Դիտե՞լ պոռնոգրաֆիա, թե՞ ոչ. թո՛ւյլ տվեք՝ ի՛նքս ընտրեմ

Դիտե՞լ պոռնոգրաֆիա, թե՞ ոչ. թո՛ւյլ տվեք՝ ի՛նքս ընտրեմ

Պոռնոգրաֆիայի տարածումը Հայաստանում արգելված է, բայց ամեն համակարգիչ հասանելիություն ունի ցանկացած պոռնոռեսուրսի:

Ընկերոջս հետ զրուցում ենք: Ասում եմ՝ Մհե՛ր, եթե վաղն արգելեն խանութում ավոկադո վաճառել, ի՞նչ կանես: Չեմ հիշում, երևի սրա պես ախմախ հարցեր էլի եմ տվել Մհերին, որովհետև դեմքի ոչ մի մկան չշարժվեց, ու մի պահ մտածելուց հետո հանգիստ պատասխանեց.

«Երբեք չեմ կերել ավոկադո, էնպես որ լրիվ մեկ է՝ արգելեն-չարգելեն: Բայց արգելելուց որոշ ժամանակ հետո հնարավոր է՝ ասեմ՝ ախր ինչո՞ւ արգելեցին, երանի՜ լիներ, ու մի հատ ուտեի: Վարդագույն փղիկների ֆենոմենն է»:

Գիտե՞ք որն է վարդագույն փղիկների կամ, որ ավելի հայտնի է, սպիտակ կապիկների ֆենոմենը: Փորձե՛ք ամենաանպատեհ պահին Ձեր զրուցակցին ասել՝ մի՛ մտածիր վարդագույն փղիկների մասին: Կռահու՞մ եք, թե ինչ կսկսի նա անել հենց այդ պահին: Կսկսի մտածել վարդագույն փղիկների մասին: Մհերի սուբյեկտիվ եզրահանգումները ընդհանուր ճշմարտությունն են արտահայտում: Իմաստ չունի արգելել այն, ինչ տարածում չունի: Ու անիմաստ է ակնկալել, որ տարածում չի գտնի այն, ինչ արգելել ես:

Այնքան խնդրեց Արարիչը Ադամին՝ եղբա՛յր, մի՛ կեր այդ անիծյալ ծառի պտուղը, թե չէ կսպանեմ: Հազարավոր այլ պտղատու ծառեր կային, բայց այդ մեկն էր ձգում, ո՜նց էր ձգում:

Կապույտ մորուքը հորդորեց կնոջը՝ բացի՛ր բազմաթիվ դռներից, որը կցանկանաս՝ բացի մեկից, թե չէ կսպանեմ: Ոչ մի սենյակի բովանդակություն այդքան հետաքրքիր չեղավ նորահարսի համար, որքան այդ անշուք մեկինը, որտեղ մտնելը խստիվ արգելված էր: Ոչինչ Հայաստանում այդքան հետաքրքրություն չառաջացրեց Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմի նկատմամբ, որքան այն, որ կինոթատրոնների ցանցը սկզբում ցանկացավ, հետո հրաժարվեց այն ցուցադրել, ինչ է թե պոռնոգրաֆիա է:

 

1

Հիմա Հայաստանում ամեն երկրորդ բնակիչն ինտերնետ ու դրան կպած համակարգիչ ունի: «Գուգլ»-ում հավաքում ես «բանալի բառ», ու համակարգը առջևդ է փռում աշխարհի բոլոր պոռնոկայքերի անվերջանալի ցուցակը: Հիմա ես գովազդ չեմ անում: Էսպես թե էնպես, վիճակագրության համաձայն, հայաստանցիների ամենափնտրվող բառը ինտերնետում «պոռնո»-ն է: Ու էս երեսպաշտ իրականության մեջ Եվրոպայի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկի ֆիլմին անուն ենք կպցնում: Կինոթատրոնին անձամբ ես չեմ մեղադրում. բիզնես է, վախեցել է, որ կզրկվի հաճախորդից: Արգելողը ինքը՝ հաճախորդն է՝ ես, դու, բոլորս, պոռնո սիրող, բայց էդ սիրուց ամաչող հանրությունը: Ինչ է թե պոռնոյի հանդեպ մեր սերը կարող է հրապարակային դառնալ: Հնարավորին չափ ուժեղ գոռանք՝ բռնե՛ք գողին, որ չասեն՝ գողը դու ես:

Ֆիլմը չեմ դիտել դեռ, բայց գիտեմ, որ էկրանին, իրոք, հնարավոր է, տեսնեինք այն նույն առնանդամը, որը տեսնում ենք Միքելանջելոյի «Ադամի արարումը» որմնանկարի վրա, նույն հեշտոցը, որը պատկերված է Գյուստավ Կուրբեի «Աշխարհի ծագումը» գլուխգործոցի վրա, այն նույն սեռական ակտը, որի ականատեսն ենք դառնում Ագոստինո Կարաչիի «Յուպիտեր և Յունոնա աստվածները» գրավյուրում: Ոմանց համար՝ պոռնոգրաֆիա, ոմանց համար՝ արվեստ:

Մի կողմ թողնենք այն, որ պոռնոգրաֆիան տարբեր երկրներում տարբեր կերպ է մեկնաբանվում, ու դրա հստակ ձևակերպումը դեռ չեն գտել: Մի կողմ թողնենք նաև այն, որ պոռնոգրաֆիայի տարածումը Հայաստանում արգելված է, բայց ամեն համակարգիչ մատչում ունի ցանկացած նախասիրությամբ պոռնոռեսուրսի:

Արարիչն ինչո՞ւ էր արարել այդ անիծյալ ծառը, որ հետո էլ վրան արգելք դներ: Կապույտ մորուքը ինչո՞ւ էր կնոջը տալիս այն դռան բանալին, ուր մտնելն արգելվում էր: Կարելի էր, չէ՞, պարզապես զրկել հնարավորությունից: Չե՞ք մտածել այս մասին:

Ես կարծում եմ, նույնիսկ գրեթե վստահ եմ՝ դա չեն արել, որ ընտրության հնարավորություն լիներ, որ ընտրության առջև կանգածն ինքնուրույն կողմնորոշվեր՝ բավարարե՞լ հետաքրքրությունը, թե՞ խեղդել գայթակղությունը:

Իսկ մենք գերադասում ենք կաշկանդել հնարավորությունը, ընտրության աստվածատուր հնարավորությունը: Ինչ է թե պոռնոգրաֆիա է: Որի ձևակերպումը չկա:

 

 

Գրել կարծիք