[ ԷԼ ՆԵՐՎ ՉԿԱ ] Ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը մեղավոր են, բացի գյուղնախից

[ ԷԼ ՆԵՐՎ ՉԿԱ ] Ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը մեղավոր են, բացի գյուղնախից

Շաբաթվա գլխավոր կամ հուզիչ իրադարձության էպիկենտրոնում խաղաղագործներն էին ու խաղողի հերթերը: Արթուր Ազարյանի սյունակը դրա մասին է:

Չէ, ինչ ուզում եք ասեք, հետաքրքիր երկիր է Հայաստանը: Առեղծվածաշատ, ես կասեի: Երկիր, որտեղ ամենատարօրինակն ու ամենաչվերծանվածն, ըստ իս՝ «չհիմնավորված մուննաթի հայկական սինդրոմն» է: Որ Հայաստանում բոլորը բոլորից դժգոհ են, վաղուց անտի ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ դրանից շոշափելի չափաբաժին է սկսել հասնել նաև Մայր բնությանը:

Նախորդ շաբաթն առանձնացավ հողի մշակների կազմակերպած հարկադիր պիկետների հերթագայությամբ: Գերբորբոքված կրքերը լակմուսի թղթի նշանակություն ունեցան, ի դերև հանելով հայկական իրողությանը բնորոշ լղոզվածության ամբողջ «հմայքը»:

Շիկացած կրքերի վրա յուղ շուռ տվողն այս անգամ՝ իր ընկալմամբ իրեն պարկեշտ դրսևորած, այլոց դիտարկմամբ այս տարի անհարկի բեղունությամբ աչքի ընկած մայր բնությունն էր: Որն է այդ դեպքում նրա մեղավորությունը, «լուսավորության» նկատառումներով իրավացիորեն կփորձեք տեղեկանալ դուք:

Ընդունելով հանդերձ, որ հարցը տրամաբանական է, կխնդրեի այն վերահասցեագրել ոչ թե ինձ, այլ «Գյուղնախարարություն» կոչվող առեղծվածային հիմնարկին, որի իմաստին ու նշանակությանը հասու լինելու համար բազում գլուխներ են «ջարդվել ու ջարդվում»:

Հողի մշակները միամտաբար շարունակում են իրենց «պայծառ ապագան» կապել հենց այս տարօրինակ գոյացության «խոստումային» բարեհաճության հետ: Գոյացություն, որի ջրերը երբեք եղանակի տեսության հետ նույն առվով չեն հոսում: Տարին չորային է` բնությունն է մեղավոր, տեղումնառատ է` բնությունն է մեղավոր, արգասաբեր է`այդ դեպքում հաստատ՝ Մայր բնությունը մեղավոր ու մեղավոր է:


 

Արթուր Ազարյան. Ինչո՞ւ Եվրոպայի համար շաբաթն ուրբաթից շուտ եկավ


Ընդառաջելով գյուղացիների խնդրանքին ու ստուգելու համար վերոնշյալ գոյացության բուն առաքելությունը, կարկուտն այս տարի բավականաչափ խոհեմություն դրսևորելով նույն տեղը չծեծեց: Տարին բերքառատ ստացվեց հատկապես խաղողագործների համար՝ չարախոսելու հաճույքից զրկելով անգամ ոսկեդեղին ու արևառ ողկույզից օգտված «դիվանագետ աղեսին»: Իրավասուների՝ «Ոչ մի ճութ խաղող անտեր չի մնա» բազմախոստում կարգախոսն էլ գործի լծեց գյուղացիներին, որոնց ծածուկ աղոթքներին ականջալուր եղավ անգամ քմահաճ բնությունը: Բերքն առատ էր, ակնկալիքները շատ…:

Հողի մշակները, սակայն, այս էլ որերորդ անգամ իսպառ մոռացել էին, որ ուզած նորը՝ դա լավ մոռացված հինն է: Չսերտած դասը վերստին իրեն զգալ տվեց ու տխուր պատկերն այս անգամ էլ կրկնվեց: Խաղողը կա, խոստումը կա, կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող գործարանները կան, 170 միլիոնանոց ԵԱՏՄ «խոստումնաշատ» շուկան կա, բայց արի ու տես, որ «անզուսպ» աճած խաղողին վիճակված չէ ուրախություն պարգևել իրեն սնած ու պահպանած տիրոջը: Հայտնի օլիգարխը, որի «դարմանին» շատերն էին սպասում, կարճ կապեց, իրեն բոլորած բորբոքված գյուղացիներին հասկացնել տալով, որ   « …-ը չի ընկել» , և իրենից բացի կան նաև այլ մթերողներ ևս, ու ի վերջո կա նախարարություն, որի առաքելությունը հենց այդ իրավիճակների լուծումն ու գյուղատնտեսության ճիշտ ռազմավարության մշակումն է:

Խաղողագործները թաքուն հույս էին փայփայում, որ իրենց նույնպես տոննաներով «խարակիրի» եղած վարուգների ճակատագիրը չի սպառնա, նրանք գրեթե համոզված էին, որ վարունգային ոդիսականը տխուր ավարտ ունեցավ՝ բավականաչափ համբերություն չունենալու պատճառով:

Հերթեր, հերթեր, բորբոքված կրքեր ու, ըստ շրջանառվող լուրերի, անգամ՝ հերթերում արձանագրված մահ… «Բանից» տեղյակների վստահեցմամբ, այս իրավիճակը ստեղծվում է ճարահատ գյուղացիների վաստակը գրոշներով գրպանելու նկատառումներով: Չբարձրաձայնվող, ներքին շրջանակներում շշուկներով խոսվող մեկ այլ գաղտնիքի մասին ևս: «Եթե գեներալ չես, ուրեմն եթե «բախտդ» բերի, ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար պարտավոր ես լեզու գտնել « հերթն առաջ գցողների»՝ «զորահանդեսի» մերօրյա կոմանդորների հետ: Մարդկանց, ովքեր պղտոր ջրի, ու մթերման իր հերթին սպասող խաղողի «ղադրը» բոլորից լավ գիտեն…

Իսկ ընդհանուր առմամբ, սովորական շաբաթ էր իր անսովոր դրսևորումներով: Հատկապես աշխարհի Մերձավորարևելյան հատվածի համար, որտեղ իր «հեռահար ներկայությունը» հաստատեց աչքը ջուր կտրած Ռուսաստանը: Բայց դա մեկ այլ անգամվա խոսակցության նյութ է…:

Գրել կարծիք