Գլխավոր Հոդվածներ

Շոտլանդական ապահարզան կամ ինչո՞ւ հրաժարվեց անկախու

Շոտլանդական ապահարզան կամ ինչո՞ւ հրաժարվեց անկախությունից

Անգլիացիները հեռանում են՝ առանց հրաժեշտ տալու, շուտլանդացիները մնում են՝ մնաս բարով ասելով:
Շոտլանդական հանրաքվեի «ոչ»-ը Հայաստանում շատերի համար անհասկանալի մնաց. ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ ինքնակամ հրաժարվել անկախությունից: Տարօրինակ որոշում է, բայց ոչ շոտլանդացիների համար:
Բրիտանական իշխանությունը շոտլանդական հանրաքվեի գաղափարը, իհարկե, չի ողջունել, բայց նախաձեռնությունը տապալելու համար բռնություններ կիրառելու ավանդական տարբերակի փոխարեն Լոնդոնը ամեն ինչով աջակցել է: Մեծ Բրիտանիայում առանձին օրենք են ընդունել հանրաքվեն օրինականացնելու համար: Տարօրինակ է, բայց ոչ անգլիացիների համար:
Բրիտանիան միայն Անգլիան չէ, ու սա առաջին հերթին ընդունում են հենց անգլիացիները: Աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում ազդեցություն ունեցող երկիրը բոլորին հայտնի է Մեծ Բրիտանիա անունով, շոտլանդացին դրա մասն է՝ անգլիացուն հավասար, Բրիտանիան Մեծ է նաև Շոտլանդիայով:

Ի վերջո, Անգլիան չունի անկախություն ճիշտ այնքան, որքան Շոտլանդիան: ՄԱԿ-ի անդամ Անգլիա պետություն գոյություն չունի:

Շոտլանդական հանրաքվեն ոչ թե «ոչ» ասաց Շոտլանդիայի անկախությանը, այլ «այո»՝ Բրիտանիայի Մեծությանը:
Իսկ ինչո՞ւ շոտլանդացիները որոշեցին անկախության հանրաքվե անցկացնել: Եվ ինչու՞ հիմա: Մի՞թե նախկինում` անցած երեք հարյուր տարիների ընթացքում, Լոնդոնը թույլ չէր տալիս ու հիմա հանկարծ թույլ տվեց:
Հարյուր տարի առաջ աշխարհում կարելի էր մատների վրա հաշվել անկախ երկրների քանակը: Այսօր դրանք մոտ երկու հարյուրն են, անկախանալու ձգտումն ուժգնանում է: Ակնհայտ է, որ ժամանակին զուգահեռ աճում է պետական ավելի մանր միավորների անհրաժեշտությունը, որը կապ չունի «ամեն ազգին` մեկ պետություն» գաղափարի հետ:
Բարաք Օբամայի վերընտրությունից հետո ամերիկյան ավանդական հանրապետական նահանգներում Վաշինգտոնից անկախանալու կոչեր հնչեցին: Բասկերի երկիրն ու Կատալոնիան, Իտալիայի հյուսիսը, Սուդանի հարավը և այլ միավորներ. միմյանցից չափազանց տարբեր երկրներում և տարածքներում անջատական տրամադրություններ են տիրում:
Մարդիկ ցանկանում են ստեղծել իրենց կյանքի կազմակերպման ավելի ճկուն համակարգեր, որպեսզի կենտրոն-ծայրամաս հասկացություն այլևս չի լինի:

Պաթետիկ արտահայտությունը, թե «կյանքն արագացել է». իրականում լուրջ մարտահրավերի ազդանշան է: Արագացված կյանքը ենթադրում է այն արագ կազմակերպելու մեխանիզմներ, որոնք պետական գործող համակարգերը բավարարել չեն կարողանում: Մարդիկ ցանկանում են իրենց խնդիրներն արագ լուծել, դիմել դատարան, զագս, ոստիկանություն, դատախազություն և անմիջապես լուծում ստանալ: Ու երբ չի ստացվում, ծագում է անկախանալու կամ սոցցանցում բողոքի էջ բացելու գաղափարը:
Այս իմաստով շոտլանդական հանրաքվեն ընդամենը օրինակ է, իսկ պետությունները «մանրացնելու» ցանկությունը կդադարի միայն այն ժամանակ, երբ կյանքը արագացնող տեխնոլոգիաները վերանան, ժամանակն էլ հետ գնա:
Իսկ մինչև այդ ամեն տարի՝ նոր սերդնի iPhone-ի շնորհանդեսին զուգահեռ, անկախության հանրաքվեները աշխարհում միայն ավելանալու են:
 
 
 

Տարածել