Տաթևիկ Բաղդասարյան. Ամենատարածված ու ամենափրկիչ սուտը

Տաթևիկ Բաղդասարյան. Ամենատարածված ու ամենափրկիչ սուտը

Ձմեռ պապի մասին սուտն ամենատարածվածն է. մենք խաբում ենք մեր երեխաներին նրանց իսկ օգուտի համար:

Ինչո՞ւ են ծնողներն իրենց երեխաներին փոքրիկ հիմարիկի տեղ դնում: Ինչո՞ւ են համարում, որ նրան կարելի է կառավարել ամենաանհավանական ստի միջոցով: «Կե՛ր, եթե չես ուզում, որ Ձմեռ պապը տեսնի ու Նոր տարվա նվերդ չբերի»: Ձմեռ պապի մասին սուտը ամենատարածվածն է: Մենք խաբում ենք մեր երեխաներին նրանց իսկ օգուտի համար. «Եթե գլխարկդ չդնես, մազերդ ցրտից կկպչեն գլխիդ, և դու շատ տգեղ կլինես»:

Սուտը ծնողների համար երբեմն խիստ շահադիտական է:

Երբ մայրը փոքրիկին ստիպում է անպայման ուտել վարսակի փաթիլներով շիլան և թույլ չի տալիս ուտել այդքան սիրելի տապակած կարտոֆիլը, բացատրում է, որ շիլան նրան պետք է, որ շիլան ավելի ճիշտ առավոտյան սնունդ է, քան տապակած կարտոֆիլը: Ամեն ինչ ճիշտ է և ցանկացած դիետոլոգ կստորագրի այդ նախադասության տակ, բայց այդ օրը մայրիկը պարզապես այլ նախաճաշ պատրաստելու ժամանակ չի ունեցել և փոքրիկին ամեն կերպ համոզել է, որ կուլ տա շիլան: Իսկ երբ մի քանի օր անց ծնողներն ախորժակով ուտում են նույն այդ տապակած կարտոֆիլը, ի՞նչ է մտածում երեխան: Լավագույն դեպքում սկսում է անհանգստանալ հոր և մոր առողջության համար, իսկ ենթագիտակցության մեջ ամրանում է, որ իրեն խաբեցին:

Ստելն անխուսափելի է երեխաների անզուսպ լացի և քմահաճույքների դեպքում:

Երբ խանութի ուղիղ մեջտեղում երեխան պառկում է հատակին ու լացելով պահանջում գնել այդ պահին իրեն դուր եկած խաղալիքը, նրա ձայնը կտրելու և խայտառակ չլինելու համար ծնողի շանսերը քիչ են. նա կա՛մ պետք է կատարի երեխայի պահանջը, բայց այդ դեպքում երեխան կսովորի, որ կապրիզն իր ցանկություններին հասնելու ուղիղ ճանապարհն է, կա՛մ պետք է ֆիզիկական ուժ կիրառելով՝ զսպի երեխայի կատաղությունը, բայց դա անընդունելի է և, ի վերջո, անարդյունավետ, քանի որ երեխան, միևնույնն է, ավելի ուժեղ է սկսում լաց լինել արդեն վախից ու ցավից:


Տաթևիկ Բաղդասարյան. Մենք` ձեր ծառերը, դուք` մեր անտառը


Մնում է համոզելու տարբերակը կամ, ինչպես ասում են, գլխի տակ փափուկ բարձ դնելու մեթոդը. «Մայրիկը խոստանում է, որ անպայման կգնի քեզ համար այդ խաղալիքը, պարզապես այս պահին փողս չի հերիքում»: Անցնում են մի քանի քայլ, և մայրիկը, որը փող չուներ, իր համար նոր զգեստ է գնում:
Անհնար է չխաբել, երբ փոքրիկը նայում է աչքերիդ մեջ ու հարցնում՝ իսկ ինչպե՞ս են ծնվում երեխաները: Այս հարցի վերաբերյալ ծնողների ստի արսենալը շատ մեծ է՝ կաղամբից մինչև արագիլ:

Մենք ստիպված ենք լինում ստել անելանելի վիճակից դուրս գալու համար:

Սա այն դեպքն է, որ երեխայիդ հաստատ մանրամասն չես պատմի նրա լույս աշխարհ գալու մասին ամբողջ ճշմարտությունը: Բայց նույնիսկ ամենաանելանելի ու էթիկայի սահմաններից դուրս հարցերին կարելի է պատասխանել մեկ նախադասությամբ. «Մի փոքր էլ մեծացի՛ր, ու կպատմեմ»: Բայց դրանից հետո ինչպե՞ս խնդրել նրան լաց չլինել վերքի ցավից, որովհետև արդեն մեծ տղա է:

Մեր երխաներին ստիպում ենք սուտ չխոսել, խրատում ենք ամեն պահ, թե որքան էլ ծանր լինի, միշտ պետք է ասել ճշմարտությունը, իսկ ինքներս ստում ենք ամեն օր, նույնիսկ ամենապարզ իրավիճակներում՝ նախաճաշից մինչև քնելու ժամը:

Հայրը ջանք չի խնայում որդուն բացատրելու համար, թե որքան վատ է ծխելը, և դա ասում է՝ հերթական գլանակը վառելով: Մայրը պահանջում է ճիշտ սնվել, իսկ այդ ընթացքում ընկերուհիների հետ կտրում է տորթի հերթական կտորը: Ամեն ստի հետ մեր երեխաները կորցնում են ամենաթանկը` մեր հանդեպ հավատը: Մեր խոսքն այլևս արժեք չի ունենում, ու սկսում ենք զարմանալ, թե ինչու են մեր երեխաները ծխում, հայհոյում ու չեն անում այն, ինչի մասին մենք նրանց ամեն օր զգուշացրել ենք, խրատել, պարտադրել:

Մարդը բանական էակ է, նույնիսկ եթե նա դեռ 3 տարեկան է, և բանականությունը նրան ստիպում է փնտրել ճշմարտությունը: Պետք չէ անհանգստանալ, որ այն` ճշմարտությունը, երբեմն կարող է նաև դառը լինել: Դա երևի թե կոփելու նման է, ինչպես սառը ցնցուղը` դիմադրողականությունը բարձրացնելու համար:

 

 

Գրել կարծիք