Վիդոկի լեգենդը. Հանցագործից մինչև հետաքննական բյուրոյի ղեկավար

Վիդոկի լեգենդը. Հանցագործից մինչև հետաքննական բյուրոյի ղեկավար

էժեն Վիդոկը 1833-ին Եվրոպայում բացեց առաջին մասնավոր դետեկտիվ գործակալությունը:

Լեգենդար Վիդոկի հիմնած ֆրանսիական «Սյուրտեից» առաջ աշխարհում խուզարկուական բյուրոներ գոյություն չեն ունեցել: Լոնդոնում 1842-ին միայն Սքոթլանդ Յարդին կից ստեղծվեց հետաքննությունների բաժին, որին իրենց օգնությունն առաջարկած մասնավոր խուզարկուներին մարմնավորում է մտացածին Շերլոք Հոլմսը: Մասնավոր խուզարկուների քանակն Անգլիայում 1895 թվականին հասավ 600-ի: Շոտլանդացի Ալան Պինկերտոնր 1850-ին Չիկագոյում բացեց խուզարկուական գործակալություն: Նրա 11 անդամները ոչ միայն բացահայտեցին հարյուրավոր հանցագործություններ, արև պահպանում էին ԱՄՆ նախագահ Լինքոլնի անվտանգությունը: Պինկերտոնի գործակալության 250 մասնաճյուղեր այսօր աշխատում են 22 երկրներում:

Ծանր մանկության լեգենդը

Ծնվել է Ֆրանսիայում, Արրասում, 1775թ. հուլիսի 23-ին, հացթուխի ընտանիքում: 10 տարեկանից գողանում էր հոր թխած բուլկիները, պատանեկան հասակում քարշ էր գալիս գինետներով` օրերն անցկացնելով թղթախաղով ու մատչելի կանանց հետ, իսկ պարտքերը մարելու համար տնից թռցնում էր ճաշի ընտանեկան արծաթե սպասքը: 16 տարեկանում նա գողացավ հոր փողերի ամբողջ պաշարը, որպեսզի փախչի Ամերիկա: Բայց Օստենդեի նավահանգստում նրան թալանեցին, և նա հայտնվեց թափառական կրկեսային խմբում, որտեղ կուլ էր տալիս հում միս ու քարեր, իսկ ազատ ժամերին կրկին տարված էր հյուրախաղերի եկած արտիստուհիներով: Նրա տանջված ծնողները թեթևացած շունչ քաշեցին, երբ որդին հայտարարեց, որ մեկնում է բանակ:

Ապաքաղաքական զինվորը

1791 թվականին, երբ եվրոպական միապետները արշավ էին սկսել հեղափոխական Ֆրանսիայի դեմ, Վիդոկը Բուրբոնյան գնդում էր: Նրա մարտական կյանքը կրկին անցնում էր գինետներում և դուելներում, բայց ճակատում խիզախորեն մարտնչում էր այն օրերին, երբ իր հանցանքների համար ձերբակալված չէր լինում: 3 անգամ դատապարտվել է գնդակահարության: 1793-ին դավաճան գեներալ Դյումուրիեի հետ անցնում է ավստրիացիների կողմը, բայց նեղանում է ավստրիացիների անտարբերությունից ու վերադառնում ֆրանսիական զորք: Եվ կրկին ողջ է մնում, թեև դավաճաններին մահապատիժ էր հասնում:

Յակոբինյան շրջանի «ասֆալտի ֆիդային»

18 տարեկանում հասցրել էր այնքան արկածներ ունենալ, որ ուրիշներն ամբողջ կյանքում չեն ունենում: Հայրենի քաղաքում մոլեգնում էր յակոբինյան ահաբեկչությունը. ամեն օր դեպի գիլյոտին էին քարշ տալիս նոր զոհերի: Վիդոկն էլ, վերցնելով Ռոաո ազգանունը, բնակություն հաստատեց Բրյուսելում, որը զավթել էին ֆրանսիացիները: Այնտեղ քաջարի բախտախնդիրը մտավ մեծ համբավ ձեռք բերած «Թափառական բանակ», սա քրեական տարրերի մի խմբավորում էր, որի անդամները, կասկածից դուրս լինելու համար, գործում էին զինվորական համազգեստով: Ներկայանալով որպես պատերազմի հերոս` Վիդոկը խելքահան արեց արդեն ոչ երիտասարդ բելգիացի մի բարոնուհու և նրանից գողացավ 15 հազար ոսկե դուկատ: Այս փողերով նա 1796-ի մարտին եկավ Փարիզ: Այստեղ 2 ամսում վատնեց իր բոլոր փողերն ու գնաց գնչուների հետ թափառելու: Լիլում շատ արագ լեզու գտավ Ֆրանսինա անունով մի գեղեցկուհու հետ, որին անհույս խանդում էր: Մի անգամ նա դաժանորեն ծեծեց աղջկա սիրեկաններից մեկին և երեք ամսով հայտնվեց բանտում: Բայց նույն Ֆրանսինայի օգնությամբ փախավ բանտից` հաջողացնելով բանտի բոլոր պահապաններին փակել իր խցում: Գտնվելով փախուստի մեջ` էժենը բազմաթիվ անուններ ու մասնագիտություններ փոխեց` ձևանալով արտիստ, հոգևորական, նույնիսկ ոստիկանության սպա: Բայց նրան, այնուամենայնիվ, բռնեցին և դատապարտեցին ութ տարվա տաժանակրության` գողությունների և փաստաթղթեր կեղծելու համար: Սակայն նա նորից հաջողացրեց մի քանի անգամ փախչել: Հանդուգն փախուստների համար նրան կոչեցին «Համարձակության արքա»: Ասում էին, թե Վիդոկը կարող է անցնել պատի միջով, չայրվել կրակի մեջ և չխեղդվել ջրում:

