Դավիթ Բաբայան. Մենք  չենք վախենում պատերազմից

Դավիթ Բաբայան. Մենք չենք վախենում պատերազմից

newmag-ը գրի է առել ԼՂ նախագահի մամուլի քարտուղարի մոնոլոգը անողոք պատերազմի, հարևանների ռազմատենչության ու անտարբեր միջազգային հանրության մասին:

պատերազմ

Պատերազմը երևի այն ամենայուրահատուկ իրավիճակն  է, որի մեջ հայտնվում է  և՛ պետությունը, և՛  ժողովուրդը, և՛  անհատը: Պատերազմի ժամանակ դրսևորվում են ազգի և անհատի լավագույն ու վատագույն հատկանիշները: Պատերազմը հաղթանակի  բերկրանք է,  հայրենասիրության, ընկերության, անձնվիրության ամենաբարձր արտացոլում: Պատերազմն արյուն է, քրտինք, հող, զրկանք արցունք: Ընդհանրապես, մեր ժողովուրդն իր գոյության ընթացքում քիչ ժամանակահատված է ապրել խաղաղ պայմաններում: Հայ ժողովուրդն ունի իմունային հզոր համակարգ և կարողանում է գոյատևել ամենածանր պայմաններում: Մենք  չենք վախենում պատերազմից: Պարզապես բազմաթիվ անգամներ անցնելով այդ դրա միջով, չենք ուզում, որ այն կրկնվի:

խաղաղություն

Խաղաղությունը այն  գաղափարն է, որը միշտ պետք է արժևորել: Դժբախտաբար, ոչ բոլորն են այն արժևորում: Խաղաղությունը պատերազմի հակատիպն է, բայց կան բազմաթիվ նմանություններ, ուղղակի ի տարբերություն պատերազմի, խաղաղության ժամանակ կարծես թե ավելի հանգիստ են լինում մարդիկ, թեպետ ագրեսիան կարող է ավելի վառ ձևով դրսևորվել, միասնականությունը կարող է խարխլվել, մյուս կողմից` գագաթնակետին է հասնում մարդասիրությունը, աշխատանքը: Ընդհանուր առմամբ խաղաղությունն այն կարևորագույն գաղափարն ու իրավիճակն է, որին միշտ ձգտել է հայ ժողովուրդը, որին ձգտում է ընդհանրապես մարդկությունը: Դժբախտաբար այն լինում է պատերազմից հետո, որը միգուցե օրինաչափ է: Հասարակ մարդիկ գերադասում են խաղաղ պայմաններում ապրել, արարել, զարգանալ, ստեղծել ընտանիքներ, լինել երջանիկ:

հանդուրժողականություն

Հանդուրժողականությունը քրիստոնեական գաղափար է: Եթե խորը նայենք հանդուրժողականությանը, այն ներողամտության մի ձև է, իսկ ներումը աստվածային շնորհ է: Ներման կարիք ունեցողն ավելի լավ է պատկերացնում այդ ամենը: Իհարկե, ոչ միշտ է մարդը հանդուրժող: Հանդուրժողականությունը կախված է նաև բազմաթիվ այլ գործոններից, կարծրատիպերից, որոնք հաճախ խոչընդոտում են: Հանդուրժողականությունը նաև ենթադրում է լինել մեծահոգի, կրթված ու զարգացած, ունենալ գիտելիք, բարոյական բարձր նորմեր: Իմաստուն մարդիկ են հանդուրժող:


[ Մոնոլոգ ]


միջազգային հանրություն

Միջազգային հանրությունը նման է բնակելի շենքի, որը բաղկացած է տարբեր մարդկանցից, ընտանիքներից, անհատներից, որոնք ունեն երբեմն իրարամերժ գաղափարներ և մոտեցումներ, երբեմն` ընդհանուր շահեր: Այդ հանրությունը միշտ չէ, որ խաղաղ է, դրա համար երևի թե հանդուրժողականության բարձր մակարդակ է պետք, որպեսզի նաև միջազգային հարաբերությունները լինեն խաղաղ: Հանդուրժողականությունն այն կարևորագույն բանալին է, որով միջազգային հանրությունը կարող է խաղաղ ու հանդարտ լինել:

ռազմատենչություն

Ռազմատենչության երկու ձև կա`բարի և չար: Բարի ռազմատենչությունն այն է, որ դու պատրաստ ես պաշտպանել քեզ, քո ընտանիքը, քո հայրենիքը, քո արժանապատվությունը` եթե քո նկատմամբ կա ագրեսիվ դրսևորում: Ռազմատենչությունը նաև ագրեսիան զսպելու միջոց է, բայց եթե նույն ռազմատենչությունը ագրեսիայի դրսևորում է, այն ամենամեծ վտանգներից է, որովհետև այդ ռազմատենչությունը վերածվում է բռնության ու դաժանության: Ռազմատենչության առաջին տարբերակն ինձ համար ընդունելի է:

պրոպագանդա

Ցանկացած երևույթ երկու կողմ ունի: Պրոպագանդան նույնպես երկու երես ունի: Առաջինը ճշմարիտ տեղեկատվությունն է, որը պետք է մարդկանց դարձնի ավելի համախմբված, ավելի բարի: Սա լուսավորչության, դաստիարակչության մի ձև է: Եթե պրոպագանդան ատելություն է սերմանում, հիմնված է ամբողջությամբ ստի ու այլատյացության վրա` կործանիչ է հենց նրանց համար, ովքեր դրանով զբաղված են:

ճշմարտություն

Կա մեկ բացարձակ ճշմարտություն` Աստված: Ճշմարտությունը բացառիկ երևույթ է, որը միշտ չէ, որ մեծամասնությունն է որոշում: Այն երբեմն շատ դառն է լինում: Միշտ չէ, որ ճշմարտությունը պետք է ասվի, բայց չի նշանակում, որ պետք է ստել: Ճշմարտությունն ինքնին դրական երևույթ է, ամեն մարդ իր ներսում պետք է պահպանի այն, նույնիսկ եթե ստիպված լինի այդ նույն ճշմարտությունը մեկ-մեկ խախտել կամ շրջանցել:

իրավունք

Մեկն ասում է` ուժն է ծնում իրավունք, մյուսը` ճշմարտությունը, մյուսն ասում է` արդարությունը: Իրավունքը պետք է վաստակել ճիշտ ապրած կյանքով, աշխատանքով: Կա իրավունք, որը պարզպես մարդուն տրվում է ի ծնե` ապրելու, արարելու, երջանիկ լինելու իրավունք: Իհարկե` ոչ բոլորն են իրենց այդ իրավունքը կարողանում իրականացնել: Միշտ պետք է ընդունել` մեկի իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսինը: Սա  ազատության պես մի բան է: Պետք է միշտ ուժ ունենալ` իրավունքի չար դրսևորմանը հակադրվելու համար: Իրավունքը դառնում է ոտնձգություն, երբ մարդը աչք է գցում ուրիշի ունեցվածքին` արդարացնելով իր գայթակղությունը և ցանկությունները, երբ մարդը կարծում է, թե իրավուքն ունի տիրանալ այս կամ այն բարիքին կամ տարածքներին: Իրավունքն իրացնելու համար պետք է ուժ ունենալ:

Գրել կարծիք