[ Իրականում՝ ՈՉ ] Մի՞թե Հայաստանին ձեռնտու է ռուս-թուրքական հարաբերությունների լարումը

[ Իրականում՝ ՈՉ ] Մի՞թե Հայաստանին ձեռնտու է ռուս-թուրքական հարաբերությունների լարումը

Արդյո՞ք Ռուս-թուրքական հարաբերությունների լարման օգտակար պտուղներից կարող է լինել նաև Ղարաբաղյան հակամարտությունը:

Թուրքական օդուժը սահմանախախտման պատճառաբանությամբ նոյեմբերի 24-ին խոցեց Սիրիայի տարածքում Իսլամական պետությունը ռմբակոծած ռուսական Սու 24 օդանավը: Կործանվող ռմբակոծիչից ինքնանետված մի օդաչուին օդում գնդակահարեցին թուրքմենները (սա թուրքական ծագումով ցեղ է, որն Անկարայի ձևակերպմամբ պայքարում է և՛ ԻՊ-ի, և՛ Ասադի դեմ): Մյուսը փրկվեց:

Միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները կրկին լարվեցին: Թուրքիան իրարամերժ հայտարարություններ արեց: Չավուշօղլուն հայտարարեց, թե հենց իր հրամանով են հարվածել, հետո Էրդողանը սպառնաց, որ էլի են հարվածելու, հետո էլ, թե` փորձել է զանգել Պուտինին, բայց «աբոնենատն անահասանելի է եղել», հետո էլ` իբր իրենք չեն իմացել, որ ռազմօդանավը ռուսական է:

«Հարված թիկունքից». կարճ կապեց Պունտինը` հայտարարելով, որ Թուրքիան օգտվում է ահաբեկիչների նավթից, որ Էրդողանն անձնական շահ ունի այդ նավթից, և որ Կրեմլը կասեցնում է Թուրքիայի հետ ծրագրերը: Ձերբակալվեցին Ռուսաստանում գործող 39 թուրք գործարարներ, թուրքական մեքենաները Վերին Լարսի անցակետից այն կողմ չանցան, ցիտրուսներով բեռնված նավը Սամսուն նավահանգստից այդպես էլ չշարժվեց Ռուսաստան: Հունվարի 1-ից կվերացվի երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմը: Տուրիստական գործակալություններն այլևս չեն վաճառի թուրքական տուրիստական փաթեթներ: Ավելին` ՌԴ գյուղնախարարությունն արգելելու է թուրքական գյուղապրանքների մուտքը ռուսական շուկա:

Ռուսական հեռուստաալիքներվ հեռարձակվող թոք շոուներում ռուս քաղաքական գործիչները և պատգամավորները հանդես եկան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու առաջարկով: Օրինագծի մասին հիշատակումներից հետո հայկական շրջանակները համարեցին, որ Հայոց ցեղասպանության հարցը դառնում է քաղաքական շոուի մաս: Հայկական կողմն այս պատմության մեջ գուցե շահում է, որովհետև հետագայում` ռուս-թուրքական հարաբերությունների ավանական բարելավումից հետո էլ, ՌԴ-ում կմնա մի օրենք, որով Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության կենթարկեն:


Իրականում՝ ՈՉ. Քաղաքակա՞ն էր Զուրաբյանի հայտարարությունը ՍԴ նախագահի կաշառատվության վերաբերյալ 


Պնդումը, թե Ցեղասպանությունը քաղաքականացվում է, հիմնազուրկ է, որովհետև Ցեղասպանության հարցը վաղուց քաղաքական խնդիր է դարձել: Ասենք` Օբաման Ցեղասպանություն տերմինը չի գործածում ոչ թե պատմական, այլ քաղաքական պատճառով` որ չնեղացնի իր ռազմավարական գործընկերոջը: Ցեղասպանության ճանաչումը վաղուց մահակ է դարձել այն բոլոր երկրների համար, որոնք հաշիվներ ունեն Թուրքիայի հետ: Բացի այդ, Հայաստանը 1915-ը դարձրել է իր արտաքին քաղաքականության առաջնային ուղղություն, և Ցեղասպանության հանգամանքն ավտոմատ քաղաքականացվել է: Ի՞նչ տարբերություն` ռուս-թուրքական լարման ֆոնին է քաղաքականացվում, թե՞ հայ-թուրքական:

Ռուս-թուրքական հարաբերությունների լարման մյուս օգտակար պտուղը կարող է լինել Ղարաբաղյան հակամարտությունը: Միջադեպից անմիջապես հետո ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանին պատասխանել Ղարաբաղյան հակամարտությունը թեժացնելով: Այսինքն Թուրքիան կօգնի Ադրբեջանին, որպեսզի նա Ղարաբաղի առաջնագիծը թեժացնի և գրավի Հայաստանի ազատագրած տարածքները:

Բայց Թուրքիան մինչև այս էլ «երկու պետություն` մեկ ազգ» կարգախոսի ներքո օգնում է Ադրբեջանին` տրամադրում է զենք, վարժեցնում զինվորներին, միջազգային կազմապետրպություններում պաշտպանում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը:Բայց Ադրբեջանը Ռուբիկոնն անցնելու հնարավորություն չունի:

Մյուս կողմից` Ղարաբաղում հենց այս պահին սկսելով թեժ գործողություններ, Ադրբեջանը Ղարաբաղի հարցը կդարձնի Ռուսաստանի հարց: Այսինքն`այս պահին դա Ռուսաստանը կդիտի սադրանք իր նկատմամբ:

Հայաստանի համար այս առճակատումից մյուս օգուտը տնտեսական է: Թուրքական ապրանքների արգելումը Ռուսաստանում կարող է նոր դուռ բացել հայկական ապրանքների համար: Արգելված ապրանքների մեծ մասը արտադրում է նաև Հայաստանը, և ռուսական շուկայում թուրքական ապրանքի տեղը հայկականը շատ արագ կարող է լրացնել:

Բացի այդ` Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները փակեցին ռուս զբոսաշրջիկների` եվրոպական զբոսավայրերում հանգստանալու հնարավորությունը: Եգիպտոսում տեղի ունեցած տեռորի հետևանքով ռուսական օդանավի կործանումից հետո ռուս տուրիստների առջև փակվեց նաև Եգիպտոսում հանգստանալու հեռանկարը: Այս ֆոնին Հայաստանին տրվում է բացառիկ հնարավորություն` ռուսական տուրիստական շուկա մուտք գործելու համար: Այսինքն տնտեսական առումով նույնպես ռուս-թուրքական լարվածությունից Հայաստանը հայտնվում է շահեկան դիրքում:

Բայց իրո՞ք Հայաստանին ձեռնտու է ռուսթուրքական հարաբերությունների լարումը: Իրականում` ոչ


Ոչ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջ պատմականորեն, քաղաքականապես ու բարոյապես` ոչ մի առնչություն չունի Հայաստանի հետ: Իրականում պատմությունը ցույց է տալիս, որ գերտերությունների բախումների պատճառով հիմնականում տուժում են փոքր երկրները:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը միայնակ չի պայքարի չի Թուրքիայի դեմ և կներքաշի երկրների, որոնք մինչև այդ խնդիր ունեին այդ երկրի հետ: Բնականաբար Հայաստանը` որպես ռազմավարական գործընկեր ու Թուրքիային առնվազն տարածքային պահանջներ ներկայացնող երկիր, առաջինն է ներքաշվելու խաղին:

Պատմությամբ է ապացուցված` Ռուսաստանն ու Թուրքիան ի վերջո հաշտվում են, Հայաստանը ամենածանր կորուստն է կրում այդ բախումներից: Օրինակ` 1828-29 թվականներին` ռուս-պարսկական պայմանագրի կնքումից անմիջապես հետո սկսված ռուս-թուրքական պատերազմում հայերը աջակցեցին ռուսական բանակին: Հաղթանակից հետո սուլթանի խնդրանքով կնքվեց Ադրիանապոլսի պայմանագիրը, որով ռուսները նահանջեցին ու արևմտահայությանը կրկին թողեցին թուրքական լծի տակ: Այդ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները։ Այլ խոսքով, Արևմտյան Հայաստանը շարունակեց մնալ օսմանյան տիրապետության տակ։

Այս դեպքում, եթե ռուսատանն ու Թուրքիան ունենան ռազմական բախում, ապա Հայաստանը կդառնա ռազմական բախման իրական թատերաբեմ: Նախ Հայաստանը ստիպված կլինի հայտարարել, որ պաշտպանում է Ռուասատանին, ապա ուզած թե չուզած կմիանա ռազմական գործողություններին:

Բայց կողմերի միջև լայնածավալ պատերազմը գրեթե բացառված է: Նախ այն պատճառով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է. Թուրքիայի դեմ պատերազմը ամբողջ Արևմուտքի դեմ է: Ռուսաստանի դեմ Թուրքիայի պատերազմն էլ պատերազմ է միջուկային տերության հետ, ինչը նույնպես բացառվում է, որովհետև ամբողջ սառը պատերազմի փուլում Արևմուտքն ու ԽՍՀՄ-ը խուսափեցին միջուային բախումից:

Այսինքն` բոլոր հաշվարկներով, ռուս-թուրքական այս էսկալացիան չի կարող երկարաժամկետ ու ծավալուն դառնալ: Դա էլ նշանակում է, որ տնտեսական խնդիրների առաջ կանգնած Ռուսաստանը երկար չի մնա այս խառը տարածաշրջանում:

Մյուս կողմից` Ցեղասպանության ժխտումը ՌԴ-ում քրեականացնելը ճանաչման գործին այս փուլում ոչինչ չի տա, ավելին` սա կարող է հակառակ տրամադրություններ առաջացնել հակառուսական դիրքորոշում ունեցող երկրներում, ու Հայոց ցեղասպանությունը կսկսվի ընկալվել որպես միայն քաղաքական խնդիր:

Բացի այդ` ՄԻԵԴ-ն արդեն նախադեպային որոշում ունի Հայոց ցեղասպանության քրեականացնող օրինագծի դեմ: Այսինքն եթե Ռուսաստանը որևէ մեկին այդ օրենքով դատի, այդ մարդը կարող է հանգիստ դիմել Եվրոպական դատարան ու արդարացվել: Խոսքը Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործին է վերաբերում, որտեղ ՄԻԵԴ-ը Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը հրապարակավ մերժելը համարեց խոսքի ազատություն:

Ղարաբաղի հարցում հայկական կողմի սպասելիքները նույնպես անբովանդակ են, որովհետեւ Թուրքիան եղբայրական Ադրբեջանին չի ներքաշի իր ու ռուսաստանի բախումների մեջ:

Տնտեսական առումով նույնպես` Հայաստանի օգուտները թվացյալ են: Իրականում ԵԱՏՄ-ին միանալուց հետո պարզվեց, որ Հայաստանը առանձնապես արտահանման ծավալ չունի: Տնտեսական թռիչքի խոստումը փուչ էր, ավելին` ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի արտահանման ծավալը նվազել է: Սա առաջին հերթին կապված է ռուսական շուկայում ճգնաժամի հետ, մյուս կողմից` կոռումպացված ռուս մաքսավորների հետ, որոնք Լարսի անցակետում անընդհատ դժվարություններ ու կուտակումներ են առաջացնում հայ բեռնափոխադրողների համար:

Հայկական տուրիզմը նույնպես տպավորիչ զարգացում չի կարող ունենալ այս բախման հետևանքով, որովհետև եթե Մոսկվան իր տուրիստներին արգելի մեկնել Եգիպտոս ու Թուրքիա, սա դեռ չի նշանակում, որ նրանք կհոսեն Հայաստան: Նախ որովհետեւ Հայաստանում տուրստական ենթակառուցվածքներ չկան, հյուրանոցն ու օդանավի տոմսը թանկ են, առաջարկվող ծառայությունները զիջում են Թուրքականին: Եվ հետո Հայաստանի տուրիզմի տեսակը ակնհայտորեն տարբերվում է այդ երկրների առաջարկից: Հայաստանը առաջարկում է հիմնականում պատմական տուրեր` եկեղեցիներ, Գառնի, Գեղարդ, Էջմիածին: Բայց Անթալիան ու Եգիպոս գնացող տուրիստները պասիվ հանգստի սպառողներ են, նրանք ծով գնացողներ են: Ծով գնացողին եկեղեցով չես գրավի:

Հիմա` Հայաստանին ձեռնտո՞ւ է ռուսթուրքական լարումը


Ամեն ինչ կախված է նրանից թե ո՛ր անկյունից Հայաստանը կնայի այս իրավիճակին: Ցանկացած քաղաքական դասավորություն ու իրավիճակ հնարավորություն է: Այս բոլոր զարգացումների մեջ Հայաստանը պահպանում է բազմանշանակ լռություն: Լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, ՀԱՊԿ անդամ երկիր, Թուրքիայի քաղաքական հակառակորդ, օդանավի խոցումից հետո հայտարարություն արվեց ԱԺ փոխնախագահի մակարդակով:

Այնինչ Հայաստանը` որպես սուվերեն պետություն, առաջիններից մեկը ամենաբարձր մակարդակով պետք է դատապարտեր Թուրքիայի սադրանքը: Ավելին` Հայաստանը հենց առաջին օրը, երբ Ռուսաստանը մտավ Սիրիա, պետք է հայտարարեր ու միանար ահաբեկչության դեմ պայքարին` թեկուզ մեկ օդանավով, թեկուզ Ռուսաստանի ֆինանսական օգնությամբ: Դրանով Հայաստանը կդառնար մեծ տարածաշրջանի խաղացող:

Գրել կարծիք