AGBU. Հայաստան կյանքի երկիր

AGBU. Հայաստան կյանքի երկիր

«ՀԲԸՄ»-ի Հայաստանում իրականցվող հայանպաստ գործունեության բոլոր կարևորագույն ոլորտները՝ մեկ անդրադարձում:

– Բարև՛:

Ֆրանսիական «bonjour»-ին ի պատասխան հնչած մաքուր հայերեն` առանց «ր»-ն «ղ» դարձնելու «բարև»-ն անակնկալ էր: Սիմոն Լոնդրեն ՀԲԸՄ Երևանի նոր կենտրոնի սպասասրահում նորաթուխ կնքամոր հետ էր: Երբ մոտեցավ, ժպիտով «գանգատվեց» հոդերի ցավից: Շինհրապարակից էր եկել: Հոգնած, բայց գոհ. «Շուտով կավարտենք»: Սիմոնը 3-րդ անգամ էր կյանքի երկիր Հայաստանում: Այս տարի որպես «վետերանի»՝ նրան էր վստահված ծրագրի աշխատանքների ղեկավարի պարտականությունը:

ՀԲԸՄ «Հայաստան. կյանքի երկիր» ծրագրով ֆրանսահայ ու ոչ միայն հայ երիտասարդներն այս ամռան վերջին շաբաթները անցկացրեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մայր Աթոռ Ս.Էջմիածին-ՀԲԸՄ Հայորդյաց տանը: Երկու տարին մեկ անցկացվող ծրագրով նախորդ անգամ` 2013-ին, «Հայաստան. կյանքի երկիր» ծրագրի մասնակից երիտասարդները նորոգել էին Հայորդյաց տան մի քանի դասասենյակ, լուծել էին ջրամատակարարման ու ջեռուցման խնդիրը: 2 տարի անց վերադարձել են` կիսատ թողած գործը շարունակելու: Ֆրանսիայում բարեգործական երեկույթների ու ընթրիքների ընթացքում դրամահավաք են կազմակերպել: Փարիզի ու շրջակա բնակավայրերի ֆրանսահայերն ու նրանց ոչ հայ ընկերները` 40 երիտասարդներ, հավաքած 10000 եվրոյով նորոգեցին Մալաթիայի Հայորդյաց տան հանդերձարանը, մարզադահլիճն ու նկարչության սրահը:

Արդեն մեկ օր էր` Սիմոնը հայ էր: Ազատ էր: Նախօրեին ֆրանսիացի կաթոլիկ հոր և հրեա մոր որդին դարձել էր Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Գեղարդի վանքում էր Սիմոնը մկրտվել ու ստացել հայկական Ազատ անունը: «Այստեղ՝ Հայաստանում, գտա հոգևոր այն մթնոլորտը, որը, ըստ իս, հավատքը պետք է ունենա: Եկեղեցին պարզապես աղոթավայր չէ հայերի համար»: Հավատի ընտրության իր ազատ որոշումը կայացրած Ազատ անունով եվրոպացին հրաժեշտ տալիս էլ անակնկալի բերեց՝ «au revoir»-ին պատասխանելով մաքուր հայերեն հնչողությամբ. «Հաջողություն»:

11927827_474758729354167_8062313131094693098_o


«ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

– Ուրիշ տարի էր:

Մադամ Դուզյանն արդեն 12 տարի սփյուռքահայ պատանիներին ասում է. «Բացահայտե՛ք Հայաստանը»: Այն ՀԲԸՄ Հայաստանի երիտասարդական ամենահին ծրագրերից մեկն է: Հայրենիքում անցկացրած երկու շաբաթների ընթացքում ծրագրի մասնակիցներն այցելում են Հայաստանի տեսարժան վայրեր, 3 օր անցկացնում Արցախում: Տարիների ընթացքում Հայաստանը բացահայտող պատանիների նվիրաբերած օտարալեզու գրքերի անկյուն է ձևավորվել Ստեփանակերտի մանկական գրադարանում: Նրանք առատաձեռն էին նաև Վանաձորի մանկատանը: Սփյուռքահայ պատանիները գրենական պիտույքներով ու մանկական հագուստով էին եկել մանկատան սաներին տեսակցության: Ամերիկաբնակ Վիկտորն ու Քեթրինն էլ սեփական նախաձեռնությամբ առանձին դրամահավաք էին կազմակերպել: Հավաքված ավելի քան 3800 դոլարով փոխվել են հաստատության անկողնային պարագաները:

«Բացահայտիր Հայաստանը» ծրագրի գլխավոր առաքելությունը տնաշինությունն է: ՀԲԸՄ ծրագրի մասնակիցները «Ֆյուլլեր» ընկերության հետ ամեն տարի որևէ ընտանիքի օգնում են կառուցել նրանց տունը: Այս տարի ՀԲԸՄ-ականներն օգնում էին Խոր Վիրապ գյուղում ապրող Հայրապետյաններին: Ընտանիքը 20 տարի սեփական 4 պատի մասին էր երազում: «Բոլորն էլ յուրահատուկ անհատականություններ էին»,- իր բոլոր տարիների «բացահայտողներին» հիշելիս տիկին Դուզյանը հավասարության նշան է դնում: Բայց այս տարվա երեխաներից մեկը հատկապես ուրիշ էր: 12-ամյա Իսահակ Քարադանյանի արարքը երկար կհիշեն ՀԲԸՄ-ում. «Հայրապետյանների տան շինարարական աշխատանքների ընթացքում մոտեցավ, թե՝ մադա՛մ Դուզյան, կարո՞ղ եմ մի բան խնդրել: Ծնողները Իսահակին գրպանի գումար էին տվել: Ասաց, որ ուզում է այն Հայրապետյան ընտանիքին տալ: Տեսել էր՝ ինչ պայմաններում են ապրում: Փոքրիկն ուզում էր օգտակար լինել»:

11953293_474761092687264_4062919654790568375_o


«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

Յուկինորի Կինոշիտան Կոմիտասի հետ ընդամենը 3 ամիս էր ծանոթ: Դա էլ բավական էր Վարդապետի հայրենիքը ճանաչելու փորձեր ձեռնարկելու համար: 15-ամյա ճապոնացին ճիշտ ժամանակին իմացավ ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասին: ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Սիրիայից, Լիբանանից եկած 9 երիտասարդները 3 շաբաթ ունեին ծանոթանալու, սովորելու, վերջում գալա համերգով Հայաստանին հրաժեշտ տալու համար:

Հատուկ նրանց հայաստանյան ճանաչողական ուսուցումը համակարգելու նպատակով Նյու Յորքից ժամանել էր ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի տնօրենը: Հայկ Արսենյանի համար կարևոր են սփյուռքահայ երիտասարդ երաժիշտների կատարողական հմտությունների զարգացումը, հայկական երաժշտության պատմության իմացությունը, հայկական երգարվեստի տիրապետումն ու փոխանցումը:

«Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնագիտական դասախոսություններն ու անհատական վարպետաց դասերը վարել են Հայաստանի ճանաչված մասնագետներ Կարեն Դուրգարյանը, Բագրատ Վարդանյանը, Լուսինե Գրիգորյանը, Երվանդ Մարգարյանը: Մասնակիցներից մեկն էլ` Ջասպեր Մոսը կամ նույն ինքը` Գասպար Մուսախանյանը Կանադայից, որ երազանք ունի աշխարհահռչակ դիրիժոր դառնալու, հնարավորություն ունեցավ Կարեն Դուրգարյանի հետ կարճատև ղեկավարել Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը:

Շեփորահար Րաֆֆի Էլմաջյանը Լիբանանից էր ժամանել: Նախորդ այցելությունը հայրենիք ավելի քան 15 տարի առաջ էր: Այս անգամ Հայաստանից բաժանումն անհամեմատ կարճ տևեց: Ծրագրի ավարտից հետո Րաֆֆին վերադարձավ Լիբանան, իսկ ընդամենը 2 շաբաթ անց իր հետ հայրենիք բերեց կնոջն ու 14-հոգանոց գերդաստանը: «Շատ եմ ճամփորդում, բայց միշտ կարոտում ու վերադառնում եմ Լիբանան: Շատ եմ սիրում Լիբանանը: Սա առաջին այցելությունս էր, որն ինձ ստիպեց մտածել Լիբանանը թողնելու ու այստեղ հաստատվելու մասին կամ գոնե Հայաստանում մեր փոքրիկ անկյունն ունենալու մասին»,– ասաց Րաֆֆին:

11947810_474760742687299_7005351504497381329_o


ԱՄԱՌԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Մեկ հարկի տակ մեծ ու համերաշխ ընտանիքի պես 16 սփյուռքահայ ուսանողները 6 շաբաթ ապրեցին ՀԲԸՄ տանը: Նրանք ՀԲԸՄ Երևանի ամառային մասնագիտական փորձառության ծրագրի մասնակիցներն էին: ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լիբանանից, Ֆրանսիայից եկած երիտասարդները մասնագիտական փորձ ձեռք բերեցին հայաստանյան պետական հաստատություններում, առաջատար կազմակերպություններում: Երիտասարդ մասնագետներն իրենց հայաստանյան գործատուներից սովորեցին ու նաև նրանց փոխանցեցին իրենց գիտելիքները: Առավոտյան` աշխատանքի, երեկոյան` դասի. ծրագրի օրակարգն արդեն 9 տարի անփոփոխ է:

Ծրագրին մասակցող շատ երիտասարդներ մինչև Երևան գալը հայերեն գրեթե չգիտեին: Երևանից հեռացան՝ մայրենիին ավելի լավ տիրապետելով: Հայոց լեզվի և հայկական ժողովրդական երգ ու պարերի դասընթացներն էլ լրացնում էին սփյուռքահայ երիտասարդ մասնագետների երեկոյան ժամերը: Հանգստյան օրերը հայրենիքը ճանաչելու համար էին: Եռօրյա այցն Արցախ ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների օրակարգի պարտադիր մասն է: Սփյուռքահայ երիտասարդներն առաջին ձեռքից են տեղեկացել Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին: Այս տարի նրանց ընդունել է ԼՂՀ փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը:

«9-րդ տարին է՝ կազմակերպում ենք այս ծրագիրը: Փորձում ենք երիտասարդներին ցույց տալ իրական հայրենիքը` իր աշխատանքային առօրյայով, իր ապրելակերպով, իր նիստուկացով, այլ ոչ թե միայն տեսարժան վայրերով: Լինում ենք նաև գյուղական շրջաններում, մանկատներում, հաճախում ենք հայերեն լեզվի ու հայկական պարերի դասընթացների, սովորում ենք պատրաստել հայկական ուտեստներ, այցելում ենք Արցախ, բարձրանում Արագած լեռը: Այս ամենի հետ չենք մոռանում նաև տեսարժան վայրերն ու քաղաքի մշակութային անցուդարձին մասնակից լինելը: Մի խոսքով` ծրագիրը չափազանց հագեցած է»,– ասում է Գայանե Մանուկյանը, որն այս տարի առաջին անգամ էր ղեկավարում այս ծրագիրը:

11927445_474760292687344_2256214700295747438_o


«ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

«Երդվում եմ պատվովս՝ հավատարիմ լինել Աստծուս, Ազգիս և Հայրենիքիս». սկաուտական երդումն այս տարի տվեցին ավելի քան 100 պատանիներ ու երիտասարդներ: ԱՄՆ-ից, Լիբանանից, Վրաստանից, ԱՄԷ-ից, Սիրիայից եկած սփյուռքահայ ՀԲԸՄ սկաուտները միախմբվեցին Թեժ լեռան ստորոտին: Սկաուտական համազգեստն այս անգամ կարևոր ատրիբուտով էր առանձնանում: Բոլորը պարտադիր կրում էին Անմոռուկ: Սկաուտական բանակումի ընդհանուր պատասխանատու Գևորգ Սանթուրյանն ասում է՝ Անմոռուկ կրելը ցանկալի էր, բայց պարտադիր չէր: Սկաուտականներն իրենք են ցանկացել. «Իրենց սիրտերուն մեջն է ատիկա: Իրենք է, որ պիտի շարունակեն մեր և մեր նախորդներուն կիսատ թողած գործը՝ պահանջատիրությունը»:

Հայության խնդիրների վերաբերյալ զրույց-քննարկումները ճամբարականների առօրյայի մի մասն էին: Աշխարհի տարբեր ծայրերից հայրենիքում ամառն անցկացնող երիտասարդները միակարծիք են. ցեղասպանության 101-րդ տարում զգացումը չի փոխվի, քանի արդարությունը չի վերականգնվել: Բանակումի ճամբարականները հնարավորություն ունեցան իրենց առաջարկներն ու դիտարկումները ներկայացնել նաև ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբարի հյուրերին` մշակույթի գործիչներին ու պետական այրերին: Ճամբարականները եղան նաև Հայաստանի տեսարժան վայրերում: Հասկացան, որ հայրենիքում ապրելն ամենից կարևորն է, ու իրենք իրենց խոսք տվեցին որքան հնարավոր է շուտ վերադառնալ:

11950213_474760796020627_2524212153847743384_o

Գրել կարծիք