[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Դասը վարում են հրեաները. Սոկրատեսը, Թալմուդն ու երկուսը ծխնելույզում…
20-ական թվականների միջնամասում երիտասարդ մի հրեա գալիս է նյու-յորքյան հայտնի ռաբբիներից մեկի մոտ ու ասում, որ ցանկանում է նրա աջակցությամբ «Թալմուդ» ուսումնասիրել:
- Դու արամերեն գիտե՞ս,- հարցնում է նրան Ռաբբին:
- Ոչ…
- Իսկ եբրայերե՞ն…
- Ոչ…
- Իսկ մանուկ հասակում «Թորա» կարդացե՞լ ես…
- Չէ, Ռեբե,- հետևում է պատասխանը:
- Բայց Դուք մի անհանգստացեք: Ես ավարտել եմ Բերկլիի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և տառացիորեն օրերս պաշտպանել ատենախոսություն`«Սոկրատեսի փիլիսոփայության տրամաբանությունը» թեմայով: Իսկ հիմա իմ իմացության բացը լրացնելու նպատակով` որոշել եմ «Թալմուդ» ուսումնասիրել:
- Դու չես կարող «Թալմուդ» ուսումնասիրել: Դա մարդկության երբևէ ստեղծած իմաստնագույն գրքերից թերևս լավագույնն է: Բայց եթե դու շարունակում ես պնդել, ապա ես քեզ տրամաբանական մի խնդիր կառաջարկեմ: Գլուխ հանեցիր` քեզնով կզբաղվեմ:
Երիտասարդի համաձայնությունից հետո Ռաբբին առաջարկում է խնդիրը:
- Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանից մեկը դուրս է գալիս մրոտ, մյուսը` մաքուր դեմքով: Ինչ ես կարծում, նրանցից ո՞վ կգնա լվացվելու: Երիտասարդի աչքերը թռչում են ճակատին:
- Ու սա՞ է Ձեր առաջարկած տրամաբանական խնդիրը…
Ռաբբին նշանացին գլխով է անում:
- Միթե պարզ չէ, նա` ով մրոտ դեմք ունի…
- Պատասխանը ճիշտ չէ: Փորձիր խնդրին մոտենալ տրամաբանորեն,- ասում է Ռաբբին:
- Նա` ում դեմքը մրոտ է, երբ նայի դիմացինին` ում դեմքը մաքուր է, կկարծի թե իր դեմքն էլ է մաքուր և չի գնա լվացվելու: Իսկ նա` ում դեմքը մաքուր է, նայելով մրոտի դեմքին` կմտածի, որ իր դեմքն էլ է մրոտ ու կգնա լվացվելու…
- Բան չունեմ ասելու, տրամաբանական է,- հանկարծակիությունից շշմած ասում է երիտասարդը, ապա դիմում Ռաբբիին`
- Ռաբբի, այդ դեպքում խնդրում եմ ինձ նոր խնդիր տվեք:
- Բարի, երիտասարդ: Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանցից մեկը դուրս է գալիս մրոտ, մյուսը` մաքուր երեսով: Դե հիմա ինձ ասա, նրանցից ով կգնա լվացվելու…
- Չէ որ մենք հենց նոր միասին պարզեցինք, նա` ում դեմքը մաքուր է…
- Կրկին սխալվեցիր,- ասում է Ռաբբին և հավելում՝ երկուսն էլ կգնան լվացվելու: Դատիր տրամաբանորեն: Նա` ում դեմքը մաքուր է, տեսնելով դիմացինի մրոտ դեմքը` կկարծի, թե իր դեմքն էլ է մրոտ ու կգնա լվացվելու, իսկ մրոտ դեմքովն էլ տեսնելով, որ մյուսը գնաց լվացվելու` կկռահի, որ ինքն էլ է մրոտ ու ինքն էլ կգնա լվացվելու…:
- Տես է, ոնց ես այդ մասին չէի մտածել: Ես նորից տրամաբանական սխալ գործեցի: Ռեբե, խնդրում եմ, մեկ այլ խնդիր էլ տալ:
- Դե, լավ, որ շատ ես պնդում… Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանցից մեկը ծխնելույզից դուրս է գալիս մաքուր, մյուսը` մրոտ դեմքով: Քո կարծիքով նրանցից ով կգնա լվացվելու…
- Դե, ինչպես պարզվեց` երկուսն էլ կգնան…
- Կրկին սխալվեցիր: Նրանցից ոչ մեկն էլ լվացվելու չի գնա: Դատիր տրամաբանորեն: Մրոտ դեմքովը մաքուր դեմքովին նայելուց հետո լվացվելու չի գնա: Իսկ նա` ում դեմքը մաքուր է, տեսնելով, որ մրոտ դեմքովը չի գնում լվացվելու, կհասկանա, որ իր դեմքը մաքուր է, ուստի ինքն էլ չի գնա լվացվելու:
Բարկությունից ու հուսահատությունից կարմրատակած երիտասարդը, դիմելով ռաբբինին, ասում է՝
- Ռաբբի, հավատացնում եմ, ես «Թալմուդը» կսովորեմ, խնդրում եմ, ինձ մի ուրիշ հարց էլ տվեք:
- Բարի, չեմ առարկում,-ասում է ռաբբին ու շարունակում`
- Երկու հոգի իջնում են ծխնելույզով…
- Աստված իմ…Նրանցից ոչ մեկն էլ լվացվելու չի գնա…
- Սխալվում ես… Հիմա դու թերևս համոզվեցիր, որ Սոկրատեսի տրամաբանության իմացությունն ամենևին էլ բավարար չէ «Թալմուդն» ուսումնասիրելու համար: Դե հիմա ինձ ասա, ինչպես է հնարավոր, որ երկու հոգի նույն ծխնելույզով իջնեն ու նրանցից մեկը մրոտվի, մյուսը` ոչ…Միթե դու չես հասկանում, որ այս գլուխկոտրուկ կոչվածը տեղով մեկ անիմաստություն է: Ու եթե դու քո ողջ կյանքը մսխես նմանատիպ անհեթեթությունների պատասխանը գտնելու վրա, ապա քո բոլոր պատասխանները նույնքան իմաստազուրկ կդառնան…
Կարդա նաև
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)