Աննա Մայիլյան.  Առաջին և կարևոր խրատը՝ գնահատել և հնազանդվել մեր տղամարդկանց

Աննա Մայիլյան. Առաջին և կարևոր խրատը՝ գնահատել և հնազանդվել մեր տղամարդկանց

Մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանի մոնոլոգը երաժշտության, ընտանիքի և հայրենասիրության մասին:

արվեստում
Ես փոքրուց եղել եմ արվեստի մթնոլորտում: Առաջին հիշողությունները կապված են իմ մեծ ընտանիքի հետ, մեծ գերդաստանի: Նաև հորս լուսանկարների հետ: Այդ լուսանկարներն առ այսօր կան և հիացնում են կատարյալ պրոֆեսիոնալիզմով: Նաև հիշում եմ, որ երբեք փոքրիկ Աննա չեմ եղել: Մտածելակերպը, իրադարձությունների վերլուծումը միշտ եղել են ինձ հետ: Բայց ամենահիշարժանը բակային միջոցառումներն էին, թատերական ներկայացումներն էին, որ ինքս էի կազմակերպում` մեր բակի երեխաներին հավաքելով:

առաջին երաժշտական քայլերը
Մայրիկս որոշեց, որ ես պետք է դաշնակահար դառնամ: Նա տարավ ինձ Սպենդիարյանի երաժշտական դպրոց, որտեղ քննությանը, իհարկե, չնվագեցի և չանցա մատիկներիս կարճության պատճառով, բայց հակառակ դրան՝ հոյակապ երգեցի արդիական էստրադայի երգերից մեկը և զարմացրի հանձնաժողովականներին, որոնք որոշեցին, որ ես, ավելի լավ է, ջութակահար դառնամ: Բայց ես երգել էի սիրում, ոչ թե նվագել: Ընդամենը հինգ տարեկան էի: Բնականաբար, չգնացի ջութակի և իմ ամբողջ ներուժը նվիրեցի նկարչությանը, ինչով զբաղվում էի դեռ բարուրից:

կարդում եմ
Միշտ սիրել եմ ոչ գեղարվեստական գրականություն: Դպրոցական տարիներին, բնականաբար, պետք է կարդայի գեղարվեստական գրականություն, քանի որ դա առնչվում էր ուսման հետ: Շատ էի սիրում գրականության դասերին հատվածներ կարդալ: Ես դա անում էի մեծ սիրով և աշխատում էի զգալ ինձ թատրոնի բեմում: Միշտ ընթերցումս գովասանքի էր արժանանում: Իսկ հետո մեծ ծավալով մասնագիտական գրականության ժամանակն էր: Շատ եմ սիրում ուսումնասիրություններ և պատմական գրքեր: Դա անմիջական կապ ունի իմ մասնագիտության հետ:

գրում եմ
Պատանեկան տարիքում գրում էի բանաստեղծություններ, հետո համերգներիս երգվող գերմանական կամ այլ լեզվով երգերի տեքստերը թարգմանում էի հայերեն և տպագրում, որպեսզի հանդիսատեսը լավ հասկանա, թե ինչի մասին է երգվում: Հետո էլ սկսեցի գրել փոքրիկ հոդվածներ տարբեր թեմաներով: Դրան խթանեց ռադիոհաղորդումը, որը վարում էի «Իմպուլս» ռադիոկայանում:

հայուհի
Մենք՝ հայ կանայքս, մեր ծննդյան օրից, կարելի է ասել, մոր կաթի հետ ստանում ենք առաջին և կարևոր խրատը՝ գնահատել և հնազանդվել մեր տղամարդկանց: Դա շատ կարևոր բան է և մեր ընտանիքների հիմնադիր քարերից մեկն է: Իմ ընտանիքում միշտ եղել է փոխըմբռնման, իրար հարգելու, լեզու գտնելու և հարգելու մթնոլորտ, այնպես որ, ինձ խորթ են այլ տարբերակները: Երբ տղամարդը ասեց` սպիտակը սև է, ուրեմն կնոջ համա՞ր էլ այդպես պետք է լինի: Ո՛չ, մեզ մոտ նման բան չկա և չի եղել: Մենք միշտ ընտանիքում միասին ենք քննարկել բոլոր խնդիրները և միասին ենք գտել լուծումները:

խոնարհվում եմ
Մեր մարտիկների առջև, որոնք, չխնայելով ոչինչ, իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Ես նաև խոնարհվում եմ այն տղամարդկանց առջև, որոնք կարողանում են ըստ արժանվույն գնահատել իրենց կողքին գտնվող կնոջը: Միայն կողքինիդ հարգելով է, որ կարող ես արժանանալ անկեղծ սիրուն:

ընդունված ձևեր
Ինձ համար ամենակարևոր բանն է բնականությունը: Եթե պետք է լռել, լռում եմ՝ ըստ վիճակի, ըստ տվյալ իրավիճակի: Բայց համաձայն չեմ, թե որքան լռես, այդքան լավ: Սխալ է: Ուղակի պետք է, ըստ իրավիճակի, հասկանաս, թե ասելիքդ իմաստ ունի՞, թե՞ ոչ: Լավ է մի պահ մտածել, նոր պատասխանել: Այդ մեկ վայրկյանում կհասկանաս, որ գուցե ավելի լավ է չպատասխանելը: Շատ եմ սիրում չպատասխանել վիրավորանքին, ա՛յ, այդտեղ սիրում եմ լռել, քանի որ գիտեմ՝ վիրավորողն արժանի պատասխանը կստանա ի վերուստ:

նոր սերունդը
Իմ սերունդը դեռ կրում է սովետական դաստիարակության բեռն իր լավ և վատ կողմերով: Նոր սերունդն ունի իր լավ ու վատ կողմերը, բայց այս սերունդը ծնվել է ազատ, անկախ երկրում և պատասխանատու է այս երկրի համար: Երիտասարդները կենսունակ են, պայծառ, մի քիչ էլ անբռնազբոսիկ: Ուղղակի պետք է միասին լինենք և կարողանանք իրար հետ լեզու գտնել:

հայրենասիրությունը
Վաղուց եմ ինձ համար պարզել, որ պետք է նվիրվեմ հենց հայ ազգային երգին ծառայելու բարձր կոչմանը: Հայրենասիրության զգացումը, կարծում եմ, ծնվում է մարդու հետ, նաև դաստիարակվում է ընտանիքում: Եթե չճանաչես քո սեփական պատմությունը, չիմանաս քո երկրի գանձերի մասին, ինչպե՞ս պետք է կարողանաս պաշտպանել այդ ամենը: Հայրենիքը մեր տունն է և մեր ծնողը: Այլ ծնող չունենք: Հաճախ, երբ մեր ծնողները մեզ վրա բարկանում են կամ խրատում, նույնիսկ պատժում, չի նշանակում, որ մենք դադարում ենք սիրել և պաշտպանել մեր տունն ու ծնողներին, չէ՞: Այդպես էլ մեր հայրենիքն է մեր տունը և մեր ծնողը: Երբ խորապես գիտակցում ես արմատդ, այդ դարավոր, անգին, իր արժեքով գուցե հաճախ անհասանելի թվացող հայ մշակույթի հանդեպ անասելի սիրով ես լցվում: Ես սիրում եմ իմ երկիրն իր բոլոր թերություններով, քանի որ գիտակցում եմ, որ մարդն անթերի չէ, և ոչ մի երկիր առավել չէ իմ հայրենիքից:

newmag #45

Գրել կարծիք