[ Իրականում՝ ՈՉ ] Դավաճա՞ն է, արդյոք, Վահան Մարտիրոսյանը

[ Իրականում՝ ՈՉ ] Դավաճա՞ն է, արդյոք, Վահան Մարտիրոսյանը

Ինչպե՞ս որակել հարևան Ադրբեջանից ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի քայլը՝ դավաճան, թե…:

Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 21-ից օրեր առաջ վերցրեց իր կնոջը, 2 տարեկան երեխային ու հայդե` Ադրբեջան: Վրաստանով: Բաքվում էլ ասուլիս տվեց ու ցեխ շպրտեց Հայաստանի վրա: Հայկական սոցցանցերում ու մամուլում բոլորը Վահան Մարտիրոսյանի համար մի´ բառ ունեին. դավաճան:

Դավաճան, որովհետև քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանի հետ de facto պատերազմող երկրից: Դավաճան, որովհետև վերջին շրջանում հանրահավաքների հզոր ալիք տեսած ու քաղաքական հետապնդումներ թույլ չտված Հայաստանից փախած ընտանիքին քաղաքական ապաստան է տալիս մի երկիր, որին արեւմտյան կառույցները վերջին շրջանում անողոք քննադատության են ենթարկում բռնատիրական կարգերի և բազմաթիվ ընդդիմադիր գործիչների ու լրագրողների ձերբակալելու համար:

Դավաճան, որովհետև որպես քաղաքացիական ակտիվիստ ներկայացած անձը, պարզվում է, որևէ կապ չունի հայաստանյան քաղաքացիական ակտիվության հետ, սակայն լրատվամիջոցների տված այդ որակումն օգտագործել է քաղաքական հալածյալի լեգենդ ձեռք բերելու համար: Դավաճան, որովհետև կարողացել է երկրից ճողոպրել` նախապես խոշոր գումար թռցնելով մի կնոջից, որի տանը հանգրվանել էր որոշ ժամանակ` իր ընտանիքով: Դավաճան, որովհետև հաջողացրել էր իր կնոջ և իր մոր միջև եղած ծեծկռտուքը ներկայացնել որպես իր դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդար` բոլորին համոզելով, թե իրեն և իր կնոջը ծեծել են թիկնապահները մի պատգամավորի` իշխանական թևից, որը հայտնի է որպես «թաղային հեղինակություն» (և որից, ի դեպ, ամեն ինչ սպասելի է): Եվ ծեծել են այնպես, որ իր կինը վիժել է:

Դավաճան,  որովհետեւ Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանում տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հայկական բանակը աղետալի վիճակում է և չի կարող դիմակայել Ադրբեջանի բանակին: Դավաճան, որովհետեւ հայտարարել է` հայ զինվորները ճանճերի պես սատկում են, կամ` Ղարաբաղում հանրաքվե անցկացվելու դեպքում շատերը կքվեարկեն Ադրբեջանի կազմ մտնելու օգտին: Դավաճան, որովհետեւ Ղարաբաղի բնակեցման մասին ինչ որ թվեր է հայտարարել, որոնք իրականության հետ կապ չունեն: Դավաճան, որովհետեւ…

Բայց իրո՞ք դավաճան է Վահան Մարտիրոսյանը: Իրականում` ոչ


Վահան Մարտիրոսյանի դեմ ՀՀ որևէ դատարանի վճիռ կա՞ պետական դավաճանության հոդվածով: Ոչ: Նա ունի՞ անմեղության կանխավարկած: Այո: Նրան առաջադրվե՞լ է Քրեական օրենսգրքի պետական դավաճանության հոդվածով մեղադրանք: Ամենևին: Հարուցված քրեական գործը Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով է` խոշոր չափի գողություն:

Վահան Մարտիրոսյանը դավաճան չէ, որովհետեւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը կարծում է, որ նա ընտանիքի հետ Բաքու է հասել «էլեմենտար» եղանակով: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել, ու նա կարողացել է անխոչընդոտ հատել Հայաստանի պետական սահմանը: Դավաճան չէ, որովհետեւ խեղճ սահմանապահներն ի՞նչ իմանան, թե Հայաստանում տվյալ պահին ո՞ւմ վրա քրեական գործ կա, ո՞ւմ վրա չկա:

Դավաճան չէ, որովհետեւ Քրեական օրենսգրքի 299-րդ (պետական դավաճանություն) հոդվածում չկա կետ, որով հնարավոր է մեղադրանք առաջադրել Վահան Մարտիրոսյանին: Դավաճան չէ, որովհետեւ նույն օրենքում գրված «թշնամի» տերմինը ոչ մի տեղ սահմանված կամ գոնե նկարագրված չէ: Ավելին. ՀՀ ռազմական դոկտրինում գրված չէ, թե որն է Հայաստանի թշնամի երկիրը` խաղաղ պայմաններում:

Բացի այդ, ըստ ՀՀ պետական դիրքորոշման, ՀՀ-ն չի պատերազմում Ադրբեջանի դեմ, չէ՞: Պատերազմը ԼՂՀ և Ադրբեջանի միջև է: Չէ՞ որ վերջին 25 տարիներին Հայաստանը միջազգային ատյաններում միշտ նշել է, որ Ադրբեջանը պատերազմում է Լեռնային Ղարաբաղի դեմ: Եթե նա հատած լիներ ԼՂՀ պետական սահմանը և այդպես անցած լիներ Ադրբեջան, կարելի էր համարել, որ նա իրոք պատերազմող երկրից անցել է իրոք թշնամի երկիր` բուն պատերազմի ընթացքում:

Եվ հետո` մենք չգիտենք գոնե մի քանի բան. գուցե նա Հայաստանի ուղարկած լրտե՞սն է` հատուկ հանձնարարությամբ, որպեսզի հետո` տարիներ անց և գուցե հետմահու, արժանանա հերոսի կոչման: Այս դեպքում` ի՞նչ դավաճան: Բայց գուցե Ադրբեջանի՞ լրտեսն է եղել տարիներ շարունակ ՀՀ-ում և կատարել է իր հայրենի երկրի հատուկ ծառայությունների հանձնարարությունները: Այս դեպքում նույնպես նա դավաճան չէ հայկական կողմի համար: Դավաճան չէ, որովհետեւ հատուկ ծառայությունները չեն հետեւել ու չգիտեն` լրտեսե՞լ է նա, օտար պետությանը ՀՀ պետական գաղտնիք հանձնե՞լ է, թե՞ ոչ: Իսկ օրենքն ասում է, որ դավաճան է լրտեսն ու պետական գաղտնիքը երկրից հանողը:

Դավաճան չէ, որովհետեւ քննչական կոմիտեն ու ոստիկանությունը իրար հետ լավ չեն աշխատում: Կոմիտեն հանձնարարում է բերման ենթարկել ակտիվ երիտասարդին, ոստիկանությունը մոռանում է դա անել կամ լուրջ չի ընդունում: Ոստիկանությունը ինչ-որ բան է հայտարարում, քննչականն է անփույթ գտնվում: Դուք չկարողանաք իրար հետ աշխատել` ու դավաճան հռչակեք նրան, ով ձեզնից շրջահայաց, ճարպիկ ու նախաձեռնո՞ղ է գտնվել:

Դավաճան չէ, որովհետեւ 2 տարի շարունակ ինքն իրեն հայտարարել է ինչ որ շարժման ղեկավար, ու նրա հասարակական գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցների կամ լրագրողների մտքով չի անցել ստուգել մի պարզ փաստ` այդ ի՞նչ շարժում էր, քանի՞ մարդ կար նրա կողքին, ինչպե՞ս էր պայքարում ինչ-որ բանի դեմ (Հայռուսգազարդին զանգելն ու հակադիր կարծիք լսելը հաշիվ չէ):

Հիմա` Վահան Մարտիրոսյանը դավաճա՞ն է, թե՞ ոչ


Դավաճան է: Որովհետև, երբ գրված օրենքները չեն գործում կամ գործելու պահին իրավական խառնաշփոթ են ստեղծում, ինքնաբերաբար սկսում են գործել չգրված օրենքները, որոնք կապ չունեն կիսագրագետների խզմզած օրենքների, տարին հինգ անգամ փոփոխվող օրենսդրության, ներմուծված կամ վատ թարգմանած իրավունքների ու մեծ աշխարհի իրավական սահմանումների հետ: Չգրված օրենքների հիմքում բարոյականության հազարամյա դատավճիռն է, որ խարանի պես մնալու է ակտիվ դավաճանի խեղճուկրակ սերունդների ճակատին ու չի ունենալու վաղեմության ժամկետով մոռացության մատնվելու որևէ շանս: Դավաճանություն արեցիր` ուրեմն դավաճան ես: Անկախ նրանից` Հայաստանո՞ւմ ես դեռ, թե՞ արդեն Ադրբեջանում:

Գրել կարծիք