Քաղաքակիրթ մարտունակություն. ամենառազմականացված հասարակություն ունեցող երկրները

Քաղաքակիրթ մարտունակություն. ամենառազմականացված հասարակություն ունեցող երկրները

newmag-ը ներկայացնում է ռազմականացված պետությունների օրինակներ, որտեղ պրոֆեսիոնալ զինվորական լինելը յուրաքանչյուր քաղաքացու գործն է: Շվեյցարիան դրա ամենավառ օրինակն է:

Si vis pacem, para bellum – Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Երկրները, որոնք ուզում են խաղաղ ու անվտանգ ապրել, հենց դա էլ անում են: Հարձակվողին միայն այդպես կստիպես մինչև գործի անցնելը յոթ անգամ մտածել: Պատահական չէ, որ Եվրոպայի ամենաչեզոք ու խաղաղ երկիրը համարվող Շվեյցարիան նաև ամենառազմականացվածն է: Այստեղ զինվորական լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև ապրելակերպ: Ամբողջ կյանքի ընթացքում շվեյցարացիները պատրաստվում են պատերազմի: Հարյուրամյակներ շարունակ դա նրանց պետք չի եկել, բայց այդ գործն անում են ամենայն պատասխանատվությամբ և խնամքով: Նրանք հասկանում են, որ դա է իրենց խաղաղ ապրելու գինը:

Ներկայացնում ենք ռազմականացված պետությունների օրինակներ, որտեղ պրոֆեսիոնալ զինվորական լինելը յուրաքանչյուր քաղաքացու գործն է:


ՇՎԵՅՑԱՐԻԱ

Պատկերացրեք մի պետություն, որտեղ 20-50 տարեկան գրեթե բոլոր տղամարդիկ զինվորական ծառայության մեջ են և քնում են՝ զենքը գլխի տակ: Պետություն, որի 22-հազարանոց բանակը 2-4 ժամում վերածվում է 650 հազարի, իսկ 48 ժամում՝ 1.7 միլիոնի:  Պետություն, որն անհրաժեշտության դեպքում վերածվում է կազմակերպված, լավ պատրաստված և տեղը տեղին զինված ռազմական մեքենայի, որտեղ բոլորը գիտեն՝ որ ստորաբաժանմանն են կցված, ուր են գնալու և ինչ են անելու: Սա է բանակ-պետությունը, որն ամենևին էլ հորինվածք չէ: Այն կա և գտնվում է Ալպերում: Այդ բանակ-պետությունն աշխարհի ամենառազմականացված երկիրն է՝ Շվեյցարիան:

swiis-army

Շրջապատված` բարձր լեռներով, փորփրված` թունելներով, ամեն պահի պատրաստ` ապաստարաններով ու զենքերի պահեստներով… Մինչև ատամները զինված խաղաղ Շվեյցարիան միշտ պատրաստ է պատերազմի: Կադրային զինվորականներն այստեղ մոտ 9 հազար են՝ հիմնականում օդուժում են ծառայում: Միաժամանակ ծառայություն և վերապատրաստում է անցնում 10-15 հազար մարդ: Մինչև 32 տարեկան զինծառայողները զորակոչվում են 8 անգամ՝ 3-ական շաբաթով, հաջորդ 10 տարիներին՝ 3 անգամ` 2-ական շաբաթով, 3-րդ տասնամյակում՝ 1 անգամ` 2 շաբաթով: Շվեյցարացիները զորացրվում են 51 տարեկանում: Զինծառայության անցնելիս նրանք անձնական զենք են ստանում՝ լիքը պարկուճներով,  3 տեսակի համազգեստ` բոլոր եղանակների համար, զրահաբաճկոն և սաղավարտ:

