Յակուձա` Լոտոսի արնածաղիկ. Կաձուո Տաոկայի մահն ու հուղարկավորությունը

Յակուձա` Լոտոսի արնածաղիկ. Կաձուո Տաոկայի մահն ու հուղարկավորությունը

Յա-8, կու-9, ձա-3. գումարը ստացվում է քսան, որն ամենավատ թիվն է ճապոնական թղթախաղում:

Թաղման արարողությունն ավելի բազմամարդ կլիներ, եթե հուղարկավորությունից երկու օր առաջ 9.300 ոստիկաններ շրջափակումների ու ձերբակալությունների չդիմեին ամբողջ երկրում ցանց կազմած 1.332 ավազակաորջերում: Հանցագործության պահին կամ հիմնարար փաստերի ճնշման տակ ձերբակալվեցին 126 ավազակախմբերի 870 ղեկավարներ` թմրանյութեր վաճառողներ, խաղատների և ընդհատակյա հասարակաց տների տերեր, շորթողներ, ահաբեկիչներ: 130 յակուձաներ կարողացան թաքնվել: Նրանց նկատմամբ համաճապոնական հետախուզում հայտարարվեց:

1981 թվականի հոկտեմբերի 25-ին` հուղարկավորության օրը, Կոբեն պատերազմական տարիների քաղաք էր հիշեցնում: Փողոցներում հերթապահում էին զրահապատ, հսկա մեքենաներ: Արգելափակոցների մոտ շարված ոստիկաններն ուշադիր հետևում էին բոլոր անցորդներին: Գլխավոր խաչմերուկներում ջրցան մեքենաներ էին կանգնած, որոնք տանկերի էին նմանվում: Դրանց մոտ ոստիկանական ջոկատներ էին դիրքավորվել: Օրինականության պահապաններն ավելի շատ նմանվում էին դեսանտայինների` վահաններով, սաղավարտներով ու մահակներով զինված: Նրանք պատրաստ էին դիմագրավել «թշնամուն»:

Իսկ «թշնամին» քաղաք էր լցվում վաղ առավոտից: «Սինկանսեն» կոչվող արագընթաց երկաթուղագծի գնացքներից ու ավտոբուսներից 30-50 մարդու հասնող խմբերով իջնում էին սև կոստյումներով, փայլեցված, սև կոշիկներով և մուգ ակնոցներով յակուձաները: Նրանք ժամանում էին սև ավտոմեքենաներով, որոնք միայն ամերիկյան էին: Բոլոր ժամանողները սև մազերով ու կարճ կտրվածքով էին. սա երկվորյակ եղբայրների տպավորություն էր թողնում: Սակայն օրինապահներն անմիջապես ճանաչում էին քրեական աշխարհի` տարիներ շարունակ հետախուզվող բոսսերին:

– Ժամանեց Հիրոսի Կիմուրան` «Կիմուրա գումի» ղեկավարը,և հաղորդեց երկաթուղային կայարանի ելքի մոտ կանգնած ոստիկանը, որը քաղաքացիական հագուստով էր:

– Եկավ Իտիո Հիրանոն,և զեկուցեց մյուսը և լրացրեց, և Հիմեձի քաղաքում ապրողը: Այո’, այո’, «Տակենակա գումի» խմբավորումից:

– Կունիձիրո Սուձուկի, «Սուձուկունի գումի» խմբավորման բոսսը, – հաղորդեց երրորդ գործակալը, որը բնավ էլ չէր թաքցնում պիջակի տակ ամրացված հաղորդիչը: Կունիձիրո Սուձուկին, ի նշան ողջույնի, թփթփացրեց ոստիկանական գործակալի ուսին:

Ճապոնական ավանդույթի համաձայն` հանգուցյալ Տաոկայի հարազատները հրավեր էին ուղարկել բազմաթիվ մարդկանց: Հրավիրատոմսերում, սակայն, անսովոր մի ձևակերպում կար. թաղման արարողությանը ներկայանալ ոչ ավելի, քան երկու թիկնապահով: Եվ երկու հազար խմբավորման ղեկավարները, որոնց ուղեկցում էին ավելի քան երեք հազար թիկնեղ թիկնապահներ, ուղղվեցին դեպի Կոբեի ազնվական թաղամաս. Կաձուո Տաոկայի առանձնատունն այստեղ հսկայական տարածք էր զբաղեցնում: Առանձնատան մուտքը զարդարում էր սև սարդի պատկերով («Յամագուտի գումիի» իսորհրդանշանը) հսկա ճերմակ մի պաստառ: Թփերով ու ծառերի ճյուղերով ագուցված մուտքի վրա հիերոգլիֆները ցուցանում էին. «Յամագուտի գումիի» երրորդ բոսսի հուղարկավորություն»: Հազարից ավելի սաղավարտավոր ու վահանակիր ոստիկաններ ուս-ուսի շարված էին առանձնատան շուրջ: Նրանց դեմ-դիմաց կանգնած էին սև կոստյումներով ու մուգ ակնոցներով մարդիկ` «Յամագուտի գումիի» անդամները: Նրանց կեցվածքն ու հայացքը պարզորոշ հուշում էին, որ ոստիկաններին չի հաջողվի մտնել այգի, որտեղ փակցված էր հանգուցյալի հսկա նկարը:

Փողոցի սկզբում ոստիկանական պահակակետ էր կանգնած: Յակուձաները սովորական շարժումով վեր էին բարձրացնում ձեռքերը, ոստիկանները ոտքից-գլուխ խուզարկում էին նրանց: Փնտրում էին զենք և, չգիտես ինչու, փող: Նախազգուշությունը պատահական չէր. ճապոնական քրեական ընդհատակը ներքին հզոր բախումների մեջ էր: Հակամարտող խմբավորման անդամներից մեկի ձեռքով Տաոկայի պարանոցին արձակված գնդակն արագացրեց ճապոնական մաֆիայի «կնքահոր» վախճանը: Հուղարկավորության առիթով գանգստերների հայտարարած խաղաղությունը հուսալի չէր թվում ոստիկանությանը: Եթե հանկարծ թաղման արարողության ժամանակ գոնե մեկ կրակոց հնչեր, ոստիկանությունը կընկներ մամուլի «զանգվածային կրակի» տակ:

Ճապոնիայում սովորություն կա գումար տալ հանգուցյալի ընտանիքին: Դա արվում է հատկապես հուղարկավորության ժամանակ: Անիմաստ կլիներ մտածել բանկային փոխանցումների մասին, որովհետև այդ դեպքում յակուձան պետք է պետական հարկ մուծեր: Ոստիկանության համար գումար բռնագրավելը նույնքան կարևոր էր, որքան գանգստերներին զինաթափելը: Բոսսի վախճանն անպայման ենթադրում էր «Յամագուտի գումիի» եկամուտների կտրուկ անկում, արդարացիորեն մտածում էր ոստիկանությունը: Իսկ առանց եկամուտների, հասկանալի է, անհնար կլիներ պահպանել մաքսանենգության ու թմրանյութերի գաղտնի առևտրի, ընդհատակյա բուքմեյքերների, խաղատների ու հասարակաց տների, ահաբեկիչների, շորթողների և մարդասպանների լայն ցանցը: Հետևապես, քրեական սինդիկատն առանց փողի փուլ կգար, որին էլ Երկրորդ համաշխարհայինից հետո ընկած ողջ ժամանակաընթացքում ձգտում էր ոստիկանությունը: Գոնե այսպես էր ներկայացվում հասարակությանը: Սակայն ոստիկանությունը որքան էլ ուշադիր ու խնամքով տնտղեց հուղարկավորության մասնակիցների գրպանները, այդուամենայնիվ հուղարկավորության ժամանակ «Յամագուտի գումին» հավաքեց 250 միլիոն իեն: Նվիրատվությունները 300 հազարից մինչև 20 միլիոն իեն էին (20 միլիոն իենը 30-35 սմ հաստությամբ տրցակ է):

jakudza

Ինչո՞վ է առանձնահատուկ Կաձուո Տաոկան, որի հուղարկավորությունն իր շքեղությամբ չզիջեց Ճապոնիայի վարչապետի թաղմանը:

Երկու սպանություն, յոթ մահափորձ, ոստիկանական տեղամաս տարվելու 168 դեպք, իննը տարվա բանտարկություն: Սրանք տվյալներ են Տաոկայի դեմ հարուցված քառասունվեցհատորանոց քրեական գործից: Ճապոնական հեղինակավոր «Ով ով է» տեղեկատուն հատուկ տեղ է հատկացրել երկրի 35 պրեֆեկտուրաներում գործող, 11.800 յակուձա ունեցող 559 հանցագործ խմբավորումների սինդիկատի ղեկավարին: Ըստ սոսկ պաշտոնական տեղեկատվության` «Յամագուտի գումիի» տարեկան եկամուտը հասնում էր 102 միլիարդ իենի: Բայց սա միայն պաշտոնական վիճակագրությունն է:

«Յամագուտի զումին» ուներ մամուլի հետ կապերի պատասխանատու: Հուղարկավորության ժամանակ հենց նրա հետ էլ զրուցեց ռուս ժուռնալիստ Վլադիմիր Ցվետովը.

– Ճապոնական հասարակության համար ո՞վ է Կաձուո Տաոկան:

– Անհնար է Ճապոնիայի բնությունը պատկերացնել առանց Ֆուձիյամա սարի, ճապոնական մշակույթն` առանց իկեբանայի, Ճապոնիայի արդյունաբերությունն` առանց էլեկտրոնիկայի: Այդպես էլ հնարավոր չէ ճապոնական հասարակությունը պատկերացնել առանց Կաձուո Տաոկայի:

Սինդե մորաիմասու. Ձեզ խնդրում եմ մեռնել

Եթե ցանկանում ես երջանիկ լինել, արի էդո:

Ինչպես և ամեն մի թևավոր խոսք, սա էլ է ծնվել կյանքի ճանաչողությունից: Հազարավոր գյուղացիներ, արհեստավորներ, սամուրայներ, որոնց տերերն ունեզրկվել էին ու այլևս չէին կարող զինված պահակախմբեր պահել, 17-րդ դարում ձգտում էին դեպի էդո (այդ ժամանակ այդպես էր կոչվում Տոկիոն): «Երջանիկ» բառի միակ ընկալումը հարստությունն էր: Արագ զարգացող էդոն ընչազուրկ գյուղացիներին և սամուրայներին հնարավորություն էր տալիս ապրուստի միջոց վաստակել, իսկ առավել հաջողակներին` հարստանալ: Գյուղացիներն ապավինում էին իրենց բազուկներին: Սամուրայները, որոնց դեռևս ամբողջովին չէին ապականել իշխանական պալատների գինարբուքները, նախընտրում էին գիտությունները և օտար լեզուները: Սակայն զինվորականների մեջ գտնվեցին նաև մարդիկ, ովքեր գլխի ընկան, որ կարելի է ապրել ոչ միայն սեփական խելքով, այլև ուրիշների հիմարության հաշվին: Բանձույին Թյոբեյը դրանցից էր:

Ունակ չլինելով յուրացնել անգամ մեկ տառ և առաջին հերթին` օրենքի տառը` Թյոբեյը խաղաորջ բացեց և շատ արագ հարստության տեր դարձավ: Նա դարձավ Ճապոնիայի պատմության մեջ առաջին յակուձան: Բայց ի՞նչ է նշանակում յակուձա: Յա-8, կու-9, ձա-3. գումարը ստացվում է քսան, որն ամենավատ թիվն է ճապոնական թղթախաղում: Էդոյում արագորեն փառքի արժանացած Թյոբեյին առաջարկեցին քաղաքի և արվարձանների ճանապարհները կարգի բերելու, էդոյի ամրոցի քարե պատերը նորոգելու համար բանվորներ վարձել: Բայց քանի որ Թյոբեյն այս ասպարեզում որևէ ունակություն չուներ, կրկին դիմեց խաղաթղթերի օգնությանը: Թղթախաղի ժամանակ նրան պարտվածները պետք է աշխատեին շինարարությունում և մարեին պարտքն ու դրա տոկոսները: Այսպիսով, յակուձան ևս մեկ «արտադրական» ուղղվածություն ձեռք բերեց` բանվորների վարձակալությունը:

Պարտադիր աշխատանքը մոլախաղերի, բուքմեյքերության հետ դարձավ ու մինչև օրս էլ մնում է ճապոնական հանցագործ ընդհատակի բիզնեսի մի մասը: Պատմությունը գրառումներ է պահպանել ճապոնական գանգստերական պատերազմի մասին: Այն ծագեց 19-րդ դարի կեսին: Պատճառը նույնն էր, ինչ մերօրյա Հայաստանում, տարածքների վերաբաժանում և վարձու բանվորների ձեռքբերում: Սիմիձու քաղաքի ավազակախումբը գլխավորում էր Ձիրոտյոն: Նա գլխատեց հարևան պրեֆեկտուրայի մրցակից խմբի անդամներին: Ոմանք այն կարծիքին են, որ հենց Ձիրոտյոն է սկզբնավորել մարդակերության «փիլիսոփայական» դրույթը:

Ատրճանակը սառն է: Այն միայն մեխանիզմ է, որը մարդկային բնույթի հետ կապ չունի, և հավաստում են Ձիրոտյոյի հետևորդները: Իսկ սուրը մարդու ձեռքի, մարդկային մարմնի շարունակությունն է: Ես կարող եմ թշնամուն փոխանցել իմ ողջ ատելությունը այն ժամանակ, երբ իմ սուրը մխրճվում է նրա մարմինը: Երբ իմ ձեռք-սուրը թափանցում է թշնամուս մարմնի մեջ և այստեղ յակուձան, էքստազի մեջ ընկնելով, խոնարհում է կոպերը, և ես զգում եմ, որ չկա առավել հաճելի բան, քան մրմնջալը. «Սինդե մորաիմասու» («Ձեզ խնդրում եմ մեռնել»):

Սպանությունների ռոմանտիկա

Ավելի քան 300 տարվա պատմություն ունեցող ճապոնական կազմակերպված հանցագործունեությունն այնպիսի արդյունքների է հասել, որին կարող են նախանձել ամերիկյան և սիցիլիական մաֆիաները: Ընդհատակյա սինդիկատների տարեկան շահույթն աննշան չափով է զիջում, ասենք, «Տոյոտա» կոնցեռնի շահույթին: Այս գերշահույթը մարդկանց ստիպում է հավատալ յակուձաների անսահմանափակ իշխանությանը:

Ձիրոտյոյի մասին այսպիսի մի պատմություն կա: Սիմիձու քաղաքի յակուձան իր օգնական Իսիմացուին հրամայեց Կոմպիրի տաճարում զոհ մատուցել:

– Ինչո՞ւ գնալ այդքան հեռու,- զարմացավ Իսիմացուն:
– Չէ՞ որ մինչև տաճար չորս շաբաթվա ճանապարհ է:
– Մի՞թե դու մոռացել ես,- զայրացավ Ձիրոտյոն,- որ ուղիղ յոթ տարի առաջ մենք մեր սրերը խաչեցինք Դայգաև Սակուրոբեյի ու Հագետա Կյուրոկուի սրերին և Նագոյայի ամրոցի տանիքից գողացանք ոսկե դելֆինները: Այդ հաջողությանը հասանք, որովհետև աղոթել էինք Կոմպիրի տաճարում: Եվ մի՞թե մենք շնորհակալ չենք լինելու աստվածներին, որոնք մեզ հաջողություն ապահովեցին: Ես արյունից մաքրել եմ իմ սուրը: Այն տաճար տար 50 մետաղադրամի հետ` որպես ընծա:

Իսիմացուն ուղևորվեց Սիկոկու: Վերադառնալով հայտնեց, որ տաճարը վերցրել է 50 մետաղադրամը և օրհնել սուրը:
Այս «հեքիաթի» հեղինակները խախտել են քրեական կոդեքսի մի քանի հոդված: Արտահայտվելով ոստիկանական եզրադրույթներով` կարելի է ասել, որ Ձիրոտյոյի հաշվին գրանցվել է երկու սպանություն և հատկապես խոշոր չափերի մի կողոպուտ: Դատարանը կարող էր տաճարին մեղադրանք առաջադրել սպանությունն ու կողոպուտը հրահրելու համար: Բայց տաճարի սրբությունը կասկածի տակ առնել չի կարելի: Ի վերջո, Ձիրոտյոն պարզապես «գիրիի» մեջ է եղել, այսինքն` իր պարտքն է համարել շնորհակալություն հայտնել իր հովանավորին:

Ոստիկանության ազգային վարչությունն ունի այս փաստաթղթի անսպասելի բացատրությունը.

– Ճապոնիայում գանգստերները հասարակության մյուս շերտերից ռոմանտիկ են: Եվ բնական է, որ նրանք կուռքեր են դառնում,- ասում են ոստիկանական ուսումնասիրողները:
– Գանգստերներն ու ավազակները ներկայացվում են Ռոբին Հուդի հետևորդներ, ովքեր միմյանց հետ կապված են ամուր կապերով և ձգտում են վնաս չպատճառել անմեղ մարդկանց, ավելին` փորձում են նրանց օգնել: Այսպիսի կերպարի ձևավորումև սկսվեց դեռ ֆեոդալիզմի դարաշրջանում: Այսօր «բարի» հանցագործի լեգենդն առաջնակարգ է դարձել ամեն տարի էկրան բարձրացող հարյուրավոր կինոֆիլմերում:

Ոստիկանության տեսաբանները կարող են ավելացնել, որ ֆիլմերի մեծ մասը ստեղծվում է յակուձայի փողերով: Իրենց անմեղության լուսապսակը ցանկանում են անխաթար պահել հատկապես իրենք` ավազակները: «Յամագուտի գումի» սինդիկատի բոսսի որդին` Միցուրու Տաոկան, բազմիցս հանդիմանել է լրագրողներին.

– «Յակուձա» բառը լսելիս անմիջապես պատկերացնում եք ամերիկյան մաֆիան, որի համար կարևոր են հանցագործությունն ու փողը: Բայց չի կարելի յակուձան նույնացնել մաֆիայի հետ: Մեր յակուձաները փառավոր ավանդույթներ ունեն և միշտ էլ օգնել են իրենց համաքաղաքացիներին:

Ասուլիսներից մեկի ժամանակ ղեկավարներից մեկը հայտարարեց. «Մենք լոտոսի ծաղիկներ ենք կեղտոտ ճահճում: Մենք մեր կյանքի գնով ենք պահպանում կյանքի կոդեքսը»: Ասուլիսին ներկա լրագրողներն, անշուշտ, ուրախության արցունքներ չթափեցին, որովհետև այդ ժամանակ մամուլն ու հեռուստատեսությունը եռում էր «Սինկո կայ» խմբավորմանը պատկանող երկու յակուձայի` Տադասի Սեկիմոտոյի և Իսաո Կուբոյի քրեական գործերի պատճառով:

«Սինկո կայի» բոսս Սեկիմոտոն իր կնոջ` Նոբուկոյի կյանքն ապահովագրել էր 300 միլիոն իեն գումարով, իսկ հետո Կուբոյի և ավազակախմբի վարորդի հետ պայմանավորվել էր սպանել իր կնոջը: Ապահովագրական գումարը պետք է բաժանվեր երեքի միջև. 240 միլիոն հասնելու էր Սեկիմոտոյին, 30-ական միլիոն` Կուբոյին և վարորդին: Կուբոն երեկույթ կազմակերպեց արվարձանային ռեստորանում: Սեկիմոտոն կնոջն առաջարկեց մեկնել քաղաք ու զոքանչին հրավիրել ընթրիքի: Վարորդը Նոբուկոյին տարավ լիճը շրջապատող ամբարտակի վրայով, որի մոտակայքում էր ռեստորանը և, սպանության պլանի համաձայն, մեքենան մեծ արագության տակ գցեց ամբարտակից: Ինչպես նախապես կարծում էին մարդասպանները, վարորդը պետք է դուրս գար սուզված մեքենայից, իսկ Նոբուկոն պետք է մնար ջրի տակ ու խեղդվեր: Բայց ոչ վարորդը, ոչ Նոբուկան չփրկվեցին: Սեկիմոտոն ստացավ միլիոն իեն` գումարած վարորդին հասանելիք 30 միլիոն իենը:

jakudza2

 

Ներմուծվում են ստրկուհիներ

Ոտքից գլուխ ներկված ու քսմսված աղջիկը հանվում էր անշտապ: Դահլիճից հասնող հարբած ձայները շտապեցնում էին նրան, առավել անհամբեր հանդիսականները մոտենում էին բաց բեմին` ցանկանալով ճանկել աղջկա ոտքը: Նա չարությամբ պոկվում էր համառորեն ձգվող ձեռքերից և հոգնած հայացք էր նետում դեպի դահլիճ: Ոչ ոք չէր հասկանում, թե աղջիկն ինչ էր ասում, դահլիճում վիսայա լեզվի մասնագետ չկար: Աղջիկը հազիվ տասնյոթ տարեկան լիներ: Ճապոնական օրենքի համաձայն` երեք տարի հետո միայն նա չափահաս կդառնար: Ի դեպ, աղջկա տարիքը և անունը պարզելը շատ դժվար էր. նրան Ֆիլիպիններից Ճապոնիա էին բերել կեղծ փաստաթղթերով:

Գավառական, չափի բոլոր զգացումները խախտած ազդագիրը հայտարարում էր, որ ողջ Կանսայ շրջանում չկա այնպիսի բաց սթրիփթիզ, ինչպիսին այստեղ է: Սակայն լեռների մեջ կորած-մոլորած այս քաղաքի բնակիչներն առանց որևէ հետաքրքրության նայում էին անբնական վարդագույն մարմիններ պատկերող հայտագրին ու անցնում էին անտարբեր: Ամեն դեպքում տասը-տասնհինգ մարդ իր թախիծն էր ցրում այստեղ…

Կարճ ժամանակ անց թերթերն ու հեռուստատեսությունը հասարակության սեփականությունն են դարձնելու այս դեռատի ֆիլիպինուհու կյանքը:

Աղջիկը գյուղից Մանիլա էր եկել աշխատանք գտնելու հույսով: Տանը` Մինդանաո կղզում, մնացել էին հայրն ու մայրը, որոնք չէին կարողանում կերակրել չորս աղջիկներին ու որդուն: Ավագ աղջիկը ստիպված ուղևորվում է Մանիլա: Մեկ շաբաթ անց վերջանում են փողերը, որ ծնողներն էին տվել աղջկան: Բայց աշխատանք նա այդպես էլ չի գտնում: Վերջապես բախտը ժպտում է. նրան աշխատանքի են վերցնում սրճարանում` որպես մատուցողուհու:

Մի անգամ սրճարանի հաճախորդներից մեկը` գեղեցկատես և ճաշակով հագնված մի տղամարդ, աղջկան ասաց. «Ինչո՞ւ չես գնում Ճապոնիա: Հիանալի մարմին ունես: Գուցե լավ պարուհի դառնաս»: Աղջկա սիրտն սկսեց արագ բաբախել: Ահա և հաջողությունը, ահա և կուշտ կյանքը, ահա տանիք ունենալու շանսը… Այդ ժամանակ աղջիկը միայն տասնվեց տարեկան էր: Իսկ երբ նոր ծանոթը Տոկիո թռչող օդանավի տոմս բերեց, աղջիկը պարզապես փայլեց երջանկությունից: Օդանավում աղջիկը մենակ չէր: Եվս մեկ երիտասարդ ֆիլիպինուհի էր մեկնում սրճարանի այցելուի հետ: Հետագայում աղջիկը թերթերից կիմանա, որ այդ տղամարդուն կոչում են էմանուել Կրուզ: Տոկիոյի Նարիտա օդակայանում նրանց դիմավորեց տարեց մի ճապոնուհի և անմիջապես վերցրեց աղջիկների անձնագրերը: Տոկիոյի «Ինագավա կայ» պարային ստուդիայի աշխատակցուհին լավ էր հասկանում «ապրանքից» և ճիշտ գնահատեց «նոր նմուշները»:

Ստուդիայի գրասենյակում աղջկան ասացին, որ կուսուցանեն պարեր: Ամեն օր նա ստանալու է հազար իեն: Ուսման վարձը, ինչպես նաև օդանավի տոմսի արժեքը կվերադարձնի ստանալիք հոնորարներից: Նրան խորհուրդ տվեցին փողոց դուրս չգալ: Նա որևէ փաստաթուղթ չուներ, ուստի ոստիկանությունը նրան հապշտապ դուրս կաներ երկրից, որովհետև արտասահմանցիներին չի թույլատրվում աշխատել Ճապոնիայում: Աղջիկն անգլերեն չէր խոսում, դա ևu մեծ թերություն էր: Ամեն դեպքում, արգելող շատ բան կար, և նա կարող էր լավագույն դեպքում բանտ ընկնել:

Ու այսպես, ևս մեկ հարկադրյալ պոռնկուհի հայտվեց Տոկիոյում: Ճապոնական թերթերն այս դժբախտ աղջկա պատմությունն ավարտեցին վիճակագրական տվյալներով: Միայն 2005 թվականին ասիական երկրներից Ճապոնիա է բերվել 16.447 կին, որից 12 հազարը` Ֆիլիպիններից, 2.300-ը` Հարավային Կորեայից, 1.700-ը` Թայվանից: Ոստիկանությունը շատ լավ գիտե, որ այս աղջիկների բացարձակ մեծամասնությունը զբաղվում է մարմնավաճառությամբ, սակայն կարողացել է երկրից վտարել միայն 319-ին: Ինչո՞ւ է այսպիսի լիբերալիզմ ցուցաբերում ճապոնական ոստիկանությունը: Միայն մեկ պատճառ կա. ճապոնական մաֆիան «կենդանի ապրանքի» առևտրից հսկայական գումարներ է ստանում և մասնաբաժին է հատկացնում ոստիկաններին:

Գանգստերի փխրուն հոգին

Կաձուո Տաոկայի հուղարկավորությունը կատարվեց երկու անգամ: Նախ` բարձր հասարակության շրջանակում: Երկրորդ անգամ հուղարկավորությունը կազմակերպեցին գանգստերները: Չէ՞ որ Տաոկայի բիզնեսն էլ երկակի էր` բացահայտ և անլեգալ:

Առաջին հուղարկավորությանը Կոբե քաղաքի և Կանսայ շրջանի գործարար ներկայացուցիչների հետ ներկա էին ճապոնական կինոյի և էստրադայի աստղերը` Հիբարի Միսորան, Բունտա Սուգավարան, Սինտարո Կացուն, Նիձիկո Կիժոկավան… Ծաղկեպսակների վրա գրված անունները կարող էին զարդարել ցանկացած ընտիր համերգի ծրագիր: Բոլոր արտիստների անունից ցավակցություն հայտնեց երգչուհի Հիբարի Միսորան. նա բոլորից շատ էր օգտվել Տաոկայի ուշադրությունից, և ինքն էլ օգնել էր յակուձային:

Հիբարի Միսորայի և յակուձայի կապերը չեն սահմանափակվել միայն «Յամագուտի գումի» սինդիկատին մշտական մուծումներով: Միսորայի եղբայրը Տակոայի ձեռքից ընդունել է սակեի (ճապոնական օղու) բաժակը, որը նշանակում է անդամագրում այդ կազմակերպությանը: Միսորան Կաձուո Տաոկայի օգնությամբ հասավ աստվածային բարձունքների: Եվ հասկանալի է, որ երգչուհին այժմ կորցրեց իր լավագույն բարեկամին:

Հավանաբար անկեղծ էր նաև Բունտա Սուգավարայի վիշտը: Նրա համերգների տոմսերը շատ հաճախ իրացնում էին «Յամագուտի գումիի» յակուձաները: Օսակայում մի անգամ նրանք վաճառեցին Սուգավարայի համերգի 1.300 տոմս` հավաքելով 3 միլիոն իեն գումար: Թերթերը գրեցին նրա «անշլագի» մասին. Սուգավարային այս դեպքում ավելի հետաքրքրում էր գովազդը, քան փողը:

Բացառված չէ, որ Տաոկայի մահը մեծ վիշտ էր պատճառել կինոարտիստ Կեն Տակակուրային. նա տասնյակ ֆիլմերում ստեղծել էր յակուձայի խորհրդավոր, մարդու բարոյական անկումից վշտացող մարդասպանի կերպարներ: Մի անգամ ոստիկանությունը փորձեց արգելել ֆիլմերից մեկի ցուցադրությունը: Այդ ֆիլմը գովերգում էր հատկապես հանցագործ աշխարհի բարքերը: Գլխավոր դերում նկարահանվել էր Տակակուրան: Արտիստն անհանգստացավ, սակայն Տաոկան հանգստացրեց նրան: Չէ՞ որ հսկայական գումար էր ծախսվել ֆիլմի նկարահանման համար: Բացի այդ, ֆիլմի պրոդյուսերը Տաոկայի որդին էր` Միցուրուն: Ֆիլմն, իհարկե, դուրս եկավ էկրան:

Կինոարտիստ Կոձի Ցուրուտան առաջին անգամ նկարահանվեց «Յակուձան և նրա երամը» ֆիլմում, որը հիացրեց Տաոկային: Գանգստերին հատկապես հուզեց գլխավոր հերոսը, որի դերում հանդես էր գալիս Ցուրուտան…

Հարյուրավոր արտիստներ, երգիչներ, երաժիշտներ սգում էին Տաոկայի մահը: Սակայն կյանքը շարունակվում էր, յակուձան հետագայում տեր կանգնեց արվեստի աշխարհի մարդկանց: Եվ դա բնական է: Բոլոր երկրներում բոլոր արվեստագետները (առանձին բացառություններով) մղվում են դեպի այն անձինք, ովքեր «ճիշտ են գնահատում» արվեստագետի աշխատանքը:

Հեղինակ` Սերգեյ Գալոյան
Նկարազարդումը` Էդուարդ Քանքանյանի

newmag #09

Գրել կարծիք