Իսկական ամբոխականից մինչև իսկական հանցագործ կամ իսկական հերոս ընդամենը մեկ քայլ է

Իսկական ամբոխականից մինչև իսկական հանցագործ կամ իսկական հերոս ընդամենը մեկ քայլ է

Ամբոխավարը կազմակերպում և ուղղորդում է ամբոխի միայն ու միայն ստորին բնազդներն ու վտանգավոր մղումները:

Ամբոխը ականջահաճո բառ չէ: Այդ իսկ պատճառով լրագրողները դրա փոխարեն գործածում են «զանգված» տերմինը: Կուսակցական և քաղաքական գործիչներն ու պրոֆեսիոնալ դեմագոգներն իրենցով հիացած ամբոխի մասին խոսելիս կամ դրան դիմելիս նախնտրում են ժողովուրդ բառը: Բայց դրանից ամբոխի էությունը չի փոխվում: Մարդիկ, որ սովորաբար իրարից տարբերվում են, ամբոխի ներսում հայտնվելով ակամա ձեռք են բերում վարքի նոր մոդել: Այս նոր մոդելը սովորաբար ունենում է միասնական իմպուլս և ներծծված է լինում միասնականության ոգով:

Ամբոխի ներսում ի հայտ են գալիս արագ փոխանցվող և անպայմանորեն կիրառվող ապրումներ, կարծիքներ և վարքագծեր: Ամբոխի ներսում գերիշխում է միակարծությունը, քանի որ տարատեսակ մարդիկ սկսում են գործել որպես միատեսակ զանգված և առաջնորդվել նույնատեսակ մղումներով: Ահա ինչու ամբոխի մասին սովորաբար խոսում են որպես հավաքական գոյականի` ամբոխը ողջունեց, ամբոխն ալեկոծվեց, ամբոխը պահանջեց: Սա ամբոխի մենթալ միասնականության դրսևորում է: Ամբոխով շրջապատված մարդը ռադիկալ փոխակերպվում է: Դառնում է կոպիտ, վայրագ, իռացիոնալ: Ամբոխավարը կազմակերպում և ուղղորդում է ամբոխի միայն ու միայն ստորին բնազդներն ու վտանգավոր մղումները: Ամբոխականը կարող է անել բաներ, որոնք դժվար թե աներ միայնակ: Սակայն մյուսների հետ ձուլված` նա ձգտում է անել այն, ինչ անում են մյուսները: Նա դառնում է ներշնչումների հանդեպ զգայուն, ընդհանուրի նպատակի համար պայքարող: Նրա վրա հեշտորեն ազդում են ներամբոխային զգացումների շղթայական ռեակցիաները, որոնք նա ստանում ու տարածում է` բազմապատկելով փոխադարձ ոգևորման էֆեկտը:

Ամբոխականներին, ինչպես սրտային բաժանմունքի հիվանդներին, միավորում է նույն ցավը, բայց ոչ այն պատճառով, որ նրանք միմյանցից «վարակվել են սրտացավությամբ»: Սրտայինները հավաքվում են նույն տեղում, քանի որ այնտեղ կա, նրանց պատկերացմամբ` իրենց դարդուցավի բուժման մասնագետ: Ամբոխը ձևավորվում է այն մարդկանցով, որոնք ունեն նույնական կամ նմանատիպ նախատրամադրվածություն: Սա ավելի շատ վերաբերում է նույն դասակարգի մարդկանց, ընդ որում` աղքատներին ու վատ ապրողներին: Ամբոխի վերածվում են թշվառականները, ոչ թե ազնվականները: Թշվառների ամբոխը սովորաբար ոչնչացնում, այրում, կողոպտում է հարուստների թաղամասերը, փողոցները, խանութները, տները, մեքենաները: Ես դեռ չեմ տեսել որևէ ամբոխ, որն արդար զայրույթի պոռթկումով կնետվեր ետնախորշերի թաղամաս` բոմժերի կացարաններ այրելու:

Իսկական ամբոխականը մինչև մազերի ծայրը հիացած է հարթակին հայտնված ամբոխավարի պայծառ կերպարով, իր ազնիվ մղումներով, առաջադեմ հայացքներով և հայրենանվեր գործողություններով, իր խռպոտած ձայնով ու քերված ձայնալարերով շահեկանորեն տարբերվում է սառը դատող իր հարազատներից, տառապում է նահատակի սինդրոմով, իմպուլսիվ է, հեշտ է տրվում գաղափարական ազդեցություններին, ճգնում է նմանակել հաջողակ պատեհապաշտներին, հակված է արտաբերել միմիայն հայրենասիրական լոզունգներ, ի զորու է իր շրջապատում անվրեպ բացահայտել անթույլատրելիորեն պասիվ կողմնակիցներին և կասկածելիորեն զգուշավոր ակտիվիստներին, իշխանության` թաքնված դրածոներին և հատուկ ծառայությունների` քողարկված գործակալներին, պարտավոր է հայհոյել ու վախեցնել իրենց չմիացող պատահական անցորդներին ու չկողմնորոշված բացբերաններին: Իսկական ամբոխականից մինչև իսկական հանցագործ կամ իսկական հերոս ընդամենը մեկ քայլ է: Ամեն ինչ կախված է նրանից, թե հաջորդ առավոտյան ում ձեռքին կլինի իշխանությունը:

Գրել կարծիք