Facebook - «դավադիտ». Սոցցանցը գնալով անտանելի է դառնում
Ողջույն,
Մենք քո ֆեյսբուքյան ընկերներն ենք` քո նոր ընկերները: Մայրիկներ, որոնք սկսել են մարզասրահ հաճախել, ուսանողական տարիների ծանոթներ, աշխատանքից ազատվելու համար Best Buy-ին դատի տված նախկին ընկերը, հեռու Ամազոնում ապրող մորաքույրը, որն իր մեկնաբանություններից հետո միշտ գրում է` «Սիրով` քո մեծ մորաքույր Մարջորի» և իհարկե այն աղջիկը, որը կարծես համալսարանն ավարտելուց հետո միշտ հղի է:
Համացանցին շատ բան ունենք առաջարկելու, ունենք բազմաթիվ հետաքրքիր ընկերներ: Երբեմն էլ` անկանխատեսելի ենք: Ուրիշ էլ ո՞վ կարող է հայհոյել Applebee պաշտոնական կայքէջը կամ Fall Out Boy երգի տեքստը պատին տեղադրել որպես հանրագիր: Կարծում եք` շատ նորմա՞լ է, որ ամեն օր ձեր մասին եք հիշեցնում: Շարունակում եք պնդել, որ ամեն բան հիանալի՞ է:
Տեսե՞լ եք ռազմածովայինների այն պաստառը, որտեղ ասվում է` «OK, Իսլամական Պետություն, արի և տար նրանց»: Գրողը տանի՜:
Եկեք ընդունենք, որ համացանցում մեր ծավալած գործողությունները երբեմն սադրիչ են: Հնարավոր է, որ Օբաման իրականում չի կառավարում համաշխարհային տնտեսությունը, սակայն ինչպե՞ս կարող ենք իմանալ: Կամ ինչքա՜ն սահմռկեցուցիչ և վիրավորական են այն փաստերը, ըստ որոնց պատվաստանյութերն ազդում են մեր երեխաների սեռական կողմնորոշման վրա: Կամ պատրաստվո՞ւմ եք արդյոք մայրիկներին սովորեցնել, թե ինչպես է պետք մեծացնել երեխաներին, կամ համոզել նրանց, որ իրենց մեթոդները սխալ են: Լա՜վ, լա՜վ, իրավացի եք` մի փոքր շեղվեցինք ընդհանուր կոնտեքստից:
Ցանկանում ենք ասել, որ իրականում մենք ավելի լավն ենք, քան Ֆեյսբուքում մեր հրապարակած մտքերը, որոնք քերականական սխալներով են, չափն անցած կամ վատ տոնով գրված: Իրականում, պատկերացում անգամ չունենք, թե ինչ են bitcoin-ները, զայրանում ենք, որ ռադիոյով չի հնչում մեր սիրած երաժշտությունը:Եվ ցանկանում ենք նորություններ կարդալ շների մասին: Մի՞թե դա այդքա՜ն սարսափելի է:
Ընդառաջե'ք մեզ: Երբեք չեք ընդունել Candy Crush խաղին մասնակցելու մեր հրավերը, ուշադրություն չեք դարձրել ձեր պատին հրապարակված այլ խաղերին մասնակցելու առաջարկներին, չեք մասնակցել «սառցե դույլ» մարտահրավերին: Դրանով շատ գումար է հանգանակվել, ավելին` բարձրացվել է տեղեկացվածության մակարդակը, ինչը քիչ կարևոր չէ:
Կներեք: Մենք չենք ցանկանում ագրեսիվ տպավորություն թողնել:
Եվ ի վերջո` ինչո՞ւ չենք կարող ընդունել, որ Ֆեյսբուքում բոլորս հավասար ենք: Մի՞թե մեկ-երկու բաժակ կոկտեյլից հետո թեթևակի արբեցած սելֆիներն ավելի վատն են, քան Instagram-ում տեղադրված սուշիի կամ այլ ուտեսների նկարները: Իրոք խենթություն է կարծելը, թե Քանյե Ուեսթն ատում է բոլոր սպիտակամորթներին: Ինչևէ, Ամերիկայում ամեն ոք իրավունք ունի արտահայտել սեփական կարծիքը: Էլ որտե՞ղ կարող ենք քննարկել «House of Cards» սերիալը, լսել և տարածել մեր ընտրած երաժշտությունը, արտահայտել տարատեսակ մտքեր: Էլ որտե՞ղ կարող ենք անել այդ ամենը. Twitter-ո՞ւմ, որտեղ լրագրողների պակաս չի զգացվում, և որը չափազանց արագընթաց է և որտեղ բոլորն անընդհատ բղավում են սեռափոխված ոմն Քայլի Ջենների մասին:
Եկեք պայմանավորվենք: Եթե խոստանաք ամեն օր չթարմացնել ձեր նախաճաշի լուսանկարները, մենք էլ կխոստանանք քիչ խոսել Նիքի Մինաժի առօրյայի մասին: Սակայն ոչ մի խոստում:
Այսպիսով, շնորհակալ ենք ձեր ժամանակի համար, բայց հիշեք` գույն փոխող զգեստն իրականում սպիտակ և ոսկեգույն էր, Քիմ Քարդաշյանն իրականում դաշնային գործակալ է: Եվ եթե այս հրապարակումը չփոխանցեք ձեր տասն ընկերներին, ծանր ճակատագիր կունենաք առաջիկա յոթ տարիների ընթացքում: