Քաղաք, որտեղ ապրելը երջանկություն է, սուրճ խմելը` արվեստ
Փարիզի սրճարանները նույնքան համբավավոր են, որքան Էյֆելյան աշտարակը կամ Ջոկոնդայի ժպիտը: Սրճարանների տեռասները` բացօթյա շարքերը, ողողում են մայթերը. կարմիրով ու սպիտակով ընդելուզված աթոռների բոհեմական խառնաշփոթի մեջ առանձնանում են փոքրիկ, կլոր, մարմարե սեղանները, որ կանգնած են կռած երկաթից ոտնակի վրա: Մարդիկ անընդհատ անցուդարձ են անում աթոռների արանքով, փողոցի խլացնող աղմուկը երբեք չի դադարում, մի սեղանի մոտ նստած է սիրահարների զույգ, իսկ կողքի սեղանին, համարյա դիպչելով նրանց, գործարարները լուրջ զրույցի են բռնվել: Սև համազգեստ հագած մատուցողը` սպիտակ սրբիչը նրբագեղորեն փռած թևին, ասես պարելով անցնում է աթոռների արանքով` սկուտեղը մի ձեռքով բարձր պահած, երբեմն գրեթե դիպչելով հաճախորդների գլխներին, բայց երբեք չսայթաքելով:
Դուք Փարիզում եք, կասկած չկա: Այս քաղաքում, որտեղ ապրելը երջանկություն է, իսկ սուրճ խմելը` արվեստ: Սրճարանում նստած` դուք երազում եք հանել մոլեսկինե կազմով նոթատետրը կամ ձեռքի համակարգիչը Սեն Ժերմեն դե Պրե թաղամասի որևէ սրճարանում, ինչպես Սիմոն դը Բովուարը «Պոն Ռուայալ»-ում, և նկարագրել այս վաղանցիկ վայրկյանը, այս մթնոլորտը, բայց բավարարվում եք` ասելով. «Գառսո'ն, մի բաժակ թունդ, սև սուրճ և մի գարեջուր, խնդրում եմ»: Միաժամանակ մատներով չրթացնում եք կամ էլ համեստորեն բարձրացնում ձեռքը` նրան կանչելու համար: Լարված մեխանիզմի նման, մատուցողը շարքերի արանքում պտույտներ է տալիս: Նա տրամադրություն չունի: Նա կլանված հետևում էր փողոցի անցուդարձին, իսկ դուք նրան խանգարեցիք: Ախր նա էլ, ձեզ նման, նայում էր գեղեցիկ աղջիկներին, որ շտապելով անցնում են, և որոնց կարճ շրջազգեստներն ի ցույց են դնում սլացիկ ոտքերի կորագծերը: Ամեն դեպքում պիտի մի քանի անգամ կանչեք մատուցողին, մինչև որ, ի վերջո, արժանի համարի նկատել ձեզ:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)