ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

էրդողանի վախերը. նոր Սայքս-Պիկոյի սպասելիս

էրդողանի վախերը. նոր Սայքս-Պիկոյի սպասելիս

Թուրքիայի նախագահը քրդական հարցով նվազագույնը երկու անգամ բեկումնային որոշումներ է կայացրել, որոնք խիստ տարբեր էին, նույնքան տարբեր ներքաղաքական, բայց գրեթե նույն աշխարհաքաղաքական պայմաններում:
2002-ին, երբ Թուրքիայում իշխանության էր գալիս էրդողանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը /Adalet ve Kalkınma Partisi/, նախընտրական խոստումներից մեկը քրդական հարցի՝ խաղաղ և քաղաքական լուծումներով նոր գլուխ բացելն էր: Կառավարման առաջին տասնամյակում ԱԶԿ-ականները հիմնականում հավատարիմ էին իրենց խոստումներին՝ վճռական որոշումներով թույլատրելով մինչև իսկ քրդական հեռուստառադիոալիքների ու պարբերականների գործունեությունը:
Վարչապետ Էրդողանի բարեփոխումներն ու քրդերի իրավունքների շրջանակի ընդլայնումն աննախադեպ էին: Բայց ճիշտ այն պահին, երբ պատմական պայմանավորվածությունն ու խաղաղությունն այդքան իրական էին թվում, մի քանի միջադեպեր փոխեցին զարգացումների ընթացքը: Դրանցից մեկը, օրինակ, մաքսանենգների «որսի» ժամանակ 34 քուրդ գյուղացիների զոհվելն էր թուրքական օդուժի ռմբակոծության պատճառով, կամ Ռեյհանլըի ահաբեկչությունը, երբ 51 քուրդ սպանվեց: Արաբական գարունն էլ ոգևորեց քրդերին: Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկված, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլա Օջալանը 2011-ին իր փաստաբանների միջոցով Թուրքիայի քրդերին կոչ արեց Դիարբեքիրը վերածել Թահրիր հրապարակի:
Քրդերն անմիջապես հետևեցին կոչին. պայթյուններն ու ընդվզումնները Դիարբեքիրից ու Հաքքարիից հասան Ստամբուլ: Հազարավոր քրդերից բացի հարյուրավոր թուրք զինվորականների ձերբակալությունները ցույց տվեցին, որ Էրդողանին մտահոգում էր նաև թուրք զինվորականության շրջանում արաբական գարնան հնարավոր ալիքը: Իսկ այդ ժամանակ Էրդողանի գերխնդիրը ԱԶԿ կառավարման շրջանը երկարաձգելն էր ու երկիրն առանց լուրջ ցնցնումների դեպի խորհրդարանական ընտրություններ տանելը: Միջին Արևելքում Էրդողանի հեռահար ծրագրերի համար նույնպես գոնե ներքին կայունություն պիտի լիներ Թուրքիայի ներսում:
Հիմնավորումների այս ծանրակշիռ ցանկով էլ Թուրքիայի նախագահը որոշում է բանակցություններ սկսել Օջալանի հետ՝ նույնիսկ ազգայնական շրջանակների դիմադրության ու զայրույթի ֆոնին: Քրդերի առաջնորդն էլ բավական իրատեսական էր գնահատում դրությունը: Քրդական հարցի շուրջ առավել խիստ հայացքներ ունեցող քեմալականների (Ժողովրդա-հանրապետական կուսակցություն, ԺՀԿ), առավել ևս ազգայնականների (Ազգայնական շարժում կուսակցություն, ԱՇԿ) մեջլիսում մեծամասնություն կազմելն ավելի էր սրելու քրդական հարցը: Նոր «զինադադարը» կայացավ, բայց թուրք-քրդական «զինադադարների» փորձը ցույց էր տվել, որ դրանք առավել քան փխրուն են:



[ Արևելյան խոհանոց ]



Քրդերի ու նրանց հարցի մասին թուրքական ու միջազգային մամուլը խոշոր վերնագրերով խոսեց նաև 2012-ին: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հիմնումը նշանավորվում էր նորաբաց գրասենյակների շուրջ բախումներով, տարածքային մասնաճյուղերի բացումները ցույցերով ու լարվածության այլ դրսևորումներով էին: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարելով 10 տոկոսի շեմն ու անցնելով մեջիս` քրդերը «Թուրքիայի նախագահի» կուսակցությանը խանգարեցին ձևավորել բացարձակ մեծամասնություն: Դեռ այն ժամանակ էր հայտնի, որ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների միջոցով կառավարման նախագահական համակարգի է ձգտում: Քաղաքական խոշոր հաշվարկով անարդյունք, բայց ակտիվ ընդդիմադիր ուժի գործունեությունն ակնհայտորեն նյարդայնացնում էր խարիզմատիկ թուրք առաջնորդին:
Արևմուտքի հետ հարաբերություններում ներգաղթյալների և ԵՄ անդամակցության շուրջ անհամաձայնությունը, անհանգիստ Միջին Արևելքում սեփական շահերն առաջ տանելու նպատակով թուրքական զինուժի` Իրաք ներխուժելն ու Սիրիայի սահմանին տեղավորվելը, նաև նոր Սայքս-Պիկոյի հավանականության շուրջ Էրդողանական վախերի հիմքն ու դրսևորումն են: 1.4 միլիոն քրդերը` Սիրիայում, 6 միլիոնը` Հյուսիսային Իրաքում, 7 միլիոնն`Իրանում և 20 միլիոնը` Թուրքիայում այսօր ավելի տարված են անկախ պետություն ստեղծելու գաղափարով: Արևելքն էլ ավելի ուժեղ է եռում, քան 100 տարի առաջ:
Էրդողանի լուծումն այս անգամ արյունոտ է ու ոչ ժողովրդավար: Նա հերթական անգամ հիշեցրեց՝ բոլորովին չի մտահոգվում, որ իրեն բռնապետ են կոչում, և որ Թուրքիայում խնդիրները լուծելու է ի՛ր ուզած ձևով` քրդերին խառնելով հեղաշրջման փորձից հետո ձերբակալված գյուլենականների հոսանքին:
Դեռ հունիսին՝ քվեների հաշվարկի արդյունքում քրդերի հաջողության առաջին լուրերին զուգահեռ քննարկվում էր ոչ թե այն, թե ինչ գործունեություն են նրանք ծավալելու թուրքական մեջլիսում, այլ թե ինչ է անելու Էրդողանն` այդ գործունեությանը վերջ տալու համար:

Տարածել