swiisss

Շվեյցարական բանակի առանձնահատկությունը սպաների և պահեստազորայինների ուժեղ պատրաստությունն է: 05:00-ին՝ վերկաց: Ու սկսվում է… ֆիզիկական վարժանքներ, հրաձգություն, ձեռնամարտ, մեքենավարություն, լեռնագնացություն… մինչև 0.00:  Հանգստանում են միայն այն ժամանակ, երբ սնվում են և բնական կարիքները հոգում: Զինվորներից այստեղ իսկական տերմինատոր են սարքում: Ծառայության ընթացքում բացի զինվորական վարժանքներից ուրիշ ոչնչով չեն զբաղվում, ոչ մի կենցաղային հարց: Դրանցով զբաղվում են մասնավոր ընկերությունները: 5 օր անխնա պարապմունքներ, իսկ շաբաթվա վերջին երկու օրը հանգիստ է:

swissso

5 մլն բնակչությամբ Շվեյցարիայի ռազմական բյուջեն 5 միլիարդ դոլար է: Այն 4-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում` մեկ շնչին բաժին ընկնող հրացանների քանակով, և 2-րդը` հրացանակիր բնակիչների տոկոսով: Շվեյցարացիները կրակում են նույնիսկ ազատ ժամանակ: Երկրում ժամանցի համար նախատեսված  հրաձգարաններն իրենց քանակով չեն զիջում սրճարաններին: Ճիշտ է, վերջին ռազմական գործողությունն այստեղ եղել է երկու դար առաջ՝ Նապոլեոնի բանակի դեմ (դրանից հետո Շվեյցարիան չեզոք պետություն է), սակայն շվեյցարացիք ամեն պահ պատրաստ են պատերազմի:


ԻՍՐԱՅԵԼ

Երկիր, որտեղ պարտադիր զինվորական ծառայություն են անցնում նաև կանայք: Գրեթե 5 մլն բնակչություն ունեցող Իսրայելը խաղաղ պայմաններում 177-հազարանոց բանակ ունի, որն անհրաժեշտության դեպքում վերածվում է 600 հազարի: Դրա համար ընդամենը 2 օր է անհրաժեշտ, ու բոլորը կազմ-պատարստ իրենց տեղերում են: Չծառայելն Իսրայելում ամոթ է: Եթե չես ծառայել, ուրեմն կամ հիվանդ ես, կամ հանցագործ, կամ էլ սրիկա: Չծառայել նշանակում է, որ մարդը երբեք չի կարող հավակնել լավ աշխատանքի և, ընդհանրապես, կյանքում առաջ գնալ: Այստեղ պատանիները խնդրում են, որ իրենց ծառայության վերցնեն:

israel-banak

Պարտադիր զինվորական ծառայության տարիքը սկսվում է 18-ից: Տղաների համար այն 3 տարի է, աղջիկների համար՝ 2: Ժամկետային զինծառայությունից հետո պահեստազոր անցած հրեաներն ամեն տարի մասնակցում են մինչև 46 օր տևող հավաքների: Եվ այստեղ կատարվում է ամենահետաքրքիրը: Օրինակ՝ սովորական տրակտորիստը կարող է լինել գնդապետ, վաշտի հրամանատար, իսկ որևէ ընկերության միլիոնատեր ղեկավարը՝ շարքային: Հենց այսպիսի հավաքների ժամանակ է հանկարծ պարզվում, որ ձանձրալի ու ճաղատ հաշվապահն, օրինակ՝ հատուկ ջոկատային է:

israelllll

Իսրայելի բանակում՝ ՑԱՀԱԼ-ում, նվազագույն ուշադրություն են դարձնում շարային պատրաստությանը: Մեր բանակը շքերթների համար չէ, այլ պատերազմի, ասում են ՑԱՀԱԼ-ի բարձրաստիճան զինվորականները:  Ահա թե ինչու են զինծառայողներն անընդհատ կիլոմետրերով վազում` ամբողջ հանդերձանքով, կրակում բոլոր տեսակի զենքերից և ուսումնասիրում տեխնիկան: Զենքը նրանք ստանում են ծառայության սկզբում և հանձնում զորացրվելու ժամանակ, մինչդեռ ծառայության ընթացքում միշտ զենքով են, նույնիսկ մի քանի ժամով տուն գնալիս:

isr-tank

Իսրայելական բանակի առանձնահատկությունը գեղեցկուհի հրեուհիներն են: Նրանք նույնքան սառնասիրտ են և քաջ, որքան տղամարդիկ: Հայրենիքը պաշտպանելը նրանց բոլորի սուրբ գործն է: Մի գեներալուհու, որի երկու աղջիկները ծառայում են ամենավտանգավոր հատվածներում, հարցրել են, թե չի՞ անհանգստանում նրանց համար: «Իհարկե անհանգստանում եմ, բայց մեր երկրի անվտանգությունը, մեր երկրի պաշտպանվածությունը է՛լ ավելի կարևոր է», պատասխանել է գեներալուհին։


ՖԻՆԼԱՆԴԻԱ

Այստեղ զորակոչվում են գիտակցաբար, հաճախ առանց էմոցիայի և պաթոսի: Ֆինլանդիան իր պաշտպանության ամբողջ հույսը երբեք էլ չի դրել Հյուսիս-Ատլանտյան դաշինքի վրա: Այն մշտապես վերապատրաստում է իր կադրերին ու խրախուսում: Յուրաքանչյուր ֆիննի համար հայրենիքը պաշտպանելը ոչ միայն պատիվ է, այլև կարիերայի աճ: Ծառայած ֆիննին ավելի հեշտ են աշխատանքի վերցնում, իսկ աշխատատեղը պահպանում են մինչև զորացրվելը: Սա օրենք է: Գուցե սա է պատճառը, որ Ֆինլանդիայում բանակից հազվադեպ են խուսափում: Այստեղ մեծ անպատվություն է բանակից խուսափելը:

finland

Ֆինլանդիայում զորակոչման տարիքը 18-30-ն է: Ծառայությունը կարող է տևել 180 օր, 270 և 362: Ամեն տարի 30 հազար զորակոչիկներ անցնում են զինվորական շտապ ծառայության՝ չհաշված 35 հազար պահեստազորայիններին, որոնք անընդհատ վերապատրաստվում են: Ֆիննական բանակում զինծառայողները սովորում են ռազմարվեստ, յուրացնում մարտի հմտությունները, հստակ պարբերականությամբ հաճախում են լողավազան, մարզասրահ, իսկ հանգստյան օրերն անցկացնում են տանը: Բանակում զինվորները սովորում են Մորզեի այբուբենը:

fin-banak

Զինծառայողներն իրենք բարձր են գնահատում բանակը, որովհետև այն մոտեցնում է հասարակության տարբեր շերտերին, բարեկամացնում նրանց:  Այստեղ չկա «հին ծառայողի սինդրոմը»: Բանակում հատուկ վերահսկիչ կա. եթե ինչ-որ բան այն չէ, զինծառայողները գիտեն ում դիմել: Վերկացն առավոտյան 6-ին է: Ամենօրյա վարժանքներն անելու համար բժշկի թույլտվություն է պետք: Այն ստանալու համար զինվորը պետք է ֆիզիկապես լավ պատրաստված լինի, կարողանա, օրինակ՝ երկար լողալ կամ վազել: Դրանից բացի, ֆինն զինվորները հոգեբանական թեստ են անցնում՝ ղեկավարությունը ստուգում է նրանց տրամաբանությունը, բառապաշարը և մաթեմատիկական ունակությունները:

fiinnn

Ընդհանրապես զինվորական պատրաստությունը ֆիննական բանակում գնահատվում է միավորներով: Որքան շատ են դրանք, այնքան շատ են հանգստյան օրերը: Միավորները հավաքում են շատ ձգումների, երկար վազքի և դժվար վարժությունների համար: Անհրաժեշտության դեպքում ֆիննական բանակը կարող է վերածվել արագ արձագանքման խմբի և ուժերը մոբիլիզացնել փրկարարական աշխատանքների համար:

 

Գրել կարծիք