ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Ֆլյոր Եգգի. Պատժի երանե

[Շարունակությունը՝ գրքում] Ֆլյոր Եգգի. Պատժի երանելի տարիները

Տասնչորս տարեկան էի, երբ սովորում էի Ապ­պենցել գավառի վարժարանում: Գրող Ռոբերտ Վալ­զերը Հերիսաուի հոգեբուժարանում անցկացրած տարիներին հաճախ էր զբոսնում մեր կողմերում: Նա վախճանվեց ձյան մեջ: Նկարներում պարզ երևում էր ձյան մեջ խրված նրա մարմնի հետքը: Մենք չէինք ճանաչում նրան: Նույնիսկ գրականության մեր ուսու­ցիչը նրան չէր ճանաչում: Երբեմն միտք եմ անում, որ գրեթե երեսուն տարի Հերիսաուի հոգեբուժարանում անցկացնելուց հետո Ապպենցելի ձյան բնական շի­րիմում սեփական մահկանացուն կնքելը հավանա­բար երանություն է: Եթե մենք իմանայինք Վալզերի մասին, գոնե ծաղիկներ կքաղեինք նրա համար: Ան­գամ Կանտն է հուզվել, երբ մահից առաջ մի անծանո­թուհի վարդ է նվիրել նրան: Ապպենցելում ամեն ինչ մարդուն կարծես զբոսանքի է տրամադրում: Ալ կար­միր, փարթամ ծաղիկներով զարդարված, ճերմա­կաերիզ փոքրիկ պատուհաններին նայելիս թվում է, թե դրանց հետևում մի ամբողջ արևադարձային ան­տառ է փթթում, պարզապես անտեսանելի շղթաները զսպում են, որ դուրս չպրծնի: Տպավորություն է, թե ինչ–որ մթին ու անառողջ իրադարձություններ են կա­տարվում այնտեղ: Այդ անառողջ միջավայրը երանելի Արկադիայի կերպարանքն էր ընդունել: Թվում էր, թե այնտեղ մահվան խաղաղություն ու անդորր էր տի­րում: Ճերմակ ծաղիկների ցնծություն: Իսկ պատու­հաններից այն կողմ՝ հրապուրիչ մի բնապատկեր, և դա բնավ պատրանք չէ, այլ Zwang, ինչպես ասում էին վարժարանում՝ կարգադրություն: Վարժարանում մենք գերմաներեն, ֆրանսերեն ու մշակույթի պատմություն էինք ուսանում: Ես չէի սովորում: Ֆրանսիական գրականությունից Բոդլե­րի անունն եմ հիշում միայն: Ամեն օր արթնանում էի առավոտյան հինգին ու մեկնում զբոսանքի: Բարձրա­նում էի վեր և լանջի մյուս կողմում՝ ներքևում, նայում էի ջրի ոլոր–մոլոր գծին: Դա Բոդենի լիճն էր: Նայում էի հորիզոնին, լճին, ու մտքովս չէր էլ անցնում, որ մոտ ապագայում լճի շրջակայքում գտնվող վարժարանը դառնալու էր իմ օրրանը: Ես խնձոր ուտելով քայլում էի: Մենակություն էի փնտրում, իսկ ավելի ստույգ՝ գո­յության կատարյալ վիճակ, ու միաժամանակ նախան­ձով էի լցվում աշխարհի անցուդարձի հանդեպ:
Մի օր, երբ բոլորս նստած էինք ճաշի սեղանի շուրջը, մի նոր աղջիկ մտավ վարժարան: Տասնհինգ տարեկան էր նա, մազերը շեղբի պես սուր էին ու փայ­լուն, հայացքը խիստ էր ու սևեռուն, քիթը՝ սուր, ու երբ ծիծաղում էր, մի բան, որ հազվադեպ էր լինում, կա­րելի էր տեսնել նրա սուրծայր ատամները: Ճակատը գեղեցիկ էր ու լայն և ասես տեսանելի էր դարձնում նրա մտքերը, նախնիներից ժառանգած տաղանդը, խելքը և հմայքը: Նա ոչ մեկի հետ չէր խոսում. խոր արհամարհանքը պարզորոշ դրոշմված էր նրա սառը դիմագծերին: Գուցե նրա ուշադրությունը նվաճե­լու ցանկությանս միակ պատճառը դա էր: Նրա կեց­վածքի մեջ մարդասիրության նշույլ անգամ չկար, թվում էր՝ այդ աղջիկը մարդկային ցեղի բոլոր ներ­կայացուցիչների հանդեպ միայն նողկանք է զգում: Ինձ թվում էր, որ իր բանականությամբ նա ինձնից մի քանի քայլ առաջ էր: Երբ սեղանից վեր կացանք, ես մոտեցա ու ասա­ցի. «Bonjour»: «Bonjour»,— կտրուկ պատասխանեց նա: Ես ներկայացա՝ նորակոչիկի պես հայտնելով անուն–ազգանունս, նա էլ՝ իր հերթին, ու այդքանով մեր խոսակցությունն ավարտվեց: Նա հեռացավ՝ ճա­շասենյակում աշխույժ խոսակցություններ վարող աղ­ջիկների հետ ինձ մենակ թողնելով: Մի իսպանուհի ոգևորված ինչ–որ բան էր պատմում, բայց ես բնավ չէի լսում նրան: Ականջիս հասնում էին միայն տարբեր լեզուների աղաղակող հնչյունները: Այդ օրը նորեկ աղջկան այլևս չտեսանք, բայց երեկոյան ճիշտ ժա­մին նա ներկայացավ ընթրիքի ու, ինչպես կարգն է, կանգնեց իր աթոռի հետևում: Անշարժ, քողարկված: Տնօրենը ձեռքով նշան արեց, բոլորս նստեցինք քար լռությամբ, որը շուտով վերածվեց զվարթ խոսակցու­թյան և ժխորի: Հաջորդ օրը նա ինձ առաջինը բա­րևեց:

Վարժարանի կյանքը հատուկ կանոններ ունի: Յուրաքանչյուր սան, որքան էլ փառամոլ լինի, իր հա­մար խոսելու, քայլելու, նայելու երկերեսանի մի կեր­պար և իր յուրահատուկ ոճը պիտի ձեռք բերի: Երբ նորեկի ձեռագիրը տեսա, բերանս ուղղակի բաց մնաց: Մեր բոլորի ձեռագրերը գրեթե նույնն էին՝ անհասկանալի, մանկական. օ տառը բոլորիս մոտ կլոր էր ստացվում ու լայն: Նրա ձեռագիրը, սակայն, հասուն մարդու մշակված ձեռագիր էր (Քսան տա­րի անց նմանատիպ մի ձեռագրով ընծայագիր տե­սա Պիեռ Ժան Ժուվիի «Կիրիե» գրքում): Ես, իհար­կե, ձևացրի, որ այդ ձեռագիրը նույնիսկ չնկատեցի, և որ այն առանձնապես տպավորություն չգործեց ինձ վրա: Այնինչ մենակ մնալով ամեն կերպ փորձում էի նմանակել նրա ձեռագիրը: Այսօր էլ ես շարունակում եմ գրել Ֆեդերիկայի նման, ու բոլորն ինձ ասում են, թե բավական գեղեցիկ ու անսովոր ձեռագիր ունեմ: Եվ իհարկե ոչ ոք չի էլ պատկերացնում, թե որքան եմ ճգնել այդպիսի ձեռագիր ունենալու համար: Այն ժամանակ ես սովորելու ցանկություն առանձնապես չունեի, ամբողջ օրը զբաղված էի թերթերից գերմա­նացի էքսպրեսիոնիստների կտավների լուսանկար­ներն ու քրեական քրոնիկները կտրտելով ու տետրի մեջ փակցնելով. այդ կերպ ես փորձում էի հասկաց­նել Ֆեդերիկային, որ արվեստով եմ հետաքրքրվում, մինչև ի վերջո նա ինձ միջանցքներում և զբոսանք­ների ժամանակ իրեն ուղեկցելու պատվին արժա­նացրեց: Երևի ավելորդ է ասել, որ Ֆեդերիկան մեր վարժարանի լավագույն սանուհին էր: Նա արդեն ամեն ինչ գիտեր, ասես ժառանգել էր նախնիների գի­տելիքների ամբողջ պաշարը: Իր ինքնատիպությամբ նա տարբերվում էր բոլորից, իր բնատուր տաղանդը բացատրում էր իբրև աստվածատուր շնորհ: Բավա­կան էր լսել, թե ինչպես էր նա արտասանում ֆրանսի­ացի բանաստեղծներին. թվում էր՝ նրանք հանգրվա­նել էին այդ աղջկա հոգում, ձուլվել նրա էությանը: Մենք բավական անփորձ էինք դեռ, իսկ անփորձու­թյունը կարող է հանգեցնել որոշակի խստապահան­ջության, բծախնդրության ու արհեստականության: Մենք մեզ կաղապարված էինք զգում, ինչպես մարդ կարող է զգալ իրեն ֆրանսիական զուավների զինվո­րական համազգեստի մեջ: Մեր վարժարանում սովորելու էին գալիս աշխար­հի բոլոր կողմերից՝ հիմնականում ամերիկուհիներ ու հոլանդուհիներ: Աղջիկներից մեկը, ինչպես ըն­դունված է ասել, սևամորթուհի էր՝ գանգուր մազերով տիկնիկ, որով հիանում էինք բոլորս: Նրան այդտեղ էր բերել հայրը, որը աֆրիկյան պետություններից մեկի նախագահն էր: Նրա հորը հանդիսավոր ընդու­նելու համար յուրաքանչյուր ազգից մեկական աղ­ջիկ էին ընտրել: Աղջիկները Բաուսլեր ինստիտուտի մուտքի առջև տողան կազմած կանգնել էին: Նրանք իրարից խիստ տարբերվում էին. կային կարմրահեր բելգիացի, շիկահեր շվեդուհի, իտալուհի, բոստոն­ցի, ու բոլորը ծափերով ողջունում էին նախագահին, ծածանում իրենց երկրի դրոշը՝ այդ կերպ կազմելով աշխարհի պատկերը: Ես կանգնած էի երրորդ շար­քի վերջում՝ Ֆեդերիկայի կողքին՝ անձրևանոցով, գլխանոցը գլխիս: Վարժարանի տնօրենը կանգնել էր նախագահի առջև, ու եթե նախագահը աղեղից նետ արձակեր, այն ուղիղ տնօրենի սիրտը