Ամենաերիտասարդ «օրենքով գողը», նրա մայրն ու հայերի հետ կապը

Ամենաերիտասարդ «օրենքով գողը», նրա մայրն ու հայերի հետ կապը

8 լեգենդ «օրենքով գող» Կալինայի մասին, որի մայրը թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը:

Վերջին հանգրվան

Երևանի քաղաքային գերեզմանատանը մի շիրմաքար կա այս մակագրությամբ. «Կալինա Միխայլովնա Նիկիֆորովնա. 1941-1988»: Գերեզմանատան շատ քիչ այցելուներ գիտեն, որ այստեղ ամփոփված է Խորհրդային Միության կրիմինալ աշխարհի հանրահայտ դեմքերից մեկը: Նրա ողջ կենսագրությունը շաղկապված է մեր հայրենակիցների հետ: Հանցագործ աշխարհում կանայք ընդհանրապես չեն արժանանում «օրենքով գող» կոչմանը, բայց Կալյա Նիկիֆորովան կամ պարզապես Կալինան ճանաչված Էր որպես «կնքամայր»: Այս կինը ծնեց ու դաստիարակեց որդուն’ Վիկտոր Նիկիֆորովին, որը ռուսական կրիմինալի պատմության մեջ մնաց ոչ միայն իր Կալինա մականունով, որ ժառանգել էր մորից, այլև իր անզուսպ ու անկանխատեսելի հանցագործություններով:
1992 թվականի հունվարի 14-ին իր տան մոտ ծոծրակին ուղղված հրազենային կրակոցից սպանվեց «օրենքով գող» Վիկտոր Նիկիֆորովը՝ «Կալինա» մականունով: Նախկին ԽՍՀՄ տարածքում նա ամենաերիտասարդ «օրենքով գողն» էր: Խոսակցություններ կան, թե հանրահայտ Յապոնչիկի որդին էր: Հինգ օր անց կատարվեց նրա հուղարկավորությունը: Կիրակի՝ հունվարի 19-ին, վաղ առավոտից սգո դրոշակներով գրեթե 70 ավտոմեքենա, ազդանշանները միացրած, շարժվում էին Մոսկվայի փողոցներով: Հանցագործ աշխարհն այս կերպ էր հրաժեշտ տալիս իր առաջնորդներից մեկին…

Նրա ձախ ականջը կծեցին-տարան

Նիկիֆորովն իր առաջին պատժաժամկետը կրեց 1982թ., Բաշկիրիայի խիստ ռեժիմի կալանավայրում: Պոռթկուն բնավորության պատճառով հաճախ էր հայտնվում մեկուսարանում: Մի անգամ նա տուրուդմփոց հրահրեց, որի ժամանակ մահացու վիրավորվեց կալանավորներից մեկը: Տուժեց նաև ինքը, ծեծուջարդի ժամանակ կծեցին-տարան նրա ձախ ականջի կեսը: Իր պատժաժամկետը կրեց ամբողջությամբ, ինչպես ասում են՝ զանգից զանգ:
Մոսկվայում 1987-ի հունիսին նա հերթական անգամ ձերբակալվեց իր հակառակորդին ֆիննական դանակով կտրտելուց հետո: Իսկական ավազակային հաշվեհարդար էր, որը տեղի ունեցավ «Կոսմոս» հյուրանոցի մոտ: Տարածքներ էին փորձում բաժանել: Պայքարի մեջ էին մտել արդեն «կնքահայր» Յապոնչիկի սանը՝ նորաթուխ «օրենքով գող», «մտավորական» Կալինան և նրանից ոչ պակաս պոռթկուն մրցակիցը:
ԽՍՀՄ ՆԳՆ փաստաթղթերից.
«Նիկիֆորով Վիկտոր Յուլիի, «օրենքով գող»՝ «Կալինա» մականունով, մոսկվացի, ծնվել է 1964 թվականին: Որոշ աղբյուրների համաձայն «օրենքով գող» Յապոնչիկի (Վ. Իվանկովի) արտաամուսնական գավակն է կամ որդեգիրը: Ունի թերի բարձրագույն հումանիտար կրթություն, գրում է բանաստեղծություններ: Ելումուտ ունի մոսկովյան մշակութային շրջանակներ և անձամբ ծանոթ է հայտնի գրողների, կոմպոզիտորների, երգիչների հետ: Նա կապեր ունի կրիմինալ աշխարհում: Զարգացած է, հնարամիտ, պոռթկուն: Սերտ համագործակցում է Բալդայի, Կոլյա Բատումսկու, Գոգա Տբիլիսսկու, Դաթոյի, էմիլի հետ…»

«Տուն կոտրելու» տեխնոլոգիան

Մոսկվայի «Սպարտակ» հյուրանոցի ղեկավարության կազմում Կալինան «իր մարդն» ուներ: Նրա օգնությամբ ընտրվում էին համապատասխան, ունևոր այցելուները: Նրանցից գողանում էին բնակարանների բանալիները, պարզում էին հասցեները: Գողացած բանալիների կրկնօրինակներն էին սարքում, իսկ հետո աննկատ վերադարձնում տերերին: Գողերն աշխատում էին բարձր մակարդակի մարդկանց հետ և փալաս-փուլուս չէին տանում, միայն արժեքավոր իրեր, զարդեր, փող, կենցաղային այնպիսի սարքեր, որոնք մեծ պահանջարկ ունեին: Երբեմն տեղեկություններ էր հաղորդում մայրը:

3

1 րոպեում՝ 1 զույգ կոշիկ

1987-ի գարնանը Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում Նիկիֆորովան դրեց իր գործը՝ կանացի ծովափնյա կոշկեղենի կիսալեգալ արտադրամաս բացեց և ներդրեց իր ողջ ազատ կապիտալը: Ինչ-որ բան ավելացրին նաև բանտից նոր վերադարձած որդին ու երկրորդ ամուսինը’ Ռուբեն Սարգսյանը («օրենքով գող» Ռուբիկ-Պրոֆեսորը, որը «Սպարտակ» մարզական ընկերությունում գրանցված էր որպես շախմատի մարզիչ):
Արտադրամասը մեկ րոպեում մեկ զույգ կոշիկ էր արտադրում: Նա օգտագործում էր պետական հումքը, որն օրինական ճանապարհով էր ձեռք բերում: Դրանով զբաղվում էր Էդիկ Կրասնոդարսկին, որը համարվում էր Չեխովի կոշկի ֆաբրիկայի կոնստրուկտորական բյուրոյի աշխատակից: Նա կաշառում էր Շրջխորհրդի գործկոմի և միլիցիայի որոշ աշխատակիցների: Այդ ժամանակ Կալյան, փաստորեն, հասել էր իր բոլոր նպատակներին՝ փող, թանկ ու հնաոճ իրեր: Կարելի էր, իհարկե, ողջ հարստությունը լցնել ներքին չվերթի մի օդանավ, իսկ հետո ամեն ինչ տանել սահմանից այն կողմ: Թեև օդանավ առևանգելը պլանավորելն ու իրականացնելն այս կնոջ ուժերից վեր բան չէր (նա ավելի համարձակ ծրագրեր էր իրականացրել), բայց ուժեղ ու կամային կնոջ հզոր առողջությունն այս անգամ ի վիճակի չեղավ դիմանալ այն լարված ռիթմին, որով մշտապես ապրում էր Կալյան:
ԽՍՀՄ ՊԱԿ-ի օպերատիվ տեղեկությունից.
«Արտասահման փախցնելու նպատակով Լենինական քաղաքի օդակայանից օդանավ առևանգելու հանցագործ խմբի ութ հիմնական անդամների նպատակադրվածությունը հնարավոր եղավ կանխել: Խմբի անդամներից երեքը քրեական պատասխանատվության են ենթարկվել պլատին յուրացնելու փորձի, մեկը՝ փաստաթղթեր կեղծելու համար… «Օրենքով գող» Կալինան մարմնական վնասվածքներ հասցնելու համար ձերբակալվել է: Չեխովի կոշկի ֆաբրիկայում հափշտակումների համար Կ. Մ. Նիկիֆորովայի դեմ հարուցված գործը կարճվել է վերջինիս մահվան պատճառով: Նա մահացավ 1988թ. փետրվարին, Մոսկվայում: Թաղված է Երևանի Կենտրոնական գերեզմանատանը: Մոսկվայից նրա դին օդանավով տեղ են հասցրել Պրոֆեսորը, Լյովա Կրոպոտկինսկին, Տայվանչիկը: Հուղարկավորությանը ներկա են եղել բաքվեցի Բաղդասարովը, թբիլիսցի Գոգան և Ռաֆիկ Սվոն… (Մոսկվա, փետրվար, 1988 թ.)»:
Հիմնական գործող անձը Կալյա Միխայլովնան է: Նա յուրօրինակ «կնքամայր» էր հանցագործ խմբավորումներում: Նրա միջոցով է իրացվում ամբողջ գողոնը, Նա է մշակում հանցախմբերի ռազմավարական պլանները, նա է նշում այն վայրերն ու մարդիկ, որ պետք է կողոպուտի ենթարկվեն:

Հարազատ «կնքամայրը»

Կալինայի համար «օրենքով գողի» տիտղոսը ձեռք է բերել հարազատ մայրը: Դրա համար նա որդու հետ մեկնեց Կովկաս, որտեղ ամուր կապեր ուներ: Այստեղի «օրենքով գողերի» «սխոդկաներից» մեկի ժամանակ էլ նա հարցերը լուծեց: 45 տարեկանին մոտ, վառվռուն այս կինը յուրօրինակ էր շատ բա-ներում: Միանգամից կարող էր աշխատել 2-3 «ճակատով»: Իր վերջին ճակատամարտը նա մղեց միանգամից երկու հատուկ ծառայությունների՝ ՆԳՆ-ի և ՊԱԿ-ի դեմ: Այս ծառայությունների արխիվներում մի հետաքրքիր փաստաթուղթ կա այս կնոջ կազմակերպած ու ղեկավարած հանցախմբի մասին:
ԽՍՀՄ ՊԱԿ-ի օպերատիվ տեղեկությունից.
«… Հանցագործների մի մեծ խումբ՝ «օրենքով գողեր», խաբեբաներ և այլք, պլանավորել են մոտ ժամանակներս Լենինականի օդակայանում զավթել օդանավ, որպեսզի անցնեն արտասահման: Հնարավոր է, որ իրենց հետ տանեն թանկ մետաղների, հնաոճ իրերի և ուրիշ արժեքների մեծ քանակություն: Հիմնական դերակատարներն են Կալյա Նիկիֆորովան՝ Կոլխոզային հրապարակի գարեջրի սրահի վարիչը և իր ամուսինը՝ Ռուբիկ-Պրոֆեսոր մականունով «օրենքով գող» Ռուբեն Սարգսյանը… (Մոսկվա, 1986թ., դեկտեմբեր)»

2

Հրեաներին խաբելու արվեստը

Կալյան ծնվել է փախստական հրեա ընտանիքում, որը խարիսխ էր ձգել Կովկասում: Ինչպես բոլոր խառն ամուսնությունների ժամանակ, այս դեպքում էլ տան ղեկավարը հրեուհի մայրն էր: Ղեկավարի՝ նրա բնավորության գծերն էլ փոխանցվեցին դստերը’ Կալինային, որն իր ոսկերիչ ամուսնու մահից հետո աշխատանքի անցավ «Բերյոզկա» խանութում ու հաստատվեց Մոսկվայում: Օգնեցին Կովկասում ձեռք բերած հանցավոր կապերը «օրենքով գողեր» Նիկոլայ Ակոպովի (մականունը՝ Կոլիկ) և Սիմոն Խաչատուրյանի (մականունը՝ Սիմոն) հետ:
Կալյան իր առաջին պատժաժամկետն անցկացրեց Մոժայսկի մոտ գտնվող գաղութում: Բանտից դուրս գալով՝ Նիկիֆորովան նոր տեղ գտավ գարեջրատանը, որը Կոլխոզային հրապարակում էր: Հենց այդ ժամանակ էլ գրվում է նրա կենսագրության ամենահետաքրքիր էջերից մեկը: Դեպի Իսրայել ուխտագնացության ժամանակներն էին: «Կնքամոր» ամենաշահավետ գործն այն էր, որ պատմական հայրենիք մեկնող հրեաներից վերցնում էր տարադրամը և արժեքավոր իրերը, որ հետագայում դրանք ուղարկի Իսրայել: Իր «մարդկանց» միջոցով Կալյան գովազդում էր մաքսատան հետ իր կապերը՝ նշելով ոմն Սերգեյի: Գործն այնպես էր կազմակերպված, որ «հաճախորդները» իրենք էին գտնում նրան, «դուրս գալիս նրա վրա», իսկ նա խաբեությամբ տիրանում էր ողջ ոսկեղենին ու թանկարժեք իրերին: Նրա տանն ամբարված հազվագյուտ սրբապատկերների և կտավների մասնավոր հավաքածուն խայծ էր՝ ապագա գոհերին հրապուրելու համար: Կալյայի կացարանում աչքի էր զարնում նաև բարդ փորագրություններով փղոսկրե մի սեղան, որը նրա համար բերել էին Սանկտ-Պետերբուրգից: Ականատեսների ամենահամեստ հաշվարկներով այն կարժենար 15-20 հազար դոլար:

Նա խախտում էր «գողական պատվիրանները»

