Ճամփորդություն դեպի Վենետիկ. ուր գնալ, ինչպես և որտեղ մնալ

Ճամփորդություն դեպի Վենետիկ. ուր գնալ, ինչպես և որտեղ մնալ

Ուղեցույց Վենետիկ այցելողների համար: Անպայման կանգ առեք Ռիալտո թաղամասում և չմոռանաք այցելել Սուրբ Ղազար կղզի:

Վենետիկը թովիչ քաղաք է: Երբ քաղաքը մայրցամաքին կապող մի նեղլիկ ցամաքաշերտի վրայով գնացքը հասնում է վերջին` Սանտա Լուչիա կայարանին, ժամանակն, ասես, անէանում է: Երկինքն ավելի մեծ է, ավելի լայն, ջուրն այնպիսին է, կարծես արդեն ծովին հասած լինես, իսկ հեռվում քաղաքն է. նավ, որի կայմը` Կամպանիլեի հսկա ժամատունը, հպարտորեն դիմակայում է ժամանակի ընթացքին արդեն հիսուն տարի, հարյուր տարի, երկար դարեր: Հավերժությունն է բացվում մեր առջև, գեղեցկությունը կանգնեցրել է ժամանակի ընթացքը: Ասես` երկու կողմից ջրով եզերված ցամաքային այս ժապավենի վրայով մուտք ես գործում լավ պահպանվող մի աշխարհ, որտեղ արդիականության բերած ծայրահեղությունների մուտքն արգելված է: Վենետիկը բացառիկ է, իսկական գանձ, միշտ այսպես են ասում մարդիկ, երբ նստում են համար մեկ երթուղու որևէ ջրային ավտոբուս` վապորետտո, որն առաջ է շարժվում Մեծ ջրանցքի ոլորաններով: Մասնավոր արագաշարժ նավերը, դանդաղաշարժ ու փխրուն գոնդոլները, սնունդ տեղափոխող բեռնանավերը, ջրի վրա ծառս եղող ոստիկանական նավերը` մոտոսկաֆոներն ակոսում են Մեծ ջրանցքը` վերից վար և հակառակը` դանդաղաշարժ գետը վերածելով կենսական նշանակություն ունեցող, աղմկոտ հաղորդակցության ուղու:

Narrow-canal-of-Venice

Հենվեք նավեզրի ճաղաշարին և հիացեք քարե նրբին ժանյակներով, որ մեծ արագությամբ անցնում են Ձեր աչքերի առջևով. Սանտա դեի Սկալցա Մարիա, Կա դ’Օրո, Ռիալտո, Պալացցո Գրիմանի, Լա Սալուտե, ջրի փայլատակում, փայտե նավակամուրջ, ջրում արտացոլվող պալատներ, միրաժ, շենքերի ճակատամասեր, որ ներդաշնակորեն եզերում են ափերը: Վապորետտո նստեք արշալույսի առաջին շողերի հետ, երբ քաղաքը դեռ քնած է: Պալատների հոծ զանգվածը, ծագող արևի ոսկու հետ միաձուլվող հրագույնն ու վարդագույնը բոցավառում են սրտերը երազների թեթև ու եթերային վարդագույնով: Վենետիկը լիացնում է Ձեզ:

Կյանքում գեթ մի անգամ պետք է մտնել Պիացցա Սան Մարկո` Սուրբ Մարկոսի հրապարակ, որը Վենետիկի բաբախող սիրտն է, շքեղությունը: Սա ոսկեփայլ խճանկար է, անգին զարդատուփ: Վեր խոյացող մարմարի նրբագեղությունը, թվում է, քանդակվել է Մեծ ջրանցքի ջրերի ծփացող ցոլքերի մեջ. սա միաձուլումն է երկնքի, ջրի ու մարդու հանճարի: Մարդու, որն «ինքն էլ կանգնած է ջրին ուղղահայաց ու նման` իր ստեղծած հուշարձաններին», ինչպես ասում է իտալացի գրող Ռեձվանին: Յուրաքանչյուրը սքանչացման ու վեհացման զգացում է ապրում իր տեսածից: Հրապարակի ծայրին հզոր թևավոր առյուծն է` քաղաքի խորհրդանիշը, որն անորոշ, անիրական է դարձնում ցամաքի և ջրի սահմանը: Մշտական այցելուներն այնքան էլ չեն սիրում Լա Պիացցան, որը միշտ լիքն է զբոսաշրջիկներով և որտեղ աղավնիները հարյուրներով օդ են բարձրանում անմիջապես անցորդների ափերից: Պետք է այստեղ վերադառնալ ուշ երեկոյան, երբ հրապարակը վերագտնում է իր ընդարձակությունն ու փայլը՝ շնորհիվ լուսավոր սրճարանների, որտեղ նվագում են նվագախմբերն ու նվվում են ջութակները:

piazza

Բայց Վենետիկը միայն սա չէ: Պետք է առանց շտապելու հիանալ քաղաքով, զգալ նրա հանգիստ ու խաղաղ ոգին՝ զբոսաշրջիկների իրարանցումից հեռու, պետք է ընկալել քաղաքն իր ամբողջ բարդությամբ, ջրանցքների խճճված ցանցով, նեղ փողոցներով, անցումներով, կամուրջներով ու փակուղիներով: Եթե Վենետիկում մի քանի օր եք մնալու, կարող եք գտնել “Bed and Breakfast” (էժան հյուրանոցների ցանց): Սուրբ Հեղինեն իդեալական վայր է հանգստավետ և ընդարձակ այգիներով, որոնք առանձնահատուկ արժեք ունեն, քանի որ Վենետիկում շատ քիչ են ծառերը, այգիներն էլ թաքնված են պալատների պատերի հետևում: Կարող եք քաղաքի կենտրոն հասնել վապորետտոյի գծերով, որոնք կանգառ ունեն նաև Լիդոյում, կամ էլ կարող եք քայլել՝ անցնելով փոքրիկ, նրբագեղ կամուրջներով, որոնք ջրե փողոցների վրա կորացած մեջքեր են հիշեցնում, կամ էլ քարե ոտքեր, որ իրարից հեռացել են՝ թույլ տալով, որ արանքով անցնի թղթից պատրաստված գոնդոլի սիլուետը: Ջուրը կանաչ Է, խորը: ժամանակ գտեք և ճաղաշարքի առջև կանգնած զգացեք ծովից եկող սառը օդը, որը հագեցած է Ադրիատիկի բույրով, չէ՞ որ ծովը հեռու չէ: Ծովային ողորկ ու ճերմակ թռչունները պտտվում են կղզիների հեռավոր առկայծումների մեջ: Հեռվից նայելիս կղզիներն ասես երկնքի մասնիկներ լինեն:

Մի մեծ շոգենավ է անցնում՝ իր հոծ զանգվածով հրավեր նետելով փայտե հիմքերի վրա կանգնած փխրուն պալատներին: Նա անցնում է, և նրա ներկայությունից մնում է միայն ջրի անհանգիստ ճողփյունը Ձեր ոտքերի տակ: Կարող եք նաև բարձրանալ Գարիբալդիի փողոցով, ուրախ փողոց է, որտեղ առևտուրն է եռում: Այստեղ կարող եք Ձեր զամբյուղը լցնել մակարոնեղենով, մրգերով ու հացի տեսականիով, ինչն անհնար է քաղաքի կենտրոնում: Մի քիչ ժամանակ գտեք որևէ տրատորիայում նստելու համար, վենետիկցիները սիրում են այստեղ ուտել:

Վենետիկում հյուրանոցները թանկ են, բայց եթե կարող եք Ձեզ նման բան թույլ տալ, կանգ առեք Ռիալտո կենտրոնական թաղամասում: Ձեր սենյակի կրկնափեղկերը բացելիս կլսեք գոնդոլավարների երգեցողությունն ու ջրի փիրուզագույն մետաքսը պատռող նրանց երկար թիերի դանդաղ ու կանոնավոր ճողփյունը, կհիանաք տների ճակատամասերն իրարից անջատող նեղ անցումներով, որոնց ծայրին երևում են կամուրջները, որտեղ տենորների ձայնն ավելի խորհրդավոր է հնչում, սրանք հաճույքներ են, որ գին չունեն:

Կարող եք հիանալ Վենետիկի մայրամուտներով՝ հակված որևէ Ալտանայի վրա: Սրանք տանիքների վրա կախված փայտե պատշգամբներ են՝ «կղզիներ՝ կախված քաղաքի վրա, որն ինքն էլ կղզի է», ասում է ֆրանսիացի հայտնի գրող Ֆիլիպ Սոլերսը, որն արդեն քառասուն տարի գալիս է Վենետիկ: Զանգերը հնչում են ամբողջ ուժով, ամենուր նրանց ջերմեռանդության արձագանքն է, որն անցնում է եկեղեցուց եկեղեցի, հրապարակից հրապարակ, նեղ անցումների տակով, նեղլիկ փողոցների բարդնախշերի միջով: Եվ այդժամ ցածրաձայն կարող եք ասել այս հրաշալի նախադասությունը. «Ես Վենետիկում եմ… ես Վենետիկի ներսում եմ»:

Հաճույք ստացեք թափառելով փողոցներում՝ ձեռքներիդ՝ ձմերուկի համով պաղպաղակ, կանգ առեք Վենետիկին շատ բնորոշող Լա Գիդեկկա թաղամասի որևէ տրատտորիայում: Այս թաղամասում դեռ ապրում են երգեցիկ առոգանությամբ շատախոսող մարդիկ, այստեղ առույգ տատիկները, գնումներից հետո լիքը զամբյուղներով նավակամրջից «նետվում են» վապորետտոների մեջ, որոնք սլանում են ամբողջ թափով՝ իրենց հետևից թողնելով գազի ու խռովված ջրի հետք: Այս թաղամասում ծերերը դեռ հավաքվում են Օստերիայում թուղթ խաղալու:

Մեծ, հողմածեծ կառամատույցներից է, որ քաղաքը երևում է իր ամբողջության մեջ ու իր իսկական գեղեցկությամբ. Վենետիկը, ասես, Ձեր ափի մեջ լինի, մի ակվարել, փխրուն ու նուրբ մի վարդ, որը հալվում է արծաթափայլ ցոլքերում: Ծովալճակի մերձափնյա գոտին «ամենավենետիկյան» տարածքն է. այստեղ ջրի վրա իջեցված սադափե խեցին դատարկ խեցի չէ, իսկական կյանք կա նրա մեջ, իրենց թաղամասերին շատ կապված կղզեբնակ վենետիկցիների կյանքի խշշոցն եք լսում նրանում: Գնացեք Գետտո. ամեն դռնից երեխաների կանչ ու ծիծաղ է լսվում, մեծ լվացքներ են կախված փողոցում, մի պատուհանից մյուսը, շենքերի ճակատամասերի ծեփը թափվել է, փողոցները նեղ են ու խճճված:

venice

Եթե երեխաներ ունեք, թողեք վազեն այս քաղաքում, որտեղ մեքենաներ չկան, հանգիստ ֆուտբոլ խաղացեք մեծ հրապարակներում, Կամպո Սանտա Մարգերիտայում: Մոտերքում անպայման որևէ ցայտաղբյուր կգտնվի ֆուտբոլի սիրահարներին զովացնելու համար: Զգացեք Վենետիկում ապրելու հաճույքը` այս քնքուշ, ծովափնյա քաղաքում: Նայեք «եթովպական կատուներին» բնորոշ արտաքինով այս սև փիսիկներին, որ բույսերով ու ծաղիկներով պատված պատուհաններից ցատկելով` փռվում են գետնին` վայելելու արևի ջերմությունը:

Գնացեք Լիդո` շնչելու մի քիչ հնաբույր, բայց թովիչ լողափի օդը: Եթե վապորետտոյի մշտական տոմս ունեք,
զբոսանքը շարունակեք մինչև Բուրանո` ձկնորսների կղզի, որտեղ յուրաքանչյուր տուն ներկված է որևէ վառ գույնով: Զվարճացեք` լուսանկարվելով որևէ տան առաջ, որը ճիշտ նույն գույնն ունի, ինչ Ձեր հագի զգեստը կամ շապիկը: Շուկայում իսկական ժանյակ գնեք: Հասեք Տորչելլո փոքրիկ կղզին` գրեթե ամայի մի վայր Ծովալճակի ծայրին, և հիացեք կարմիր պտուղների տակ կքած հոյակապ նռնենիներով:

Բայց եթե Ձեր հոգում մի քիչ հայություն ունեք, այցելեք մի վայր, որը Ձեզ ուղղակի կկախարդի: Վերադարձեք
Սուրբ Մարկոսի հրապարակ: Շարունակեք ճամփան Պիացետտայով, անցեք շնորհագեղ կամարներով զարդարված Դոժերի պալատի առջևով, մի կարճատև հայացք նետեք Հառաչանքների կամրջի վրա, որը սիրահարների նախընտրած հանդիպման վայրն է: Եթե թափառելու ժամանակ չունեք, շտապեք, որովհետև ժամադրված եք մի ուրիշ գանձի հետ` ավելի ներանձնական, պակաս վիթխարի, բայց որը Ձեր մի մասնիկն է: Սուրբ Զաքարիայում արագ անցեք դեպի 20-րդ գծի վապորետտոները տանող պտուտադռնակով. այս լողացող ավտոբուսներն օրն ընդամենը մի քանի անգամ են գնում-գալիս Դոժերի քաղաքից մինչև հայերի Սուրբ Ղազար կղզի:

Կանգնեք առջևի տախտակամածին և շնչեք ծովի օդը: Հայաստանը վերջապես ծով է ձեռք բերել՝ Ադրիատիկ ծովը, որը սկիզբ է առնում Լիդո թերակղզուց ոչ հեռու: Վերջին կանգառն է. Մխիթարյանների հայկական վանքը՝ կենտրոնից ընդամենը քառորդ ժամ հեռավորության վրա: Ձեր կղզին մի այլ աշխարհ է՝ ալիքներով շրջապատված փոքրիկ դրախտավայր: Մի բարեհամբույր ու բազում լեզուներ իմացող քահանա՝ հայր Վրթանեսը, դիմավորում է Ձեզ: Իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և, իհարկե, հայերեն իմացող այս քահանան ամեն մեկի հետ կխոսի իր մայրենի լեզվով և այնպես կանի, որ դարեր ի վեր մենաստանի իր խստությունը պահպանած ու միաժամանակ այսօրվան այնքան մոտ այս կղզում յուրաքանչյուրն իրեն զգա ինչպես իր տանը: Քարե մեծ աստիճաններով նրա հետևից բարձրացեք Մատենադարան, որտեղ 10.000 ձեռագիր ու 50.000 վավերագիր է պահվում, զգացեք Ք. ա. 4-րդ հազարամյակով թվագրվող եգիպտական Մեխմեկեթ մումիայի կախարդանքը: Նապոլեոնը, որը փակում էր կրոնական համայնքները, չէր սխալվել՝ հայ կուսակրոններին գործունեության լիակատար ազատություն տալով, որովհետև նրանք ամենից առաջ գիտության ու մշակույթի իսկական տաճարի պահապաններ են:

san_lazzaro_degli_armeni_jetty

Եվ Դուք կիմանաք, որ պիտի նորից վերադառնաք այստեղ, պիտի նորից գաք Ծովալճակի կենտրոնում գտնվող հայկական այս փոքրիկ հողակտորը, որը խաղաղության հրվանդան է հարուստ պատմություն ունեցող ժողովրդի համար: Օտար այս հողը Ձերն է դարձել 1717 թվականին, երբ Վենետիկյան Հանրապետությունը կղզին նվիրեց Կոստանդնուպոլիսը լքած Մխիթար Սեբաստացուն և իր ուղեկիցներին: Զանգերի ղողանջը ժամերգության է կանչում, և ամբողջ Ծովալճակն արձագանքում է հայ ժողովրդին բնորոշ կրոնական ջերմեռանդությամբ, այնինչ շրջակայքը լուռ է, ինչպես մեծ գետը: Սուրբ Ղազար կղզի այցելելու լավագույն ժամանակը Զատկի տոնի օրերն են: Անմշակ փայտից պատրաստված երկար սեղանները ծածկվում են ճերմակ սփռոցներով, հիսուն սեղանակիցներ աղոթում են, հետո ընկերական մթնոլորտում համտեսում Զատկի գառը: Սա հանդիսավոր պահ է. աշխարհի բոլոր ծայրերից սփյուռքահայերը հավաքվում են այստեղ՝ վերագտնելու և փառաբանելու իրենց էության մի մասնիկը, որն ապաստան է գտել կանաչի ու լռության այս մենաստանում, հեռավոր, փոքրիկ կղզու վրա:

Եվ եթե հարազատ ժողովրդի վտանգված ու ցիրուցան գոյությամբ մտահոգ յուրաքանչյուր հայի նման Դուք էլ սիրում եք հավաքել Ձեր մասնատված էության յուրաքանչյուր մասնիկը, կարող եք շարունակել ուխտագնացությունը դեպի Դորսոդուրո թաղամաս: Մի պալատ կա այնտեղ՝ Պալացցո Զենոբիոն, որը Վենետիկյան Հանրապետությունը հայերին է նվիրել որպես շնորհակալություն այս նախաձեռնող ժողովրդին՝ Կրետեի դեմ պատերազմում Վենետիկը սնանկացումից փրկելու համար: Ծանր դռների հետևում կանաչ օազիս է, իշխանների պալատ՝ վարդագույն ու ճերմակ մարմարով պատած ընդարձակ սրահներով: Կարող եք խելքին մոտ գնով վարձել պալատի ընդարձակ ու գրավիչ սենյակներից մեկն ու գիշերն այստեղ անցկացնել: Այստեղ հայերեն են խոսում բոլոր հնարավոր առոգանություններով:

Վենետիկը բազմադեմ ու բազմատեսք քաղաք է՝ իսկական գանձ, որտեղ յուրաքանչյուրը կարող է անընդհատ նոր բաներ գտնել: Այս կարճատև զբոսանքն աննպատակ թափառում էր ընդամենը: Ամեն ոք ինքը պիտի հորինի վենետիկյան իր ճամփորդությունը, որպեսզի այս զարդաքաղաքը դարձնի իր ամենագեղեցիկ հուշերի գանձատուփը: Վենետիկին արժանին հատուցելու միակ եղանակն այստեղ կանգ առնելն է, մնալն ու նորից վերադառնալը:

Հեղինակ՝ Էսթեր Մանն
Թարգմանությունը՝ Նունե Աբրահամյանի

newmag #05

Գրել կարծիք