vidok3

Նապոլեոնյան շրջանի «ծովի ֆիդային»

Հերթական փախուստից հետո թաքնվեց Բրետանում, մաքսանենգների մոտ, որտեղ էլ ձերբակալվեց և ուղարկվեց նախ Բիսետր բանտ, ապա Տուլոնի զնդան: Կես տարի էժենը հաստ պարան էր հյուսում… Այս անգամ էլ հաջողեց փախչել և նորից հայտնվել Արրասում` ներկայանալով որպես գերմանացի: Նրա հայրն արդեն մահացել էր, եղբայրներն ու քույրերը ուրիշ քաղաքներ էին մեկնել: Էժենն օգնում էր մորը, առևտուր էր անում կրպակում: Սակայն ոստիկանությունը հետքի վրա ընկավ: Վիդոկը նորից փախուստի դիմեց, և նրան` որպես վտանգավոր հանցագործի, հեռակա կարգով դատապարտեցին մահապատժի: Բայց ճիշտ ժամանակին իշխանության եկավ Նապոլեոնը, որը սկսեց զանգվածաբար զինվորական ծառայության կանչել կամազորներին: Էժենը, ինչպես միշտ ուրիշի անունով, մտավ նավատորմ: Այդտեղից նա արագ տեղափոխվեց հայտնի ծովահեն Ժան Բարտի նավը և մասնակցեց անգլիական նավը զավթելուն: Հետո ստացավ հրետանու կապլարի աստիճան և Բուլոնում մտավ «Օլիմպիականներ» գաղտնի կազմակերպության շարքերը, որը կազմակերպվել էր մասոնական կարգի համաձայն:

Ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի

Վիդոկն իր կյանքի 4-րդ տասնամյակը դիմավորեց Փարիզում` ծիծաղելի ցածր թոշակով ու վզին նստած առաջին կնոջ ընտանիքով: Փող վաստակելու համար նա կրկին դիմեց հին արհեստին` գողացված ապրանքների առք ու վաճառքին, որը նրան կրկին հասցրեց Բիսետր: Բանտում նա մի նամակ գրեց փարիզյան ոստիկանության առաջին բաժանմունքի վարիչին` հաղորդելով, որ ոսկերիչներից մեկի վրա ավազակային հարձակում է լինելու: Թալանչիները ձերբակալվեցին: Վիդոկն ամիսներ շարունակ բանտում խցից խուց էր անցնում և նյութեր հավաքում մայրաքաղաքի հանցագործ աշխարհի մասին: Նա Բիսետրը թողեց Փարիզի քրեականների հսկա ցուցակով: 1811 թվականին ոստիկանության վարչությանը կից նրա նախագծով ստեղծվեց «Սյուրտե» («Անվտանգություն») կազմակերությունը` աշխարհում առաջին քրեական հետախուզությունը: Բրիգադի պետ նշանակվեց Վիդոկը: Բրիգադն անձամբ ինքն էր կազմավորել, հիմնականում` նախկին քրեականներից: Նրա ղեկավարությամբ աշխատող 12 նախկին հանցագործներն իրենց պետի հետ կարճ ժամանակում հասան անհավատալի հաջողությունների: Եթե հավատանք պաշտոնական գրագրությանը, մեկ տարում նա ձերբակալեց 15 մարդասպանի, տների կողոպուտով զբաղվող 120 գողի, 73 գրպանահատի, գողացված ապրանքի 38 գնորդի, 227 թափառաշրջիկի, բացահայտեց 811 հանցագործություն և կանխարգելեց մոտ հարյուրը: Վիդոկը հիանալի գիտեր իր «խնամարկյալներին», առանց որևէ քարտարանի, միայն փայլուն հիշողության շնորհիվ հազարավոր հանցագործների դեմքեր ու անուններ էր մտապահում: Նրա` արդեն նախկին «գործընկերները» նրան մահվան էին հեռակա դատապարտել, բայց նա հայտնվում էր ամենախուլ հետնախորշերում ու որջերում` փոխելով իր արտաքինը: Նրան ամենուրեք վստահում էին, որովհետև հիանալի էր տիրապետում գողական ժարգոնին: Երբեմն հենց ինքն էր կազմակերպում շատ հանցագործություններ` դրանց մասնակիցներին հանձնելով ոստիկանության ձեռքը: 18 տարվա ընթացքում նրա հուշարարությամբ ձերբակալվեց 17 հագար մարդ, որոնցից ավելի քան 400-ին ուղարկեցին գիլյոտինի:

«Սպիտակ ձեռնոցներով» աշխատելու ավանդույթը

Ոստիկանները չսիրեցին Վիդոկին. կասկածում էին, որ նա միայն «մանրապճեղներին» է հասցնում ոստիկանատուն, իսկ հանցագործ «գեներալներին» կաշառքով ազատ է արձակում: Ասում էին, նրա ենթականներն իրենք են զբաղվում գրպանահատությամբ ու գողություններով: Եվ նա իր բրիգադին սպիտակ ձեռնոցներ հագցրեց, որի պատճառով անհնար է գրպան կտրել (ֆրանսիական «Սյուրտեի» աշխատակիցները մինչև օրս սպիտակ ձեռնոցներ են կրում` ի նշան համազգեստի անաղարտության): Վիդոկն իր մարդկանցով մտնում էր ոչ միայն գողական «մալինաներ» (որջեր), այլև ազնվականների պալատները: Լուվրում նա ձերբակալեց կոմս դո Ռուսսիլյոնին, որը գրպաններն էր խոթել գողացած թանկարժեք քարեր: Նախկին դատապարտյալը մեծ ճանաչում ձեռք բերեց, և Լյուդովիկոս 18-րդ արքան, որն իշխանության եկավ Նապոլեոնի գահընկեցությունից հետո, անձամբ ներում շնորհեց նրան ու չեղյալ հայտարարեց նախկին դատավճիռը: Բավական միջոցներ վաստակելով` Վիդոկը 1820-ին ամուսնացավ երիտասարդ այրի Ժաննա-Վիկտուար Գերենի հետ, որը չորս տարի անց մահացավ Ֆրանսիայում մոլեգնող տուբերկուլյոզից: Բայց երկրում քաղաքական կյանքն էլ էր եռում, ու 1827-ին ոստիկանության պրեֆեկտ (նախարար) նշանակվեց Դելավոն. նա անմիջապես չսիրեց Վիդոկին: 52-ամյա լեգենդը հարկադրված էր պաշտոնաթողության դիմում գրել:

vidok

Մեծ ավազակից մինչև մեծ գրող

1830 թվականին էժենն ամուսնացավ իր զարմուհու` Ֆլերիդ-Ալբերտին Մանյեյի հետ, որն իրենից 18 տարի փոքր էր: Վիդոկին թոշակ չէին նշանակել, ուստի շքեղ կյանքին սովոր խուզարկուին շուտով փող պետք եկավ: Հրատարակիչ Տենոնը նրան առաջարկեց հուշեր գրել և շռայլ կանխավճար տվեց` 34 հազար ֆրանկ: Արդեն մի քանի ամիս անց տպագրվեց «Վիդոկի գրառումները» քառահատորի առաջին գիրքը, որն աղմկալից հաջողություն ունեցավ: Այս գիրքը համաշխարհային բեսթ-սելերի առաջին օրինակներից մեկը դարձավ: 30 հազար տպաքանակով լույս տեսած գիրքը մի քանի տարվա ընթացքում թարգմանվեց 8 լեզվով: Դեռ մանուկ հասակից ոչ մի տող չգրած Վիդոկը, պարզվեց, անչափ կենդանի, պատկերավոր լեզու ու եզակի հումոր ունի: Նրա գիրքն անչափ հետաքրքիր պատմությունների մի շարան էր, որոնցից ամեն մեկը մի ողջ վեպի սյուժե կարող էր դառնալ: Հետագայում նրա գրչի տակից դուրս եկան տասից ավելի գրքեր: Դրանց թվում էին «Գողեր» փաստագրական ուսումնասիրությունը, մասնագետների համար անչափ բարձրարժեք «Գողական խոսվածքի (արգոյի) բառարանը, «Փարիզի իսկական գաղտնիքները» վեպը: Նա ստեղծել է նաև «Մի քանի խոսք հեղինակի մասին» տրակտատը, որում գրող-գործակալը հանցագործության դեմ պայքարի իր մեթոդներն է առաջարկում` ներառելով «աշխատանքի միջոցով վերադաստիարակությունը» և դատապարտյալների կյանքի պայմանները մարդկային դարձնելը:

«Թռչող ջոկատները» «փրկեցին գահը»

Վիդոկը Փարիզին մերձակա Սեն-Մանդե փոքրիկ քաղաքում բացեց թղթի ֆաբրիկա, որտեղ աշխատում էին նախկին բանտարկյալներ: Բայց 1832-ին այս էքսպերիմենտն ավարտվեց: Փարիզում բռնկվեց հանրապետական ապստամբությունը, և Վիդոկին նորից հրավիրեցին «Սյուրտե», որպեսզի գլխավորի վարձկանների դեմ պայքարը: Նա ստեղծեց «թռչող ջոկատներ», որոնք հաջողությամբ անցնում էին խռովարարների թիկունքը գաղտնի ուղիներով, որոնք հայտնի էին միայն իրեն` Վիդոկին: Ապստամբությունը ճնշվեց, և նախկին կալանավորն արժանացավ Լուի Ֆիլիպ թագավորի շնորհակալությանը: Թագավորը նրան անվանեց «գահի փրկիչ»: Բայց նրա թշնամիները չէին խաղաղվում: Արդեն սեպտեմբերին Վիդոկը կրկին կանգնեց դատարանի առջև: Նրան մեղադրում էին այն բանի համար, որ նա գողական ավազակախմբերը հրահրում էր հանցագործության: Բայց Վիդոկը նորից խույս տվեց արդարադատությունից:

Ինչու Վիդոկը մարշալ չդարձավ

Աներեր էժեն Ֆրանսուա Վիդոկը 1833 թվականին բացեց սեփական հետաքննությունների բյուրոն՝ Ֆրանսիայում (նաև ողջ Եվրոպայում) առաջին մասնավոր դետեկտիվ գործակալությունը: Այն զբաղվում էր ոչ միայն հանցագործների որոնելով, այլև, այսպես ասած, քոնսալթինգով. այստեղ ընդամենը 2 ֆրանկով գործարարները տեղեկություններ էին ստանում իրենց գործընկերների մասին, որպեսզի որոշեն նրանց ազնվության աստիճանը: Վիդոկի այցելուների թիվը մեկ տարվա ընթացքում հասավ 4 հազարի, գործարար ոլորտներում շատ պատկառելի արժեք ուներ Վիդոկի բյուրոյի տված տեղեկանքը: Բայց ոստիկանությունում նստած չարակամները չէին խաղաղվում, այժմ արդեն «Խուզարկուների արքայի» դեմ մեղադրանք մեղադրանքի հետևից էին ներկայացնում: Սկզբում նրանք խուզարկություն կատարեցին նրա գրասենյակում և առգրավեցին մի քանի հազար գործ: Վիդոկը չվհատվեց, բացառիկ հիշողությունը նրան օգնեց մտապահել ամենակարևոր տեղեկություններն ու փաստերը: Հետո նրան կրկին փորձեցին դատի տալ, բայց իշխանությունը հերթական անգամ փոխվեց` միապետությունը դարձավ հանրապետություն, իսկ ապա գահին հայտնվեց Նապոլեոն Երրորդը: Այս ամբողջ խառնաշփոթի ու քաոսի մեջ նրան էլի մոռացան: Վիդոկի այցելուների թիվը տարեցտարի աճում էր, բյուրոն իր մասնաճյուղերը բացեց գավառներում: Այժմ քրեական ու տնտեսական հանցագործություններ բացահայտելու հետ միաժամանակ այն զբաղվում էր նաև ամուսնական անհավատարմություններ ապացուցելով: Էժենն այս ոլորտում հարուստ փորձ ուներ: Նա ջանասիրաբար աշխատեց մինչև մահ, որը վրա հասավ 1857 թվականի մայիսի 11-ին: 82-ամյա «Համարձակության արքան» ժառանգներ չուներ, և հսկա ունեցվածքը, որին տիրանալու համար քափ ու քրտինք մտած պայքարում էին նրա արտամուսնական կապերից ծնված երկու-երեք որդիները, բաժին հասավ իր գործակալությանը` խուգարկության բյուրոյին: Մահից առաջ Վիդոկը ցավով ասաց.

Ես կարող էի մարշալ դառնալ, եթե այդքան չսիրեի փող ու կանանց:

Հեղինակ` Սերգեյ Գալոյան
Պատկերազարդումը` Վիդոկի «Քրեական աշխարհ» գրքից (Փարիզ, 1845)
newmag #04

Գրել կարծիք