Ումբերտո Էկո. Թանկագին թոռնիկս, սովորիր հիշել

Ումբերտո Էկո. Թանկագին թոռնիկս, սովորիր հիշել

newmag-ը թարգմանել է իտալացի գրող Ումբերտո Էկոյի նամակը թոռնիկին, որը, կարծես, բոլորիս է ուղղված և հիշեցնում է հիշելու կարևորության մասին:

Իմ սիրելի թոռնիկ,

Չէի ցանկանա, որ այս Սուրբ Ծննդյան նամակը հնչեր չափազանց ուսուցողական՝ Դե Ամիչիսայի տոնով, և քարոզեր սեր հարազատների, հայրենիքի, մարդկության ու նման այլ բաների հանդեպ: Դու չէիր հետևի դրան (դու արդեն մեծ ես, իսկ ես` վաղուց ծեր):

Արժեքների համակարգը այնքան է փոխվել, որ իմ խորհուրդները կարող են անտեղի լինել:

Եվ այսպես, ուզում եմ միայն մի խորհուրդ տալ, որը կարող է պետք գալ հենց հիմա, երբ օգտվում ես քո թաբլեթից: Չեմ ասի, որ դադարես զբաղվել դրանով, ու ձանձրալի ծերուկ թվամ: Չէ՞ որ ես էլ եմ դրանից օգտվում: Ծայրահեղ դեպքում կարող եմ խորհուրդ տալ երկար ժամանակ չծախսել հարյուրավոր պորնոգրաֆիկ կայքերում: Մի հավատա, որ սեռական հարաբերությունները հանգեցնում են միայն նմանօրինակ միատոն շարժումների: Այդ տեսարանները նրա համար են, որ քեզ պահեն տանը` դուրս գալու և իրական աղջիկների հետ ծանոթանալու փոխարեն:

Ընդունիր իմ խորհուրդները, նայիր աղջիկներին դպրոցում կամ խաղահրապարակներում, որովհետև նրանք հեռուստատեսային կերպարներից ավելի լավն են և մի օր քեզ ավելի մեծ հաճույք են պատճառելու, քան օնլայն աղջիկները:

Հավատա ինձ, որովհետև մեծ փորձ ունեմ (եթե համակարգչով միայն հետևեի սեքսուալ խաղերին, հայրդ երբեք չէր ծնվի, և, ընդհանրապես, դու էլ չէիր լինի):

Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել հետդ, այլ հիվանդության, որը վարակել է քո ու քո նախորդ սերունդներին, որոնք արդեն սովորում են համալսարանում:

Ես խոսում եմ հիշողության կորստի մասին:

Ճիշտ է, որ եթե ուզում ես իմանալ` ով է Կարլոս Մեծը կամ որտեղ է գտնվում Կուալա-Լումպուրը, կարող ես սեղմել կոճակն ու նույն րոպեին ամեն ինչ կարդալ համացանցում: Արա դա, երբ քեզ հարմար է, բայց ծանուցումը ստանալուց հետո աշխատիր հիշել բովանդակությունը, որպեսզի հետո նորից չփնտրես, երբ էլի պետք գան այդ գիտելիքները:

Վատ է, որ մտածում ես, թե համակարգիչը ցանկացած պահի կարող է պատասխանել քո ցանկացած հարցի: Այն խլում է քեզնից ինֆորմացիան մտապահելու ցանկությունը:

Այստեղ դիպուկ է հետևալ համեմատությունը. իմանալով, որ մի փողոցից մյուսը կարելի է հասնել ավտոբուսով, շտապելիս մարդը նախընտրում է ավտոբուսը կամ մետրոն՝ մտածելով, որ կարիք չկա քայլելու: Բայց, եթե այդպես շարունակես, վերջ ի վերջո կգամվես անվասայլակին (ես գիտեմ, որ սպորտով ես զբաղվում և կարողանում ես կառավարել մարմինդ): Բայց արի վերադառնանք ուղեղիդ:

Հիշողությունը նման է ոտքիդ մկաններին: Եթե դադարես մարզվել, կթուլանաս ու կվերածվես հիմարի:

Բացի այդ, բոլորիս ծերության ժամանակ Ալցհեյմերի հիվանդությունն է սպառնում: Եվ դրանից խուսափելու միջոցներից մեկը հիշողության մտավարժանքն է:

Ահա, թե որն է իմ բաղադարտոմսը.

