AlcoComment. Ի՞նչ են խմում ArmComedy-ի տղաները

AlcoComment. Ի՞նչ են խմում ArmComedy-ի տղաները

ArmComedy-ի տղաները «հարբել» են newmag-ի համար: Սերգեյն ու Նարեկը փորձել են խմիչքի մի քանի տեսակներ և կիսվել խորհուրդներով, թե ի՞նչ խմել կամ ընդհանրապես կում չանել:

Գարեջուր

Սերգեյ – Դե՛, ախր «ալկոհոլ» բառը էնքան լղոզված ու ընդհանուր ա, որ դրա տակ կարելի ա հասկանալ նույնիսկ անշուք խմիչքներ, ասենք` հայկական օղիները: Բայց հնացած դառը գարեջուրը նախ և առաջ հին ու բարի գարեջուրն է: Ամառը ընդհանրապես դժվար ա պատկերացնել առանց գարեջրի: Էլ չեմ ասում, որ առանց գարեջրի կիմաստազրկվեր խեցգետինների մի ամբողջ սերունդ:

Նարեկ – Գարեջուրն իմ կարծիքով ամենագերագնահատած ալկոհոլային խմիչքն է. շատ ցածր ՕԳԳ ունի: Լիտրերով խմում են, որ մի քանի ժամում հասնեն այն արդյունքին, որին կհասցնի, ասենք, չորս հատ տեկիլան: Երբ մեկը գլուխ է գովում, թե երեկ լավ խմել է, ու հարցնում ես` ինչ է խմել, «Գարեջուր» պատասխանը մի տեսակ զավեշտալի է:

roko

Մարտինի

Նարեկ – «Մարտինի»-ն պոնտային խմիչք է: Չնայած Հոլիվուդի ջանքերին, այն դիրքավորվել է որպես գաղտնի գործակալների խմիչք, բայց շարունակում է մնալ կանանց համար նախատեսված:

Սերգեյ – Մարտինին ոչ այնքան պոնտային է, որքան ամբողջությամբ իգական: Մարտինին ստեղծված է կանանց համար, կանանց ճաշակով, և նույնիսկ գովազդում կանայք են այն վայելում: Բայց դա չի նշանակում, որ վատն է:

Կոնյակ

Նարեկ– Ամենառազմահայրենասիրական խմիչքը: Հայաստանում շատ է և շատ բարձր որակի է: Էնպես որ ամոթ է չօգտվել մեր երկրի այդ առանձնահատկությունից: Ես նկատել եմ, որ նույնիսկ չարաշահելու դեպքում մի տեսակ բարի արբածություն է իջնում վրադ (ես, օրինակ, սկսում եմ երգել):

Սերգեյ – Կոնյակը խմիչքների տոլման է: Կոնյակի հարցում ուղղակի պետք է հիշել նրա խմելու ջերմաստիճանը` 36,6: Այո՛, տեսել եմ այլմոլորակայինների, որոնք կոնյակը սառեցնում են խմելուց առաջ (դրանից հետո մի քանի գիշեր արթնանում էի սարսափից և սառը քրտինքով):

comedy1

Տեկիլա

Նարեկ – Մեկ, երկու, երեք, չորս, ու պատրաստ ես: Օքեյ, մաքսիմում՝ հինգ, վեց: Տեկիլա խմելը (ինչպես, ասենք` խաշ ուտելը) նաև ենթադրում է որոշակի ծիսակատարություն: Այսինքն՝ տեկիլայից արբելու դեպքում տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ կարևոր բան ես արել:

Սերգեյ – Հա՛, տեկիլան խաղարկային ու զվարճալի խմիչք է: Իմ տպավորությամբ՝ այն հարուստ մարդկանց օղին է: Եթե այն լիներ սովորական օղու գնի, դժվար թե որևէ մեկը օղի խմեր: Այն ունի օղու բոլոր առավելությունները ու չունի օղու միակ թերութունը` օղու դաժան համը:

comedy-3

Օղի

Նարեկ – Լավ օղին ավանդական այն խմիչքն է, որն ընտրելով՝ չես սխալվի: Եթե, իհարկե, չսխալվես ու չընտրես շատ վատ օղի: Ինչպես իմանալ`վա՞տն էր օղին, թե՞ լավը: Մի՛ վախեցեք. մի քանի ժամից անպայման կիմանաք: Երևանի սուպերմարկետներում օղու տեսականին շոկի մեջ է գցում անգամ Ռուսաստանից ժամանած փորձառու մասնագետներին: Էնպես որ փորձե՛ք մի քանի բրենդ, գտե՛ք ամենահաջողը, մի քանի անգամ սխալվե՛ք այդ ընթացքում, բայց հետո ընտրելու խնդիրը ձեր համար լուծված կլինի: Հենց որ ձեր սիրած բրենդը սկսեն կեղծել, անմիջապես վերսկսե՛ք փնտրտուքը:

Սերգեյ – Օղին խմիչքների հիմքն է ու նախահայրը: Համարյա ինչպես սպիրտը: Բայց օղին այսօր այնքան շատ է, որ դժվար է ասել, թե վաճառվող միլիոնավոր օղիներից որ մեկն է բուն օղին, և որը` որևէ օլիգարխի նկուղային իմպրովիզացիան: Գուցե տասը տոկոսը: Արդյունավետության հարցում օղին, իհարկե, հսկայական ներուժ ունի թե՛ ուրախացնելու, թե՛ համը հանելու համար:

comedy-2

Գինի

Սերգեյ – Գինին ընտանեկան ու ռոմանտիկ խմիչք ա: Այն նույնիսկ էնքան ալկոհոլ չի, որքան ընթրիքի թեթև ուղեկից: Բայց այստեղ պետք է հիշել մաճառը: Սեպտեմբերին պետք է գնալ Արենի, գնել այդ մաճառը ու վերաբացահայտել կյանքի իմաստի թարմ ելևէջները:

Նարեկ – Գինու մասին շատ բան չեմ կարող ասել: Մի կում կարմիր գինին հինգ րոպեում սարսափելի գլխացավ է առաջացնում: Սպիտակն էլ` մի քսան րոպե հետո: Շատ քիչ փորձ ունեմ:

Աբսենտ

Նարեկ – Չարժի փորձել որոշ երկրներում արգելված այս ակնհայտ թունաքիմիկատը: Եթե, իհարկե, չեք ուզում տհաճ հիշողություններ ունենալ: Կամ չունենալ հիշողություն, բայց գիտակցել, որ ինչ-որ տհաճ բան եղել է:

Սերգեյ – Շատ լավ խմիչք է արագ շարքից դուրս գալու և հաջորդ օրը կյանքը նոր էջից սկսելու համար:

Գրել կարծիք