Ո՞ւմ է վստահվել թարգմանությունը և ո՞վ է խմբագրել «Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը
Թարգմանչուհու համար սա սպորտային բովանդակության հետ աշխատելու առաջին փորձն էր: Չունենալով ֆուտբոլի հետ շատ մեծ սեր, համաձայնել է աշխատել գրքի վրա` այն համարելով մեծ մարտահրավեր: Սկզբում մտավախություն է ունեցել, սակայն էջ առ էջ այն վերածվել է վստահության եւ գիրքը թարգմանելն էլ ավելի հետաքրքիր է դարձել. «Թարգմանության ժամանակ խնդիրը ոչ միայն լեզվական ճիշտ վերարտադրությունն էր, այլեւ ֆուտբոլային բառապաշարի եւ մասնագիտական տերմինների ճիշտ մատուցումը: Այո, հնարավոր է, յուրաքանչյուր թարգմանչին դրանք ծանոթ չլինեն, բայց ինձ հետ աշխատել է փորձառու թիմ. մարզական լրագրողներ, մեկնաբաններ: Բավականաչափ նոր գիտելիքներ ստացա ֆուտբոլից»:
«Հիմնականում անունները պորտուգալական ու իսպանական ծագման էին, բայց հաճախ իսպանացու անունն ուներ պորտուգալերեն հնչողություն եւ հակառակը: Որոշեցինք կանգնել այն տարբերակի վրա, որը հայերենով ավելի բարեհունչ է»
Գրքում Ռոնալդուի անձնական կյանքի եւ կարիերայի վերաբերյալ ինֆորմացիանները Լիանա Զաքարյանի համար հիմնականում նոր են եղել, որոնք յուրացրել ու ամեն բառի վրա աշխատել է մեծ խնամքով. «Շատ հետաքրքիր էր Ռոնալդուի մանկությունը, պատանեկությունը, մուտքը մեծ սպորտ: Անշուշտ, ուշագրավ էին նաեւ պրոֆեսիոնալ կարիերայում նրա գրանցած արդյունքները: Սկզբում, երբ առաջին էջն էի թարգմանում, մի փոքր վախենում էի, քանի որ ինձ անծանոթ անուններ շատ կային: Հետո, երբ սկսում ես հերոսների հետ ապրել, դրանք սովորական են դառնում, ու հետզհետե ամեն ինչ շարունակում էր հետաքրքրանալ: Վերջին էջը թարգմանելուց հետո ինչ-որ բան պակասեց, օրինակ` ինչպես է, երբ ֆիլմն ավարտվում է, հետո անընդհատ լինում են դրվագներ, որ ինքստինքյան դրանք ասոցացնում ես ֆիլմի հետ: Այդպես էր նաեւ Ռոնալդուի գիրքը թարգմանելիս: Լավ առումով, ինչ-որ բան պակասեց»:
Newmag-ը սեպտեմբերին կներկայացնի Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող նոր բեսթսելլեր
Լիանա Զաքարյանի աշխատանքը խմբագրել է մեդիաոլորտում եւ խմբագրի մեծ փորձ ունեցող Վասակ Դարբինյանը: Նրա համար նույնպես սպորտային գիրք խմբագրելու առաջին փորձն էր, բայց իր խմբագրած թերթերում միշտ ունեցել է մարզական էջ, որտեղ լուսաբանվել են մարզական իրադարձությունները, ամենաշատը, բնականաբար, ֆուտբոլը. «Նախ պետք է նշեմ, որ տեքստը շատ հաջող էր թարգմանված: Ինձ համար հեշտ էր խմբագրել գիրքը, քանի որ միշտ հետևում եմ ֆուտբոլային կարևոր իրադարձություններին, ֆուտբոլի մասին տեքստերն ինձ համար միանգամայն պարզ են ու հասկանալի:»:
«Վստահ եմ, որ հատկապես պատանիները, որոնք նոր են սկսում իրենց քայլերը ֆուտբոլում եւ ձգտում են լավ ապագա ունենալ, այս գրքում ուսանելի շատ բան կգտնեն»
Առանձին տերմիններ, պատմություններ խմբագրելիս, պրն. Դարբինյանը դժվարությունների չի հանդիպել, սակայն դրվագն առավելագույն պատկերավոր նկարագրելու համար երբեմն հարկ է է եղել համացանցով դիտել, օրինակ` որեւէ խաղ, գոլ կամ կադր. «Կարող եմ վստահեցնել, որ շատ որակյալ գործ է: Գիրքը մատուցված է մատչելի, գրագետ ու գրավիչ: Շատ բծախնդիր եւ ջանասեր ենք եղել: Գիրքն անպայման կգտնի իր ընթերցողին»: