Ազատ Գասպարյան. Հեռուստատեսությունը մոռացել է, որ կյանքում արվեստ կա

Ազատ Գասպարյան. Հեռուստատեսությունը մոռացել է, որ կյանքում արվեստ կա

newmag-ը ներկայացնում է ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի (1943-2013) հետ մանկության, առաջին սիրո, թատրոնի ու անարվեստ հեռուստատեսության մասին մոնոլոգը, որը արվել է 2011-ին:

Իմ ապրած տարիները

Սիրում եմ մտաբերել անցած-գնացած տարիները: Տարիներ, տարիներ….Եղել են գտած տարիներ, կորցրած տարիներ…Մանկությանս տարիները ծանր են անցել: Ես ունեցել եմ հետպատերազմյան մանկություն. Ո՛չ իսկական գնդակ ունեի, ո՛չ իսկական խաղալիքներ, բայց ունեի ինձ շրջապատող բնությունը, որտեղ անցնում էր իմ մանկությունը, և կազմակերպվում էին խաղեր: Հիմա մտովի հետ նայելով եմ հասկանում, թե ինչ օրեր եմ ունեցել` սիրով ու խաղաղությամբ լի, ատելությամբ ու բռնությամբ լի: Ամեն տեսակի օրեր ունեցել եմ: Ատելություն կար մեջս բռնության հանդեպ, որովհետև աքսորված ընտանիքի զավակ եմ եղել:  Բայց հետո ընդունվեցի Թատերական, և դա մեծ երջանկություն էր ինձ համար: Ամեն ինչ մոռացա, ուղղակի երջանիկ էի: Պապիկս ասում էր` գոհ լինենք, բայց չբավարարվենք:

Իմ հանդիսատեսը

Այսօր Հայաստանում հնարավոր չէ դերասան լինել, որովհետև դերասանական արվեստ չկա մեր երկրում: Ուղղակի ես չեմ կարող հրաժարվել ինքս ինձանից, իմ անցած ճանապարհից, և պետք է շարունակեմ լինել դերասան: Բայց ցավով հասկանում եմ, որ մեր ժողովուրդը հեռացել է թատրոնից, ես էլ մյուս դերասանների հետ դարձել եմ նրա համար օտար: Ու հիմա, երբ հանդիպում եմ հին հանդիսատեսին, իմ հանդիսատեսն ուժ է տալիս ինձ, որ հասկանամ ու ինքս ինձ ասեմ` պետք է լինել, պետք է շարունակել, պետք է պաշտպանել այն, ինչ արդեն ձեռք ես բերել: Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ:

Ես ստիպված եմ հանդիսատեսին բաժանել խմբերի: Սկսել եմ իմ հանդիսատեսին տարբերել այն հանդիսատեսից, որն այսօր 20 տարեկան է, որը կտրված է արվեստից, գրականությունից:  Չէ՛, նրանք իմը չեն: Նրանք այսօր սերիալների հանդիսատեսն են, բայց ո՛չ Ազատ Գասպարյանի:

ph13878704109Անկեղծություն

Աստծո տված ամենամեծ պարգևներից մեկը անկեղծությունն է: Ես պետք է անկեղծ լինեմ, որ կարողանամ սիրել, բարի գործ անել: Անկեղծ մարդը ինձ համար ամենագնահատելին է: Այսօր, ցավոք սրտի, անկեղծ ու անմիջական մարդուն հիմար են համարում, բայց իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է: Ես միշտ հանգիստ եմ ապրել: Նայելիս` հանգիստ, ուտելիս` հանգիստ, որովհետև անկեղծ եմ: Ես սովոր չեմ որևէ բան իմ մեջ պահել: Պետք է հենց այդ պահին տեսնեմ ու ասեմ: Կարևոր չէ` հիացմո՞ւնքս կարտահայտեմ, թե՞ բարկությունս: Պետք է ասեմ: Չասել չեմ կարողանա: Շատերը չեն ընդունում դա, չեն դիմանում անկեղծ խոսքի դառնությանը: Դժվար գործ է անկեղծ լինելը:

Իմ բոլոր առաջին սերերը

Միշտ բազմասեր եմ եղել: Առաջին սերս առաջին դասարանում է եղել: Լաուրա էր անունը: «Առաջւին սերը, ինչպես որ հացը, միշտ կուտ է գնում»,-գրում էր Սևակը: Ինձ հետ էլ այդպես եղավ: Չհասկացա` ինչ է առաջին սերը: Երևի Աստված ասել է` դու գործ չունես առաջին սիրո հետ, որովհետև կարող է կործանել քեզ: Ես էլ այդ ժամանակ ուզում էի երակներս կտրել, ուզում էի ինձ սպանեի, քանի որ շատ ուժգին էի սիրահարվել: Բայց առաջինն անցավ…Հետո, երբ երրորդ անգամ սիրահարվեցի, հասկացա, որ սերը շատ նման է ծառատունկի: Ծառ տնկելը շատ հեշտ է, բայց բավական չէ. Այն խնամքի կարիք ունի: Սերն էլ խնամքի կարիք ունի: Սերն էլ խնամք է պահանջումզգույշ ու համբերատար խնամք: Առաջին սիրո հետ զգույշ պետք է լինել, բայց ես չեմ կարողացել: Ես հարձակվող եմ եղել, չեմ սպասել ոչ մի վայրկյան: Հարձակվել եմ ու ամեն ինչ փչացրել:

Իմ ամեն սերն առաջին սեր է: Իմ երկրորդ սերն էլ էր առաջին, երրորդն էլ: Մինչև հիմա այդպես է: Իմ կյանքի ընթացքում ամեն անգամ սիրել եմ, ու ինձ թվացել է, թե սիրում եմ առաջին անգամ: Ամեն անգամ էլ նույնն եմ զգացել: Ուղղակի ամեն անգամ պետք է սխալներդ հիշես ու հաջորդ անգամ անես ամեն ինչ, որ դիմացինիդ երջանկացնես:

Անմարդկային եթեր

Հեռուստատեսությունն ու թատրոնը միանգամայն տարբեր բաներ են: Թատրոնը հարց է բարձրացնում, իսկ այսօրվա հեռուստատեսությունը անընդհատ փորձում է պատասխաններ տալ: Որոշ ժամանակ խաղացի հայկական սերիալներից մեկում, բայց դա երկար չտևեց: Խաղացի ու հասկացա, որ սովոր չեմ այսօրվա հեռուստատեսությանը: Բախումներն անխուսափելի էին: Ինձ համար` թատրոնի դերասանիս համար, անհանդուրժելի է խոսել այն լեզվով, որով այսօր խոսում են եթերում: Ես համաձայն չէի այդ ամենի հետ, այդ պատճառով դուրս եկա: Վատ հայերենը մնաց եթերում:  Ուղղակի հեռուստատեսությունը մոռացել է, որ կյանքում արվեստ կա, սեր, լեզու, մարդկություն ու ազգ: Հեռուստատեսությունը մոռացել է, որ պետք է սպասարկի հեռուստադիտողին: Հեռուստատեսությունն այսօր ուղղակի աշխատում է ինքն իր համար, սեփական ռեյթինգի համար:

newmag #25 2011թ.

Գրել կարծիք