Արծրուն Հովհաննիսյան. Հիմա իմ առօրյայում ամեն օր պատերազմն է

Արծրուն Հովհաննիսյան. Հիմա իմ առօրյայում ամեն օր պատերազմն է

newmag-ը գրի է առել ՊՆ մամուլի խոսնակի մոնոլոգը ամենօրյա կորուստների հետ համակերպվելու, անխուսափելի պատերազմի ու պայծառ երիտասարդության մասին:

պատերազմ

Պատերազմն ինձ համար մանկուց մի կողմից սարսափ է եղել, որովհետև ուսումանսիրել եմ, ու հասկացել , թե ինչքան վտանգավոր է, բայց մյուս կողմից դարձել է կյանքի մասնագիտություն: 20 տարի համարյա բանակում եմ, ուսանողական առաջին օրերից էլ ամեն րոպե սպասել եմ, որ կրթությունս կիսատ կմնա, ու կմեկնեմ  պատերազմ: Հիմա իմ առօրյայում ամեն օր պատերազմն է:

կորուստ

Ամենաողբերգական բանը կորստի հետ համակերպումն է: Այս տարիների ընթացքում այնքան մարտական ընկերներ եմ կորցրել, երիտասարդ, դեռ կյանք չտեսած: Ամենածանրն ինձ համար այն է, որ կարծես թե բոլորս, ու նաև ես, համակերպվել ենք այն բանի հետ, որ անկորուստ չենք կարող ապրել:

ինչին պետք չէ հավատալ

Հրաշքներին պետք չէ հավատալ: Հրաշքներ չեն լինում, ամեն ինչի պետք է հասնել սեփական ուժերով: Գոնե իմ կյանքում բոլոր ձեռքբերումները տանջանքի ու տառապանքի արդյունք են, իսկ բոլոր բացթողումները` հանցավոր կամ գիտակցված ու չգիտակցված բացթողումների արդյունք: Պետք է հավատալ սեփական ուժերին:

թիկունք

Թեկուզ որպես զինվորական, թիկունքն առաջին հերթին ասոցացնում եմ մեր ընտանիքների հետ, որովհտև մեր թիկունքը մեր ընտանիքներն են: Մենք մեզ դեմ ենք տալիս կրակին, իսկ դեպի թիկունք եկող վտանգն ուզում ենք թեկուզ ձեռքով հետ մղել ու կյանքի գնով պահպանել: Ամուր ընտանիքը հենց ամուր թիկունքն է:


[ Մոնոլոգ ]


համազգեստ

Համազգեստն իմ կյանքն է, որի մեջ անցել է ամբողջ պատանեկությունս, նույնիսկ մանկությանս վերջին փուլը: Համազգեստը ցույց է տալիս զինվորի այս կամ այն զորատեսակի պատկանելիությունը: Զինվորական համազգեստը նաև կարևորագույն հեգեբանական նշանակություն ունի, այն կայուն բանակի դիմագիծն է:

69-for-print-525իմ կռիվը

10 տարի առաջ մի քառատող էի գրել, վերնագրել էի` «Իմ երազանքը»: Իմ երազանքի մի մասն է իմ կռիվը: Հիմա զգում եմ, որ այն իրականանում է: 10 տարի առաջ մտածում էի, որ մեր ժողովրդի երազանքն էլ պետք է մեկը լինի, ու հիմա ես տեսնում եմ, որ այդ երազանքն իրականանում է: Այն ժամանակ դժգույն` իր ապագան չգիտակցող  երիտասարդություն էի տեսնում: Հիմա տեսնում եմ, որ այդպես չէ. մենք ունենք փայլուն երիտասարդություն: Իմ կռիվը նպատակին ծառայելն է:

գերի

Իրական գերու հետ երբեք չեմ շփվել: Բարեբախտաբար առիթ չի եղել ոչ գերի վերցնել, ոչ գերի ընկել: Գերու մասին վերացական ընկալում ունեմ: Գերին ինձ թվում է ընդհանուր առմամբ թուլության և ստրկության նշան: Չի կարելի նաև գերի լինել ինչ-որ բաների:

ճշմարտություն

Ցանկացած լուր կամ նորություն լսելիս հարց է ծագում. ճշմարի՞տ է այն, թե՞ ոչ: Կարող ենք պարզել, սակայն կախված նրանից, թե ինչ իրավիճակում ենք այդ պահին: Ես դեռ չեմ հանդիպել մի մարդու, որը կարող է ասել` ճշմարտությունը հարաբերակա՞ն է, թե՞ բացարձակ: Ամենամեծ ճշմարտությունը ոչ նյութեղեն արժեքներն են:

ամենամեծ գաղտնիքը

Իմ մասնագիտության ամենամեծ գաղտնիքը նվիրումն է` անձնուրաց նվիրումը: Մնացածը բխում են դրանից: Եթե դու անձնուրաց նվիրված ես, կդառնաս գրագետ մասնագետ: Եթե անձնուրաց նվիրյալ ես, կդառնաս փայլուն կատարող, մատների արանքով չես նայի աշխատանքիդ: Եթե դու այդպիսին ես, ուրեմն նաև պատասխանատու աշխատող ես: Իմ մասնագիտության ամենամեծ գաղտնիքն անձնուրաց նվիրումն է:

newmag #69 ապրիլ / մայիս

Գրել կարծիք