Ծնողական խնամքը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոց

Ծնողական խնամքը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոց

Աշխարհի ահագնացող հիվանդության՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգներն ու թե ինչպե՞ս են պայքարում չարիքի դեմ միգրանտ ընտանիքներն ու մարզային բնակիչները:

Աշխարհում 35 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակով: Նախորդ երկու տարիներին 2 միլիոն մարդ դարձել է նոր վարակակիր: Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրում է 1924 մարդ: Գերակշիռ մասը տղամարդ է, 38-ը՝ երեխաներ: Նախկինում ամենաշատ վարակակիրները համարվում էին թմրամոլները: 2005-ից հետո պատկերը փոխվել է:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման առաջին հորիզոնականում հետերոսեքսուալ հարաբերություններն են: Ընտանիքի տղամարդը մեկնում է արտագնա աշխատանքի, վերադառնում վարակված, վարակում է նաև կնոջը: Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց 69 տոկոսը տղամարդ է, 31 տոկոսը՝ կին: 58 տոկոսը վարակվել է Հայաստանից դուրս:

Խնդիրը մեղմելու, միգրանտներին սպասվող բարդույթներից պաշտպանելու համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ԵՄ ֆինանսավորմամբ 2012-ին սկսեց եռամյա ծրագիր՝ «Սոցիալական արձագանքը աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին» վերնագրով: Այն նպատակ ունի ոչ թե նվազեցնել միգրացիան, այլ մեղմել սոցիալական հետևանքները: Ծրագրի սկզբում իրականացվել է հետազոտություն: Պարզվել է, որ ընտանիքի միգրանտը մեծ մասամբ դառնում է սեռավարակակիր:

Untitled-1

Եվրամիության ֆինանսավորմամբ գործող ծրագիրն ունի 5 հիմնական բաղադրիչ`

* Դեպքի վարում (դեպք վարողները գնահատում են ընտանիքի կարիքները և փորձում են լուծումներ գտնել. ստեղծում են սոցիալական ցանց, որի մեջ մտնում են սոցիալական ծառայությունները, մարզպետարանները, դպրոցները, ՀԿ-ները, բարեկամներ, որոնք կարող են որոշ հարցերի պատասխանները տալ).

* Համայնքային զարգացում (համայնքները մշակում են փոքր ծրագրեր. ստեղծում են ցերեկային կենտրոններ, հաշմանդամների զբաղվածության համար բացում են ջերմոցային տնտեսություն. 10 նման ծրագիր արդեն ֆինանսավորվել է).

* Միջգերատեսչական համագործակցություն (միգրանտների խնդիրների լուծման համար ստեղծել պետական կառույցների համագործակցության օղակ. սոցիալական աջակցություն, կրթություն, բուժհաստատություն).

* Ծնողական խնամք և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում (համագործակցություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Փոփոխությունների թատրոն» ՀԿ-ի հետ):

* Սփյուռքի ներգրավում (սփյուռքի բոլոր կառույցների միջոցով նպաստել միգրանտների խնդիրների կարգավորմանը):

«Սոցիալական արձագանքը աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին» ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում, որոնցում միգրանտները շատ են: Միգրանտների ամենաբարձր թիվը Գեղարքունիքում է: Ծրագրի ընթացքում միգրանտ ընտանիքների համար անցկացվում է դասընթաց` նվիրված սեռավարակներին և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին:

newmag55

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները մի քանի փուլով ներկայացնում են հիվանդությունը, կանխարգելման ուղիները, հետազոտվելու կարգը: Ծրագրի կազմակերպիչների կարծիքով՝ ծրագիրը նախ և առաջ կբարձրացնի հիվանդության մասին տեղյակությունը: Մասնագետները պնդում են, որ մարդիկ սխալ պատկերացում ունեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Սխալ ինֆորմացիան առաջացնում է խտրական վերաբերմունք ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց նկատմամբ: Դասընթացը կօգնի, որ մարդիկ հասկանան` վարակը կենցաղային ճանապարհով չի կարող փոխանցվել:

Մարդիկ պետք է գիտակցեն, որ բուժումը հնարավոր է: Հայաստանում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 տարի առաջ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ չի նշանակում շատ արագ մահ: Մարդիկ, բուժում ստանալով, կարող են ապրել մինչև խոր ծերություն: Դասընթացներն անցկացվում են 4 մարզերի 19 քաղաքներում:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ճշմարիտ պատկերացում կազմելու համար միգրանտ ընտանիքների համար թեմատիկ ներկայացում է ցուցադրվել: Խնդրի դեմ պայքարին միացել է «Փոփոխությունների թատրոնը» «Ո՞ւմ մտքով կանցներ» բեմադրությամբ: Այն ամբողջությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին է: Ներկայացումը բեմադրվել է 2010-ին և ինտերակտիվ ներկայացում է: Դերասանները հանդիսատեսին այդ կերպ դարձնում են ներկայացման անմիջական մասնակից: Ծրագրի ընթացում թատրոնը ներկայացումը կխաղա 19 անգամ: «Սոցիալական արձագանքը աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին» ծրագիրը կավարտվի 2015-ի դեկտեմբերին:


Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն newmag-ը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

Գրել կարծիք