7 բան, որ պետք չէ անել ինքնաթիռում. Մոսկվա-Երևան չվերթ
1.Ճամփորդելիս մի´ վերցրեք ձեր բոլոր իրերն ու մի´ գրավեք ուրիշի համար նախատեսված տարածքը:
Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևորները տարբերվում են գրեթե բոլոր չվերթների ուղևորներից, նախ` հաստ սվիտերներով, ապա` ծանր ուղեբեռով: Օդակայանում պետք է շտապես, որպեսզի օդանավում արդեն կարողանաս ուսապայուսակդ դնել նախատեսված վայրում, հակառակ դեպքում 2 ու կես ժամ կճամփորդես` պայուսակդ գիրկդ պահած: Գումարը խնայելու համար ուղևորները ինքնաթիռ են բարձրանում ծանր ու շատ ուղեբեռով:
2. Ինքնաթիռում հետևե´ք հրահանգներին. դրանք առաջին հերթին ձեր անվտանգության համար են:
Մոսկվա-Երևանում բորտուղեկցորդուհիները մի քանի անգամ ստիպված են մոտենալ և դիտողություն անել. խնդրում եմ անջատել էլեկտրոնային սարքը, ուղղեք նստարանը, կապեք ամրագոտին: Կան նաև բացառիկ ուղևորներ, որոնք ենթարկվում են հրահանգներին ու չեն սպասում բորտուղեկցորդուհու հեռանալուն, որ կրկին միացնեն հեռախոսը:
3. Ինքնաթիռում օգտագործե´ք ականջակալներ, եթե նույնիսկ ձեզ թվում է, թե ձեր լսած երաժշտությունը աստվածային է:
Ինքնաթիռի` օդ բարձրանալուց հետո մի քանի ուղևորներ, մասնավորապես ներսում սև բաճկոններով նստած տղամարդիկ որոշեցին լսել այն երգերը, որոնք Արևելքում լսում են տխրելիս, իսկ մերոնք` մեծ մասամբ ուրախանալիս: «Թաթուլ» երաժշտական շարժման անդամները ձայնն անջատեցին միայն դիտողությունից հետո:
4. Հասարակական վայրում մի´ հանեք կոշիկները. «միջուկային էներգիան» հատկապես ինքնաթիռում ավելորդ է:
Թռիչքից մոտ 40 րոպե հետո ինքնաթիռի սրահը սկսեց «բուրել»: Տհաճ հոտը վերացնելու համար տարբեր ուղևորներ սկսեցին օծանելիք օգտագործել: Եղան նույնիսկ ուղևորներ, որոնք հայերենի հարուստ ձայնարկություններից մի քանիսը օգտագործեցին: Հետո օծանելիքը խառնվեց տհաճ հոտին, սկսեց ավելի տհաճ «բուրել»: Հետո պարզվեց տհաճ հոտի սկզբնաղբյուրը մի երիտասարդ ուղևոր էր, որը որոշել էր կոշիկները հանել ու հողաթափերով նստել ամբողջ ուղևորության ընթացքում:
5. Զուգարանից օգտվելուց հետո քաշե´ք ջուրը, որովհետև մեկ էլ Իխտիոզավրերը միզելուց հետո ջուրը չէին քաշում:
Հետո սկսվեց զուգարանի հերթը, չնայած դռան վերևում կարմիր և կանաչ տարբերանշանները ցույց են տալիս զուգարանի զբաղվածությունը, բայց միևնույն է, վերջից մինչև օդաչուի խցիկ անտանելի հերթ է: Իսկ ներսում օգտվելու կաննոները չեն պահպանվում, օրինակ` զուգարանի ջուրը չեն քաշում, ձեռքերը չորացնելուց հետո թղթերը լցնում են լվացարանի վրա:
6. Սպասեք մինչև օդանավը կանգ առնի, նոր` հանեք իրերը. միևնույնն է ինքնաթիռը 1 դուռ ունի ու ոչ մեկ ներսում չի մնալու:
Ինքնաթիռը վերջապես վայրեջք կատարեց Զվարթնոցում ու, չգիտես ինչու, բոլորը սկսեցին ծափահարել: Մի տեսակ շատ ծիծաղելի է, սպասում ես, թե երբ է դուրս գալու կապիտանն ու գլուխ տա, բայց դրան հերթը չհասավ: Բոլորը մի մարդու նման ոտքի կանգնեցին ու սկսեցին իրար հրմշտելով ծանր բեռները իջեցնել: Այդ ժամանակ բորտուղեկցորդուհին ուղևորներին նստեցնելու անհույս ճիգեր էր գործադրում:
7. Ուղեբեռին սպասեք շարժասանդուղքից առնվազն 1 մետր հեռավորության վրա. մյուսներին էլ հնարավորություն տվեք մոտենալ իրենց բեռներին:
Դուռը բացվելուց հետո սկսվեց «Ջումանջին», և բոլորը սկսեցին վազել իրենց հանձնած բեռների հետևից, բայց շարժասանդուղքը տեղյակ չէր, որ այս մարդիկ շատ են շտապում ու պատահական հերթականությամբ էր բերում ուղեբեռները: Նույնիսկ ամենաառաջինն հասած ու բեռնախցիկի դռանն ամենամոտը կանգնած ուղևորինն ամենավերջում բերեց: Այդ ընթացքում խեղճ մարդու մտքով երևի հազար բան անցավ:
Իհարկե գիտեմ, որ այս ամենը անուշադրության հետևանք էր, մարդիկ հոգնած էին ու չէին նկատում էթիկայի և հիգիենայի այդ փոքրիկ «բացթողումները», բայց մի քիչ ուշադիր է պետք լինել: Չէ՞ որ մոսկվաներում հաստատ մի քանի անգամ ասել եք. «Քրիստոնեությունն աշխարհում առաջինը մենք ենք ընդունել, 2 հազար տարվա մշակույթ ունենք, հայերն ու հրեաները մի կողմ` աշխարհը մի կողմ»: