Արմինե Հարությունյան. Ամենադժվար բանը ինքդ քեզ ճանաչելն է

Արմինե Հարությունյան. Ամենադժվար բանը ինքդ քեզ ճանաչելն է

newmag-ը գրի է առել մանկաբարձ-գինեկոլոգ, 8-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանի մոնոլոգը բամբասանքի, բժշկության ու ճամփորդելու անհրաժեշտության մասին:

մոդա

Մոդան առաջադեմ լինելու ձգտում է, ինչը իմաստազրկվում է, երբ ուղեկցվում է անճաշակությամբ: Մոդայիկ լինել չի նշանակում ընկնել ծայրահեղությունների մեջ: Պետք չէ մոդայիկ երևալու համար այնպիսի հագուստ հագնել, որը չի համապատասխանում կառուցվածքիդ: Եթե որևէ բան նորաձև է, բայց չի սազում, ավելի լավ է այն չկրել: Հետևելով ժամանակակից հայ երիտասարդներին՝ հաճույք եմ ստանում. նրանք ճաշակով են: Ընդհանրապես շատ հաճելի է, որ մարդը, ինտելեկտից բացի, նաև ճաշակ ունի: Եվ թերևս ամենակարևորը. արտաքինն իսկապես գրավիչ է, եթե այն ցույց է տալիս իսկապես գրավիչ ներքին բովանդակությունը:

ամենամեծ գաղտնիքը

Մանկուց երազել ու ձգտել եմ բժիշկ դառնալ: Բժիշկ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ առաքելություն է, կոչում: Աստվածային պատվիրան է նրա ստեղծագործության պսակին՝ մարդուն, աստվածային արարման ներդաշնակության մեջ պահելու համար: Այդ ներդաշնակության յուրաքանչյուր խաթարում մարդուն զրկում է իր ստեղծարար էության լիակատար դրսևորման հնարավորությունից: Մեր՝ բժիշկներիս պարտականությունն է ժամանակին բացահայտել ու հաղթահարել այդ խաթարումը, օգնել մարդուն, որ գտնի իր հոգու և մարմնի կատարյալ ներդաշնակությունը, օգնել լիարժեք ապրել:

երբեք չեմ ուշանում

Ուշանալը բնավորության գիծ է, չնայած պայմանավորված է իրավիճակով ու դրդապատճառով: Գուցե տվյալ հանդիպումը տհաճ է մարդու համար, և նա խուսափելու պատճառով է ուշանում: Օրինակ՝ ատամնաբույժի մոտ գնալը կամ քննությանը վերջինը ներկայանալը, քանի որ մարդը գիտի, որ դա տհաճ է: Կամ գուցե մարդու ներսում ժամանակի զգացումը լավ զարգացած չէ, և նա չի կարողանում ճիշտ հաշվարկել իր գործողությունները և չի տեղավորվել ժամանակի մեջ: Յուրաքանչյուր մարդ ինքն է կանոնակարգում իր ժամանակը, և եթե պատասխանատվության զգացում ունի, չպետք է ուշանա: Ես չեմ ուշանում, որովհետև ինչ-որ մեկի կյանքից ժամանակ ես խլում, երբ ուշանում ես: Իսկ ուրիշի ժամանակը խլելը հանցանք եմ համարում:


[ Մոնոլոգ ]


բամբասանք

Բամբասանքը պարապ մարդկանց թերարժեքության դրսևորումն է: Բամբասում են այն մարդիկ, որոնք չունեն արարելու, աշխատելու ձգտում: Ցավալի է, բայց բամբասանքը միշտ տարածված է եղել: Այն սովորական խոսակցություն չէ, այն նսեմացնում կամ վատաբանում է մարդուն, երրորդ անձին, որն այդ պահին ներկա չէ խոսակցությանը: Մենք այնքան բան ունենք անելու, որ բամբասելու ժամանակ չպետք է ունենանք: Ինքս արհամարհում եմ բամբասանքը:

arminephoto

ամենադժվար բանը

Ամենադժվար բանն ինքնաճանաչումն է: Հաճախ չենք էլ գիտակցում, թե ինչ հմտություններ և փորձ ունենք, ինչ ենք ձեռք բերել ուսումնառության ընթացքում, նախկին աշխատավայրերում կամ պարզապես ինքնազարգացման ճանապարհով: Դա գիտակցում ենք այն պահին, երբ իրավիճակն է ստիպում: Եթե հարցնեն՝ ինչի ենք ընդունակ, միանգամից կդժվարանանք պատասխանել: Պետք է հասունանա այն պահը, որ մենք մեզ բռնեցնենք, թե այս կամ այն իրավիճակում ինչպես ենք ինքներս մեզ դրսևորում կամ հայտնաբերում, որ ընդունակ ենք այսինչ բանն անել կամ չանել: Այնպես որ ամենադժվար բանը ինքդ քեզ ճանաչելն է, որը տեղի է ունենում երկար տարիների ընթացքում:

ճամփորդություն

Ճամփորդությունը հրաշալի ժամանց է: Այն սովորեցնում է շփվել տարբեր մարդկանց հետ: Ճամփորդության ընթացքում վերանայում ես քո ապրելակերպը՝ չուշանալ, չմոլորվել, շատ տեսնել, ուսումնասիրել: Ճամփորդությունը նոր բան իմանալու միջոց է: Նախապես կարդում ես այդ երկրի մասին, ուսումնասիրում մշակույթը, ծանոթանում բարքերին, երբեմն՝ սովորում: Ճամփորդությունը հնարավորություն է տալիս ճանաչել աշխարհը և հասկանալ, թե դու որքանով ես այդ աշխարհի մի մասնիկը: Քամյուն ասում էր. «Ճամփորդությունը, ինչպես բարձրագույն և լուրջ գիտություն, օգնում է
նորից հայտնագործել ինքդ քեզ»:

Գրել կարծիք