կմխրճ­վեր: Տիկին Հոֆստետերը գեր դեմքի մեջ ընկղմված ժպիտով, բարձրահասակ, թիկնեղ ու արժանապատ­վությամբ լի կին էր: Նրա կողքին կանգնած էր ամու­սինը՝ պարոն Հոֆստետերը՝ վտիտ, մանրակազմ ու երկչոտ մի տղամարդ: Նրանք միասին բարձրացրին շվեյցարական դրոշը: Բոլոր սաների մեջ սևամորթը տարբերվում էր: Ցուրտ էր, նրա հագին երկնագույն, կապույտ թավշյա օձիքով լայն վերարկու էր: Բաուս­լեր ինստիտուտում սևամորթ նախագահի հայտնվելը մեծ իրադարձություն էր: Աֆրիկյան պետության նա­խագահը վստահությամբ լցվեց Հոֆստետեր ընտա­նիքի հանդեպ: Իհարկե, մի քանի շվեյցարուհի սաներ քննադատաբար արտահայտվեցին նախագահին ցուցաբերած հանդիսավոր ընդունելության մասին: Ասում էին, թե բոլոր ծնողներն էլ նույն վերաբերմուն­քին պետք է արժանանային: Դե, վարժարանների սա­ների մեջ միշտ էլ խռովարարներ կգտնվեն: Նրանց այդ կարծիքները քաղաքական կողմնորոշման նա­խանշաններ են կամ կյանքի հանդեպ նոր ձևավորվող ընդհանրական գաղափարներ: Ֆեդերիկայի ձեռքին շվեյցարական դրոշ էր, որը նա փայտի կտորի պես պահել էր գլխավերևում: Մեզնից ամենակրտսերը, նախագահի առջև խոնարհվելով, դաշտային ծաղիկ­ների մի փունջ մեկնեց նրան: Չեմ հիշում, որ աֆրի­կյան պետության նախագահի աղջիկն ընկերուհի­ներ ունենար վարժարանում: Հաճախ նրան տնօրենի ձեռքը բռնած էինք տեսնում, անձամբ ինքը՝ տիկին Հոֆստետերն էր նրան ուղեկցում զբոսանքի, կարծես վախենում էր, թե կուտեինք նրան, կամ էլ կկեղտոտ­վեր: Այդպես էլ նա երբեք թենիս չխաղաց: Գնալով Ֆեդերիկան ավելի ու ավելի էր հեռա­նում մեզնից: Ժամանակ առ ժամանակ ես այցելում էի նրան: Նա մեծահասակների հետ էր ապրում, ես՝ մյուս մասնաշենքում: Ընդամենը մի քանի ամսվա տարի­քային տարբերության պատճառով ես ստիպված էի ապրել փոքրերի մասնաշենքում: Սենյակս մի գեր­մանուհու հետ էի կիսում, բայց նա չէր հետաքրքրում ինձ այնքան, որ նույնիսկ անունը չեմ հիշում: Նա գեր­մանացի էքսպրեսիոնիստերի մասին մի գիրք էր նվի­րել ինձ: Ֆեդերիկայի պահարանը դասավորված էր անթերի, իսկ ես նույնիսկ մի վերնաշապիկ չէի կա­րողանում կարգին ծալել ու այդ պատճառով կար­գապահությունից ցածր գնահատական էի ստանում: Կարգապահություն Ֆեդերիկայից սովորեցի: Մենք տարբեր մասնաշենքերում էինք գիշերում, թվում էր՝ մեզ մի ամբողջ սերնդի տարբերություն էր բաժանում: Մի օր իմ փոստային արկղում սիրային մի նամակ գտա. տասը տարեկան մի աղջնակ ինձ խնդրում էր դառնալ իր խնամարկուն ու ցանկանում էր ամենուր ինձ հետ լինել: Դա զայրացրեց ինձ, ու ես խստո­րեն մերժեցի նրան, ինչի համար մինչ օրս զղջում եմ: Զղջացի արդեն իսկ մերժելու պահին: Ինչո՞ւ չցանկա­ցա քույր ունենալ, թևիս տակ առնել այդ փոքրիկին: Ես կոպիտ ու խիստ էի դարձել, քանի որ Ֆեդերիկան խույս էր տալիս ինձնից, ես փնտրում էի նրա ուշադ­րությունը, նրան կորցնելն ինձ համար չափազանց ստորացուցիչ կլիներ: Ես բավական ուշ նկատեցի այն փոքրիկ աղջնակին: Նա իսկապես սիրունիկ ու հա­մակրելի էակ էր, ու ես հասկացա, որ ձեռքիցս բաց եմ թողել մի իսկական ստրուկի, որն ինձ երկար կա­րող էր ծառայել:



Կարդացեք նաև.



Այդ օրվանից փոքրիկը ո՛չ բարևում, ո՛չ խոսում էր ինձ հետ: Այս դրվագը վառ ապացույց էր, որ բա­նակցության արվեստին ես դեռ չեմ տիրապետում: Ես մտածում էի, թե նպատակներին հասնելու ամե­նակարճ ուղին ուղիղ ճանապարհն է, մինչդեռ միայն սառնասրտության, գաղտնապահության ու ինչ–որ չափով հեռավորություն պահելու շնորհիվ ենք մենք մոտենում մեր թիրախին, ու հենց թիրախն է մեզ հար­վածում, ոչ թե հակառակը: Ասենք, Ֆեդերիկայի հետ ես հատուկ մարտավարություն էի բանեցնում: Ար­դեն վարժարանային կյանքի հարուստ փորձ ունեի: Չէ՞ որ ութ տարեկանից իմ կրթությունն ու դաստիա­րակությունը վարժարաններում էի ստացել: Իսկա­կան ընկերությունը ննջասենյակում՝ գիշերաժամե­րին զրուցելով, լվացարանի առջև հարդարվելով, ընդմիջումներին իրար հետ կատակելով էր հաս­տատվում ու ամրապնդվում: Վարժարանի իմ առա­ջին մահճակալը վարագուրված էր սպիտակ սավան­ներով ու հարդարված էր պիկեի սպիտակ ծածկոցով: Սեղանիկը նույնպես սպիտակ էր: Այսպիսով՝ ստաց­վում էր շինծու մի սենյակ, որին հաջորդում էին ևս տասներկուսը: Համակեցության մի տեսակ, երբ կա­րող ես լսել հարևաններիդ շնչառությունը: Բաուսլե­րի իմ սենյակում մի բարեսիրտ, բայց միաժամանակ չար գերմանուհու հետ էի ապրում. սովորաբար ան­խելք աղջիկներն են այդպիսին լինում: Ճերմակ ներք­նազգեստի մեջ նրա մարմինը բավական գեղեցիկ էր, արդեն կանացի կազմվածքին բնորոշ ուրվագծեր էր ստացել: Երբ ես պատահմամբ դիպչում էի նրան, ինչ–որ տհաճություն էի զգում: Գուցե դա էր պատճառը, որ ես կանուխ արթնանում ու դուրս էի գալիս զբոսան­քի: Ժամը տասնմեկի կողմերը՝ դասերին, աչքերս փակվում էին, ու երբ նայում էի պատուհանին, հան­դիպում  էի իմ արտացոլանքին՝ աստիճանաբար սա­հելով Մորփեոսի գիրկը:

Իտալերենից թարգմանեց Զարուհի Ոսկանյանը


ZANGAK

Տարածել