Նարինե Դովլաթյան. Ամենադժվար բանը լռելն է

Նարինե Դովլաթյան. Ամենադժվար բանը լռելն է

newmag-ը լսել է երգչուհի Նարինե Դովլաթյանի մոնոլոգը բամբասանքի, լռելու կարևորության ու գրքերի նկատմամբ սիրո մասին:

փող

Ցավոք սրտի, փողն այն կարևոր բաներից է, որ կամա, թե ակամա, մեծ տեղ ունի մեր կյանքում: Այն լավ բան է այնքան ժամանակ, քանի դեռ դո´ւ ես ծառայեցնում քո նպատակին, դո´ւ ես իշխում փողին, ոչ թե փողը` քեզ: Լավ ու ճիշտ մարդու ձեռքում այն կարող է հրաշքներ գործել, բայց հակառակի դեպքում սարսափելի է: Մի բան շատ պարզ է. երբ մարդ փող ունի, շրջաապատված է շատ մարդկանցով, բոլորը նրան սիրում են, բոլորը նրան գովում են, հոգատար են ձևանում, բայց երբ մարդ չունի ոչինչ, ոչ փող, ոչ` հեղինակություն, ոչ` հռչակ, նրա կողքին մնում են քիչ  ու իսկապես հարազատ մարդիկ, ու իրոք սիրում են նրան այնպիսին, ինչպիսին կա: Կարևոր է, որ այդ երեքի` փողի, հռչակի և հեղինակության առկայության և բացակայության դեպքում մարդը մնա այնպիսին, ինչպիսին կա: Փողը չպետք է փոխի մարդու իսկական տեսակը:

նույն երազը

Վերջին մեկ տարվա ընթացքում հաճախ տեսնում եմ այնպիսի երազներ, որոնք  նույնությամբ կրկնվում են: Ու մեկ մեկ վախենում եմ: Կարծում եմ` իրականում վախենալ պետք չէ, բայց ուշադրություն դարձնել կարելի է: Ամեն մեկի համար իր երազը մի նշանակություն ունի: Ես կարող եմ երազում կարմիր կոշիկ տեսնել, ու դա ինձ համար մի բան նշանակի, բայց ուրիշի համար` բոլորովին այլ բան: Ամեն դեպքում, փորձում եմ վատ բաներ չմտածել ու վատ նյութեր չկարդալ: Ու ընդհանրապես պետք է դրականի մասին մտածել, ու մտքերն ուղղել դեպի դրականը, որպեսզի վատ երազներ չտեսնենք:


ՄՈՆՈԼՈԳ


իմ ուսուցիչը

Ուսուցիչն այն մարդն է, ումից դու կարող ես սովորել նույնիսկ այն ժամանակ, երբ նա քեզ հատուկ չի սովորեցնում: Պարտադիր չէ դասընթացների հաճախել: Ուսուցիչ կարող է լինել քո ընկերը, ծնողը, մի դերասան, կարող է լինել մի սովորական անցորդ, որի նույնիսկ մի ժեստից ինչ-որ բան կսովորես: Կարևոր է կյանքում օգտագործել այդ առիթները, երևույթներից ու մարդկանցից ճիշտ դասեր քաղել, հատկապես սեփական սխալներից: Յուրաքանչյուր ոք կարող է լինել իմ ուսուցիչը:

 մոդա

Մոդային հետևելը լավ է, բայց  յուրաքանչյուրը պետք է իր սեփական ոճն ունենա: Եթե մարդ ուղղակի մոդային է հետևում, հաճախ դառնում է ծաղրածու: Սխալ է որևէ զգեստ հագնել միայն այն պատճառով, որ այն նորաձև է: Գուցե քեզ չի սազում, քո ոճով չէ: Զգեստը պետք է տեսակիդ, կազմվածքիդ համապատասխանի: Շատ եմ ցավում, որ խնամված տեսքը մարդիկ հաճախ սխալ են հասկանում: Մարդկանց թվում է, թե շպարված, պճնված ու թանկ հագնված մարդը խնամված է ու մոդայիկ: Կոկո Շանելն ասել է, որ խնամքը սկսվում է մարմնից ու հոգուց:

ամենադժվար բանը

Ամենադժվար բանը լռելն է, լռությունն է: Լռիր ու խոսիր միայն այն ժամանակ, երբ ասածդ ավելի խելոք կլինի, քան լռելը: Շատ դժվար է լռելը, և դժվար է սեփական անձի մասին լռելը: Հաճախ դիմացինիդ հետ խոսում ես` դժվարանում ես լսել, թե նա ինչ է ասում, ու անընդհատ քո մասին ես պատմում:

dovlatyanphotoգիրքը

Մարդիկ գիրք են կարդում, որովեհտև ունեն դրա կարիքը: Երբ ես որոշ ժամանակ չեմ կարդում, զգում եմ դրա կարիքը`խոսքիս մեջ, նույնիսկ քնելուց առաջ: Բայց կարևոր չէ գրքերի քանակը, կարևոր է, որ դու գտնես քո գրքերը: Կարող է 1000 գիրք կարդաս, բայց դրանցից քիչ բան վերցնես, բայց կարող է 10 գիրք կարդաս, ու շատ բան վերցնես: Ես կենսագրական գրքեր եմ սիրում կարդալ, որովհետև դրանք զուտ հորինված ու գեղեցիկ գրված պատմություններ չեն, այլ մարդու մի ամբողջ կյանք է նկարագրվում: Ամեն անգամ նման գիրք կարդալիս ես այդ մարդու հետ վերապրում եմ իր կյանքը:

 բամբասանք

Իր կյանքով ապրող, անընդհատ իր վրա աշխատող, զբաղված մարդը բամբասելու ժամանանակ չունի: Հաստատ` ցանկություն էլ չի ունենա: Բամբասանքը շատ բացասական երևույթ է: Երբ մեկից բամբասում ես, բացասական էներգիա ես կուտակում, ու այդ էներգիան նախ քո մեջ է բույն դնում, հետո տարածվում շրջապատում: Պետք չէ բամբասել, որ մաքրես ինքդ քեզ ու քո աուրան:

newmag #70

Գրել կարծիք