Իր հարազատ մոր ժառանգությունն ու անձնական խնայողությունները Վիկտոր Կալինային թույլ տվեցին Պերեստրոյկայի առաջին տարիներին լայն թափ հավաքել: Ասում են՝ Մոսկվայում նա մի քանի ռեստորան ուներ: «Արագիլ» սրճարանի հիմնադիրն Էր: Պետերբուրգում հեղինակություն համարվող Մալիշևի հետ շահեր ուներ «Պուլկովսկայա» հյուրանոցի խաղատանը, Սոչիում վերահսկում էր «Մայակ» լողափը, ընդհանուր առմամբ, լավ գումարներ էր վաստակում «Ռուսսկի մեխ» բաժնետիրական ընկերությունում:
Վիտյա Կալինային իրավացիորեն ճանաչել և ճանաչում են որպես «Նոր ալիքի» ամենավառ ներկայացուցչի: Արտաքնապես նա նման էր էստրադային երգիչ Սերգեյ Կռիլովին, նույն կերպ լիքը և ժպտերես: Կալինան անվերջ խախտում էր գողական պատվիրանները, սակայն հեղինակությունը բնավ չէր կորցնում: Նա ապրում էր ճոխության մեջ, անմասն չէր առևտրական գործարքներից և անչափ ազատ էր վարվում «օրենքով գողերի» վարքը պահպանելու ավանդական ձևերի հետ: Կալինան «օրենքով գողի» կոդեքսն արդեն իսկ խախտել էր թեկուզ նրանով, որ քաղաքացիական ամուսնություն էր գրանցել:
1988-ի ձմռանը Նիկիֆորովն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Քրգործն ուղարկեցին վերաքննության, իսկ քննիչը հեռացվեց գործի վարույթից: Ի վերջո, գործը վերջնականապես փակվեց: Աշխատեց նույն այն մեխանիզմը, որը ժամանակին գործի էր դրել ամենազոր մայրիկը: ճիշտ է, նա արդեն չկար, բայց մեխանիզմը գործում էր:

1

Կալինայի սպանությունը՝ «կադրային քաղաքականություն»

1991-ի գարնանը նա ձերբակալվեց սպանության կասկածանքով: Նա դանակով սպանել էր Մանսուր Շելկովնիկովին, նույնպես քրեական տիպ: Մինչդեռ շատ կարճ ժանանակ անց նա հայտնվեց ազատության մեջ, քանի որ «հետաքննությունը նրա մեղավորությունն ապացուցող համոզիչ փաստեր չէր գտել»: Բայց Կալինան կարճ վայելեց ազատությունը:
ԽՍՀՄ ՆԳՆ փաստաթղթերից.
«1992 թվականի հունվարի 14-ին ժամը 17:30-ին տուն վերադառնալիս Ենիսեյան փողոցի 33 տան շքամուտքում անհայտ անձինք «Նագան» տեսակի ատրճանակով դեմառդեմ կրակել և սպանել են Վ. Յու. Նիկիֆորովին: Բաբուշկինոյան շրջանի դատախազությունը հարուցել է քրեական գործ: Օպերատիվ-հետաքննական գործողություններից և քննչական ձեռնարկումներից հետո հանցագործները չեն ձերբակալվել: Հանցագործությունը բացահայտված չէ»:

Կալինայի սպանությանն առաջիններից մեկն արձագանքեց այն ժամանակ մեծ թափ առնող «Կոմերսանտ» թերթը, որը կրիմինալ աշխարհի այս անօրինակ կերպարի մասին մանրամասն տեղեկություններ հրապարակեց.
«Մոսկվայի հանցագործ աշխարհը հունվարի 19-ին հուղարկավորեց «օրենքով գող» Վիկտոր Նիկիֆորովին (Կալինա): Միլիցիայի վարկածի համաձայն, նրանից այսպես վրեժ լուծեցին «Մանսուր» մականունով Մանսուր Շելկովնիկովին սպանելու համար: Վերջինս «Լյուբերեցյան» ավազակախմբից էր և զբաղվում էր արտասահմանյան մեքենաների վաճառքով, պոռնիկներով և մոլախաղերով: Սպանությունը գործընկեր-մրցակիցների համար արժեցել է 500 հազար ռուբլի»:

Մոսկվայի կրիմինալ քրոնիկոնից.
«Մինչև Վոստրակովյան գերեզմանատանը հանգուցյալ Վիտյա Կալինայի մարմինը հողին հանձնելը նրա ընկերները դիակը տարան այն վայրերով, որտեղ սիրում էր լինել Նիկիֆորովը. Լենինգրադյան պողոտա, ապա կենտրոն, «Աիստ» կոոպերատիվ սրճարան…»

1992 թվականի հունվարի 27-ին Զորգե փողոցում սպանվեց մեկ չեչեն, վիրավորվեցին երկու չեչեն: Ոմանք հակված են դա համարել վրեժ՝ Կալինայի սպանության համար: Երիտասարդ «օրենքով գողի» սպանությունից հետո Մոսկվայի ամենախոշոր օբյեկտներից մեկը՝ ձիարշավարանը, որը վերահսկում էր Կալինան, անցավ չեչենների ձեռքը:

Հեղինակ՝ Սերգեյ Գալոյան
Լուսանկարները՝ Սերգեյ Գալոյանի անձնական արխիվից

newmag #03

Գրել կարծիք