BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայկական նոր կինոյի 7 պատվիրանները. անկախության ֆի

Հայկական նոր կինոյի 7 պատվիրանները. անկախության ֆիլմացանկ

Ժամանակակից հայկական կինոն ունի բազում խնդիրներ. կեղծ հոլիվուդիզմ, անտեղի օտարամոլական շտրիխեր, սիրողական էկլեկտիկ դրամատուրգիա։ Սակայն որոշ կինոգործիչներ, այնուամենայնիվ, կարողանում են շոշափել պահանջարկի ու առաջարկի զարկերակը, ստեղծել ոչ թե մեկանգամյա օգտագործման պլաստիկա, այլ արժեքավոր ճենապակի. և ստեղծվում է տեղական կինո, որի համար չես ամաչում։

 «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» | Վարդան Հովհաննիսյան


Ղարաբաղյան պատերազմի և դրա հերոսների մասին լավագույն հայկական ֆիլմը։ Լինելով վավերագրական պատմություն՝ այն ներկայացված է առաջին դեմքից, զրկված է ժանրին բնորոշ կլիշեներից ու կարծրատիպերից, բացակայում են ռազմական կինոյին հատուկ դասական էկզալտացիոն տրամադրությունն ու դրանից բխող երանգները։
«Եթե բոլորը» | Նատալ յա Բել յաուսկենե
Ֆիլմի ռեժիսորը Միքայել Պողոսյանը չէ, սակայն ինչպես բոլոր ֆիլմերը, որոնցում Պողոսյանը հանդես է գալիս համապրոդյուսերի և համասցենարիստի կարգավիճակում, սթորիթելինգի գաղափարն իրենն է, ինչը ֆիլմը դարձնում է տիպիկ միքայելպողոսյանական։  Նոստալգիկ, հայկական, մեղեդային ու բնապատկերային կոլորիտով հագեցած արկածային կատակերգությունը վերջին շրջանի լավագույններից է։ Լիրիկ ենթատեքստ ունեցող պատմությունը կարող է թողնել մի փոքր մտահոգ, անհանգիստ ետնահամ, սակայն ընդհանուր դրական ու ջերմ բեմադրությունը, այնուամենայնիվ, ֆիլմը դարձնում է մեծ հաշվով «կինո՝ բարության մասին»:

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» | Գոռ Կիրակոսյան
Ռեժիսոր Կիրակոսյանի դեռևս լավագույն ֆիլմը, որտեղ շատ ուժեղ զգացվում է ֆրանսիական «Ամելիի» ազդեցությունը՝ իր «անկետային» ձևաչափով (հատկապես ֆիլմի սկզբում և առաջին մասում, որտեղ հանդիսատեսը ծանոթանում է գլխավոր հերոսների և քաղաքային մինի պատմությունների հետ)։ Չնայած Ժան-Պիեռ Ժենեին հասցեագրված օմաժին՝ սա լավագույն երևանյան իրադարձային կատակերգություններից է, որտեղ բացակայում է հայկական մեյնսթրիմին բնորոշ կեղծ հոլիվուդիզմը, այլ անկեղծորեն զգացվում են անգամ շքամուտքի վատ հոտն ու վերելակի նյարդային ճռճռոցը։
«Խճճված զուգահեռներ» | Հովհաննես Գալստյան
Երկու նախադասությամբ սյուժեն վերապատմելու կարիք չկա, որովհետև այն չափազանց խառն է, ենթաշերտային և... խճճված։ Ուղղակի պետք է իմանալ, որ սա հայկական լավագույն դրամաներից մեկն է. ունի եվրոպական կինեմատոգրաֆի պահանջները բավարարող դրամատուրգիկ ու էսթետիկ մակարդակ, անզուգական երաժշտություն և տրամադրող դեկորատիվ մթնոլորտ։ Ֆիլմի օպերատորը՝ Ռուբեն Գասպարյանը, ապշեցնում է Տարկովսկու ֆիլմերին բնորոշ գունային գամմայով, երանգներով ու տրամադրությամբ (նաև չի կարելի մոռանալ ֆիլմի նկարիչ Արմեն Ղազարյանին)։ Այստեղ նաև կարող եք տեսնել դեռ շատ երիտասարդ Սոս Ջանիբեկյանին. հավանաբար սա իր լավագույն դերն է։
«Վերադարձ Ավետյաց երկիր» | Հարություն Խաչատրյան
Հայ վավերագրության ամենակարևոր նմուշներից. պատմություն՝ վերածննդի, նոր կյանքի և երկրորդ հնարավորության մասին։ Երկրաշարժից, Սումգայիթից և ԽՍՀՄ փլուզումից հետո հայերի համար նոր՝ խիստ բարդ, կենցաղային և էմոցիոնալ փորձություններով լի շրջան էր: Շատերը վերադարձան հայրենիք, զբաղեցրին լքված գյուղերը։
«Այս ես չեմ» | Մարիա Սահակյան
Պոետիկ, վառ գույներից ու երջանիկ հերոսներից զուրկ դրամա՝ մի աղջկա միայնության ու դժբախտության մասին։ Մելամաղձոտ, անխինդ ու տեղ-տեղ մռայլ մթնոլորտն ունի իր վարակիչ հմայքը (հատկապես ազդեցիկ է եկեղեցու երգի տեսարանը)։
«Արարատից Սիոն» | Էդգար Բաղդասարյան
Իհարկե, ֆիլմն իր ձևաչափով ավելի շուտ հեռուստաֆիլմ է, քան վավերագրական կինո։ Սակայն ո՛չ իր պրեմիերայի օրերին և ո՛չ էլ այսօր լայն հանդիսատեսն այդպես էլ չլսեց հայկական ամենակարևոր, նշանակալի ու գիտապատմական արժեք ունեցող ֆիլմերից մեկի մասին։  Պատմություն ուխտագնացության, քրիստոնեության և հայության մասին՝ Արարատից մինչև Սիոն։  Ֆիլմը ինֆորմատիվ հագեցած է, տեսապատկերորեն արտահայտիչ, էնցիկլոպեդիկ տեղեկությունները մատուցված են դինամիկ ու պատկերավոր։
newmag  #72 / սեպտեմբեր


ՀԳ. Մհեր Մկրտչայնի «Կյանք և կռիվ» ֆիլմի պրեմիերան կայացել է newmag ամսագրում ցանկի հրապարակումցի հետո:

Տարածել

Newmag © 2011-2024

Կայքը` Future Systems
×