[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ]  Դասը վարում են հրեաները. Սոկրատեսը, Թալմուդն  ու երկուսը ծխնելույզում…

[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Դասը վարում են հրեաները. Սոկրատեսը, Թալմուդն  ու երկուսը ծխնելույզում…

newmag-ի նոր հատուկ բաժինը` Օտարի դասերը, ներկայացնում է ամենաինքնատիպ պատմությունները, որ կարող են նաև մեզ օգտակար լինել:

20-ական թվականների միջնամասում երիտասարդ մի հրեա գալիս է նյու-յորքյան հայտնի ռաբբիներից մեկի մոտ ու ասում, որ ցանկանում է նրա աջակցությամբ «Թալմուդ» ուսումնասիրել:

– Դու  արամերեն գիտե՞ս,- հարցնում է  նրան Ռաբբին:

– Ոչ…

– Իսկ եբրայերե՞ն…

– Ոչ…

– Իսկ մանուկ հասակում «Թորա» կարդացե՞լ ես…

– Չէ, Ռեբե,- հետևում է պատասխանը:

– Բայց Դուք մի անհանգստացեք: Ես ավարտել եմ Բերկլիի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և տառացիորեն օրերս պաշտպանել ատենախոսություն`«Սոկրատեսի փիլիսոփայության տրամաբանությունը» թեմայով: Իսկ հիմա իմ իմացության բացը լրացնելու նպատակով` որոշել եմ «Թալմուդ» ուսումնասիրել:

– Դու չես կարող «Թալմուդ» ուսումնասիրել: Դա մարդկության  երբևէ ստեղծած  իմաստնագույն գրքերից  թերևս լավագույնն է: Բայց եթե դու շարունակում ես պնդել, ապա ես քեզ տրամաբանական մի խնդիր կառաջարկեմ: Գլուխ հանեցիր` քեզնով կզբաղվեմ:

Երիտասարդի համաձայնությունից հետո Ռաբբին առաջարկում է խնդիրը:

– Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանից մեկը դուրս է գալիս մրոտ, մյուսը` մաքուր դեմքով: Ինչ ես կարծում, նրանցից  ո՞վ կգնա լվացվելու: Երիտասարդի աչքերը թռչում են  ճակատին:

– Ու սա՞ է Ձեր առաջարկած տրամաբանական խնդիրը…

Ռաբբին նշանացին գլխով է անում:

– Միթե պարզ չէ, նա` ով մրոտ դեմք ունի…

– Պատասխանը ճիշտ չէ: Փորձիր խնդրին մոտենալ տրամաբանորեն,- ասում է Ռաբբին:

– Նա` ում դեմքը մրոտ է, երբ նայի դիմացինին` ում դեմքը մաքուր է, կկարծի թե իր դեմքն էլ է մաքուր և չի գնա լվացվելու: Իսկ նա` ում դեմքը մաքուր է, նայելով մրոտի դեմքին` կմտածի, որ իր դեմքն էլ է մրոտ ու կգնա լվացվելու…

– Բան չունեմ ասելու, տրամաբանական է,- հանկարծակիությունից շշմած ասում է երիտասարդը, ապա դիմում Ռաբբիին`

– Ռաբբի, այդ դեպքում խնդրում եմ ինձ նոր խնդիր տվեք:

– Բարի, երիտասարդ: Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանցից մեկը դուրս է գալիս մրոտ, մյուսը` մաքուր երեսով: Դե հիմա ինձ ասա, նրանցից ով կգնա լվացվելու…

– Չէ որ մենք հենց նոր միասին պարզեցինք, նա` ում դեմքը մաքուր է…

– Կրկին սխալվեցիր,- ասում է Ռաբբին և հավելում՝ երկուսն էլ կգնան լվացվելու: Դատիր տրամաբանորեն:  Նա` ում դեմքը մաքուր է, տեսնելով դիմացինի մրոտ դեմքը` կկարծի, թե իր դեմքն էլ է մրոտ ու կգնա լվացվելու, իսկ մրոտ դեմքովն էլ տեսնելով, որ մյուսը գնաց լվացվելու` կկռահի, որ ինքն էլ է մրոտ ու ինքն էլ կգնա լվացվելու…:

– Տես է, ոնց ես այդ մասին չէի մտածել: Ես նորից տրամաբանական սխալ գործեցի: Ռեբե, խնդրում եմ, մեկ այլ խնդիր էլ տալ:

– Դե, լավ, որ շատ ես պնդում… Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանցից  մեկը  ծխնելույզից  դուրս է գալիս մաքուր, մյուսը` մրոտ դեմքով: Քո կարծիքով  նրանցից ով կգնա լվացվելու…

– Դե, ինչպես պարզվեց` երկուսն էլ կգնան…

– Կրկին սխալվեցիր: Նրանցից ոչ մեկն էլ լվացվելու չի գնա: Դատիր տրամաբանորեն: Մրոտ դեմքովը  մաքուր դեմքովին նայելուց հետո լվացվելու չի գնա: Իսկ նա` ում դեմքը մաքուր է, տեսնելով, որ մրոտ դեմքովը չի գնում լվացվելու, կհասկանա, որ իր դեմքը մաքուր է, ուստի ինքն էլ չի գնա լվացվելու:

Բարկությունից  ու հուսահատությունից կարմրատակած երիտասարդը, դիմելով ռաբբինին, ասում է՝

– Ռաբբի, հավատացնում եմ, ես «Թալմուդը»  կսովորեմ, խնդրում եմ, ինձ  մի ուրիշ հարց էլ տվեք:

– Բարի, չեմ առարկում,-ասում է ռաբբին ու շարունակում`

– Երկու հոգի իջնում են ծխնելույզով…

– Աստված իմ…Նրանցից  ոչ մեկն էլ լվացվելու չի գնա…

– Սխալվում ես… Հիմա դու թերևս համոզվեցիր, որ Սոկրատեսի տրամաբանության իմացությունն ամենևին էլ բավարար չէ «Թալմուդն» ուսումնասիրելու համար: Դե հիմա ինձ ասա, ինչպես է հնարավոր, որ երկու հոգի նույն ծխնելույզով իջնեն ու նրանցից մեկը մրոտվի, մյուսը` ոչ…Միթե դու չես հասկանում, որ այս գլուխկոտրուկ կոչվածը տեղով մեկ անիմաստություն է: Ու եթե դու քո ողջ կյանքը մսխես նմանատիպ  անհեթեթությունների  պատասխանը գտնելու վրա, ապա քո բոլոր պատասխանները նույնքան իմաստազուրկ կդառնան…

Գրել կարծիք