Հայ-ամերիկյան ֆիլմի կրքոտ հերոսուհին. Ջեսիկա Ուբերուագա

Հայ-ամերիկյան ֆիլմի կրքոտ հերոսուհին. Ջեսիկա Ուբերուագա

newmag-ը լուսանկարել և զրուցել է «Victoria’s Secret»-ի հերոսուհի, բազմաթվ գովազդների կրքոտ պարուհի, «Վրիժառուի օրագիրը» ամերիկյան ֆիլմի սրտակեր RED-ին՝ հոլիվուդյան ծագող աստղ Ջեսիկա Ուբերուագային:

jesica

Երևանում մի քանի օր ու հագեցած գրաֆիկով իսկական հոլիվուդյան աստղեր էին շրջում: Սալմա Հայեկն ու Բանդերասը չէին, բայց պակաս էլ չէին: Ջոն Տրավոլտայի ֆիլմում են նկարահանվում: Ո՛չ տեղը գիտեին ու ո՛չ էլ լսել էին, մինչև որ մի օր խմբում հայ դերասան ընդգրկվեց: Տեսնելու ու նկարելու շատ բան կա Հայաստանում. ասաց, ցույց տվեց ու «Google»-ով համոզեց:

Ամերիկյան համացանցային հիթերից մեկը՝ «Վրիժառուի օրագիրը» («Vigilante Diaries») կարճամետրաժ հերոսապատումը, որը կարծես Բեթմենի, Սփայդերմենի մեկ այլ ամերիկյան տարբերակն է, պրոդյուսերներին ստիպում է դուրս գալ համացանցի տիրույթից ու նկարահանել մեծ՝ 90-րոպեանոց ֆիլմ՝ ժանրային բազմաթիվ միախառնումներով: Ֆիլմ, որը «սուպերհերոս վրիժառուի» սխրագործությունների մասին է և բացահայտում է Լոս Անջելեսի մի հայ մաֆիոզ ընտանիքի պատմությունը, որը սկսվում է հենց այն պահին, երբ իրական հերոսից «գողանում են» սրտակեր գեղեցկուհուն՝ RED-ին:

Իսկ թե ինչ տեսան, ինչպես նկարեցին, ու ինչու էին հայ տղամարդիկ մի քանի օր փողոցներում հետաքրքրվում, թե ով է այս շիկահեր սրտակերը… Ամեն բան ու հերթով՝ երկու գլխավոր հերոսների դերակատարների հետ մեր բացառիկ կինոզրույցում:

Ջեսիկա Ուբերուագան (Jessica Uberuaga) փոքրամարմին աստղ է: Տնտեսագետ-դերասանուհին սալսայի ուսուցիչ է և հաջողակ մոդել: Նա հայտնվել է «Victoria’s Secret»-ի հոլովակում, բազմաթվ գովազդերում, հումորային ֆիլմ-նախագծերում: «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի սրտակեր RED-ն է. նա վերջում ընտրում է հայ մաֆիոզին՝ Արման Նշանյանին: Ջեսիկան նվաճել է Անտոնիո Բանդերասի «սիրտն» ու սպասում է նոր առաջարկի: Մենք հանդիպում ենք վաղ առավոտյան՝ 10-ին, ու միասին նախաճաշում:

– Այսքան քի՞չ եք ուտելու՝ մեկ բաժակ մուս ու սուրճ:

– Ո՛չ, ո՛չ… Բայց Դուք ոչինչ չցանկացաք ուտել ինձ հետ, այդպես չի կարող լինել:

– Ուզում եմ հասկանալ՝ քաշի ու գեղեցիկ տեսքի համա՞ր եք այսքանը նախընտրում, թե՞…

– Սովորաբար շատ եմ ուտում. հատկապես երբ 12 ժամ նկարահանումների եմ, պետք է լավ սնվեմ, որ դիմանամ: Նախընտրում եմ բանջարեղեն ու ամեն ինչից՝ մի քիչ – մի քիչ: Սահմանափակումներ չեմ դնում, միս եմ շատ սիրում նաև: Միշտ հետս ջուր եմ վերցնում:

– Ամերիկայում ավելորդ քաշը մեծ խնդիր է…

– Այո՛, այո՛, բայց ես մեծացել եմ Այդահո նահանգում, որը ավելի լեռնային է: Բնական բաներ եմ կերել: Սոդա, գազով ըմպելիք չեմ խմում, քաղցրավենիք քիչ եմ ուտում, նախընտրում եմ մսեղեն, սակայն ամեն ինչ՝ չափի մեջ:

– Կարող էիք հայ լինել, եթե միս շատ եք սիրում:

– Օ՜, ձեր ուտելիքը զարմացնող է, այդքան համեղ չէի կերել երբեք:

– Մի քանի հոլովակում եք նկարահանվել, հումորային նախագծերում: «Վրիժառուի օրագիրը» Ձեր ամենամեծ, լրջագույն աշխատանքն է: Ինչպե՞ս ստացվեց:

– Ես ավելի շատ նկարահանվել եմ հեռուստատեսությունում: Տարբեր ամերիկյան շոուներում պարային փոքրիկ դերեր եմ ունեցել: Ինձ որոշակի ճանաչում են բերել «Marmaid» տեսահոլովակը, որտեղ ես ջրահարսի դերում եմ հանդես եկել, ու «Keenan’s Crush» հումորային նախագիծը, որը համացանցային հիթ է: Ես նկարահանվել եմ նաև «Victoria’s Secret» բրենդի «Wicked Moon» խորագրով հոլովակում, որը պարային գովազդ է: Դուք ճիշտ եք. սա ինձ համար ամենածավալուն նախագծերից էր, և ես ուրախությամբ ընդունել եմ այս դերը: Լավ է, որ այն շարունակվելու է, և հիմա մենք դրա համար ենք Երևանում: Երկրորդ մասում է իմ կերպարը ավելի զարգանալու և ընդարձակվելու:


Դերասանուհու պաշտոնական կայքը

Դերասանուհու պաշտոնական էջերը Facebook-ում և Twitter-ում


– Դժվա՞ր է Հոլիվուդում որևէ ֆիլմում հայտնվելը:

– Քաստինգներն են շատ դժվար: Դիմում են հազարավոր մարդիկ, և դու պետք է կարողանաս ապացուցել, որ, իսկապես, այդ դերի համար ես: Մրցակցային առավելություն ունենալու համար պետք է կարողանաս պարել, զբաղվել պրոդյուսերությամբ և հարթել քո ճանապարհը: Ես բախտավոր եմ, որ հրաշալի մենեջեր ունեմ: Նա մշտապես ինձ համար առաջարկներ է գտնում: Կարծես ես նրան հուսախաբ չեմ անում, նա էլ՝ ինձ:

– Ձեր «Instagram»-ի էջում տեսա, որ նկարահանվել եք Անտոնիո Բանդերասի հետ գլխավոր դերում: Ինչպե՞ս ստացվեց, կմանրամասնե՞ք:

– Նա հրաշալի դերասան է, Աստվա՜ծ իմ… Կարճ ֆիլմ էր, ավելի շուտ՝ փրոմո-գովազդային ֆիլմ էր: Մեկ շաբաթ միասին նկարահանվել ենք: Ավելի շատ էներգիա ունի, քան մեկ ուրիշն իր տարիքում: Բարի էր, բարևում էր բոլորին, դաշնամուր էր նվագում բոլորի համար: Ինձ պատմեց նաև իր պատմությունը, թե ինչպես է դարձել Բանդերաս: Այսօրվա շատերի պես հայտնի ծնողների զավակ չի եղել: Ֆիլմում մեր միջև սեր է հասունանում: Ես նստած եմ ռեստորանում, նա մոտենում է ինձ, ես ուշադրություն չեմ դարձնում, հետո նա իր արարքներով գրավում է իմ սիրտը: Անտոնիոն հավանել է ինձ, իսկ հիմա խոստացել է մեկ այլ դեր, որի սցենարն արդեն կա: Համոզված է, որ ես կհամապատասխանեմ այդ դերին: Սպասում եմ անհամբեր… Երազանքս կիրականանա…

– Բանդերասը, իրոք, կանանց իդեալն է: Դուք էլ մշտապես շրջապատված եք տղամարդկանցով: Ի՞նչ տեղ են նրանք գրավում Ձեր կյանքում:

– Օ՜, ես ուզում եմ միայն նրա հետ աշխատել… Ես կարիերիստ եմ և չեմ ուզում հիմնվել տղամարդու վրա: Ես զգում եմ, որ մշակույթը փոխվում է: Լոս Անջելեսում մարդիկ իրար հետ չեն ամուսնանում, միայն ապրում են, կանայք ունեն իրենց կյանքը: Կան, իհարկե, արժեքներ, որակներ, որոնք ես փնտրում եմ: Էականը արտաքինը չէ: Պետք է մեկը, որը կլինի ազնիվ ու հեշտ շփվող: Կարևորը՝ միշտ ծիծաղեցնի: Ինձ գրավում են հզոր տղամարդիկ:

– Ի՞նչ ի նկատի ունեք՝ հզոր տղամարդ ասելով:

– Գիտե՞ք, ներաշխարհով հզոր տղամարդիկ: Նրանք ինքնավստահություն ունեն, կարողանում են ճիշտ վարվել կնոջ հետ, օրինակ՝ դուռը բացել և թողնել, որ առաջինն աղջիկը անցնի:

poster-jesica

– Կարելի է ենթադրել, որ Ձեր կյանքում որևէ մեկը մինչև օրս ճիշտ չի՞ բացել դուռը:

– Ես սիրահարված եղել եմ նախկինում: Կարող եմ ասել՝ նույնիսկ երկու անգամ: Նա բիզնեսմեն էր, դարձավ շատ հայտնի բիզնեսմեն և փոխվեց: Ու դա ինձ համար գլխացավանք էր: Իսկ առաջին սերը մեր հարևանի տղայի հետ է եղել: Սովորող աղջիկ էի: Նա միշտ հետևում էր ինձ, հոգատար էր իմ հանդեպ… Փոխեց դպրոցը, ու ամեն ինչ վերջացավ:

– Ձեր կարիերայի աճի ընթացքում փոխե՞լ եք տղամարդու իդեալի չափանիշները:

– Այո՛, իմ սպասումներն են փոխվել: Որտեղ ես եմ մեծացել, ավելի ավանդապաշտ են եղել, իսկ Լոս Անջելեսն ազատ քաղաք է. գեղեցիկ կանանց քաղաք է, որտեղ բոլորը փորձում են իրենց շանսը: Եվ մարդիկ ուշ են հիմա ամուսնանում:

– Կարելի՞ է ասել, որ Արման Նշանյանը ֆիլմում գտել է այդ հատկությունները և դրանց շնորհիվ էլ գողանում է Ձեզ ու գրավում Ձեր սիրտը:

– Դե՛, նա բացասական կերպար է, բայց աղջիկները սիրում են վատ տղաներին՝ դաջվածքով ու թիկնեղ… Կատակը մի կողմ, բայց նա հիանալի է խաղում, և մեր կերպարները հրաշալի ձուլվում են:

– Այսքան ժամանակ աշխատում եք տղամարդկանց հետ, նկարահանվում. ի՞նչ են Ձեզ սովորեցրել նրանց հետ հարաբերությունները:

– Տղամարդը պետք է այնպես վարվի, որ դու զգաս, որ աշխարհում միակն ես և առանձնահատուկը: Դաստիարակությունն ու վարվեցողությունը ինձ համար շատ կարևոր են:

– Տղամարդի՞կ են Ձեզ ընտրում, թե՞ Դուք՝ նրանց:

– Սովորաբար նրանք իմ հետևից անընդհատ գալիս են, ես անընդհատ ասում եմ՝ no, noooo, nooo, no ու մեկ էլ՝ yes…

– Ի՞նչն է ստիպում ասել՝ այո՛:

– Իմ նախկին ընկերը երեք տարի ինձ անընդհատ հետևում էր: Մինչև մի օր ես ասացի բաղձալի «այո»-ն: Մի օր մենակ էինք մնացել սենյակում, ես շրջվեցի և քայլում էի, նա դիմացս դուրս եկավ, մնացինք դեմ դիմաց մենակ, ու նա գրկեց ինձ, հետո հրավիրեց հանդիպման, ու այդպես սկսվեց: Հանդիպմանը նա ինձ անընդհատ ծիծաղեցնում էր, որն ամենակարևոր բանն է ինձ համար. հումորը շատ կարևոր է:

– Եվ խոսենք աղջիկների ամենամեծ երազանքներից մեկի մասին՝ աշխատել «Victoria’s Secret»-ի հետ: Ինչպե՞ս եք ներգրավվել այդ նախագծին:

– Պարի շնորհիվ «Victoria’s Secret»-ն ինձ ընտրեց՝ որպես սալսայի ուսուցչի: Ես մի կողմով Իսպանիայից եմ, և պարն այդտեղից է գալիս: Ու նկարահանվեցի նրանց գովազդային հոլովակում: «The Wilde Side of Sexy» խորագրով հոլովակը մի քիչ արտասովոր է, բայց ինձ համար ուղղակի մեծ պատիվ էր նկարահանվել նրանց հոլովակում:

– Մի օր կհամալրեք հրեշտակների բանակն էլ:

– Դա իմ երազանքներից է, հրաշալի կլինի: Եթե Դուք ասում եք, կլինի ուրեմն, բայց այդքան էլ բարձրահասակ չեմ:

22new

 

7

 

JessicaUberuaga6new

Արտ-տնօրեն՝ Սոֆի Մարգարյան

Ոճաբան՝ Ֆաինա Հարությունյան

Դիմահարդար՝ Մերի Ազոյան

Գրել կարծիք