Շվեյցարիայի հայտնի հայ գորգավաճառն ու աշխարհում ստեղծված առաջին գորգը

Շվեյցարիայի հայտնի հայ գորգավաճառն ու աշխարհում ստեղծված առաջին գորգը

Հայաստանից բերված «նոր» գորգերը վաճառելու համար գրեթե պիտանի չեն:

Գերմանացի հռչակավոր պատմաբան և արվեստի գործիչ Վոլկմար Գանցհորնը 30 տարի ուսումնասիրել է գորգագործության ակունքները և եզրահանգել, որ գորգի հայրենիքը Հայկական բարձրավանդակն է: Նրա «Արևելյան քրիստոնյա գորգը» աշխատությունը (աշխարհում միակը) մանրամասնում է գորգագործության պատմությունը մ.թ.ա. 7-րդ դարից մինչև մեր օրերը: Պատկերված են աշխարհի տարբեր ծայրերում ապաստան գտած ավելի քան 1000 ամենաարժեքավոր գորգերը, այդ թվում բազմաթիվ հայկական գորգեր: Սակայն Գանցհորնը միակը չէ, որ գորգը համարում է հայկական ձեռքբերում. հին աշխարհի բազմաթիվ հույն, արաբ և հայ պատմաբանների վկայությամբ` գորգը քոչվոր կյանք չի ունեցել, այն Հին Արևելքի քաղաքակրթության ձեռքբերումն է, որի ծննդավայրը շատ հստակ է. Հին Արևելքի ու Արևմուտքի, հյուսիսի ու հարավի առևտրական ճանապարհների խաչմերուկը` պատմական Հայաստանը:

Եթե 8-րդ դարում «Արմենիա» ասելով հասկանում էին հայկական գորգերը, ապա 11-րդ դարից սկսած արաբական «խալի» բառը փոխարինում է նրան, իսկ արդեն 13-րդ դարից կիրառության մեջ է մտնում «գորգ» եզրաբառը: Գորգն անցյալում ունեցել է իշխանության խորհրդանիշ, հայկական գավառների կենտրոններում գորգը ցույց է տվել տիրակալի ներկայությունը: Այն ունեցել է նաև դեսպանատան իմաստ, օրինակ, փախստականը, որը հասնում էր գորգին, հայտնվում էր գորգի տիրոջ պաշտպանության տակ:

Մեր օրերում էլ կարմիր գորգ է փռվում է պաշտոնական կամ մրցանակաբաշխային հատուկ արարողությունների ժամանակ: Պետական մակարդակի ընդունելությունների ընթացքում պաշտոնական հյուրը գորգով է անցնում, հնչում է ազգային հիմնը, և այս ամենը հյուրի ու նրա իշխանության հանդեպ հարգանքի դրսևորում են: Իսկ հայկական գյուղերում էլ մինչև այժմ պահպանվել է հարսանիքի ժամանակ նորապսակների թիկունքի պատից տպավորիչ կարմիր գորգ կախելը, ինչը խորհրդանշում է, որ գերդաստանն իր հովանին տարածում է նաև այս նոր կազմավորվող ընտանիքի վրա:

RedCarpet

Հայկական ամենահայտնի գորգերը հյուսվել են Արցախում, Լոռիում, Սևանում, Սյունիքում: Դրանք հյուսված են որոշակի տիպերի, զարդանկարների հիման վրա: Օրինակ` «Տ» և «Դ» տառերը հատուկ են հայկական գորգագործությանը: Առաջինը գալիս է հավանաբար «Տեր» բառից, բայց «Տ» նախաքրիստոնեական շրջանում նշանակել է նաև վիշապ, որը հին Հայաստանում եղել է իմաստնության, իշխանության, չարից ու անիրավից պաշտպանվելու խորհդանիշ: Իսկ «Դ» տառն այբուբենի չորրորդ տառն է, 4-ը սուրբ թիվ է համարվել, երկրայինի և աստվածայինի հաղորդակցության խորհրդանիշը: Չնայած որոշակի տիպերին ու կառուցվածքին` հայկական ոչ մի գորգ նման չէ մյուսին, ինչպես նման չեն հայկական խաչքարերը, եկեղեցիները, մանրանկարները…

Շվեյցարիայում նույնպես հայտնի է հայկանան գորգը և հաջողությամբ մրցակցում է Իրանից, Հնդկաստանից և այլ երկրներից այստեղ բերված գորգերի հետ: Սա մասնագետների և գորգային բիզնեսի սիրահարների գնահատականն է: Շվեյցարիայի անվանի գորգավաճառների մեջ մեծ համարում և հեղինակություն ունի մեր հայրենակից Հակոբ Ավագյանը: 4-րդ սերնդի գորգագործ և գորգավաճառ է: Այս եռանդուն հայորդու արմատները գալիս են պատմական Հայաստանի Այնթապ քաղաքից, որտեղ Նրա նախնիների զբաղմունքը և եկամտի աղբյուրը եղել է գորգը: Ապրել է Հալեպում, Բեյրութում, իսկ այժմ ավելի քան 30 տարի` ժնևում: Նրա եղբայրն էլ հաստատվել է Լոնդոնում և նույնպես շարունակում է պապենական ավանդույթները: Պարոն Ավագյանը հայկական հին գորգերը չի վաճառում, դրանք միայն գնում է ու հավաքում:

– Հայ ժողովուրդը պիտի անսահման հպարտ լինի իր անցյալով, գորգը մեր պապերի իմաստնության արդյունքն է: Մենք գորգ ենք գործել դեռ 2500 տարի առաջ: Սանկտ Պետերբուրգում` «Էրմիտաժում» ցուցադրվող «Բազիրիկը» հայկական է. աշխարհահռչակ գորգագործ Յուրի Շուրմանը նույնպես բազմիցս հաստատել է սա:

PAZYRYK
«Բազիրիկը» պետք է որ լինի մինչև այժմ հայտնաբերված ամենահին գորգը, որը պահպանվել է գրեթե ամբողջությամբ: Այս գորգը (200×182 սմ) պատրաստված է բրդից, գործվել է 5-6-րդ դարերում: Գորգի վրա պատկերված էակների սանրվածքից կարելի է ենթադրել, որ հայեր և փռյուգիացիներ են: Սրանով կարելի ե եզրակացնել, որ «Բազիրիկը» հայկական և համաշխարհային գորգագործության առաջին նմուշն է, իսկ նրա բնօրրանը հավանաբար հին Արտաշատն է: Հայկական այս հին քաղաքամայրը հայտնի էր նաև որդան կարմիրի արտադրությամբ ու արտահանմամբ:

Պարոն Ավագյանի սրահի երկրորդ հարկում «գանձարանն» է: Այստեղ ամբարված են Արցախում, Սըվազում և հայկական այլ օջախներում գործված եզակի գորգեր: Արցախյան գորգերը տարբերվում են իրենց ծաղկեփնջերով, որոնք, ըստ Ավագյանի, յուրահատուկ կոմպոզիցիա ունեն: Խնձորեսկի գորգերը տարբերվում են իրենց վիշապաձև հյուսվածքով: Կա նույնիսկ մետաքսահյուս գորգ:

– Այս գորգն ունի 4 մլն կապ 1 քառակուսի մետրի վրա,- հպարտանում է Հակոբ Ավագյանը: – Սա աշխարհի ամենախիտ գործվածքներից մեկն է: Օգտագործված է մազի հաստության մետաքս, գործի հեղինակն է Հայկազ Շիրիմյանը:

Ընդհանրապես հայկական հին գորգերի առանձնահատկությունը որոշվում է նրանց պարզությամբ, գույներով, բովանդակալից հետին պլանով, որակով: Որոշ գորգեր պատրաստվել են միայն ոչխարի վզի բրդից, որն ամենանուրբն է, ամենափափուկը, ամենաորակյալը: Իսկ դիզայնի, կոմպոզիցիայի տեսանկյունից շատ գորգեր նմանվում են խաչքարերին: Հայկական ամենապարզ գորգերը Լոռվա գորգերն են, պարզ` ինչպես աղյուսակ, հաճախ` կակաչազարդ էսքիզներով:

Հնուց պատմվող ավանդույթի համաձայն` 12 տարին բոլորած հայ աղջնակները սկսում էին «իրենց» գորգը գործել, 16 տարեկանում էլ ավարտում էին: Եվ երբ խնամախոսները գալիս էին, ցանկանում էին նախ տեսնել ապագա հարսնացուի գործած գորգը, սրանով կարծիք էին կազմում նրա հոգու գեղեցկության, մաքրասիրության, կարգապահության մասին:

– Բայց այս ամենը հնում էր, այսօրվա հայկական գորգերը ոչ մի կապ չունեն մեր հին հայկական գորգերի հետ, – նեղսրտում է պարոն Ավագյանը:- Մեր պապերի գործած գորգերը ոչ միայն սոցիալական ցուցիչ են եղել, հոգևոր ու միական մտածելակերպի արտահայտիչ, այլև գեղարվեստական արժեք են ունեցել: Իսկ այսօր Հայաստանում մեր հայրենակիցների արտադրած գորգերը միայն առևտրային, «բիզնես» նպատակ ունեն: Այսօր հայ գորգագործն աշխատում է բրդի վրա բամբակով, որն ամբողջությամբ բրդե գործերի համեմատ շատ ավելի հեշտ ու ավելի արագ է ստացվում: Այնինչ գորգի որակը դրանով ընկնում է, այն դարձնում է այսօրվա լեփլեցուն շուկայում անմրցունակ:

Հայաստանից բերված «նոր» գորգերը Հակոբ Ավագյանը նվիրում է պարզապես համաժողովների, ճաշկերույթների կազմակերպիչներին` ամենատարբեր առիթներով, որպեսզի ընդամենը հնչի «հայկական գորգ» բառակապակցությունը, և անունը մնա հյուրերի հիշողության մեջ: Մինչդեռ վաճառելու համար դրանք գրեթե պիտանի չեն, քանի որ չեն կարող մրցակցել, ասենք` իրանական և արևելյան երկրներից բերված գորգերի հետ:

Հեղինակ` Արա Խուրշուդյան, Շվեյցարիա
newmag #05

Գրել կարծիք