Fashion Back in USSR. Ինչպե՞ս կատարվեց  հետխորհրդային ֆեշն comeback-ը

Fashion Back in USSR. Ինչպե՞ս կատարվեց հետխորհրդային ֆեշն comeback-ը

80-ականների վերջին Արևմուտքում նորաձև էր այն ամենն, ինչ կապված էր Խորհրդային միության հետ` Perestroyka, Glasnost, Gorbachov: Այդ ժամանակվա խորհրդային որոշ դիզայներներ փորձեցին համատարած հետաքրքրության ալիքի վրա դուրս գալ միջազգային շուկա, սակայն, նկատելի հաջողությունների չհասնելով, շարունակեցին գործել Ռուսաստանում:

Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ 25 տարի անց խորհրդային և հետխորհրդային էսթետիկան նորից կբարձրանա նորաձևության օլիմպոսի գագաթ, աշխարհի ամենանորաձև դիզայներները կլինեն ռուս Գոշա Ռուբչինսկին և վրացի Դեմնա Գվասալիան:

Կարծում եմ՝ արժե միանգամից նշել, որ 80-ականների վերջին խորհրդային մշակութային էքսպանսիան ավելի «հուշանվերային» էր և հեղեղված էր տարատեսակ «մոտրյոշկաներով», մինչդեռ այժմյան նորաձևությունը հետաքրքրված է հետխորհրդային ենթամշակութային շերտերով և խոշոր մեգապոլիսների ծայրամասերի էսթետիկայով: Այսինքն զգալիորեն ավելի այլընտրանքային է և ինտելեկտուալ: Այս թրենդը ծնունդով «խորհդային» տարածքներից է, սական ուղղված է նախ և առաջ նրան, ով երբեք կապ չի ունեցել այս մշակույթի հետ: Միտումը ընդանրապես կապ չունի տեղական կիսանոստալգիկ և վաղուց հոգնեցրած “старые песни о главном” ֆորմատի հետ: Եվ չնայած նույն Ռուսաստանում այս թրենդը ընկալում են միայն «էսթետիկ էլիտայի ներկայացուցիչները», իսկ մեզ մոտ գրեթե ոչ ոք, միջազգային թրենդեր հետազոտող կազմակերպությունները «խորհրդային» էսթետիկան արդեն մի քանի սեզոն համարում են կարևորագույն: Այժմ այն կարծես հասել է իր տարածման ամենաբարձր կետին: Համարձակորեն կարելի է ասել, որ Գոշա Ռուբչունսկին և Դեմնա Գվասալիան վերջին տարիների գլխավոր ֆեշն սենսացիան են և աշխարհի ամենանորաձև դիզայներները:


ussr1

Գոշա Ռուբչինսկու ոճը բնութագրելու համար թույլ տվեք օգտագործել ռուսերեն ժարգոնային “гопник” բառը: Դժվար է գտնել ավելի ստույգ ձևակերպում այն էսթետիկայի համար, որը շահագործում է ռուս դիզայները: Նրա հավաքական հերոսը այնպիսի տեսք ունի, կարծես հագուստը գնել է 90-ականների Մոսկվայի տոնավաճառներում: Ցուցադրությունների և գովազդային լուսանկարների քասթինգը նույնպես լիովին համապատասխանում է  այդ էսթետիկային: Նրա մոդելները դասական ПТУ-շնիկների տեսք ունեն: Ինչքան էլ տարօրինակ է, բայց այս կերպարը վերջին սեզոնների ընթացքում գերեց պրոգրեսիվ նորաձևությամբ հետաքրքրվողների սրտերը և Գոշային դարձրեց ամենանորաձև դիզայներ:

Իր առաջին հավաքածուն Ռուբչինսկին ցուցադրեց 2008-ին և միանգամից հայտնվեց ոչ այնքան ռուսական, որքան արևմտյան ֆեշն էքսպերտների ուշադրության կենտրոնում: Նրա ապրանքանիշի մարկետինգով և գովազդով սկսեց զբաղվել այլընտրանքային լեգենդ Ռեյ Կավակուբոյի ընկերությունը, ինչը վաճառքներ ապահովեց աշխարհի լավագույն կոնցեպտուալ խանութներում, մասնավորապես նույն Կավակուբոյի ընկերությանը պատկանող Dover Street Market-ում:

 

Հատկանշական է, որ մինչև սեփական հավաքածուն ստեղծելը, Գոշան զբաղվում էր ոճաբանի աշխատանքով, և դա նկատելի է մինչև այսօր. նրա հավաքածուները թողնում են ոչ այնքան ստեղծված, որքան ոճաբանի աչքով համադրած հագուստների տպավորություն: Սպորտային կոստյումներ, շապիկներ և սվիտրներ՝ խորհրդային և ռուսական սիմվոլիկայով, 90-ականների  տոնավաճառների թուրքական սվիտրներ հիշեցնող մոդելներ, նույն 90-ականներից՝ «ռեյվերական», «վետրովկա» և իհարկե սպորտային կոշիկներ, որոնք Գոշան ստեղծում է՝ համագործակցելով առաջատար սպորտային բրենդների հետ:

 

Այս ամենով դժվար է զարմացնել հետխորհրդային երկրների մարդկանց, բայց փորձը ցույց տվեց, որ ծանր տարիների կասկածելի էսթետիկ արժեք ունեցող  նորաձևությունը, ռուսերեն գրվածքները և «գոպնիկ style»-ը գերեցին Արևմուտքի այլընտրանքային հասարակության սիրտը: Իր վերջին հավաքածուն Ռուբչինսկին ցուցադրեց տղամարդկանց նորաձևության կարևորագույն ֆեշն հարթակում՝ Pitti Uomo-ում: Այս անգամ նրա ֆիրմային և «գոպնիկ style» սպորտային հագուստը անփութորեն համադրված էր իտալական կոստյումների հետ, որոնք իհարկե oversize էին: Դեֆիլեյից առաջ ցուցադրվեց Ռենատա Լիտվինովայի կարճամետրաժ կինոնկարը, որը նկարահանվել եր հատուկ Գոշա Ռուբչինսկիի համար:

 


ussr15Վրացի Դեմնա Գվասալիան հայտնի դարձավ, երբ իր եղբոր՝ Գուրամի հետ 2014-ին հիմնեց Vetements (ֆրանսերեն՝ հագուստ) նորաձևության տունը, որը միանգամից դարձավ Փարիզի գլխավոր ֆեշն սենսացիան: Մինչև Vetemetns-ը, Դեմնան ստեղծագործում էր այլընտրանքային նորաձևության տան՝ Martin Margiela-ի համար, և այս բրենդի էսթետիայի ազդեցությունն այժմ նույնպես շատ նկատելի է Գվասալիայի աշխատանքներում:

Vetements-ն այժմյան գրանժն է՝ իր ամբողջ “ugly” հմայքով: Դեմնան էլ է շատ սիրում oversize և սպորտային հագուստ: Բայց Ռուբչինսկին շահագործում է խորհրդային սիմվոլները, մինչդեռ Դեմնան ավելի միջազգային է՝ DHL t-shirt-ներ կամ «Տիտանիկ» կինոնկարի պոստերով հուգիներ:

Այս ամենին գումարվում են գրանժային ծաղկավոր շորիկներ, խորհրդային դպրոցական համազգեստ, ու կարծես տատիկի խոհանոցի սփռոցից  կարված հագուստ՝ և համար մեկ դիզայների համբավը պատրաստ է: Նոր ֆեշն սենսացիային նպաստում են նաև Դեմնա ցուցադրությունների տարածքները, համաձայնեք՝ տարօրինակ է տեսնել Աննա Վինտուրին և Քանյե Ուեսթին՝ նստած ցուցադրության առաջին շարքում՝ չինական  հարսանյաց սրահում կամ մռայլ գեյ ակումբում:

Vetements-ի շուրջ ստեղծված մեծ աղմուկը և վաճառքների շլացուցիչ ցուցանիշները հանգեցրին նրան, որ Դեմնա Գվասալիային հրավիրեցին գլխավորել փարիզյան ամենահեղինակավոր և ազդեցիկ նորաձևության տներից մեկը՝  լեգենդար Balenciaga-ն: Իսկապես ֆենոմենալ հաջողություն էր: Այս սեզոն Vetements-ը ֆեշն սանդղակով բարձրացավ ևս մի աստիճան. Փարիզի բարձր նորաձևության շաբաթում Դեմնան ցուցադրեց Haute Couture հավաքածու:

Vetements-ի հագուստն ակնհայտ տգեղ է և հակասում է գեղեցկության մասին տարածված կարծրատիպերին: Հնարավոր է՝ հենց այս այլընտրանքային էքստրիմն է հետաքրքրություն առաջացնում ապրանքանիշի և նրա դիզայների հանդեպ:


ussr22Եվս մեկ անուն, որը արժե հիշատակել այս անդրադարձում. Լոտա Վոլկովա: Նա ոճաբան է, մուսա և Դեմնայի ու Գոշայի ընկերուհին: Հենց նա է ոճավորում ցուցադրությունները և անցկացնում տարօրինակ մոդելների քասթինգը:

Եվ այսպես, Ռուբչինսկի-Գվասալիյա-Վոլկովա, այս տարօրինակ խմբակը այժմ նորաձևություն է թելադրում ամբողջ ֆեշն աշխարհում: Նրանք ծնվել են Խորհրդային միությունում, անցել են հետխորհրդային տարիների բոլոր փորձություններով, կրել են մեզ բոլորիս քաջ հայտնի հագուստ և լսել Земфира ու “Агата Кристи”: Նրանք ոգեշնչվում են 90-ականերով, օգտագործում են իրնեց երիտասարդության սիմվոլները և չեն վախենում տգեղությունից: Նրանց հանդգնությունն անսպասելիորեն դարձավ մեյնսթրիմ և գերեց ֆեշնիստների սրտերը: Մեր մանկությունը երբեք այսքան նորաձև չէր եղել:

Գրել կարծիք