ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[ Արեվելյան խոհանոց ] Ինչպե՞ս փոխվեց ջիհադի իմաստը

[ Արեվելյան խոհանոց ] Ինչպե՞ս փոխվեց ջիհադի իմաստը և ի՞նչ է 21-րդ դարի սրբազան իրավունքը

Սիրիայում ռուսական օդուժի առաջին ավիահարվածներից անմիջապես հետո Սաուդյան Արաբիայում հիսունից ավելի իսլամական քարոզիչներ կոչ արեցին ջիհադ հայտարարել Ռուսաստանին: Ջիհադի կոչերին միացավ նաև Քաթարում գործող Մուսուլման գիտնականների միջազգային միությունը` հանձին նրա ղեկավար Յուսուֆ ալ Քարդավի[1].

Ռուսաստանը ներխուժել է Սիրիա: Պատրիարք Կիրիլն էլ իր խոսքն ասել է, ուստի պատերազմը ստանում է կրոնական բնույթ: Մենք պետք է ռուսների դեմ ջիհադ սկսենք:

Երբ Ալ Նուսրայի ճակատը (նույնն է, թե սիրիական Ալ Քաիդան) ռուս զինվորներին Սիրիայում ջիհադ հայտարարեց, շատերի հիշողության մեջ արթնացավ խորհրդա-աֆղանստանյան պատերազմը, ռուսներին ջիհադ հայտարարած ու հաղթած թալիբները, որոնք իրենց կոչում էին ջիհադի մարտիկներ՝ «մոջահեդներ»:
21-րդ դարում ջիհադ տերմինը ասոցացվում է միմիայն ահաբեկիչների հետ, որոնք հայտարարում են տոտալ պատերազմ՝ իրենց պատկերացրած իսլամի թշնամիների դեմ: Իրականում ջիհադ հասկացությունը պարզունակ պատերազմ հայտարարելուց ավելի խորն ու բազմաբովանդակ է: Ղուրանում ջիհադը մի քանի տարբերակ ունի: Օրինակ՝ սրտի ջիհադը համարվում է ամենաբարդը. հավատացյալ մարդն ինքն իր մեջ պայքարում է սեփական արատների ու վատ սովորությունների դեմ, ինքնակատարելագործվում է: Կա նաև լեզվի ջիհադ, որն արգելում է անթույլատրելին և խրախուսում է թույլատրելին: Սակայն ամենատարածվածն ու շահարկվողը սրի ջիհադնէ: Ուղղադավան մուսուլմաններին այն կոչ է անում պայքարել անհավատների դեմ, բայց երկու դեպքում. եթե մուսուլմանները մահվան վտանգի տակ են, կամ եթե նրանց արգելում են դավանել իսլամ:





Միջնադարում ջիհադ հայտարարելու իրավունքը պատկանում էր աշխարհի մուսուլմանների առաջնորդին՝ խալիֆին, որը նաև նրանց հոգևոր առաջնորդն էր: Խալիֆի ինստիտուտը 1924 թվականին վերացրել է Մուստաֆա Քեմալը, սակայն ջիհադի ինստիտուտը պահպանվել է: Հարց է առաջանում. 21-րդ դարում ո՞ւմ է պատկանում ջիհադ հայտարարելու իրավունքը: Պետականամետ կրոնագետները պնդում են, որ ջիհադ հայտարարելու իրավունքը պատկանում է մուսուլմանական պետություններին, իսկ առանձին անհատներ կամ համայնքների ղեկավարներ այդ իրավունքը չունեն:
Իսլամական իրավունքի համաձայն, ջիհադի հրամանը կրում է միջազգային բնույթ, իսկ սա նշանակում է, որ ջիհադ հայտարարելու իրավունք ունի միայն պետության ղեկավարը կամ այդ երկրում մուսուլմանների հոգևոր առաջնորդը:
Ստացվում է, որ ջիհադ կարող է հայտարարել, օրինակ` Սաուդյան Արաբիայի թագավորը կամ այդ երկրի մուսուլմանների առաջնորդը: Մանավանդ որ սաուդյան տիրակալն է համարվում սրբազան Մեքքա և Մեդինա քաղաքների պահապանը: Հորդանանի թագավոր, նշանավոր Հաշիմյան դինաստիայի ներկայացուցիչ Աբդալլա թագավորը շարունակում է Մեքքայի խալիֆի սերունդը: Այս առաջնորդները կարող են ջիհադի կոչ անել, և նրանց խոսքն իսլամական աշխարհում անկասկած կարող է մեծ կշիռ ունենալ: Սակայն դժվար է պատկերացնել Միացյալ Նահանգների դաշնակից, նավթադոլարներ կուտակող ու շքեղ ֆերարի վարող սաուդյան դինաստիային` ջիհադ հայտարարելիս: Ավելի մեծ երևակայություն է պետք հավատալու, որ արաբական աշխարհի ամենաաշխարհիկ ղեկավարներից մեկը համարվող ու եվրոպական թանկարժեք հագուստներ կրող Աբդալլահ թագավորը մի օր կարող է «անհավատներին» սրբազան պատերազմ հայտարարել:


[1] Նա առավել հայտնի է որպես Մուսուլման եղբայրներ շարժման գաղափարախոս:

Տարածել