  • ամեն օր անգիր սովորիր մի կարճ բանաստեղծություն, (այդպես մեզ ստիպում էին, երբ փոքր էինք): Կարելի է լավ հիշողության մրցույթ կազմակերպել ընկերների հետ:
  • Եթե պոեզիան այդքան էլ սրտովդ չէ, կարող ես մտապահել ֆուտբոլային թիմի կազմը, բայց պետք է հիշես ոչ միայն, օրինակ՝ Ռոմայի ներկա ֆուտբոլիստների, այլ նաև նախորդ տարիների ֆուտբոլիստներին նույնպես: Պատկերացրու, որ ես հիշում եմ թուրինյան ակումբի այն կազմը, որը Սուպերգի լեռներում ավիավթարի ենթարկված ինքնաթիռի մեջ էր` Բաչիգալուպո, Բալլարին, Մարոզո և այլք:
  • Մրցեք, թե ով է ավելի լավ հիշում ընթերցած գրքերի բովանդակությունը (ովքե՞ր էին «Իսպանյոլ» նավում, որը փնտրում էր գանձերի կղզին` Լորդ Տրելոնի, Կապիտան Սմոլետ, բժիշկ Լիվսի, Ջոն Սիլվեր, Ջիմ…):
  • Պարզիր՝ հիշո՞ւմ են ընկերներդ «Երեք հրացանակակիրների» ծառաների անունները (Գրիմո, Բազեն, Մուշկետոն, Պլանշե)… Իսկ եթե չես ուզում կարդալ «Երեք հրացանակիրները» (թեպետ այդ դեպքում չես էլ պատկերացնում` ինչ ես կորցնում), արա այդ վարժանքը ցանակցած գրքով, որը սիրում ես:

Դա քեզ խա՞ղ է թվում: Այո, դա խաղ է: Բայց դու կտեսնես, թե ինչպես է գլուխդ լցվում կերպարներով, պատմություններով և ամենատարբեր հիշողություններով:

Դու կհարցնես՝ ինչո՞ւ էին առաջ համակարգիչը անվանել էլեկտրոնային ուղեղ: Այդ նրա համար, որ այն մտածված էր քո (մեր) ուղեղի օրինակով: Բայց մարդկային ուղեղը ավելի շատ կապեր ունի, քան համակարգչինը:

Ուղեղը համակարգիչ է, որը միշտ քեզ հետ է, որի հնարավորությունները ընդլայնվում են վարժությունների միջոցով, իսկ քո սեղանի համակարգիչը երկարատև օգտագործումից հետո կորցնում է արագությունը, և մի քանի տարի հետո ստիպված ես փոխարինել այն:

Քո ուղեղն ունակ է ծառայել քեզ մինչև 90 տարեկան, և անգամ` 190, եթե մարզես այն: Դու կհիշես ավելին, քան հիմա: Այն նաև անվճար է: Եվ հետո, կա պատմական հիշողություն, որը կապված չէ քո կյանքի իրադարձությունների հետ: Այդ հիշողությունները կատարվել են մինչև քո ծնվելը:

Umberto_Eco_1984Այսօր, երբ գնում ես կինոթատրոն, դու պետք է հասնես ֆիլմի սկսվելուց առաջ: Երբ ֆիլմը սկսվում է, թվում է` քեզ ձեռքդ բռնած ուղեկցում են` բացատրելով` ինչ է կատարվում: Իմ ժամանակներում կարելի էր կինոթատրոն մտնել ցանկացած պահի, անգամ ֆիլմի միջնամասում: Շատ իրադարձություններ էին կատրավում մինչև մեր գալը, և ստիպված էինք երևակայել` ինչ է կատարվել նախորդիվ: Ու երբ ֆիլմը վերսկսվում էր, կարելի էր ստուգել` ճի՞շտ էր մեր կառուցած սցենարը: Եթե ֆիլմը հավանում էինք, կարելի էր մնալ և նայել նորից:

Կյանքը հիշեցնում է կինոդիտում՝ իմ ժամանակներում: Մենք ծնվում ենք մի պահի, երբ մեզնից առաջ շատ դեպքեր են կատարվել, ու կարևոր է հասկանալ` ի՞նչ:

Այսօր լավ կլիներ, որ դպրոցը սովորեցներ քեզ հիշել այն, ինչ եղել է քո ծնվելուց տարիներ առաջ, բայց դա վատ է անում: Հարցումները ցույց են տալիս, որ ժամանակակից երիտասարդությունը, նույնիսկ համալսարանականը՝ ծնված 1990 թվականին, չգիտի, անգամ հնարավոր է, չի ցանկանում իմանալ, թե ինչեր են կատարվել 1980 թվականին, էլ չասենք 50 տարի առաջ: Վիճակագրությունը հուշում է, որ երբ երիտասարդներին հարցնում են` ո՞վ է Ալդո Մորոն, նրանք պատասխանում են, որ նա գլխավորում էր «Կարմիր բրիգադաները», բայց իրականում Ալդոյին սպանել էին հենց այդ ընդհատակյա, ձախ արմատական կազմակերպության անդամները: «Կարմիր բրիգադների» գործունեությունն այսօր շատերի համար անհայտ է, բայց չէ՞ որ նրանք քաղաքական բեմում էին ընդամենը 30 տարի առաջ:

Ես ծնվել եմ 1932 թվականին՝ ֆաշիստների իշխանության գալուց 10-ը տարի հետո, բայց ես գիտեի` ով էր վարչապետը Հռոմի քայլերթի ժամանակ: Գուցե ֆաշիստական դպրոցում ինձ նրա մասին պատմում էին, ցույց տալու համար, թե որքան հիմար ու վատն էր նա («վախկոտ Ֆակտան»): Թող որ այդպես էր: Բայց ես գիտեի այդ մասին:

Թողենք մի կողմ դպրոցը: Այսօրվա երիտասարդությունը չգիտի 20 տարի առաջվա դերասանուհիներին, իսկ ես գիտեի` ով էր Ֆրանչեսկա Բերտինին, որը նկարվել էր համր ֆիլմում իմ ծնվելուց 20 տարի առաջ: Գուցե ես դա գիտեի, որովհետև սիրում էի թերթել մեր տան ձեղնահարկում կուտակված հին թերթերը: Քեզ էլ եմ խորհուրդ տալիս թերթել հին ամսագրերը:

Բայց ինչո՞ւ է այդքան կարևոր իմանալ վաղեմի իրադարձություների մասին: Որովհետև հաճախ այդ գիտելիքները օգնում են մեզ հասկանալ ներկա իրադարձությունները:

Իմացիր, դու կարող ես մարզել հիշողությունդ գրքերի ու ամսագրերի միջոցով ու նաև համացանցի: Այն պետքական է ոչ միայն ընկերներիդ հետ զրուցելու համար, այլև համաշխարհային պատմությունը սովորելու:

Ովքե՞ր էին խեթերը: Ինչպե՞ս էին կոչվում Կոլումբոսի 3 նավերը: Ե՞րբ են ոչնչացել դինոզավրները: Նոյի տապանը ղեկ ունե՞ր: Ինչպե՞ս էր կոչվում ցլի նախահայրը: 100 տարի առաջ ավելի շա՞տ վագր կար, քան հիմա: Ի՞նչ գիտես Մալի կայսրության մասին: Ո՞վ է նրա մասին պատմել: Ո՞վ է եղել երկրորդ Հռոմի պապը: Ե՞րբ է ստեծվել Միկի Մաուսը: Կարող եմ անվերջ հարցեր տալ, և դրանք կլինեին հետազոտության հիանալի թեմա: Այդ ամբողջը պետք է հիշել:

Կգա օրր, երբ կծերանաս ու կզգաս, որ ապրել ես 1000 կյանքեր: Կթվա, թե մասնակցել ես Վաթերլոյի ճակատամարտին, ներկա ես եղել Հուլիոս Կեսարի սպանությանը, եղել ես այն վայրում, որտեղ Բերթոլդ Շվարցը, տարբեր նյութեր խառնելով, փորձում էր ոսկի ստանալ, բայց անսպասելի հայտնագործեց վառոդը և թռավ օդ (տեղն էր իրեն):

Իսկ քո մյուս ընկերները, որ չեն ձգտում հարստացնել իրենց հիշողությունը, կապրեն միայն մեկ` իրենց սեփական կյանքը, միատոն ու զուրկ մեծ զգացմունքներից, զգացողություններից:

Բնագիրը. Umberto Eco: “Caro nipote, studia a memoria”

Գրել կարծիք