեսարաններ է սարքում»,- զարմանում էր նա Մայակովսկու վրա: Այս սիրային փորձությունը հօգուտ Մայակովսկու էր լինում.երբ Լիլիան մի քանի ամսով նրան զրկեց թե՛ տնից և թե՛ իր մարմնից, պահանջելով, որ նա սկզբից ստեղծագործի ու հետո սիրի, տանջված Մայակովսկին գրեց մի ամբողջ գլուխգործոցների շարք:
- «Պրոկոֆևի կազուսը» կամ մեծն երգահանի երկու այրիները
- Մարչելլո Մաստրոյանի. կատարյալ իտալացին, ում ներվում էր ամեն ինչ
«Խաբեբա» և «սկանդալիստ» Սերգեյ Եսենինը իր հարբեցողությունից չէր կաշկանդվում.«Կամ քամին է սուլում, դատարկ ու ամայի դաշտում, Կամ, ինչպես պուրակը սեպտեմբերին, հեղեղում է ուղեղը ալկոհոլը»: Անզուսպ հարբեցողության և բազմամարդ սկանդալների պատճառով Եսենինին արդեն անհապաղ խորհուրդ էին տալիս բուժվել հոգեբուժարանում: Իր ընկեր Անատոլի Մարիենգոֆը գրել է. «Բանաստեղծն այնքան է փչացրել իրեն խմելով, որ առավոտյան առաջին իսկ բաժակից, նրա գիտակցությունն արդեն մթագնել էր»:
Միխայիլ Բուլգակովը իր արատի՝ մորֆիով տարվածության մասին գրել է պատմվածք՝ «Մորֆի»: «Միխայիլը մորֆինիստ էր, և երբեմն գիշերը ներարկումից հետո, որն անում էր ինքն իրեն, նա վատ էր զգում իրեն, մահանում էր: Առավոտյան նա վերականգնվում էր, սակայն մինչև գիշեր իրեն վատ էր զգում: Բայց ճաշից հետո նա նորից ընդունում էր իր բաժինը, և կյանքը վերականգնվում էր: Երբեմն գիշերները նրան տանջում էին մղձավանջները: Նա վեր էր թռչում անկողնուց և ընկնում ուրվականների ետևից: Հնարավոր է՝ այստեղից էլ սկսեց իր ստեղծագործություններում խառնել իրական կյանքն ու ֆանտաստիկան»,- իր գրքում պատմում էր Լեոնիդ Կարումը՝ Բուլգակովի քրոջ ամուսինը:
Բուլգակովը տարվել է մորֆիով դեռևս այն ժամանակ, երբ երիտասարդ բժիշկ էր: Նա կնոջ՝ Տատյանա Լապպայի հետ ուղարկվել էր մարզ որպես բուժաշխատող: «Մորֆինիստն ունի մի երջանկություն, որը ոչ ոք նրանից չի կարող խլել.կյանքն ամբողջական միայնության մեջ անցկացնելու կարողություն: Իսկ միայնությունը կարևոր, նշանակալի մտքեր են, զննում, հանգստություն, իմաստություն…Ես ոչնչի ժամանակ չունեմ, ինձ ոչինչ պետք չէ և ինձ ոչ մի տեղ չի ձգում»,- այսպես էր բանաստեղծն արդարացնում իր արատը:
«Ի՞նչ է քեզ հետ կատարվում, ի՞նչ է պատահել…Քեզ մոտ, ինչպես գիտեմ, կա հրեշային ռուսական սովորություն՝ խմել վշտից, թախիծից, բաժանությունից…»,- դերասանուհի Վալենտինա Սերովային ուղղված նամակում է գրել բանաստեղծ Կոնստանտին Սիմոնովը: Ալկոհոլն ավիրել է Խորհրդային միության ամենագեղեցիկ կանանցից մեկի կյանքը, դրա պատճառով նա կորցրել է ընտանիքը, դստերը (դատարանը զրկել է Սերովային ծնողական իրավունքներից), իսկ շշուկները նրա բարի անվան մասին.նրա մասին արդեն խոսում էին ոչ թե որպես հրաշալի դերասանուհի, այլ որպես անդունդը գլորված կնոջ մասին:
Պյոտր Իլյիչ Չայկովսկու հետաքրքրություններն էին գեղեցիկ պատանիները: Ասում են՝ խորհրդային ժամանակներում նրա որոշ նամակներ խնամքով թաքցվում էին, որ չարատավորեն երգահանի անունը, բայց վերակառուցման շրջանում դրանք գաղտնազերծվեցին: Ահա մի հատված իբր Չայկովսկու նամակից եղբորը՝ Մոդեստին.«Պատկերացնու՞մ ես, ես օրերս մեկնել եմ գյուղ Բուլատովի մոտ, որի տունը հոմոսեքսուալների հավաքատեղի է»,- գրում է Չայկովսկին եղբորը: «Բավական չէ ես այնտեղ եղել եմ, ես կատվի պես սիրահարվել եմ նրա կառապանին: Դու բոլորովին ճիշտ ես, քո նամակում գրելով, որ զսպվելու հնարավորություն չկա, չնայած որևէ երդումների քո թուլությունների հետ կապված»: Վարկածներից մեկի համաձայն, Չայկովսկին մահացել է ոչ թե խոլերայից, այլ ինքնասպան է եղել տանջվելով իր «անարդար» նախասիրություններից:
Բանաստեղծ Շառլ Բոդլերը հարբեցող էր և ափիոն էր ծխում, մի անգամ Էդգար Ալլան Պոն այնքան էր խմել, որ նրան գտել էին առվում: Բանաստեղծին մինչև հիվանդանոց հասցրել էին տանել, բայց փրկել չի հաջողվել: Գրող Էրիխ Մարիա Ռեմարկը պատերազմի հոգեկան և ֆիզիկական ցավը խեղդում էր ալկոհոլի մեջ, իսկ Օնորե դը Բալզակը տարված էր կոֆեինով.խմում էր օրական 20-30 բաժակ սուրճ, սա բժիշկերը համարում էին հիվանդագին կախվածություն, որը հանգեցրեց մահացու հիվանդության: Շատ կենսագիրների պնդմամբ, Լուիս Քերոլը իր «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը գրել է ափիումի ազդեցության տակ:
Փորձագետի կարծիքը
Ալեքսանդր Պոլեև, հոգեթերապևտ.
«Ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, էմոցիոնալ անկայունությունը շատ բնական է արվեստագետների համար: Որովհետև արվեստի մարդիկ ստեղծում են այն, ինչն առաջ չի եղել: Նույնիսկ ամենաորակավորված արհեստավորը ստեղծում է ինչ-որ սովորական բան: Իսկ նկարիչը ստեղծում է արվեստի գործ, որը պետք է հուզի հազարավոր հանդիսատեսների կամ ընթերցողների: Դա պահանջում է ահռելի հոգեկան լարվածություն, և այդ լարվածությունը խլում է ուժերը: Ինչո՞վ բուժել հոգեկան վնասվածքը.շատերն ընտրում են շիշը…:
Նրանք այրում են իրենց ներսից ալկոհոլով, թմրանյութերով, բայց ամենից առաջ նրանք այրվում են արվեստով: Այո, Եսենինը հաջողության էր հասել, բայց միևնույնն է խմում էր: Եվ այն պատճառով, որ հաջողությունը մեծ դեր չի խաղում: Ի՞նչ է նշանակում հաջողություն արվեստում: Այսօր դու գրել ես լավ բանաստեղծություն, բայց դու համոզվա՞ծ ես, որ վաղը կգրես նույնքան լավը.ոչ մի երաշխիք չկա: Կյանքի անկայունության պատճառով էլ մարդը սկսում է ընկնել ծայրահեղությունների մեջ»: