Մարիամ Մերաբովա. Քաղաքական խաղերից հեռու

Մարիամ Մերաբովա. Քաղաքական խաղերից հեռու

Ռուսական «Голос»-ը պայթեցրած Մարիամ Մերաբովան newmag-ի հեր զրույցում պատմել է, թե ինչպես է կարողանում մնալ լավ երգչուհի, տարբերվել, դառնալ լայն շրջանակների սիրելին, բայց որակն այդպես էլ չկորցնել:

texekanq-mariamtaza

Նրան լսելիս կասկած է առաջանոմ` մի՞թե սևամորթ երգչուհի չէ: Մարիամ Մերաբովան, իրոք, սպիտակամորթ է: Ավելին, հայուհի է. «Ջազը, այո՛, ազգություն ունենում է: «Հայկական ջազ» հասկացություն եղել է ու կա: Այն տարբերվում է իր կոլորիտով: Ինչպես հայկական գեղանկարչության գույները չես շփոթի, այդպես էլ հայկական ջազի մեղեդիները ճանաչելի են հեռվից հեռու»:

Ցուցադրական ջազն իրականից Մերաբովան հեշտ է տարբերում. երաժշտությունը պետք  է անկեղծ լինի: Հայկական ջազի ռուսաստանյան ձայնը համարում է, որ սևամորթների էթնիկ երաժշտությունը ճգնաժամ է ապրում ամբողջ աշխարհում. «Ամերիկայում հիմա ջազ չկա: Մայլս Դևիսի մտերիմը մի անգամ բողոքում էր, թե վերջ, ընկերնե՛ր, ԱՄՆ-ում ջազը մեռած է: Այն հնչում է միայն Նյու Յորքում»:

Մարիամը ցավով է արձանագրում` հանդիսատեսի պահանջները փոխվել են: Լսարանն ավելի պարզունակ է դարձել.«Կյանքն այնքան բարդ է հիմա դարձել: Մարդիկ գալիս են համերգի և ուզում են հանգստանալ: Հանգիստը նրանք գտնում են թեթև երգերի մեջ: Ինստրումենտալ լուրջ երաժշտությունը պետք է լսել և կարողանալ ընկալել, ինչը բարդ առաջադրանք է ժամանակակից երիտասարդության համար: Մենք` որպես անհատ ու արտիստ, ավելի խորը, լուրջ ենք դառնում ժամանակի հետ, մեր լսարանը, հակառակը,դեպի համաշխարհայնացում է գնում, պարզունակ է դառնում»:

iPad-ների ու  iPhone-ների, «Facebook»-ի և «Twitter»-ի դարում ապրող երիտասարդն այլևս տոմսարկղի մոտ հերթ կանգնելու կարիք չունի: Ցանկացած համերգի կարող են հետևել տանը` HD որակով, լայնէկրան հեռուստացույցով:

Միանման հագնվող, նույն ռոք տակտերի տակ գլուխը թափահարող երիտասարդները սարսափեցնում են Մերաբովային. «Բոլորը նույն ֆաբրիկայից կարծես դուրս եկած լինեն, նույն ոճաբանի ձեռքի տակով անցած լինեն: Չեմ հասկանում` ինչ է կատարվում: Անհատականությունը՝ որպես այդպիսին, ավելի ու ավելի հազվադեպ է հանդիպում: Ես ամենևին դեմ չեմ տեխնիկական առաջընթացին: Ոչ մի դեպքում: Բայց ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: «Facebook» ես էլ եմ օգտագործում: Լավ տարածք է շփվելու, գովազդի համար: Բայց եթե սկսեմ այնտեղ ապրել օրվա 12 ժամը,կկործանվեմ: Մինչդեռ կան այդպիսի մարդիկ: Նրանց հետաքրքիր չէ կյանքը, նրանց համար ձանձրալի է ապրելը»:

merabova-2

Մեկ մարդու հասարակությունում ենք ապրում, նկատում է Մարիմաը, selfie-ն միայնակ մարդկանց թրենդն է: Էմոցիոնալ առումով նեյտրալ լինելն ավելի հեշտ է, հարմար, քան որևէ մեկի հետ զգացմունքներ կիսելը. «Քչերը գիտեն` ինչի համար են ծնվել: Հասարակությունը անկիրթ է: Ընդհանրապես կրթության հարցը ողբերգական է: Հասարակությունը միայն բիոզանգված չէ: Այն կազմված է անհատներից: Տեսե՛ք, ես ունեմ իմ մակարդակը: Գիտեմ` ինչ եմ կարդացել, ինչ եմ նայել, ինչով եմ սնվել, ում հետ եմ մեծացել: Ու երբ ինձ ինչ-որ բան են հրամցնում, ասում են` սա զիլ է, սա հավանում են միլիոնավոր մարդիկ, ես այդ «դեմ տվածը» չեմ ընդունում:  Չէ՞ որ ես տեսնում եմ` հիմարություն է, անկապություն: Այնպես որ յուրաքանչյուրը պետք է սկսի իրենից: Անիմաստ է փորձել փրկել բոլորին, երբ դու ինքդ քեզ առաջին հերթին չես կարող փրկել»:

Մերաբովան համարում է, որ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են հասարակության հետ, ունեն լսարան, կրում են սոցիալական մեծ պատասխանատվություն: Ինքն իր պարտքը կատարում է` երբեք չդավաճանելով սկզբունքներին. պետք է որակյալ երաժշտություն մատուցել. «Հիմա երաժշտական արվեստը երաժիշտներից անցել է պրոդյուսերներին: Նրանք ոչ թե ստեղծագործում են, այլ հաշվում: Էմոցիա սպառող հանդիսատես, այդուամենայնիվ, մնացել է: Քիչ, բայց կա: Ինչո՞ւ ընտրեցի «Голос»-ը: Հանդիսատեսի համար: Այդ մրցույթն ուներ զգացմունքային երաժշտություն լսող ու գնահատող լսարան: Թեպետ ինձ համար մեկ է` դահլիճում նստած կլինի 50, 5000, թե՞ 50000 մարդ: Ի դեպ, ես ատում եմ մարզադաշտային համերգները»:

Մարիամն իրեն սնոբ չի համարում: Ընդհանրապես, ասում է, սնոբիզմը սահմանափակում է մարդուն, իսկ արտիստի համար մահացու է: Եվս մեկ բան, որ, ըստ Մերաբովայի, հակացուցված է արվեստագետին. չի կարելի ներքաշվել քաղաքական խաղերին. «Մշակույթի մարդիկ, կարծում եմ, իրավունք չունեն մտնել քաղաքական խաղերի մեջ: Կանցնեն տարիներ, ու տանջող ամոթի զգացումից հանգիստ չես ունենա քո կատարած ընտրության համար, որովհետև դու ոչինչ չգիտեիր այն ժամանակ և հերթական խամաճիկն ես դարձել քաղաքական գործչի ձեռքին»:

merabova-1

Երաժշտությունից մինչև ամուսնություն Մարիամը երբեք ոչ մի ընտրության համար  չի զղջացել: 10 տարի Մարիամ և Արմեն Մերաբովների սիրո պատմությունն այնքան է քննարկվել, որ հիշեցնելն ավելորդ է: Պարզապես նրանց ընտանիքում երաժշտությունը վաղուց աշխատանք չէ: Հոգեվիճակ է, ապրելակերպ. «Գործի մասին տանն էլ ենք խոսում: Ստացվում է` երեխաներին էլ ենք ակամա ներգրավում: Դառնում են նախագծի անդամ»:

Ավագ դուստրը դաշնամուրի յոթնամյա ուսումն է ավարտել: Բայց դժվար թե ծնողների գործը շարունակի:  Մյուս երկու երեխաները գուցե դառնան երաժիշտ. Մարիամը ոչ մեկին չի ստիպի: Չնայած մի բան Մերաբովների տանը պարտադիր պայման է. պետք է երաժշտական կրթություն ստանալ: Ինքն ավանդական հայ կին է, վստահեցնում է Մարիամը: Տան ղեկը Արմենի ձեռքին  է: Իսկ, ա՛յ, ձայնագրման ստուդիայի տիրուհին ինքն է:

Գրել կարծիք