Գլխավոր Հոդվածներ

Իսկ պետությունն իրո՞ք ցանկանում է, որ դուք շատ երե

Իսկ պետությունն իրո՞ք ցանկանում է, որ դուք շատ երեխա ունենաք

21-րդ դարում դժվար է մարդուն համոզել ամուսնանալ, ուր մնաց` նաեւ երեխա ունենալ: Բանն այն է, որ ամուսնությունն առաջին հերթին լրացուցիչ ծախս է, ազատությունների կրճատում ու պարտականությունների ավելացում: Առավելությո՞ւնը` երեխան:  Հաշվի առնելով այս երկու տիպի խնդիրները, շատերը հավասարակշռում են կշեռքի նժարները` ունենում են միայն 1 երեխա:
Անհատի համար երեխա ունենալը գենի շարունակությունն է, կամ տեսակի պահպանումը, պետության համար երեխա ունենալը դեմոգրաֆիական աճ է, նոր տնտեսական հնարավորություն, երկրի անվտանգություն: Հավանաբար հենց այս պատճառով ընդդիմությունն ու իշխանությունը հայտարարում են, որ ծնելիության անկումը մտահոգիչ է: Իսկ Հայաստանում ծնելիությունն անկում է ապրում:
Հայաստանը համարվում է ցածր ծնելիությամբ երկիր: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալով, Հայաստանում 1 կինն ունենում է 1,4 երեխա, այնինչ բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ 1 կինն ունենա առնվազն 2,1 երեխա:
ԳՐԱՖԻԿԱ
Պտղաբերության (ծնելիության գումարային գործակցի) ցուցանիշը Հայաստանում և այլ երկրներում:




























  ԵրկիրՑուցանիշ
 Հայաստան1.4
 Ռուսաստան1.7
 Վրաստան1.8
  Թուրքիա2.1
 Ադրբեջան 2.3

Այս 5 երկրներից միայն երկուսում է ապահովվում պարզ վերարտադրություն` Ադրբեջանում ու Թուրքիայում: Դա նշանակում է, որ մի քանի տասնամյակ հետո այդ երկրները առնվազն կունենան այնքան բնակիչ, որքան այսօր ունեն, իսկ Հայաստանում բնակչությունը կարող է կիսով չափ նվազել: Եթե սրան գումարենք նաեւ Հայաստանից գնացողների թիվը, շատ ավելի տխուր պատկեր կստացվի:
ՄԱԿ-ի կանխատեսման համաձայն, 2100 թվականին Հայաստանում կբնակվի առավելագույնը 3 մլն, նվազագույնը՝ 1 մլն մարդ:  
ա. Առաջնեկի համար` 50 հազար դրամ,
բ. Երկրորդ երեխայի համար` 50 հազար դրամ,
գ. Երրորդ երեխայի համար `  1 մլն դրամ,
դ. Չորրորդ երեխայի համար` 1 մլն դրամ,
ե. Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ:
«Պետական նպաստների մասին» օրենքը մյուս կետով կարգավորում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը: Այսինքն` եթե աշխատող մայրը երեխա է ունենում, նրան 2 տարի շարունակ երեխայի խնամքի համար տրվում է 18 հազար դրամ նպաստ:
Այսինքն` աշխատող մայրը 5-րդ երեխայի դեպքում կստանա 1.5 միլիոն դրամ և ամիսը 18 հազար դրամ` 2 տարի շարունակ: Երրորդ երեխան ունենալու դեպքում` կստանա 1 միլիոն դրամ ու ամիսը 18 հազար դրամ` 2 տարի շարունակ: Եթե ծնողները որոշեն ապահովել իրենց պարզ վերարտադրությունը, 2 անգամ կստանան 50 հազար դրամ:


[ Իրականում` ոչ ]



Օրենսդրության տրամաբանությունը շատ պարզ է` անցեք պարզ վերարտադրության շեմը, եւ պետությունը կխրախուսի ձեզ: Այսպես պետությունը խրախուսում է ոչ թե պարզապես ծնելիությունը, այլ պարզ վերարտադրության շեմն անցնելը:
Եվ վերջին` երրորդ գործիքը ներդրվեց այս տարվա հունվարի մեկին`մայրության նպաստը: Այս նպաստը աշխատող կանանց տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի բոլոր օրացուցային օրերի համար: Հղիության և ծննդաբերության արձակուրդի տևողությունն է`
-140 օր -  հղիության և ծննդաբերության համար:
-155 օր-  բարդ ծննդաբերության համար:
-180 օր - միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Չաշխատող մայրերին մայրության նպաստը տրվում է աշխատող մայրերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա համար: Այսինքն մայրերը ստանում են միանվագ 126 600 դրամ:

Բայց, բավարա՞ր են ծնելիությունը խթանելու նպատակով պետության արած քայլերը. Իրականում` ՈՉ:


Առաջին հայացքից թվում է, թե այս ամենը պետք է նպաստի ծնելիության աճին, շահագրգռի ավելի շատ երեխաներ ունենալ, հատկապես` երբ կանցնեն պարզ վերարտադրության շեմը: Սակայն այդպես չէ:
Օրինակ` երեխայի խնամքի համար պետությունը տալիս է ամիսը 18 000 դրամ: Միջին հաշվով մեկ երեխայի համար 1 օրում օգտագործվում է 5 տակդիր: Շուկայում 1 տակդիրի միջին գինը նորածնի համար 100 դրամ է: Այսինքն մեկ երեխայի միայն տակդիրի գինն օրը 500 դրամ է: Մեկ ամսվա հաշվարկով միայն նորածնի տակդիրի գինը կազմում է 15 000 դրամ:
Երեխայի մեծանալուն զուգահեռ աճում է նաեւ տակդիրների գինը: Ասենք 1-1.5 տարեկան երեխայի տակդիրի միջին գինը 150 դրամ է: Մեկ օրը կազմում է 750 դրամ, իսկ մեկ ամսվա ընթացքում միջինը 22500 դրամ: Այսինքն երեխայի խնամքի համար նպաստը չի բավարարում նույնիսկ երեխայի տակդիրները գնելուն, ուր մնաց` մանկական սնունդ գնելուն, բժշկական ծառայություններին: Հետեւաբար մանկան խնամքի համար տրվող գումարը երեխայի տարրական խնամքին չի հերիքում:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետք է խրախուսի ծնելիության բարձրացումը: Այստեղ խնդիրը կառուցվածքային է: Բանն այն է, որ շատ ծնողներ առաջին երեխան ունենալուց հետո այլեւս երեխա չեն ունենում` բախվելով սոցիալական դժվարություններին: Մինչդեռ պետությունը ծննդկանի կողքին է կանգնում միայն 3-րդ երեխայից հետո: Եթե չես օգնում, որ ծնվի երկրորդ երեխան, մի՛ ակնկալիր, որ ընտանիքը 3 և ավելի երեխա կունենա:
Մայրության նպաստ` 126 600 դրամ: Միանվագ տրվող այս գումարն էլ կարող է բավարարել միայն երեխայի օրորոցի գումարը: Չնայած օրորոցները շատ ավելի թանկ են: Հետեւաբար ասել, որ պետության այս նպաստները կարող են նպաստել ծնելիության աճին, կնշանակի լինել չափազանց ռոմանտիկ:

Հիմա, բավարա՞ր են ծնելիությունը խթանելու նպատակով պետության արած քայլերը


Երբ համադրում ես պետության այս «խթանները» պարզվում է, որ պետությունը խաղադրույք է արել մի խավի վրա, որը մեծ հաշվով` երեխաներին պատշաճ մեծացնելու հնարավորություն չունի, այսինքն սոցիալապես առավել ծանր վիճակում գտնվող ընտանիքների վրա: Սա կարող է շատ ավելի վտանգավոր հետեւանքների հանգեցնել: Հանուն այդ 1, կամ 1.5 միլիոն դրամի` գիտակցական ցածր մակարդակով ծնողները կարող են տունը լցնել «եկամտաբեր ապրանքով»` հասարակությանն առաջադրելով սոցիալական նորանոր խնդիրներ: Հետո պետությունը ստիպված կլինի հոգալ այդ երեխաների խնամքը, որոնք այդ ծնողների համար կկորցնեն իրենց «ֆինանսական հետաքրքրությունը»:
Պետության ուշադրությունից դուրս է մնացել այն խավը, որն իսկապես կարող է արժանապատվորեն մեծացնել 3 եւ ավելի երեխաներ: Խնդիրը ոչ թե երեխա ունենալն է, այլ այդ երեխային մեծացնելու պայմանների բացակայությունը: Հարկ է երեխաների համար ապահովել բնակարանային պայմաններ, որակյալ կրթություն ու բուժսպասարկում:
Բուժսպասարկման ծանրությունն ընկած է պոլիկլինիկաների վրա, սակայն ի տարբերություն ամեն տարի նորոգվող հիվանդանոցների` պոլիկլինիկաները նորոգման երես չեն տեսել: Խոսքը վերաբերում է նաեւ հին սարքավորումներին ու հնացած ծառայություններին:
Մյուս խնդիրը մանկապարտեզն է: Պետական մանկապարտեզների համար, նորածնի ծնողները երբեմն այնքան են հերթում սպասում, մինչեւ երեխան դպրոցահասակ է դառնում, իսկ մասնավոր մանկապարտեզների վարձը հիմնականում ավելի բարձր է, քան բուհում ուսման վարձը:

Տարածել