Ճի՞շտ է, որ … Ինքնաբուժության ամենատարածված սխալները

Ճի՞շտ է, որ … Ինքնաբուժության ամենատարածված սխալները

newmag-ը որոշեց ինքնաբուժության միֆերը «հանձնել» մասնագիտական փորձաքննության:

Երբ մարդն իր ճանապարհը փոխում է սև կատվի հանդիպելիս, հասկանալի է, որ սնոտիապաշտ է. սա համարվում է մարդկային թուլություն և առանձնապես վտանգավոր չէ իր և շրջապատի համար (եթե, իհարկե, նա երթուղային տաքսու վարորդ չէ): Բայց երբ հոգատար հարազատները գաղտնի կազմակերպում են, որ ինչ-որ բանից վախեցած մարդը գիշերով իր համար անսպասելի հայտնվի հանգուցյալի սառած դիակի դիմաց… սա արդեն կարող է վտանգավոր լինել մարդու հոգեկան առողջության համար: «Ինքնաբուժության» այսպիսի բազմազան ու բազմաթիվ «մեթոդներ» կան, որ իբր գալիս են դարերի խորքից: Եվ դրանցից յուրաքանչյուրն ունի վտանգավորության իր աստիճանը: Ուստի newmag-ը որոշեց այսպիսի միֆերը «հանձնել» մասնագիտական փորձաքննության: Մեր հարցերին պատասխանում են առողջապահության ոլորտի բարձրակարգ մասնագետներ: Ու քանի որ մեր բոլոր փորձագետները վերջում կրկնում էին միևնույն միտքը, մենք այն առանձնացրել ենք որպես յուրահատուկ բնաբան. այս և մնացած բոլոր դեպքերում պետք է դիմել բժշկի:

Ճի՞շտ է, որ վախը կանխելու համար հարկավոր է խմել մինչև 4 տարեկան երեխայի մեզը: Ընդամենը ներշնչանք է, եթե նույնիսկ ազդում է, ապա աշխատում է ներշնչման մեխանիզմը: Վախը պետք է բուժել, այն կարող է ծագած լինել տարբեր պատճառներով և ունենալ տարբեր հետևանքներ: Բժշկի հետազոտությունը շատ կարևոր է:

Աշխեն Պողոսյան, հոգեբան

Ճի՞շտ է, որ ոտքը ոլորվելու դեպքում պետք է օղիով կոմպրես դնել ու մերսել: Ո’չ, չի կարելի: Պետք է ոլորված մասի վրա առաջին մեկ ժամվա ընթացքում դնել սառույց, այսինքն` սառը կոմպրես, որպեսզի և ցավը հանգստանա, և՜չայտուցվի ու արյան զեղում չլինի: Տաքը կամ օղին լայնացնում են անոթները, այտուցը և արյան կուտակումները մեծանում են:

Արմեն Մելքոնյան, վնասվածքաբան

Ճի՞շտ է, որ ականջներն օդանավում «խցանվելու» ժամանակ պետք է բերանը մի քանի անգամ բացել ու փակել: Այո, բայց ոչ հարբուխով հիվանդ լինելու դեպքում, քանի որ ականջի թմբկաթաղանթը կարող է թափածակվել:

Գնել Անանյան, բ.գ.թ, «Նաիրի» բժշկական կենտրոնիքիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար

Ճի՞շտ է, որ զկռտոցի նոպայի ժամանակ մարդ պետք է յոթ կում ջուր խմի ու նայի վերև, կամ պետք է հանկարծ վախեցնել զկռտացողին: Կարող է չօգնել: Գուցե կարող է օգնել ինչ-որ ուղղությամբ ուշադրությունը շեղելը. ջուր խմելն այդ ձևերից մեկն է:

Երանուհի Խաչատրյան, բժիշկ մեթոդիստ, ընտանեկան բժիշկ

Ճի՞շտ է, որ ձեռքի այրվածքի դեպքում ձեռքը պետք է տաք ջրի կամ յուղի մեջ մտցնել: Ո’չ: Այրվածքի դեպքում պետք է ձեռքն անմիջապես մտցնել սառը ջրի մեջ և շտապ դիմել բժշկի: Տաք ջուրը կամ ձեթը խստիվ արգելվում են, քանի որ տաք ջուրը կխորացնի այրվածքը: Ձեթը կամ կենցաղում օգտագործվող այլ «դեղամիջոցները» կարող են դառնալ վարակի պատճառ:

Նորայր Դավիդյան, բ.գ.դ., ճառագայթաբաևությաև և այրվածքաբաևությաև գիտական կենտրոնի տնօրեն

