Նորաձև սպորտային հագուստ

Նորաձև սպորտային հագուստ

Նորաձևությունը սպորտով ոգեշնչվում է վաղուց և հիմնովին, բայց վերջին սեզոնների ընթացքում այս հետաքրքրությունն աճել է ու դարձել պահանջված:

Օլիմպիական խաղերը գրավեցին բոլորիս ուշադրությունը և ավելի ուժեղացրին սպորտի հանդեպ համատարած հետաքրքրությունը։ Նորաձևությունը սպորտով ոգեշնչվում է վաղուց և հիմնովին, բայց վերջին սեզոնների ընթացքում այս հետաքրքրությունն աճել է։

«Chanel Haute Couture» ցուցադրությունն անցկացվեց Փարիզի բարձր նորաձևության շաբաթի շրջանակում։ Սա ոչ միայն ֆեշն աշխարհի կարևորագույն ցուցադրություններից մեկն է (եթե ոչ ամենակարևորը), այլև նորաձևության, շքեղության և նրբագեղության սանդղակի ամենաբարձր կետը։ Ցուցադրելով գարուն-ամառ «Haute Couture» հավաքածուն՝ Կառլ Լագերֆելդը կրկին շոկի է ենթարկում բոլորին՝ մոդելներին տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ զգեստների հետ հագցնելով սպորտային կոշիկներ։

Իհարկե, «Chanel Haute Couture» «բոթասները» ոչ պակաս շքեղ կամ թանկ են, բայց, միևնույնն է, սպորտային կոշիկների նոր «Haute Couture» կարգավիճակը միանգամից հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում ու մեկ անգամ ևս հաստատում այսպիսի սպորտային կոշիկների գերակտուալությունը։

newmag49

Վազքի համար նախատեսված սպորտային կոշիկներ, բեյսբոլային գլխարկներ և բաճկոններ, բասկետբոլային համազգեստի շապիկներ. այս հագուստները վերջին սեզոններին կարելի է տեսնել ոչ միայն սպորտային համազգեստի ու արտահագուստի խանութներում, այլև առաջատար ֆեշն ապրանքանիշների ցուցադրություններին և մասս մարկետ ապրանքանիշների տեսականիում։

Սպորտային համազգեստի հագուստները դիզայներների աշխատանքի շնորհիվ դառնում են ավելի ժամանակակից և նորաձև, գունավորվում վառ գույներով և զարդարվում արտասովոր պրինտներով։ Նոր տեխնոլոգիաներն իրենց հերթին այդ հագուստը դարձնում են ավելի հարմարավետ և պրակտիկ։ Այս ամենին զուգահեռ ակտիվորեն զարգանում է մեկ այլ ուղղություն, և ոչ սպորտային հագուստը ստանում է սպորտայինին բնորոշ դիզայն և ֆունկցիոնալություն։



Անշուշտ, մեծ է նաև սպորտի և սպորտսմենի հանդեպ հետաքրքրության գործոնը։ Սպորտային աստղերը ոչ պակաս ճանաչված և սիրելի են, որքան հոլիվուդյան դերասաններն ու փոփ աստղերը։ Ամենահաջողակները դառնում են նաև ոճի խորհրդանիշ։ Ի դեպ, կոսմոպոլիտիզմը սպորտային շիկի հատկանիշներից մեկն է։ Դրան ավելանում են ուրբանիստական էսթետիկան, հաղթական ոգին և, իհարկե, հարմարավետությունը։

Սպորտային և քեժուալ ոճերի միաձուլման հարցում մեծ դեր է խաղում նաև street fashion-ը։ Նորաձևություն թելադրողները համարձակորեն միքսում են ոճը՝ սպորտային կոշիկները կրելով, օրինակ, զգեստների կամ դասական կոստյումների հետ՝ այդպիսով «օրինականացնելով» համարձակ համադրությունները։ Նրանց լուքերի լուսանկարները տարածովում են ամբողջ աշխարհում և շատերին ստիպում կրկնօրինակել այդ ոճը։

newmag499

Հարմարավետության մասին՝ մի խոսուն դրվագ վերջին դեֆիլեներից։ «New York Fashion Week»-ի վերջին օրը Մարկ Ջեկոբսը ցուցադրում է «Louis Vuitton»-ից հեռանալուց հետո իր առաջին հավաքածուն՝ սեփական բրենդի համար։ Բոլորը հասկանում են, որ սա համարյա պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է։

Ամբողջ ֆեշն «Ինստագրամ»-ը հեղեղված է Ջեկոբսի ցուցադրության դեկոր ամպերի լուսանկարներով։ Այդ ամպերին համահունչ են նաև հագուստները՝ նույնպես ամպեր հիշեցնող, չափազանց գեղեցիկ, թափանցիկ շերտերով զգեստներ… Այս ամենից հետո Մարկը խոնարհվելու է դուրս գալիս սպորտային կոստյումի տաբատով… Կարծում եմ՝ հենց այս դեպքը բացահայտում է սպորտային հագուստի տարածման գլխավոր գաղտնիքը. այն չափազանց հարմարավետ է։

Այսօր մարդիկ ապրում են խելահեղ ռիթմով, չափազանց շատ աշխատում են և փորձում ամեն ինչ հասցնել։ Բացի դրանից՝ այսօր մարդիկ շատ ժամանակ են ծախսում տեղաշարժման վրա՝ տնից հասնելով աշխատավայր ու հակառակը, նաև շատ են ճանապարհորդում։ Այս ամենի մեջ հարմարավետության պահանջը զգալի աճում է։ Հենց այդ պատճառով նույնիսկ նորաձևության բնագավառի մարդիկ գերադասում են սուպերհարմարավետ սպորտային հագուստը, որը, իհարկե, նաև դառնում է չափազանց նորաձև և ոճային։

P. S. Կարծես մոռացել եմ բուն սպորտի մասին… Բայց համաձայնե՛ք, որ իսկապես գեղեցիկ «բոթասները» ոչ պակաս կարևոր և գրավիչ են:

Գրել կարծիք