BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ճամփորդություն դեպի Վենետիկ. ուր գնալ, ինչպես և որ

Ճամփորդություն դեպի Վենետիկ. ուր գնալ, ինչպես և որտեղ մնալ

Վենետիկը թովիչ քաղաք է: Երբ քաղաքը մայրցամաքին կապող մի նեղլիկ ցամաքաշերտի վրայով գնացքը հասնում է վերջին` Սանտա Լուչիա կայարանին, ժամանակն, ասես, անէանում է: Երկինքն ավելի մեծ է, ավելի լայն, ջուրն այնպիսին է, կարծես արդեն ծովին հասած լինես, իսկ հեռվում քաղաքն է. նավ, որի կայմը` Կամպանիլեի հսկա ժամատունը, հպարտորեն դիմակայում է ժամանակի ընթացքին արդեն հիսուն տարի, հարյուր տարի, երկար դարեր: Հավերժությունն է բացվում մեր առջև, գեղեցկությունը կանգնեցրել է ժամանակի ընթացքը: Ասես` երկու կողմից ջրով եզերված ցամաքային այս ժապավենի վրայով մուտք ես գործում լավ պահպանվող մի աշխարհ, որտեղ արդիականության բերած ծայրահեղությունների մուտքն արգելված է: Վենետիկը բացառիկ է, իսկական գանձ, միշտ այսպես են ասում մարդիկ, երբ նստում են համար մեկ երթուղու որևէ ջրային ավտոբուս` վապորետտո, որն առաջ է շարժվում Մեծ ջրանցքի ոլորաններով: Մասնավոր արագաշարժ նավերը, դանդաղաշարժ ու փխրուն գոնդոլները, սնունդ տեղափոխող բեռնանավերը, ջրի վրա ծառս եղող ոստիկանական նավերը` մոտոսկաֆոներն ակոսում են Մեծ ջրանցքը` վերից վար և հակառակը` դանդաղաշարժ գետը վերածելով կենսական նշանակություն ունեցող, աղմկոտ հաղորդակցության ուղու:

Կարող եք հիանալ Վենետիկի մայրամուտներով՝ հակված որևէ Ալտանայի վրա: Սրանք տանիքների վրա կախված փայտե պատշգամբներ են՝ «կղզիներ՝ կախված քաղաքի վրա, որն ինքն էլ կղզի է», ասում է ֆրանսիացի հայտնի գրող Ֆիլիպ Սոլերսը, որն արդեն քառասուն տարի գալիս է Վենետիկ: Զանգերը հնչում են ամբողջ ուժով, ամենուր նրանց ջերմեռանդության արձագանքն է, որն անցնում է եկեղեցուց եկեղեցի, հրապարակից հրապարակ, նեղ անցումների տակով, նեղլիկ փողոցների բարդնախշերի միջով: Եվ այդժամ ցածրաձայն կարող եք ասել այս հրաշալի նախադասությունը. «Ես Վենետիկում եմ... ես Վենետիկի ներսում եմ»:
Հաճույք ստացեք թափառելով փողոցներում՝ ձեռքներիդ՝ ձմերուկի համով պաղպաղակ, կանգ առեք Վենետիկին շատ բնորոշող Լա Գիդեկկա թաղամասի որևէ տրատտորիայում: Այս թաղամասում դեռ ապրում են երգեցիկ առոգանությամբ շատախոսող մարդիկ, այստեղ առույգ տատիկները, գնումներից հետո լիքը զամբյուղներով նավակամրջից «նետվում են» վապորետտոների մեջ, որոնք սլանում են ամբողջ թափով՝ իրենց հետևից թողնելով գազի ու խռովված ջրի հետք: Այս թաղամասում ծերերը դեռ հավաքվում են Օստերիայում թուղթ խաղալու:
Մեծ, հողմածեծ կառամատույցներից է, որ քաղաքը երևում է իր ամբողջության մեջ ու իր իսկական գեղեցկությամբ. Վենետիկը, ասես, Ձեր ափի մեջ լինի, մի ակվարել, փխրուն ու նուրբ մի վարդ, որը հալվում է արծաթափայլ ցոլքերում: Ծովալճակի մերձափնյա գոտին «ամենավենետիկյան» տարածքն է. այստեղ ջրի վրա իջեցված սադափե խեցին դատարկ խեցի չէ, իսկական կյանք կա նրա մեջ, իրենց թաղամասերին շատ կապված կղզեբնակ վենետիկցիների կյանքի խշշոցն եք լսում նրանում: Գնացեք Գետտո. ամեն դռնից երեխաների կանչ ու ծիծաղ է լսվում, մեծ լվացքներ են կախված փողոցում, մի պատուհանից մյուսը, շենքերի ճակատամասերի ծեփը թափվել է, փողոցները նեղ են ու խճճված:

Տարածել