Ճի՞շտ է, որ հազացող մարդուն օգնելու համար պետք է բռունցքով ուժեղ հարվածել մեջքին: Ո’չ, չի կարելի: Սխալ է, քանի որ կարող է ավելի վնասել: Եթե ուտելիքի մնացորդ է թռել շնչափող, կարող է ավելի խորանալ: Այդ դեպքում պետք է սեղմել ստոծանու շրջանում: Իսկ ընդհանրապես պետք է պարզել հազի պատճառները:

Երանուհի Խաչատրյան, բժիշկ մեթոդիստ, ընտանեկան բժիշկ

Ճի՞շտ է, որ էլեկտրահարված մարդուն պետք է թաղել հողի մեջ: Ո’չ: Էլեկտրահարվածին ուշքի բերելու համար նախ պետք է արհեստական շնչառություն տալ և սրտի հատվածում մերսումներ անել:

Արմեն Մելքոնյան, վնասվածքաբան

Ճի՞շտ է, որ մաշկի վրա եղած փոքրիկ մսագնդերը հեռացնելու համար պետք է կարմիր թելով կապել արմատը: Ո’չ: Պետք է դիմել կոսմետոլոգ մաշկաբանի, պարզելու համար, թե ինչ գնդիկ է: Եթե գորտնուկ է, ազոտի հեղուկով այրվում է արմատը, իսկ թելով կապելու ժամանակ արմատը չի վնասվում, ընդամենը չորանում է նորագոյացությունը, քանի որ չի սնուցվում: Նաև թելը կարող է բորբոքել, տալ գերաճ ու առաջացնել չարորակ նորագոյացություն:

Արմեն Թովմասյան, մաշկավեներոլոգ

Ճի՞շտ է, որ օձի կծելու դեպքում պետք է անհապաղ թույնը ծծել ու թքել: Իսկ կարիճի կծած տեղը դանակով կտրել: Ո’չ: Կտրելը խստիվ արգելվում է բոլոր դեպքերում: Իսկ ծծել-թքել կարելի է միայն այն դեպքում, երբ բերանի խոռոչում փչացած ատամ չկա և բերանի խոռոչը վնասված չէ, հակառակ դեպքում օգնություն ցուցաբերողը կարող է թունավորվել: Իսկ կուլ տալու դեպքում թույնը կուլ տվողին չի վնասի, քանի որ ստամոքսահյութի մեջ կա աղաթթու, որը չեզոքացնում է թույնը:

Աշխեն Ղազարյան, թունաբան

Ճի՞շտ է, որ մատը կտրվելու դեպքում պետք է կտրած մատը կպցնել կտրված տեղին և ուժեղ սեղմել: Ո’չ: Նախ` պետք է դադարեցնել արնահոսությունը: Սա անելու համար պետք է կտրված հատվածից վերև ամուր կապել, ապա պետք է մշակել յոդով կամ 3 % ջրածնի պերօքսիդով: Եթե կտրվածքը խորն է, պետք է դիմել բժշկի՝ հյուսվածքները չվնասելու համար:

Տարոն Տոնոյան, վիրաբույժ

Ճի՞շտ է, որ ձեռքի կտրվածքի արևահոսություևը դադարեցնելու համար պետք է կտրվածքի վրա այրված շորի կամ ծխախոտի մոխիր լցնել կամ էլ շաքարի փոշի, սև սուրճ, մեղր դնել: Ո’չ, սխալ է: Արնահոսությունը պետք է դադարեցնել կտրված հատվածից վերև պինդ կապելով կամ պինդ սեղմելով: Ձեռքի տակ եղած մաքուր, ստերիլ վիրակապով պետք է ամուր կապել և դիմել բժշկի, քանի որ կարող է հյուսվածք կամ մկան վնասված լինել:

Տարոն Տոնոյան, վիրաբույժ

Ճի՞շտ է, որ մազաթափության դեմ պայքարելու համար գլուխը պետք է մերսել սխտորով: Վտանգավոր է, կարող է առաջացնել ալերգիաներ կամ այրել մաշկն ու մազարմատները, բայց ընդունված է, քանի որ սխտորն արագացնում է արյան շրջանառությունը և սնուցում մազարմատները:

Արմեն Թովմասյան, մաշկավեներոլոգ

Ճի՞շտ է, որ անքնությունից փրկվելու համար պետք է հաշվել մինչև հազարը: Ընդամենը ներշնչանք է: Եթե տրամադրվում ես, որ մինչև հազարը հաշվելով կքնես, ուրեմն` կքնես:

Արմեն Վարդումյան, նյարդաբան

Ճի՞շտ է, որ ձեռքի կամ ոտքի կոտրվածքի դեպքում պետք է խաշ ուտել: Ո’չ: Խաշի մեջ պարզապես կալցիումը շատ է, այդ պատճառով է տարածված այս մտայնությունը, բայց մարսելու ընթացքում օրգանիզմը վերցնում է այնքան կալցիում, որքան իրեն անհրաժեշտ է: Չի կարելի ուտել ձուկ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆատ, ինչը թուլացնում է ոսկրային հյուսվածքները:

Արմեն Մելքոնյան, վնասվածքաբան

Ճի՞շտ է, որ հարբուխի դեպքում պետք է պղպեղով օղի (100գ) խմել: Ո’չ, այդ քանակով օղին ու պղպեղը կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, լայնացնել անոթները և դառնալ աղեստամոքսային, խրոնիկ հիվանդությունների սրման պատճառ:

Նունե Ավագյան, ընտանեկան բժիշկ

Ճի՞շտ է, որ ալկոհոլ օգտագործելիս դեղամիջոց օգտագործելն արգելվում է: Այո’, վտանգավոր է՝ հատկապես անոթալայնիչ դեղեր ընդունելիս: Կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ: Խստիվ արգելվում է:

Նունե Ավագյան, ընտանեկան բժիշկ

Ճի՞շտ է, որ կոկորդի ցավը բուժելու համար պետք է խորոված սոխ ուտել: Ոչ: Պետք է ընդունել ցավազոկող, հակաբոոբոքայհն դեղորայք կամ կատարել ողողումներ` բժշկի նշանակմամբ:

Գնել Անանյան, բ.գ.թ, «Նաիրի» բժշկական կենտրոնիքիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար

Ճի՞շտ է մարմնի թարախակալած մասի վրա եզան լեզու դնելը: Ընդունելի է, քանի որ «եզան լեզուն» իսկապես ունի բուժիչ` հակաբորբոքային հատկություն: Միայն պետք է լավ լվալ կամ թաթախել եռացրած ջրի մեջ և հետո դնել վերքի վրա:

Արմեն Մելքոնյան, վնասվածքաբան

Ճի՞շտ է, որ ուժեղ ատամնացավի ժամանակ հանգստացնում է մի կում օղին ցավող ատամի վրա պահելը կամ սուրճի փոշին ատամի խոռոչին դնելը: Սո՞ւրճը` ո’չ: Օղին ընդունելի է, բայց խորհուրդ չի տրվում: Ընդունելի են նաև մեխակի յուղը կամ կատվախոտի կաթիլները: Սուրճը կարող է խցանվել արմատի խողովակներում և առաջացնել նեխման պրոցես, իսկ դա կբարդացնի բուժումը և կհասցնի ատամը հեռացնելուն:

Ղալադ Ալեքսանյան, ատամնաբույժ

Ճի՞շտ է, որ զայրացած ժամանակ ծխելը հանգստացնում է նյարդերը: Ծխելը միշտ և բոլոր դեպքերում է առողջության համաո վտանգավոր Նիկոտինն ունի թմրեցնող հատկություն, այդ պատճառով էլ թյուրիմացաբար կարծում են, թե ծխելը հանգստացնում է նյարդերը:

Արմեն Վարդումյան, նյարդաբան

Ճի՞շտ է, որ ճնշումն իջեցնելու համար պետք է լիմոնով ջերմուկ կամ ջերմուկով թան խմել, իսկ բարձրացնելու համար՝ ըմպել սուրճ կամ շոկոլադ ուտել: Ո’չ, չի կարելի: Պետք է նախ հետազոտվել, պարզել բարձրացման կամ իջեցման պատճառը, հետո արդեն բուժել: Այդ միջոցնեոը տարածված, բայց ոչ ճիշտ մոտեցումներ են:

Նունե Ավագյան, ընտանեկան բժիշկ

Ճի՞շտ է, որ ականջի ցավի դեպքում պետք է տաք ձեթ լցնել ականջի մեջ կամ տաքացրած աղ դնել վրան: Ո’չ: Պետք է համապատասխան դեղեր դնել և դիմել բժշկի: Աղը կամ ձեթը կարող են թափանցել միջին ականջ և բորբոքել այն, հետո թմբկաթաղանթով գնալ գանգուղեղ ու վնասել:

Գնել Անանյան, բ.գ.թ, «Նաիրի» բժշկական կենտրոնիքիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար

Հեղինակ` Աննա Վարդանյան
newmag #07

Գրել կարծիք